The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։
Կենսագրություն
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։
Ստեղծագործական գործունեություն
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի«Նռան գույնը»[3], Միքայել Վարդանովի«Հայկական հողի գույնը»[4], «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն[5][6][7]։ Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում[8]։
2016 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ[9]։
2022 թվականին Հայաստանում հայկական դասական և ժամանակակից երաժշտության ու պոեզիայի վերածնման նպատակով կազմակերպվել է Մանսուրյանի անվան Կոմպոզիտորների միջազգային մրցույթ[10]։
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում[15]
Պողոսյան մրցանակ (Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու համար), 2018[16]
Մեջբերումներ Տիգրան Մանսուրյանից
Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Իմ կարծիքով, հարուստը լռությունն է։ Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել[17]։
Մեջբերումներ Տիգրան Մանսուրյանի մասին
Այն վայելչությունը, որ Մանսուրյանը բացահայտում է մի պտղունց նոտայով, որքան մնայուն, նույնքան էլ գորովալից է։