Ալավերդին Հայաստանի Հանրապետության փոքր քաղաքներից է, որն ունի հարուստ պատմություն, և որտեղ Ա. Երիցյանի, Ժակ դե Մորգանի, Ի. Թաղիաշվիլիի և ուրիշների պեղած և գիտականորեն ուսումնասիրված նյութերն ունեն ավելի քան 5000 տարվա վաղեմություն: Սույն աշխատության մեջ ներկայացվում է Ալավերդի քաղաքը, տարածաշրջանի և որոշ հարակից բնակավայրերի պատմությունը, որոնք հայ ժողովրդի, հայոց մշակույթի, կրթության ու հոգևոր պատմության մեջ հանդես են եկել որպես մեկ միասնություն: Բազմազան է գրքի թեմատիկան՝ ներկայացվում է տարածաշրջանի երկրաբանական պատկերը և նրա ձևավորման դարաշրջանները, Ալավերդու տարածքում կատարված առաջին պեղումների արդյունքները, ուրարտական ու Արտաշեսյանների ժամանակները: Հատկապես մեծ տեղ է հատկացված Բագրատունի Կյուրիկյան թագավորների, Սանահին-Հաղպատի հոգևոր, կրթության ու գրչության միջնադարի կարևորագույն կենտրոնի պատմությանը:
Հնարավորինս մանրամասն ներկայացված են տարածաշրջանին վերաբերող հայ-վրացական և ռուս-վրացական հարաբերությունները, Արցախ-Լոռի պատմական առնչությունները, հայ-վրացական պատերազմը, 1921թ. Լոռու փետրվարյան բոլշևիկյան ապստամբությունը: Գրքում բուն Ալավերդի քաղաքի պատմությունը ներկայացված է պղնձաձուլության պատմությանը զուգահեռ, որը, ըստ էության, մեր երկրում արտադրական ու բանվորական հարաբերությունների ձևավորման պատմությունն է: Հեղինակը կարևորել է նաև Ալավերդու թաղամասերի, նշանավոր կառույցների, փողոցների, արդյունաբերական ու շինարարական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ստեղծման պատմությունները, որոնք գրքում ներկայացված են մանրամասնորեն: Հազվագյուտ լուսանկարներով ձևավորված ու խիստ վավերագրական աշխատության վերջում տրված է նաև տարածաշրջանի և Ալավերդու կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը, ինչը օգտակար կլինի ուսումնասիրողների համար:
Սույն գիրքը հեղինակի երկրորդ աշխատությունն է, որը նախորդ՝ «Պղնձե քաղաքի պատմությունը» գրքի հետ միասին օգտակար ու համահավաք հանրագիտարան է Ալավերդու և տարածաշրջանի պատմությամբ հետաքրքրվողների համար: