«Swimming Pools (Drank)», ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի երգն է։ Այն թողարկվել է 2012 թվականի հուլիսի 3-ին՝ որպես նրա «Good Kid, M.A.A.D City» ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Քենդրիկ Լամարի և T-Minus-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
Երգը հիմնականում արժանացել է դրական կարծիքների երաժշտական քննադատների կողմից։ Rolling Stone ամսագրի կազմած 2012-ի լավագույն 50 երգերի ցանկում այն զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը[1], իսկ XXL ամսագիրը այն ընդգրկել է իր 2012-ի թոփ 5 լավագույն հիփ հոփ երգերի ցանկում[2]։ Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխությունում երգը առաջադրվել է «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում, սակայն չի հաղթել։
Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2012 թվականի օգոստոսի 3-ին BET հեռուստաընկերության 106 & Park ծրագրի ընթացքում, իսկ այնուհետև տեղադրվել է Քենդրիկ Լամարի VEVO էջում։ Տեսահոլովակը MTV VMA 2013-ում առաջադրվել է «Տղամարդու լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ» անվանակարգերում։