Jump to content

Աբդուլլահ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլլահ եղբայրներ
Տեսակսիբլինգ խումբ, լուսանկարչական ստուդիա և trio?
Երկիր Օսմանյան կայսրություն
Հիմնադրված1867[1]
Լուծարված1899[1][2]
Գլխադասային գրասենյակԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
ՀիմնադիրՎիչեն Աբդուլլահյան, Հովսեփ Աբդուլլահյան և Գէորգ Աբդուլլահեա

Աբդուլլահ եղբայրներ (ֆր.՝ Abdullah Frères), լուսանկարչական ընկերություն Օսմանյան կայսրությունում։ Հիմնել են ազգությամբ հայ Աբդուլլահ երեք եղբայրները 1858 թվականին Կոստանդնուպոլսում, որոնք փայլուն կրթություն են ստացել Եվրոպայում։ Ընկերությունն իր ժամանակին համարվել է լավագույնը՝ ամբողջ Օսմանյան Թուրքիայում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրներից ավագը Վիգեն Աբդուլլահյանն էր (1820-1902թթ.), միջնեկի անունը Հովսեփ էր (1830–1908թթ.), կրտսերինը՝ Գևորգ (1839–1918թթ.): Եղբայների ծնողներն էին Աբրահամ Աբդուլլահը և Ռոզա Բենկլիյանը, իսկ Աբդուլլահ ազգանունը ստիպված էր եղել ընդունել դեռևս եղբայների պապը, Աստվածատուր Յուրմուզյանը, քանի որ աշխատելիս էր եղել սուլթանական արքունիքում։ Վիգենը, որ ավելի ուշ իսլամ էր ընդունել և սկսել էր կոչվել Աբդուլլահ Շուքրու, իր լուսանկարչական գործունեությունը սկսել էր Ռաբաքի մոտ, որ լուսանկարչական ընկերություն էր բացել Բայազետում 1856 թվականին։ 1858 թվականին, երբ կրտսեր եղբայր Գևորգը ավարտելով ուսումը Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում վերադարձավ հայրենիք, Վիգենն ու Հովսեփը որոշեցին հեռանալ Ռաբաքի լուսանկարչական ընկերությունից և հիմնել իրենց սեփականը։ Եվ իրենց ընկերությունն անվանում են ֆրանսերենով՝ Աբդուլլահ Ֆրեր (Abdullah Frères), որ նշանակում է Աբդուլլահ եղբայրներ։

Սուլթան Աբդուլ Ազիզի լուսանկարը՝ արված Աբդուլլահ եղբայրների ընկերությունում:

Շուտով նրանք ձեռք են բերում մեծ համբավ և ճանաչվում լավագույնը՝ ամբողջ Օսմանյան կայսրությունում։ 1863 թվականին սուլթան Աբդուլ Ազիզի հրամանագրով եղբայրները հռչակվում են պալատական լուսանկարիչներ և Պոլսո Նշանավոր Արվեստագետներ (այդ տիտղոսը նրանք կրեցին մինչև 1899 թվականը, երբ փակվեց ընկերությունը)։ 1867 թվականին վաճառում են Բայազետի իրենց խանութը և տեղափոխվում ավելի նպաստավոր վայր՝ Կոստանդնուպոլսի եվրոպական հատվածում գտնվող Բերա շրջանը։ Այդ նույն թվականին էլ նրանք ձեռք բերեցին միջազգային ճանաչում, երբ Փարիզում կայացած 2-րդ համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Օսմանյան կայսրության տաղավարում նրանք ներկայացրեցին իրենց կողմից արված բարձրակարգ լուսանկարչական բնապատկերները։ 1886 թվականին Եգիպտոսի խեդիվ Թաուֆիկ-փաշայի հրավերով Աբդուլլահ եղբայրները մասնաճյուղ են բացում Կահիրեում, որը նույնպես մեծ հռչակ է վայելում։ «Աբդուլլահ Ֆրեր» ընկերությունը հաջողության հասավ նաև Օսմանյան կայսրության մեծ քաղաքների առօրյա կյանքի լուսանկարչությունում, և մեծ վարպետությամբ արված դիմանկարային ժանրի պատկերներում։ Եղբայրները լուսանկարում էին նաև բազմաթիվ հանրահայտ մարդկանց. նրանց ֆոտոխցիկի առջև են կանգնել ամերիկացի գրող Մարկ Տվենը, Ֆրանսիայի կայսրուհի Էժենին, Ուելսի արքայազն Էդվարդը, սուլթան Աբդուլ Ազիզը, Օսմանյան կայսրության մարշալ և ռազմական գործերի նախարար Օսման Նուրի Փաշան և այլք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Çizgen E. Photography in the Ottoman Empire, 1839-1919Istanbul: 1987. — P. 231.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  • Hannavy, John (2008). Encyclopedia of nineteenth-century photography. New York: Routledge. ISBN 978-0-415-97235-2. Retrieved 6 December 2012.
  • Shaw, Wendy M.K. (2003). Possessors and possessed : museums, archaeology, and the visualization of history in the late Ottoman Empire. Berkeley, Calif.: University of California Press. p. 141. ISBN 978-0-520-23335-5. Retrieved 6 December 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլլահ եղբայրներ» հոդվածին։