Jump to content

Մուշեղ Սերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:47, 12 Նոյեմբերի 2023 տարբերակ, Խմբագրող (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մուշեղ Սերոբյան
Դիմանկար
Ծնվել է1869
ԾննդավայրՆիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա
Մահացել է1951
Մասնագիտությունհասարակական գործիչ
Ստորագրություն
Изображение автографа

Մուշեղ Սերոբյան (1869, Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա - 1951, Նիկոսիա), հասարակական և եկեղեցական գործիչ, պատմաբան։ Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիրներից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Արաբկիրի և Ադանայի հոգևոր առաջնորդ։ 1910 թվականից ապրել է ԱՄՆ-ում, Բոստոնում հիմնել է թեմ և ընտրվել հովիվ, նպաստել է ՀԲԸՄ գործունեության աշխուժացմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փորձելով միավորել հայկական ուժերը՝ ստեղծել է միջկուսակցական մարմին, կազմակերպել հայկական կամավորական շարժման համար միջոցներ հանգանակելու գործը։ 1910 թվականին Բոստոնում հրատարակել է «Ատանայի ջարդը և պատասխանատուները» աշխատությունը, որտեղ մերկացրել է Ադանայի կոտորածի կազմակերպիչ երիտթուրքերին։ Պատերազմից հետո աշխատել է Կիլիկիայում և Կիպրոսում։ Հրաժարվելով հոգևոր կոչումից (արքեպիսկոպոս)՝ զբաղվել է մանկավարժական, գիտական և հրապարակախոսական գործունեությամբ։ Գրել է պատմագիտական աշխատություններ, որոնցում ստեղծել է հայ ազգային ազատագրական շարժման և Հայկական հարցի պատմության մի ամբողջական ուրույն աշխարհայացք։ «Հայկական մղձաւանջը. քննական վերլուծումներ» (1916) աշխատության մեջ նշել է. որ հայկական շարժումը հետևանք է անլուր ճնշումների և բռնությունների, որ «հայ յեղափոխութիւնը արդիւնքն է և ոչ պատճառը հայ տառապանքին»։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ («Հայկական հարցը և անոր փուլերը», 1937) Սերոբյանը առանձնացրել է երկու շրջան, առաջինն ընդգրկել է ողջ շարժման պատմությունը մինչև Արմենական կազմակերպության ձևավորումը, երկրորդը՝ այն ժամանակը, երբ արտասահմանում ստեղծվել են հայկական կոմիտեներ, և հիմնադրվել է Հնչակյան կուսակցությունը. «Մանչեստրի հայ գաղութը» (1911) ուսումնասիրության մեջ Սերոբյանը գրել է, որ հայկական պատվիրակության առաքումը Եվրոպա «... հայ դիւանագիտութեան աչքառու յաջողութիւնը չէր, այլ մէկ դժոխային խաղը սուլթան Համիտի», որը համոզված էր, որ Ռուսաստանը կմերժի հայերի պահանջը։ Սուլթանի նպատակն էր տապալել Հայաստանի ինքնավարության ծրագիրը հենց ռուսների ձեռքով՝ դրանով ստեղծելով անվստահություն երկու ժողովուրդների միջև։ Սերոբյանի կարծիքով, Հայկական հարցում հայերը չպետք է վստահեին նաև անգլիական դիվանագիտությանը։

  • Սերոբեան Մուշեղ, «Դիտումներ և դատումներ», Պէյրութ, 1932, 301 էջ։
  • Սերոբեան Մուշեղ, «Իրականութեան լոյսին տակ», Գահիրէ, 1926, 87 էջ։
  • Սերոբեան Մուշեղ, «Հայկական հարցը և անոր փուլերը», Պէյրութ, 1937, 207 էջ։
  • Սերոբեան Մուշեղ, «Մեր պայքարը հայ ազատագրութեան ուղիով», Գահիրէ, 1948, 385 էջ։
  • Սերոբեան Մուշեղ, «Հայաստանի անկախութեան առթիւ», Գահիրէ, 1950, 90 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։