Լատվիայի պատմություն
Լատվիայի պատմություն, պատմական իրադարձություններ, որոնք կատարվել են ժամանակակից Լատվիայի տարածքում` սկսած այնտեղ մ. թ. ա. X—IX դարերում մարդկանց` բնակություն հաստատելուց մինչև մեր օրերը։
Նախապատմական շրջան
Մոտավորապես 16.000 տարի առաջ ներկայիս Լատվիայի տարածքից սառույցը սկսել է հետ քաշվել, սակայն այստեղ առաջին անգամ մարդիկ բնակություն են հաստատել մոտ 11.000 տարի առաջ[1]։ Նախամարդուն վեաբերող գտածոները վերաբերում են կունդայի մշակույթին, որի հիման վրա ձևավորվել է նարվայի մշակույթը[2]։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակում այս տարածք են ներթափանցել սանրավոր կերամիկայի ցեղախմբերը, որոնց լեզուն կրող հետնորդներն են համարվել լիվերը[3]։ Հնդեվրոպական ցեղախմբերի գալուստը կապվում է մարտական կացինների մշակույթի ցեղերի հետ։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակից ոչ ուշ այստեղ հաստատվել են գծավոր կերամիկայի մշակույթի բալթյան ցեղերը։ Նրանց արդեն հայտնի էին անասնապահությունը, հողագործությունը, ցանքսը։ Մոտավորապես նույն ժամանակ սկսել են կիրառվել աշխատանքի երկաթյա առաջին գործիքները։ Մինչև 5-րդ դարը տարածում է ունեցել մարկեղային հողագործությունը։
Միջնադարյան շրջան
7-րդ դարում Լատվիայի արևմուտքում` Կուրզեմեում, հայտնվել են սկանդինավները[4]։
8-րդ դարում Լատվիայի տարածքի բնակիչները հողափոր տներից տեղափոխվում են փայտաշեն խրճիթներ, իսկ 10-րդ դարում տիրապետում են բրուտի անիվի տեխնոլոգիային։ Արաբական դրամների` դիրհամների գտածոներն այս տարածքում (սկսած 9-րդ դարի երկրորդ կեսից) վկայում են առանձին երկրների հետ առևտրի ու տնտեսական կապերի զարգացման մասին[5]։ Հռոմեական դրամներ Լատվիայի տարածքում հայտնվել են դեռևս մ. թ. 2-րդ դարում[6]։
Միջնադարյան ձեռագրերը վկայում են, որ Լատվիայի տարածքում ապրել են ֆիննական (լիվեր), բալթյան (կուրշի, զեմգալներ, սելեր, լատգալներ), ինչպես նաև սլավոնական ցեղեր[7]։
12-րդ դարում գոյություն են ունեցել պետական մի շարք կազմավորումներ` Մեժոնտե, Տերվետե, Երսիկա, Տալավա, Կոկնեսե և այլն։ Սրանցից յուրաքանչյուրում եղել է առնվազն մեկ լավ պաշտպանված ամրոց։
11-12-րդ դարերում հին լատիշական հողերի վրա քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու պայքարի մեջ են մտել ռուսական իշխանությունները։ Ժամանակակից Լատվիայի տարածքում այս շրջանում զգացվել է ռուսական քաղաքական ազդեցությունը։ Այնպիսի ուժեղ իշխանություններ, ինչպիսիք են Երսիկայի ու Կոկնեսեի իշխանությունները, վասալային կախվածություն են ունեցել Պոլոցկու իշխանությունից։ Լիվերը, ովքեր ապրել են Դվինայի գետաբերանի մոտ, նույնպես հարկ են վճարել Պոլոցկու իշխանությանը, իսկ Տալավան ու Ատզելեն հարկատու են եղել Պսկովի իշխանությանը։ Նույն շրջանում հարաբերականորեն անկախ են եղել զեմգալների, կուրշիների իշխանները, չնայած կուրշիների որոշ իշխաններ հարկ են վճարել Շվեդիայի թագավորներին[8]։
12-րդ դարի երկրորդ կեսից արևելյան Լատվիայի տարածք են թափանցել ուղղափառ քրիստոնեության քարոզիչները, սակայն տեղի բնակչությունը դժվարությամբ է թողել հեթանոսական հավատը։ Այս հարցում հաջողության են հասել գերմանացիները. խաչակրաց արշավանքների շրջանում Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները ուղևորվել են քրիստոնեություն տարածելու հյուսիսում բնակվող հեթանոսների շրջանում։ 1185 թվականին հիմնվել է առաջին եպիսկոպոսությունը, իսկ 1201 թվականին Ալբերտ եպիսկոպոսի հրամանով հիմնադրվել է Ռիգան։ 1198 թվականին Իննոկենտիոս III պապը հրովարտակ է հրատարակել մեձբալթյան հողերում խաչակրաց արշավանք սկսելու մասին։
Օրդենի շրջան (1202—1561)
12-րդ դարի վերջից 13-րդ դարի վերջը Լատվիան նվաճվել է Խաչակիրների օրդենի կողմից (1237 թվականից` Լիվոնիայի օրդեն)` դառնալով Լիվոնիայի մի մասը։ Լիվոնիայի տարածքում կառուցվել են քարե ամրոցներ, որոնք նվաճողների կողմից օգտագործվել են որպես հենակետեր։ Խաչակիրներն իրենց հետ բերել են կաթոլիկություն. այստեղ բնակություն հաստատած գերմանացիներից ձևավորվել են իշխող դասակարգերը (ազնվականություն ու հոգևորականություն), իսկ գերմանացիները դարձել են քաղաքային բնակչության հիմքը։ Տեղի գյուղացիները մինչև 15-րդ դարը պահել են հարաբերական անկախությունը` հաճախ վարձակալվելով օրդենի ռազմական կառույցների համար, սակայն 16-րդ դարի վերջին բոլոր գյուղացիները դարձել են ճորտեր[9]։
Ռեչ Պոսպոլիտայի ու Շվեդիայի տիրապետության շրջան (1561—1721)
Լիվոնյան օրդենի թուլացման գործոններից մեկը դարձել է Ռեֆորմացիան։ Օրդենը ենթարկվում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, սակայն նրա անդամների մեծ մասը գերմանացիներ էին, որոնք ոգևորվել էին իրենց հայրենակցի` Մարտին Լյութերի գաղափարախոսությամբ։ Լիվոնիան անկում ապրեց Լիվոնյան պատերազմի արդյունքում, որ սկսվել էր ռուս արքա Իվան Ահեղի հարձակումով 1558 թվականին[1]։
Միաժամանակ Լեհաստանը իրեն հռչակում է որպես Հակառեֆորմացիայի կենտրոն։ Իրեն լյութերականների պաշտպան է հռչակում Շվեդիայի արքան։ Այդպիսով, Հակառեֆորմացիան Լատվիայում վերափոխվում է լեհա-շվեդական հակամարտության, որն իր գագաթնակետին է հասնում լեհ-շվեդական պատերազմների ժամանակ (1600—1629): Պատերազմի արդյունքում ժամանակակից Լատվիայի տարածքը բաժանվում է երկու երկրների միջև. Ռիգան ու Լիվոնիան ընկնում են շվեդական, իսկ Կուրլյանդիան ու Լատգալիան` Ռեչ Պոսպոլիտայի ազդեցության տակ։
Հակամարտության վերջը դրվում երրորդ ուժի` Ռուսական կայսրության հայտնվելով, որը Հյուսիսային պատերազմի ժամանակ 1710 թվականին Նիշտադտի հաշտության պայմանագրով իրավաբանորեն ամրապնդում է ներկայիս Լատվիայի մի մասի նկատմամբ իշխանությունը, որ պատկանում էր Շվեդիային (ներառյալ Ռիգան)։
Ռուսական կայսրության կազմում
1721 թվականի պայմանագրով ստանալով շվեդական Լիվոնիայի տարածքները (նրա մեջ մտնում էր ժամանակակից Լատվիայի հյուսիսային մասը և ժամանակակից Էստոնիայի հարավային մասը)` Ռուսական կայսրությունն այն ներառում է Ռիգայի նահանգի մեջ, ապա ստեղծում առանձին Լիֆլանդիայի նահանգ։ 1772 թվականին Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանման ժամանակ Ռուսաստանին է միանում Լատգալիան, իսկ 1795 թվականին՝ Կուռլանդական դքսությունը։
Նապոլեոնի արշավանքների ժամանակ ֆրանսիական զորքերը ժամանակավորապես զավթում են Կուռլանդական դքսությունը, սակայն նրանց չի հաջողվում նվաճել Ռիգան։ 1812 թվականի պատերազմից հետո Լատվիայի տարածքի մեծ մասում վերացվում են ճորտատիրական կարգերը։
19-րդ դարի երկրորդ կեսին տեղի է ունեցել մերձբալթյան հողերի ինդուստրացում։ 1861 թվականին առաջին երկաթգիծն է անցկացվել Ռիգայի ու Դինաբուրգի միջև, որը հետագայում շարունակվել է մինչև Վիտեբսկ։ 1862 թվականին հիմնվել է Ռիգայի պոլիտեխնիկումը։ Ռիգան դարձել է արդյունաբերական կենտրոն, որտեղ կառուցվել են շատ գործարաններ։ Սակայն տեղական էլիտայի գլուխը դեռևս կազմում էին գերմանացիները։ Նույն ժամանակաշրջանում Եվրոպայում տարածվում է ռոմանտիկ ազգայնականության ալիքը, որը շոշափում է նաև Լատվիան։ Ձևավորվում են երիտլատիշների խմբավորումներ։ Գործարաններում ի հայտ են գալիս մարքսիստական խմբակներ։
Պայքար անկախության համար
1917 թվականի սեպտեմբերին գերմանական զորքերի կողմից զավթված Ռիգայում լատիշական քաղաքական կուսակցությունները ձևավորել են կոալիցիա` Ժողովրդավարական բլոկ։ Դեկտեմբերի սկզբին Վալկայում լատվիական կազմակերպությունները վերջնականապես ձևավորել են Լատիշական ժամանակավոր ազգային խորհուրդը։
1917 թվականի դեկտեմբերի 24-ին (նոր տոմարով` 1918 թվականի հունվարի 6) գերմանական զորքերի կողմից չօկուպացված Լիֆլյանդիայում և Վիտեբսկի նահանգում հռչակվել են խորհրդային կարգեր (Իսկոլատա հանրապետություն), սակայն գերմանական զորքերը շուտով գրավում են Լատվիայի ամբողջ տարածքը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանական կայսրության կապիտուլյացիան 1918 թվականի նոյեմբերի 5-ին, բալթյան գերմանացիների ազնվական էլիտայի նախաձեռնությամբ օկուպացված տարածքներում հռչակվում է Բալթյան հերցոգությունը` Գերմանիայի հովանավորության տակ գտնվող պետություն[10]։
1918 թվականի նոյեմբերի 18-ին Ժողովրդական խորհուրդը, որը ներկայացնում էր լատվիական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, հռչակել է Լատվիայի անկախությունը։ Ձևավորվել է ժամանակավոր կառավարություն` Կարլիս Ուլմանիսի ղեկավարությամբ։
1918 թվականի դեկտեմբերի 7-ին Մերձբալթիկայում Գերմանիայի լիազոր Ավգուստ Վիննիգը Լատվիայի տարածքը խորհրդային բանակից ներխուժումից պաշտպանելու նպատակով Կարլիս Ուլմանիսի կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերել բալթյան կամավորական ուժերը Լատվիայի հանրապետության զինված ուժեր հռչակելու մասին։ Պայմանագրի համաձայն` այն պետք է բաղկացած լիներ լատիշական, գերմանական ու ռուսական դասակներից, ընդ որում լատիշները պետք է կազմեին 2/3 մասը (պայմանը, սակայն, չի կատարվել)։ Լատվիայի ժամանակավոր կառավարությունը գերմանացիների հետ գործարքի է գնացել, քանի որ այդ պահին միջոցներ չի ունեցել զենք գնելու, իսկ լատիշական փոքրաթիվ ջոկատներն ի զորու չէին կարմիր բանակի դեմ կռվելու։
1918 թվականի դեկտեմբերի 17-ին լույս է տեսնում Լատվիայի ժամանակավոր բանվորա-գյուղացիական կառավարության հռչակագիրը` խորհրդային կարգերի հաստաման մասին։ Դեկտեմբերի 22-ին Լենինը ստորագրել է դեկրետ` «Լատվիայի խորհրդային հանրապետության անկախության ճանաչման մասին»։ 1919 թվականի հունվարի 3-ին հանրապետության մայրաքաղաք Ռիգան գրավում են կարմիր բանակի զորքերը։ Հռչակվում է Լատվիայի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։
Գերմանական ղեկավարության կողմից բավարար աջակցություն չստանալով` Ուլմանիսի կառավարությունը սկսել է լատիշական ռազմական կազմավորումների ձևավորումը։ 1919 թվականի հունվարի 5-ին կազմակերպվել է լատվիական առանձին զորագունդը` Օսկար կ Կալպակսի ղեկավարությամբ։ Հարավային Էստոնիայում ստեղծվել են լատիշական խմբեր, որոնք ներառում էին մոտ 9.800 զինվոր և սպա. դրանք հետագայում միացել են Էստոնիայի զինված ուժերին հյուսիսլատվիական բրիգադի կազմում։ Սրան զուգահեռ ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարարությունը լատիշական գնդերը սկսում է դուրս բերել լանդեսվերի կազմից։
1919 թվականի փետրվարի սկզբին կարմիր բանակը, որի կազմում եղել է նաև լատվիական նետաձիգների ջոկատը, գրավում է Լատվիայի տարածքի մեծ մասը` բացառությամբ նավահանգստային Լիեպայա քաղաքի շրջակայքի, որը շարունակում էր մնալ Կարլիս Ուլմանիսի վերահսկողության տակ։ Այնտեղ էին կենտրոնացել նաև Ուլմանիսի կողմնակիցները։
1919 թվականի ապրիլի 16-ին Լիեպայայում լանդեսվերի գերմանական ջոկատները Ուլմանիսի կառավարությանը զրկեցին իշխանությունից, քանի որ այն համարում էին հակագերմանական։ Մի քանի օրից Ուլմանիսի պաշտոնազուրկ կառավարությունը հեռանում է Տալլինից հատուկ ժամանած «Սարատով» նավով, որը Լիեպայայի նավահանգստում գտնվում էր անգլիական զինվորականների հսկողության տակ։ Բրիտանական ու ֆրանսիական ռազմանավերի հսկողությամբ նավը դուրս է գալիս ծով` մոտ երկու ամիս այնտեղ անցկացնելով։
1919 թվականի ապրիլի 26-ին լանդեսվերի ղեկավարությունը Լատվիայի վարչապետ է նշանակում լյութերական հոգևորական Անդիևս Նիեդրային, ով ազգությամբ լատիշ էր և ճանաչում էր ձեռք բերել լատիշական թերթերում իր սուր հոդվածներով։
Մայիսի 22-ին լանդեսվերը, գերմանական Երկաթյա դիվիզիան և սպիտակ գվարդիականները Լիվենի իշխանի ղեկավարությամբ Ռիգան ազատագրում են կարմիր բանակից, և այնտեղ է տեղափոխվում Նիեդրայի կառավարությունը։ Ռիգան գրավելուց հետո գերմանական ռազմական ու քաղաքական ղեկավարությունը փորձում էր Լատվիայւմ քաղաքական գերմանամետ նոր իշխանություն ձևավորել և զենքն ուղղում է էստոնական բանակի ու լատիշական ազգայնական զինված խմբերի դեմ, որոնց հսկողության տակ էր գտնվում Վիձեմեի հյուսիսը։ Սակայն 1919 թվականի հունիսի 23-ին էստոնական բանակը և լատիշական գնդերը Ցեսիսի մոտ ջարդում են լանդեսվերի ու Երկաթյա դիվիզիայի ջոկատներին, որի արդյունքում հունիսի 29-ին Նիեդրայի գերմանամետ կառավարությունը ցրվում է, իսկ Նիեդրան ստիպված փախչում է արտասահման։ 1919 թվականի հունիսի 27-ին Ուլմանիսի կառավարությունը վերսկսում է իր գործունեությունը Լիեպայայում։
Հուլիսի 2-ին Անտանտի ներկայացուցիչների մասնակցությամբ էստոնական բանակի և լատիշական ջոկատների կողմից Ռիգայի պաշտպանության ճեղքման արդյունքում հաշտության պայմանագիր է կնքվել, որի համաձայն 1919 թվականի հուլիսի 5-ին Երկաթյա դիվիզիայի վերջին հատվածները լքել են Ռիգան, իսկ լանդեսվերի ստորաբաժանումներն ընդգրկվել են լատվիական բանակի կազմում։
1919 թվականի սեպտեմբերին գերմանական կորպուսի նախկին ղեկավար կոմս Ռյուդիգեր ֆեն դեր Հոլցը ռևանշիստական ուժերի հետ Գերմանիայում գերիների համար նախատեսված ճամբարներում հավաքագրում է կատարում ռուս զինվորներից ու սպաներից` ձևավորելով Արևմտյան կամավորական բանակը և նրանց ուղարկելով Լատվիա գնդապետ Բերմոնդտ-Ավալովի ղեկավարությամբ։ Արևմտյան բանակի կազմի մեջ ներառվել էին նաև Ռյուդիգեր ֆեն դեր Հոլցի ղեկավարած գերմանական զորացրված կորպուսի ստորաբաժանումները։ Սեպտեմբերի 20-ին Բերմոնդտ-Ավալովը հայտարարել է Մերձբալթիկայում ամբողջությամբ իր իշխանության հաստատման մասին` հրաժարվելով ենթարկվել սպիտակ բանակի ուժերին` գեներալ Նիկոլայ Յուդենիչին։ Արևմտյան կամավորական բանակը Անտանտի օդուժի աջակցությամբ 1919 թվականի նոյեմբերին ջախջախվում է լատվիական զորքերի կողմից, իսկ Բերմոնդտ-Ավալովը փախչում է Պրուսիա։
1920 թվականի սկզբին լատվիական ու լեհական բանակների համատեղ գրոհի արդյունքում կարմիր բանակը դուրս է շպրտվել Լատգալիայից։ 1920 թվականի օգոստոսի 11-ին Լատվիայի կառավարությունը ՌԽՍՖՀ-ի հետ ստորագրել է հաշտության պայմանագիր, որով խորհրդային կառավարությունը աշխարհում առաջինը ճանաչել է Լատվիայի անկախ հանրապետության գոյությունը[11]։ 1921 թվականի հունվարի 26-ին Լատվիայի անկախությունը Լիտվայի ու Էստոնիայի անկախության հետ պաշտոնապես ընդունել էին Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող երկրները, և Լատվիան մտել էր Ազգերի լիգայի մեջ։
Լատվիայի Հանրապետություն
Հռչակում
Լատվիայի անկախության առաջին փուլը ձգվում է 1918 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 1940 թվականի հունիսի 17-ը։ 1917 թվականին ձևավորվել են քաղաքական երկու ուժեր, որոնք պայքարում էին Լատվիայի անկախության համար` Լատիշական ժամանակավոր ազգային խորհուրդը և Ժողովրդավարական բլոկը։ 1918 թվականի նոյեմբերի 17-ին այս կազմակերպությունները ստեղծել են Ազգային խորհուրդ, որն իր հերթին 1918 թվականի նոյեմբերի 18-ին հռչակել է Լատվիայի անկախությունը։
Սակայն Ազգային խորհրդի հիմնական նպատակը քաղաքական խորհրդատվության անցկացումն էր Սահմանադրական հավաքում։ Ազգային խորհուրդը` որպես Լատվիայի իշխանության գերագույն մարմին, գործել է մինչև Հիմնադիր հավաքը (մայիսի 1, 1920)։
Խորհրդարանական Հանրապետություն (1920—1934)
1920 թվականի փետրվարի 7-ին «Valdības Vēstnesis» («Կառավարական լրատու») թերթում հրապարակվել են Հիմնադիր հավաքի կենտրոնական ու շրջանային ընտրական հանձնաժողովների կազմերը։
Հիմնադիր հավաքի ընտրությունները կայացել են 1920 թվականի ապրիլի 17-18-ին։ Դրանց մասնակցել է ընտրողների 84.9 %-ը (677.084 ընտրող)[12]։
Հիմնադիր հավաքի առաջին նիստը կայացել է 1920 թվականի մայիսի 1-ին։ Հավաքի նախագահի պաշտոնում առաջադրվել է իրավաբան Յանիս Չակստեն, ով հետագայում դարձել է Լատվիայի Հանրապետության նախագահը։
1920 թվականի մայիսի 5-ին Հիմնադիր հավաքը ստեղծել է պատգամավորական 26 հանձնաժողով։ Հավաքը Սահմանադրությունն ընդունել է 1922 թվականի փետրվարի 15-ին։ Դրանով հռչակվում էր, որ Լատվիան ազատ, անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, իսկ պետական կառուցվածքի ու միջազգային կարգավիճակի մասին (անկախությունից հրաժարում, այլ երկրին միացում) որոշում կարող է կայացնել միայն Լատվիայի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։
Նոր իշխանության առաջին խնդիրներից էին խոշոր հողային կալվածքների բաժանումը և անհող գյուղացիներին հողով ապահովելը։ Արդեն 1920 թվականին Հիմնադիր հավաքը ստեղծել է հանձաժողով ագրարային բարեփոխում անցկացնելու նպատակով։ Հողային կալվածքի առավելագույն չափ է սահմանվում 50 հա տարածքը, իսկ դրանից ավել բոլոր հողերը անվճար փոխանցվում էին հող չունեցողներին։ Առանձին հատվածներ չէին կարող լինել 10 և 22 հեկտարներից ավել։ Ռեֆորմը շարունակվել է մինչև 1937 թվականը և ընդհանուր առմամբ հաջողվել է` ապահովելով գյուղատնտեսության արագ զարգացում։ Եթե 1920 թվականին հող չունեցողների թիվը 61.2 % էր, ապա 1930-ական թվականների կեսերին` արդեն 18 %։ 1923 թվականին ցանքսային տարածությունների չափը հասել է մինչպատերազմյան տարիների ցուցանիշին։
Իր հերթին անտառների 84 %-ը դարձել է պետական սեփականություն, ինչը թույլ էր տալիս պետությանը վերահսկել փայտամշակման արդյունաբերությունը։
1922 թվականի հունիսի 9-ին օրենք է ընդունվել ընտրությունների մասին։ Դրանով նախատեսվում էր ամեն երեք տարին մեկ կազմակերպել Սեյմի ընտրություններ։ Ընտրական շեմը կուսակցությունների համար սահմանվել է 2.5 %: Արդյունքում սկսվել է քաղաքական կուսակցությունների, ուղղությունների գոյացման, միավորման ու անջատման ակտիվ գործընթաց, ինչն ուժեղացնում էր քաղաքական ներքին անկայունությունը և ստեղծում քաղաքական ճգնաժամ։
Ուլմանիսի ավտորիտար ռեժիմ (1934—1940)
1934 թվականի մայիսի 15-ին Լատվիայի կառավարության ղեկավար Կարլիս Ուլմանիսը պետական հեղաշրջում է իրականացրել` հաստատելով ավտորիտար ռեժիմ։ Նա ցրել է խորհրդարանը, պատգամավորների մի մասը ժամանակավորապես ձերբակալվել է, արգելվել է քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը։ Նա սկսել է վարել վառ ընդգծված ազգայնական քաղաքականություն։ Արագ կերպով կառուցվում էին նոր գործարաններ, աջակցություն էր ցուցաբերվում գյուղատնտեսությանը, ազգային մշակույթին, հանրապետական նշանակության հաստատություններ էին կառուցվում (Կեգումի հէկ, Կեմերի առողջարան)[13]։ Կարլիս Ուլմանիսին ժողովրդի առաջնորդ էին համարում։
1939 թվականի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ն ու Գերմանիան ստորագրել են Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի` իրար վրա չհարձակվելու խորհրդա-գերմանական պայմանագիրը և գաղտնի փաստաթուղթ` Արևելյան Եվրոպայում տարածքային-քաղաքական վերաձևումների պարագայում ոլորտների սահմանափակման մասին։ Գաղտնի փաստաթուղթը ներառում էր Լատվիայի ընդգրկումը ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակում։ 1939-1941 թվականներին խորհրդա-գերմանական համաձայնություններով Գերմանիա է տեղափոխվել Լատվիայի տարածքում ապրող գերմանացիների մեծ մասը։
Բռնակցում ԽՍՀՄ-ին
1940 թվականի հունիսի 15-ին ԽՍՀՄ-ը հարձակվել է լատվիական սահմանապահ երկու կետերի վրա` Մասլենկի և Շմայլի։ Երրորդ հարձակումը` Ժուգուրիի ուղղությամբ, չեղարկվել է։ Շմայլիում սահմանապահները չեն հասցրել որևէ դիմադրություն ցույց տալ. նրանք գերվել են և տարվել ԽՍՀՄ։ Մասլենկիում սահմանապահները դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով մահացել են երեք զինվոր, երկու խաղաղ քաղաքացի։ Այրվել է պահպանության շենքը, մի քանի մարդ գերվել է։ Ընդհանուր առմամբ, մահացել է 5, գերվել 37 մարդ։ Մահեր են գրանցվել և հարձակվող կողմում։
Հունիսի 16-ին` ժամը 14:00-ին, արտաքին գործերի խորհրդային կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը Լատվիայի դեսպան Ֆ. Կոցինշին է ներկայացրել ԽՍՀՄ կառավարության վերջնագիրը, որով պահանջվում էր Լատվիայի կառավարության հրաժարականը և խորհրդային զինված ուժերի մուտքը Լատվիա` ավելացնելով, որ եթե մինչև 23:00 ժամը պատասխան չլինի, ԽՍՀՄ զինված ուժերը կմտնեն Լատվիա և կճնշեն ցանկացած դիմադրություն։
Կարլիս Ուլմանիսը դիմել է Լատվիայում Գերմանիայի դեսպան Ուլրիխ ֆոն Կոցին` խնդրելով բացել Կլայպեդայի ճակատ բանակի իշխանությունն էվակուացնելու համար։ Խնդրանքը մերժվել է։ Բանակը ռազմական դիմադրություն ցույց տալու հրաման չի ստացել և անգործության է մատնվել։ Նախարարների կաբինետը ևս ռազմական դիմադրությունը հետաձգել է, քանի որ կարծել է, որ այն արյունահեղության պատճառ կդառնա, սակայն չի փրկի Լատվիայի Հանրապետությունը։
Հունիսի 17-ին` ժամը 9:00-ին, Կարմիր բանակի ներկայացուցիչները գեներալ-գնդապետ Դ. Պավլովի ղեկավարությամբ Յոնիշկի երկաթուղային կայարանում հանդիպել են Լատվիայի բանակի ներկայացուցիչ Օտտո Ուդենտինյշի հետ։ Ժամը 13:00-ին ստորագրվել է Լատվիայի կապիտուլյացիայի ակտը։
Չսպասելով Լատվիայի իշխանությունների պատասխանին և բանակի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքներին` ԽՍՀՄ զորքերը հատել են լատվիա-խորհրդային սահմանագիծը։ Ժամը 22:15-ին նախագահ Ուլմանիսը ելույթ է ունեցել ռադիոյով` մարդկանց կոչ անելով մնալ իրենց տեղերում և դիմադրություն ցույց չտալ։
Օգոստոսի 5-ին ԽՍՀՄ իշխանությունները ստորագրել են հատուկ հրաման Լատվիան ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելու մասին` Լատվիայի ԽՍՀ անունով։
Նացիստական բռնազավթում
1941 թվականի հունիս-հուլիսին Լատվիական ԽՍՀ-ի տարածքը բռնզավթվել է գերմանական զորքերի կողմից։ Օկուպացիայի հենց առաջին օրերից տեղի է ունեցել Լատվիայի հրեական բնակչության և կոմունիստական ակտիվիստների զանգվածային ոչնչացում։
1941 թվականի սեպտեմբերի 1-ին Լատվիայի տարածքը ընդգրկվել է Օսթլանդի ռեյխկոմիսարիատի կազմի մեջ որպես Լատվիայի գլխավոր շրջան։ Տեղացի կողմնակիցներից և էթնիկ գերմանացիներից (ֆոլքկսդոյչե) սկսվել է ձևավորվել քաղաքացիական օկուպացիոն վարչություն, աջակցող ոստիկանության և ռազմականացված զինված այլ բաժանմունքներ (երկաթուղային պահպանություն, գործարանային պահպանություն և այլն)։
1943 թվականին գերմանական օկուպացիոն իշխանությունները սկսել են տեղի բնակիչներին մոբիլիզացնել ՍՍ-ի Լատիշական լեգեոնի մեջ։ Լեգեոնի ստեղծումը Լատվիայում կատարվել է այն ժամանակ, երբ գերմանական զորքերն ընկալվում էին որպես ազատարարներ։ Չնայած դրան` շատ լատիշներ ձևավորված պատմական հանգամանքներում լեգեոնի ստեղծումն ընդունելի էին համարում։ Գերմանական որոշ փաստաթղթեր վառ կերպով ներկայացնում են լատիշական 15-րդ դիվիզիայի զինվորների տրամադրությունները։ Դրանցից մեկում ասվում է. «Նրանք ցանանում են լատիշական ազգային կայուն պետություն։ Լինելով ընտրության առաջ` Գերմանիա՞, թե՞ Ռուսաստան` նրանք ընտրում էին Գերմանիան..., քանի որ գերմանական տիրապետությունը նրանց թվում է չարյաց փոքրագույնը։ Ռուսաստանի նկատմամբ ատելությունը խորացել է Լատվիայի բռնակցումից հետո։ Նրանք Ռուսաստանի դեմ պայքարը ազգային պարտք են համարում»[14]։
1944 թվականի հոկտեմբերի 13-ին Կարմիր բանակի զորքերը մտել են Ռիգա։
Հետպատերազմյան շրջան
Գերմանական օկուպացիայից ազատվելուց հետո Լատվիայի տարածքում վերստեղծվել են Լատվիայի ԽՍՀ-ի վարչական կառույցներ։ Սկսվել է արտադրության ու ժողովրդական տնտեսության այլ ճյուղերի վերականգնումը։ Խորհրդային բռնաճնշող մարմինների կողմից Լատվիայի ավելի քան 42.000 բնակչի` ՌԽՖՍՀ-ի առանձին հեռավոր շրջաններ արտաքսելուց հետո 1949 թվականին սկսել է զանգվածային կոլեկտիվացման գործընթաց[15]։
Ստեղծվել ու նորցավել են արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ։ Շատ գործարաններ աշխատել են պաշտպանական գերատեսչության ներքո, կառուցվել են Ռիգայի ու Պլյավինսկի հէկերը, բարելավվել է ավտոճանապարհային համակարգը, զարգացել են զբոսաշրջային ենթակառուցվածքները. Յուրմալան դարձել է ԽՍՀՄ-ի ամենահայտնի առողջարաններից մեկը։ Ստեղծվել է աշխատավորների արհեստական պակասուրդ, որը լրացվել է ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների բնակիչների հաշվին։
Խորհրդային Լատվիայի կուսակցական շատ գործիչներ ղեկավար պաշտոնների են անցել Մոսկվայում։
Անկախության վերականգնում
Վերակառուցման հռչակման հենց սկզբում` 1987 թվականին, Մերձբալթիկայում սկսվել են զանգվածային ելույթներ։ 1988 թվականին ձևավորվել են վերակառուցման առաջին շարժումները։ Դրանցից խոշորագույնը` Լատվիայի ազգային ճակատը, աստիճանաբար իշխանության է գնացել 1989-1990 թվականներին[16]։
Լատվիայի ազգային ճակատին հակադրվել է Ինտերճակատը, որը հանդես էր գալլիս Լատվիայի` ԽՍՀՄ-ի կազմում մնալու օգտին, սակայն չուներ հանրային լայն աջակցություն[17]։
Լատվիայի ազգային ճակատը համագործակցել է Էստոնիայի ազգային ճակատի և Լիտվայի «Սայուդիս» շարժման հետ։ 1989 թվականի օգոստոսի 23-ին բոլոր երեք շարժումները իրականացրել են համատեղ ակցիա` Բալթյան ճանապարհ, որը նվիրված էր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի 50-ամյակին։ Շղթան, որ կազմված էր իրար ձեռք բռնած մարդկանցից, ձգվել է Մերձբալթիկայի ողջ տարածքով` Տալլինի Հասակով Հերման աշտարակից մինչև Վիլնյուսի Գեդիմինի աշտարակ։
1990 թվականի մայիսի 4-ին Լատվիայի ԽՍՀ-ի նորընտիր գերագույն խորհուրդը ընդունել է Լատվիայի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Միաժամանակ ստեղծվել է Լատվիայի Հանրապետության Քաղաքացիական կոնգրեսը, որի ընտրություններում, ի տարբերություն Գերագույն խորհրդի ընտրությունների, մասնակցել են մարդիկ, ովքեր Լատվիայի քաղաքացի են եղել մինչև Լատվիայի` ԽՍՀՄ-ին միանալը, և նրանց սերունդները։ 1991 թվականի մարտի 3-ին կատարված հարցման արդյունքներով Լատվիայի բնակչության 74 %-ն արտահայտվել է պետականորեն անկախ ու ժողովրդավարական Լատվիայի Հանրապետության օգտին[18]։
Իրական անկախությունը վերականգնվել է 1991 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայում Արտակարգ դրության պետական կոմիտեի հեղաշրջման անհաջող փորձից հետո։
1991 թվականի սեպտեմբերի 6-ին Լատվիայի անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ պետական խորհուրդը։ 1991 թվականի սեպտեմբերի 17-ին հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի անդամ։
Լատվիայի բնակիչները, ովքեր Լատվիայի քաղաքացի էին եղել մինչև հանրապետության` ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելը, և նրանց սերունդները Լատվիայի քաղաքացիություն են ընդունել 1991 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ` «Լատվիայի Հանրապետության քաղաքացիների իրավունքների վերականգնման ու նատուրալիզացիայի հիմնական պայմանների մասին»։ Որոշման համաձայն` չեղյալ է համարվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` 1940 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը «Լատվիայի Հանրապետության քաղաքացիության ընդունման մասին», իսկ Լատվիայի քաղաքացի են հռչակվել այն մարդիկ, ովքեր Լատվիայի քաղաքացիություն են ունեցել 1940 թվականի հունիսի 17-ի դրությամբ, ու նրանց ժառանգները (երկրի բնակչության մոտ 2/3-ը)։ Արգելվել է երկքաղաքացիությունը։ 1992 թվականի հոկտեմբերին ընդունվել է Գերագույն խորհրդի որոշումը «Լատվիայի քաղաքացիների իրավունքների ճանաչման մասին»։ ԽՍՀՄ քաղաքացիները, ովքեր Լատվիա են տեղափոխվել հանրապետության` ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվելու ժամանակ, ստացել են ոչ քաղաքացու կարգավիճակ, ինչը նրանց զրկել է քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքից։
1991 թվականի աշնանը սկսվել է ապապետականացման գործընթացը. անշարժ գույքը վերադարձվել է նախկին սեփականատերերին, որի արդյունքում Լատվիայի 220.000 բնակիչներ կորցրել են «իրենց» բնակարաններում վարձակալությամբ ապրելու իրավունքը։
1994 թվականի օգոստոսի 31-ին ավարտվել է ռուսական զորքերի դուրսբերումը Լատվիայից։
1995 թվականի փետրվարի 10-ին Լատվիան դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ։
1999 թվականի փետրվարի 10-ին Լատվիան դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։
2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի 19 անդամ-երկրներ իրենց համաձայնությունն են տվել Լատվիայի մուտքին կազմակերպություն, նույն թվականի մայիսին հանրապետությունը մտել է Եվրամիության կազմի մեջ։
2007 թվականի դեկտեմբերի 21-ին Լատվիան մտել է կազմի մեջ, իսկ 2008 թվականի մարտի 30-ից ամբողջությամբ կիրառել Շենգենյան համաձայնության դրույթները։ 2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան դարձել է Եվրագոտու 18-րդ անդամը։
2015 թվականի առաջին կիսամյակին Լատվիան նախագահել է Եվրամիության խորհուրդը։
2016 թվականի հունիսի 2-ին Լատվիան դարձել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության 35-րդ անդամը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 История Латвии: XX век, 2005, էջ 17
- ↑ Археологические культуры
- ↑ «Каменный век». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Железный век». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ LPSR arheoloģija, 1974, էջ 141
- ↑ LPSR arheoloģija, 1974, էջ 108
- ↑ См. напр. хронику Генрих из Леттии.
- ↑ Адам Бременский. «Gesta Hammaburgensis ecclesiae pontificum» («Деяния епископов Гамбургской церкви»), около 1075 года
- ↑ История Латвии: XX век, 2005, էջ 22
- ↑ «Estonica.org — Балтийское герцогство». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Смирин, 1999, էջ 83
- ↑ «History of the legislature» (անգլերեն). saeima.lv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
- ↑ VEF:Рождение и становление, 1919—1940 гг.
- ↑ Цитируется по: «Латышский легион: актуальные проблемы и решения исследований». — Реферат профессора И. Фелдманиса по случаю презентации 7 сборника статей Комиссии историков Латвии. Рига, 14 января 2003 года Արխիվացված 2009-11-11 Wayback Machine
- ↑ «Советские массовые депортации из Латвии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Смирин, 1999, էջ 129
- ↑ Смирин, 1999, էջ 127
- ↑ Смирин, 1999, էջ 133
Գրականություն
- Bilmanis, Alfreds. A History of Latvia (1970).
- Eglitis, Daina Stukuls. Imagining the Nation: History, Modernity, and Revolution in Latvia (Post-Communist Cultural Studies) (2005).
- История Латвии: XX век. — Рига: Jumava, 2005. — 475 с. — ISBN 9984-05-866-2 (ссылки на главы)
- Latvijas PSR arheoloģija. — Rīga: Zinātne, 1974.
- Канале В., Степерманис М. История Латвийской ССР. — Рига: Звайгзне, 1974.
- Смирин Г. Основные факты истории Латвии. — 2-е изд. — Рига: SI, 1999. — 141 с. — ISBN 9984–630–36–6
- Ноллендорфс В. Латвия под властью Советского Союза и национал-социалистической Германии в 1940—1991 годах Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Рига: Общество Музея оккупации Латвии, 2010.
- Hannes Valter. Ausalt & avameelselt. Landeswehri sõjast, Võnnu lahingust, Riia operatsioonist. — Tallinn: Perioodika, 1989. (Ханнес Валтер. Серия «Честно и откровенно». О Войне с Ландесвером, о Выннуской битве и о Рижской операции. Таллин, издательство «Периодика», 1989), 64 с., ISBN 5-7979-0275-3
Արտաքին հղումներ
- Լատվիայի արտաքին գործերի նախարարություն Լատվիայի պատմության հարցեր. 1939—1991 թվականներ Արխիվացված 2012-04-05 Wayback Machine
- Լատվիան XX դարում եվրոպական պատմության համատեքստում Արխիվացված 2010-02-07 Wayback Machine — Այվարս Ստրանգայի հոդվածը «Եվրոպայի լրաբեր» ամսագրում, № 2, 2001 թվական (Փիլիսոփայություն բաժին, քաղաքականություն)
- Ռուսական Լատվիայի պատմություն — ֆիլմեր, գրքեր Լատվիայի պատմության ու Լատվիայի ռուսների մասին
- Լատվիայի հին պատմություն (մ. թ. ա. 10 500 — 1200 թվական) Արխիվացված 2019-05-06 Wayback Machine
- Լատվիայի Հանրապետությունը 1918—1940 թվականներին Արխիվացված 2018-07-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի պատմություն» հոդվածին։ |
|