Նեգեդե
Նեգեդե | |
---|---|
Տեսակ | Իրանի քաղաք |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Կենտրոնական մարզ |
ԲԾՄ | 1325 մետր[1] |
Լեռնաշղթա | Զագրոս |
Ջրլիցի ափին | Գադար |
36°57′19″ հս․ լ. 45°23′17″ ավ. ե.HGЯO | |
Նեգեդե, Սուլդուզ կամ Նեգեդ (պարս.՝ نقده, ադրբ.՝ سولدوز[2], քրդ.՝ نهغهده), Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Նեգեդե շրջանի շրջկենտրոն։ Սահմանակից է Թուրքիային և Իրաքին։ Բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են և քրդեր։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 72,975 մարդ՝ 18320 ընտանիք։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս քաղաքը կոչվում է Նեգեդե, որը համանուն շրջանի գլխավոր քաղաքն է։ Նախկինում առավել հայտնի է եղել որպես Սոլդուզ (նաև՝ Սուլդուզ, քրդերեն՝ Սունդուս), որն առաջացել է մոնղոլական Սուլդուզ ցեղից[3], որն էլ, հավանաբար, փոխարինել է իլխանյան տիրակալ Ղազան խանից (պարս.՝ غازان خان) առաջ, մինչև 1303 թվականը եղած ավելի վաղ անվանմանը[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեգեդեն գտնվում է Բերենդուսչայ գետի ափին, շրջապատված հին արհեստական բլուրով։ Շրջանը, որտեղ գտնվում է Նեգեդեն, գտնվում է Ուրմիա լճից հարավ-արևմուտք՝ Գադար գետի ստորին հոսանքի վրա[4]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեգեդե քաղաքում մեծամասնություն են կազմում շիա ազարիները (ղարափափաղներ), փոքրամասնություն՝ սուննի քրդերը։ Հիմնական քրդական ցեղերն են մամաշ և զերզա ցեղերը, իսկ մանգուր և մամաչի ցեղերը պատմականորեն ապրել են քաղաքում։ Նախկինում քաղաքը բնակեցված է եղել նաև ասորիներով և հրեաներով[5]։
1840-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Ավգուստ-Պիեռ Կլուզելի գլխավորած լազարիական միսիոներական շարժումը[6][7]։ Մինչև 19 -րդ դարը, քաղաքը հիմնականում քրդաբնակ է եղել: 19-րդ դարի սկզբին Սուլդուզն ունեցել է 4-ից 5 հազար քուրդ և մուքադամ (Muqaddam - սպասարկող) թյուրքական ընտանիք։ 1828 թվականին Աբբաս Միրզա իշխանը Սուլդուզում վերաբնակեցրել է 800 ղարափափաղ ընտանիք։ 1930 -ական թվականներին քաղաքում սկսել են բնակություն հաստատել Հաշթրուդից եկած ադրբեջանական շահսևեն ցեղի անդամները[5]։
1979 թվականին ադրբեջանցիները կազմում էին բնակչության 65 % -ը, իսկ մնացած մասը քրդեր էին[8]։ 1985 թվականին հետազոտող Ռիչարդ Թեփերը (Richard Tapper) հայտարարել է, որ ադրբեջանցիները գրեթե քրդացվել են մշակութային և լեզվական առումով[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1303 թվականին, իլխանյան տիրակալ Ղազանի օրոք, Նեգեդե շրջանն ընդգրկող տարածքը բաշխված էր ֆիեֆների միջև[4]։ Ըստ 20-րդ դարի արևելագետ Վլադիմիր Մինորսկու, որը վկայակոչել է 16-րդ դարի քուրդ իշխան և գրող Շարաֆխան Բիդլիսիին, թուրքմեն-օղուզ ցեղախմբեր Ակ Կոյունլուի և Կարա Կոյունլուի կառավարման օրոք (մոտ 15-րդ դարում), «այսինքն՝ Յոնգը Չոբանիդների (Čōbānīs - մոնղոլ ցեղի դինաստիա) անհետացումից հետո», Մուկրի (Մոկրի) ցեղի քրդերը գրավել են Նեգեդե կոմսությունը, և նրա հին բնակիչները, ամենայն հավանականությամբ, «ստրկության են մատնվել»[4]։ Մինորսկին, վկայակոչելով Բիդլիսիի աշխատանքի խիստ փչացած և չթվագրված հատվածը, պատմում է, որ քուրդ Բաբան ցեղից ոմն Բուդակ գրավել է ղզլբաշներից այն շրջանը, որտեղ գտնվում է Նեգեդեն[4]։ Այս իրադարձությունը կարող է վերաբերել Սաֆավիների սահմանին տեղի ունեցած բախումներից մեկին[4]։
1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրից հետո, Իրանի թագաժառանգ Աբբաս Միրզան հանձնել է շրջանը, որտեղ Նեգեդեն էր՝ որպես 800 ղարափափաղ ընտանիքներով ֆիեֆ հողատարածք, և այդ նոր վերաբնակիչները, ի պատասխան, պետք է ունենային 400 ձիավոր՝ պատրաստ կառավարության տրամադրության լինելու։ Այս ժամանակ շրջանում բնակչությունը կազմված է եղել 4-ից 5 հազար քրդերից և մուքադամ (Muqaddam - սպասարկող) շիա ադրբեջանցիներից։ Քաղաքն աստիճանաբար անցել է ադրբեջանցիների ձեռքը[4]։ Պետության կողմից աջակցվող ղարափափաղներն արագ ամրապնդել են իրենց իշխանությունը՝ հարձակվելով Մանգուր և Զերզա ցեղերի վրա[5]։
1914 թվականին քաղաքում եղել է ընդամենը 80 ասորական ընտանիք, իսկ 120 հրեա ընտանիք, որոնցից շատերն այդ ժամանակվանից գաղթել են Իսրայել[4]։ Նեգեդե շրջանի հրեաները վարչաշրջանի «հավանաբար ներկայիս բնակչության ամենահին մասն են»[4]։ 1917 թվականին Սուլդուզում եղել է 598 ասորիներից կազմված 108 ընտանիք, որոնցին 35-ը տարեցներ, 60-ը՝ որբեր, իսկ 84-ը՝ աշխատունակներ էին[10]։
Օսմանյան օկուպացիայի ընթացքում 1908-1912 թվականներին ադրբեջանական բնակչությունը զգալիորեն տուժել է, քանի որ նրանց դիտում էին որպես իրանական գործակալներ։ Օսմանցիները փորձել են կազմալուծել ցեղային կառուցվածքը և քաղաքի ռայան (հպատակներին)։ Այս շրջանում քաղաքը անցել է ձեռքից-ձեռք օսմանցիների և ռուսների միջև, մինչև 1919 թվականին իրանցիները վերահսկողությունը վերցրել են[4]։
Չնայած 1940-ականների բախումներին, երբ քաղաքը կարճատև ժամանակով Մահաբադի հանրապետության կազմում էր, էթնիկ հարաբերություններն ավելի բարեկամական են եղել[11]։
Տեղական ադրբեջանցիները պետության կողմից ընդունված են եղել և գերակշիռ ազդեցություն են ունեցել քաղաքի քաղաքական և սոցիալական կյանքում, ինչից ավելացել են էթնիկ բռնությունները քաղաքում։ Քրդական անջատողականությունը և քրդերի քաղաքական պահանջները խնդիրներ են առաջացրել ադրբեջանցիների համար․ նրանք վախենում էին տարածաշրջանում ազդեցության կորստից։ 1979 թվականի ապրիլին, Իրանի հեղափոխությունից հետո, քաղաքում տեղի են ունեցել երկու էթնիկ խմբերի բախումներ, որի արդյունքում զոհվել են մոտ 100-300 մարդ։ Բախումների պատճառը երկրում տիրող համեմատաբար լիբերալ քաղաքական մթնոլորտն էր, որը քրդերին դրդել էր բացահայտորեն ձգտել ինքնավարության Իրանի կազմում։ Նոր կառավարությունը հեղափոխության նվաճումները պաշտպանելու նպատակով հավաքագրել է տեղաբնակ շիա ադրբեջանցիներին՝ 1979 թվականի մայիսի 5-ին ստեղծելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, որը կոտորել է մոտակա Քարնայի, Քալաթի և Էգրիքաշի բնակավայրերի քրդերին[12]։
Վերջին տարիներին ադրբեջանական ազգայնական իրադարձությունները ճնշվում են պետության կողմից, մինչդեռ քրդական ազգայնականությունը դարձել է ավելի արմատական, ինչի մասին վկայում է Քրդստանի ազատ կյանք կուսակցության շարքերում երիտասարդների ներգրավվածության աճը[13]։
Ազգամիջյան հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի կազմում գտնվող Նեգեդե շրջանը հեռու չէ թուրքական և իրաքյան սահմանից։ Այս շրջանը ադրբեջանցիներն անվանում են Հարավային Ադրբեջան, իրանցիները՝ Արևմտյան Ատրպատական, քրդերը՝ Արևելյան Քրդստան։ Այդպիսով, երեք ազգերն էլ հավակնություններ ունեն այդ տարածքի վրա։ Իրանացիները շրջկենտրոնն անվանում են Նեգեդե, ադրբեջանցիները՝ Սուլդուզ, քրդերը՝ Նեգեդ։
Հարյուրամյակներ շարունակ Նեգեդե շրջանում քրդեր են բնակվել։ Երկրորդ աշխարամարտի ժամանակ այդ շրջանը Մեհաբադի ցեղի քրդական տարածք է հանդիսացել։ 1979-1980 թվականներին այս շրջանը դարձել է քրդական ինքնավարության համար պայքարի կենտրոն։ Այդ թվին էլ տեղի է ունեցել ամենամեծ քուրդ-ադրբեջանական բախումը, որի ընթացքում հարյուրավոր զոհեր են եղել։ Իսկ ավելի ուշ՝ ադրբեջանցիների թվաքանակի ավելացումից հետո, Նեգեդեն դարձել է ադրբեջանական անջատողական ուժերի կենտրոններից մեկը[14][15]։ Ըստ ադրբեջանցիների՝ Իրանի իշխանությունները փորձում են փոխել այդ շրջանի դեմոգրաֆիական բալանսը․ քրդերը գրեթե հավասարվել են ադրբեջանցիներին։ Ըստ ադրբեջանցիների, Իրանի իշխանությունը խրախուսում է քրդերի հոսքը դեպի նահանգ և չի զինաթափում քրդերին, մինչդեռ ադրբեջանցիներին չի թույլատրվում զենք ունենալ։
2006 թվականին այստեղ մեծ բախում է տեղի ունեցել, երբ ադրբեջանցիները հակապետական զանգվածային ալիք էին բարձրացրել[14]․ զոհվել են իրավապահներ, քրդեր և ադրբեջանցիներ[16]։
2021 թվականի սեպտեմբերի սկզբին Իրանի Թուրքիային սահմանակից Նեգեդե շրջանում տեղի ադրբեջանցիների և քրդերի միջև տեղի է ունեցել ազգամիջյան լուրջ բախում, եղել են զոհեր։ Ըստ «Հաքին Ազ» ադրբեջանական պարբերականի, դրա համար նախադրյալ է հանդիսացել քրդերի զինված ներխուժումը Շախսի թեփե ադրբեջանական գյուղ, որի ընթացքում քրդերը ծեծել են տեղի բնակիչներին։ Իսկ դեռևս օգոստոսի սկզբին ադրբեջանական ազգայնականներն էին սպանել քուրդ մի երիտասարդի։ Իրանացի իրավապահները ձերբակալել էին այդ ադրբեջանցի մարդասպանին, բայց քրդերը ոստիկանության շենքի առջև կազմակերպած ցույցով պահանջում էին իրենց տալ մարդասպանին՝ ինքնադատաստան տեսնելու համար։ Ադրբեջանցիներն էլ իրենց հերթին ցուցով փողոց էին դուրս եկել՝ ի աջակցություն մարդասպանի, և երթով անցնելով քաղաքի փողոցներով եկել էին քրդերի հավաքված հրապարակը, բախում էր տեղի ունեցել, սպանվել էր ևս մեկ քուրդ։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոհամադ Օրազ - լեռնագնաց:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեփե Հասանլու, հնավայր:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ «تاریخچه و نقشه جامع شهر نقده در ویکی آنا». Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին. Վերցված է 2021-09-09-ին.
- ↑ The encyclopaedia of Islam. H. A. R. Gibb, P. J. Bearman (New edition ed.). Leiden: Brill. 1960-2009. ISBN 90-04-16121-X. OCLC 399624.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link) - ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Minorsky (2014).
- ↑ 5,0 5,1 5,2 Mohséni (2018), էջ. 219.
- ↑ «Lazarites». Volume 16.
{{cite journal}}
:|volume=
has extra text (օգնություն); Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Flynn, Thomas S. R. O. (2017). The Western Christian Presence in the Russias and Qājār Persia, C. 1760-C. 1870. BRILL. էջ 740. ISBN 9789004163997.
- ↑ Franz, Erhard (1981). Minderheiten in Iran: Dokumentation zur Ethnographie und Politik. Deutsches Orient-Institut, Dokumentations-Leitstelle Moderner Orient. էջ 39. ISBN 9783886930081.
- ↑ Tappeh, R. (1985). «AZERBAIJAN vi. Population and its Occupations and Culture». Encyclopedia Iranica. III.
- ↑ Ishaya (2010), էջեր. 233–234.
- ↑ Mohséni (2018), էջ. 212.
- ↑ Mohséni (2018), էջեր. 219 & 224.
- ↑ Mohséni (2018), էջեր. 230–231.
- ↑ 14,0 14,1 «Timelines. Kurds».
- ↑ Stokes, Jamie (2009). Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East (անգլերեն). Infobase Publishing. ISBN 978-1-4381-2676-0.
- ↑ Ward, Steven R. (2009). Immortal: A Military History of Iran and Its Armed Forces (անգլերեն). Georgetown University Press. ISBN 978-1-58901-587-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ishaya, Arianne (2010), Familiar Faces in Unfamiliar Places: Assyrians in the California Heartland 1911 - 2010
- Minorsky (2014), «Suldūz», Encyclopedia of Islam, Second Edition, doi:10.1163/1573-3912_islam_SIM_7169
- Mohséni, Chirine (2018), Dorronsoro, Gilles; Grojean, Olivier (eds.), The Instrumentalization of Ethnic Conflict by the State The Azeri-Kurdish Conflict in Iran, Oxford University Press, doi:10.1093/oso/9780190845780.001.0001, ISBN 9780190845780
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեգեդե» հոդվածին։ |
|