Jump to content

Գեոսինկլինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ալպերը Տիեզերքից

Գեոսինկլինալ (գեո և սինկլինալ բառերից), գեոսինկլինալային գոտի, գեոսինկլինալային մարզ, երկրակեղևի համեմատաբար նեղ, գծային ձգված գալարուն զոնա։ Գեոսինկլինալները բնորոշվում են խզման և ճմլման դեֆորմացիաներով, էրոզիայի և կուտակման, սեյսմիկ և հրաբխային երևույթների բարձր ակտիվությամբ, ծանրության ուժի անոմալիաներով, նստվածքների հաստությունների փոփոխությամբ և մետամորֆիզմով, ինտրուզիաների և լավաների լայն տարածմամբ։ Այս հատկանիշներով գեոսինկլինալը հակադրվում է պլատֆորմին։ Մեխանիկայի և նյութերի դիմադրության օրենքների տեսանկյունով գեոսինկլինալը բնորոշվում է իբրև լարումների և դեֆորմացիաների կոնցենտրացիայի զոնա և առաջանում է կամ օվկիանոսային ու ցամաքային պլատֆորմների, կամ ցամաքային երկու պլատֆորմների սահմաններում, կամ էլ օվկիանոսային պլատֆորմի հիմքի վրա։ Գեոսինկլինալի կոնցեպցիան Ապալաչների օրինակով առաջին անգամ ձևակերպել է շոտլանդացի Տոլլը (1859), ըստ որի, ծալքավոր լեռնաշղթաներն առաջացել են երկրակեղևի ճկված գոտիների ինվերսիայի հետևանքով։ Նման գոտիները ամերիկացի Գենան (1873) անվանել է Գեոսինկլինալ։ Գեոսինկլինալի հասկացությունը հետագայում լայն առումով հիմնավորել և զարգացրել են Տոգը, Շուխևրտը, Շտիլլեև, Կեյը, Արխանգելսկին, Շատսկին, Բելոուսովը, Պեյվեն, Օբուենը և ուրիշներ։ Գեոսինկլինալների, որպես երկրակեղևի առանձնակի ճկվածքների մասին պատկերացումներ աստիճանաբար վերաճել են Գեոսինկլինալների տեսության, որը կազմում է երկրակեղևի կառուցվածքի էվոլյուցիայի ավելի լայն ուսմունքի միջուկը։ Ժամանակակից գեոսինկլինալներ են մայր ցամաքների և օվկիանոսային խորջրյա պլատֆորմների միջև ընկած գոտիները, որտեղ արտահայտված են միմյանց զուգահեռ տեղադրված ստորջրյա փոսաձև ճեղքվածքները (Կուրիլյան, Ֆիլիպինյան, Ալեուտյան, Հավայան կղզիներ ևն)։ Գեոսինկլինալային մարզի բնորոշ օրինակ է Ինդոնեզիան իր կղզիներով ու ծովերով, ստորջրյա ճեղքվածքներով ու ծանրության ուժի զոնալ անոմալիաներով։ Ժամանակի ընթացքում ներգեոսինկլինալային ճկվածքները լցվում են նստվածքային և հրաբխային զանգվածներով, ներարկվում ինտրուզիաներով, ենթարկվում մետամորֆիզմի, և ապա դրանից հետո գեոսինկլինալային մարզերի իջեցման ընդհանուր տենդենցը փոխվում է բարձրացման տենդենցով։ Գեոսինկլինալի իջեցումները սովորաբար ուղեկցվում են ծովերի տրանսգրեսիաներով, ստորջրյա հրաբխականությամբ, նստվածքների դիագենեզով ու մետամորֆիզմով, իսկ բարձրացումները՝ ծովերի ռեգրեսիայով, մոլասային, լագունային և ցամաքային նստվածքնևրի կուտակումով և ապա լեռնակազմությամբ։

Առաջացում

Գեոսինկլինալները սկսել են առաջանալ երկրակեղևի ձևավորման հետ միաժամանակ։ Ընդհանուր բարձրացումից և լեռնակազմությունից հետո գեոսինկլինալի տեղում առաջացած լեռնաշղթաները ենթարկվում են պենոպլենի ն վերածվում քվազիպլատֆորմի և ապա պլատֆորմի։ Պատմական երկրաբանության տվյալներով, ժամանակի ընթացքում գեոսինկլինալները միգրացիա են կատարում ցամաքային պլատֆորմներից դեպի օվկիանոսային պլատֆորմները, այսպիսով մայր ցամաքների աճը տեղի է ունենում օվկիանոսների հաշվին։ Նոր գեոսինկլինալ ժառանգում է հնի պլանը և առաջանում կամ նրա վրա կամ նրա կողքին։

Տեսակները

Գոյություն ունեն գեոսինկլինալների մի քանի դասակարգումներ։ Տարածված է Շտիլլե-Կեյի դասակարգումը, ըստ որի գեոսինկլինալային մարզը (օրթո-գեոսինկլինալը) բաժանվում է միոգեոսինկլինալային և էվգեոսինկլինալային գոտիների։

  • Միոգեոսինկլինալը գլխավորապես լցված է համեմատաբար թույլ ծալքավորված շերտախմբերով, որոնք երբեմն ներփակում են ինտրուզիվ և էֆուզիվ զանգվածներ։
  • Էֆուզիվ գեոսինկլինալը լցված է ուժեղ ծալքավորված շերտախմբերով, որոնք կազմված են առավելապես հրաբխային ապարներից և ներփակում են բազմազան ինտրուզիվ զանգվածներ։ Վերջիններս սովորաբար հարում են օրթոգեոսինկլինալների օվկիանոսահայաց թևերին, իսկ միոգեոսինկլինալները՝ նրանց ցամաքահայաց թևերին։ Գեոսինկլինալային մարզերում անջատվում են 30—40 կմ լայնությամբ ինարագեոսինկլինալային և ինարագեոանաիկլինալային գոտինեը (ստրուկտուրային կամ ֆացիալ-մետաղածնական գոտիներ), որոնք գեոսինկլինալի փակվելուց հետո իբրև կանոն վեր են ածվում, համապատասխանաբար, սինկլինորիումների և անտիկլինորիումների։ Գեոսինկլինալների ինվերսիայի ժամանակ ձևավորվում են նաև մնացորդային բնույթի միջլեռնային և նախալեռնային ճկվածքները, որոնք լցվում են լագունացամաքային, առավելապես մոլասային նստվածքներով։ Փակված գեոսինկլինալային մարզերի բնորոշ օրինակներ են՝ Ալպերը, Կարպատները, Մեծ Կովկասը, Փոքր Կովկասը, Տավրոսը, Պոնտոսը, Էլբրուսը, Զագրոսը, Ուրալը, Տյան Շանը, Կոպետդաղը, Հիմալայները, Ապալաչները, Կորդիլերները, Անդերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14