Իոնացում
Իոնացում, իոնների ու ազատ էլեկտրոնների գոյացումը էլեկտրականապես չեզոք ատոմներից և մոլեկուլներից: «Իոնացում» տերմինով են արտահայտում ինչպես տարրական ակտը (ատոմի, մոլեկուլի իոնացում), այնպես էլ նման բազում ակտերի համախումբը (գազի, հեղուկի իոնացում): Գազի իոնացումը իրագործվում է ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և Y-ճառագայթման ազդեցությամբ (ֆոտոիոնացում), էլեկտրոնների, իոնների կամ մեծ արագություն ունեցող ատոմների հարվածներով (հարվածային իոնացում), պինդ մարմնի մակերևույթից ադսորբված ատոմների և մոլեկուլների պոկման դեպքում՝ դրական կամ բացասական իոնների ձևով (մակերևութային իոնացում), բարձր ջերմաստիճանի դեպքում (ջերմային իոնացում): Հեղուկում իոնացումը իրագործվում է նույն մեխանիզմով, ինչ և գազերում : Իոնացված գազերն ու հեղուկները օժտված են էլեկտրահաղորդականությամբ, որն ընկած է իոնացման պրոցեսների բազմազան կիրառությունների հիմքում: Պինդ մարմնում իոնացմը էլեկտրոնների անցումն է արժեքական գոտուց հաղորդականության գոտի, որի հետևանքով ատոմները փոխարկվում են իոնների: Իրագործվում է լույսի, էլեկտրական դաշտի ազդեցությամբ, էլեկտրոնների հարվածից, ջերմային շարժումից: Իոնացումը բնութագրող մեծություններից է իոնացման պոտենցիալը: Իոնացման հակառակ պրոցեսը էլեկտրոնների և իոնների ռեկոմբինացիան է:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |