Նար Հովհաննիսյան
Նար Հովհաննիսյան, (Միքայելի) [ծնվել է 30.03(12.04).1913 թվական, Թիֆլիս], հայ սովետական երգիչ (բաս):
ԽԱՀՄ ժողովրդական արտիստ (1964 թվական): Նար-Դոսի որդին: 1941 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ե. Ա. Վրոնսկու երգեցողության դասարան): 1931—1937-ին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945—1951թվականներին՝ մեներգիչ: 1951 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայնը առանձնապես արտահայտիչ է ցածր ձայնածավալում: Դերասանական վառ տաղանդը, զուսպ, առնական խաղը հնարավորություն են ընձեռել կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ՝ Դավիթ Բեկ (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Ներսես, Հոր-հոր աղա (Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի»), Դև Ենոք (Գ. Արմենյանի «Խորտակում»), Թորոս (Բաբանի «Արծվաբերդ»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա»), Կոնչակ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարս»), Դոն Բազիլիո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռամֆիս (Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինիի «Նորմա»), Ցանգալա (Փալիաշվիլու «Դաիսի») և այլն: 1954—1963 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բելգիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Աֆրիկայի 9 երկրներ): ՀԽՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |