Jump to content

Ուելսի արքայազն Ուիլյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արքայազն Ուիլյամից)
Ուելսի արքայազն Ուիլյամ
William, Prince of Wales
 
Կրթություն՝ Ուոթերբի դպրոց (1990)[1], Քրանուելի ՌՕՈւ թագավորական քոլեջ (ապրիլի 11, 2008), Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա (դեկտեմբերի 15, 2006), Defence Helicopter Flying School? (հունվար 2010), Սենթ Էնդրյու համալսարան (2005)[1], Ludgrove School? (հուլիսի 5, 1995)[1] և Իթըն քոլեջ (2000)[1]
Մասնագիտություն՝ օդաչու, պոլո խաղացող, ուղղաթիռի օդաչու, ազնվական և բարեգործ
Դավանանք Անգլիկան եկեղեցի[2]
Ծննդյան օր հունիսի 21, 1982
Ծննդավայր Սբ. Մերի հիվանդանոց, Լոնդոն
Դինաստիա Վինձորներ
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ William Arthur Philip Louis of Wales[1]
Հայր Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)
Մայր Արքայադուստր Դիանա
Ամուսին Քեյթ Միդլթոն
Զավակներ Արքայազն Ջորջ, Արքայադուստր Շառլոթ և Արքայազն Լուի
 
Կայք՝ royal.uk/the-prince-of-wales
 
Պարգևներ

Ուելսի արքայազն Ուիլյամ (անգլ.՝ William, Prince of Wales, ի ծնե՝ Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուիս, հունիսի 21, 1982(1982-06-21)[6][7][8][…], Սբ. Մերի հիվանդանոց, Լոնդոն[9][10][1]), Չարլզ III-ի և Արքայադուստր Դիանայի ավագ որդին, Եղիսաբեթ II թագուհու ավագ թոռը։ Բրիտանական գահի ժառանգորդների ցանկում առաջինն է՝ իր հոր թագավոր հռչակվելուց հետո։ Ունի իր սեփական զինանշանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազնը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին երեկոյան ժամը 9-ին Լոնդոնում, Պադդինգտոն շրջանում։ Ուիլյամը առաջին արքայազն էր, ով չի ծնվել թագավորական պալատում, այլ ծնվել է Լոնդոնի Սուրբ Մարիամի հոսպիտալում։ Դարձել է պապարացցիների թիրախ ծնվելուց անմիջապես հետո։ Երբ Չարլզը և Դիանան դուրս են եկել հոսպիտալի ծննդատնից լրագրողների ամբոխը շարժվել է դեպի նրանց կողմը՝ նկարահանելու նորածին արքայազնին։

1982 թվականի օգոստոսի 4-ին արքայազնը կնքվել է Բուքինգհեմյան պալատում՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսի կողմից և ստացել է Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուի անունը։

1990- 1995 թվականներին արքայազնը հաճախել է Բերկշիրի Լադգրոուվ դպրոցը։ Այն գիշերօթիկ դպրոց էր, և Ուիլյամը անում էր ամեն ինչ, մյուսներին հավասար։ Նույնիսկ կիսել է սենյակը 4 այլ դպրոցականների հետ։ Դպրոցում եղել է հոկեյի և ռեգբիի հավաքականների ավագ։ Հետաքրքրվել է լողով, լավ է խաղացել ֆուտբոլ և բասկետբոլ։ Մի քանի անգամ դպրոցը ներկայացրել է վազքի մրցույթներում։

Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամը ընդունվել է հայտնի Էտոն քոլեջ, որտեղ սովորել է աշխարհագրություն, կենսաբանություն և արվեստի պատմություն։ Արքայազնը մշտապես եղել է կարգապահ աշակերտ, մշտապես ստացել բարձր գնահատականներ և կարողացել է հեշտ լեզու գտնել իր հասակակիցների հետ։ Ի շնորհիվ շփման կարողությունների, նա ձեռք է բերել մեծ թվով ընկերներ և հաստատել ծանոթություններ։ Ի տարբերություն դպրոցի, քոլեջում նա ունեցել է առանձին սենյակ և առանձին լոգարան, ինչը պայմանավորված էր, ոչ թե մեծամտությամբ, այլ անվտանգությունից ելնելով։

Երբ 1996 թվականի օգոստոսին Ուիլյամի ծնողները բաժանվեցին, արքայազնը ծանր տարավ այդ փաստը։ Նա միշտ ավելի կապված է եղել իր մոր հետ, քան թե հոր։ Դիանա Սփենսերը բաժանումից հետո շարունակեց մշտապես շփվել իր զավակների հետ։ Անգամ բաժանումից հետո, նա համարվում էր Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ և ապրում էր Քենսինգթոնյան պալատում։ Դիանան մշտապես զբաղվել է բարեգործությամբ։

Արքայազնի համար մեծ հարված էր Փարիզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում իր մոր՝ Արքայադուստր Դիանայի մահը, որը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Ողբերգության մասին արքայազնը իմացավ միայն սեպտեմբերի 1-ին, քանի որ Արքայազն Չարլզը արգելել էր իր որդիների տանը ունենալ ռադիո։ Ինչքան էլ ծանր էր հարվածը, Ուիլյամը և նրա կրտսեր եղբայր Արքայազն Հարրին մասնակցեցին մոր հուղարկավորությանը։ Ուիլյամը և Հարրին քայլեցին իրենց մոր աճյունակառքի ետևից մինչ Վեստմինստերյան աբբայություն, որտեղ տեղի ունեցավ հուղարկավորությունը։ Մոր մահից հետո, Ուիլյամը իր ցանկությամբ հաճախել է հոգեթերապևտի կուրսերի։ Այս ընթացքում աճել էր Ուիլյամի հակակրանքը ԶԼՄ-ների նկատմամբ։ Նա անգամ մեղադրեց լրագրողների՝ մոր մահվան համար։

2000 թվականի հուլիսին, Էտոն քոլեջը ավարտելուց հետո, երիտասարդ արքայազնը, ինչպես շատ ուսանողները, որոշեց մեկ տարով հետաձգել անցումը բարձրագույն կրթությանը։ Նա շատ ճանապարհորդել է, այցելել Չիլի, եղել Աֆրիկայի երկրներում, ինչպես իր մայրը, մեծապես զբաղվել բարեգործությամբ, հատկապես Կենտրոնական Աֆրիկայի հետամնաց և աղքատ երկրներում։ Անգամ աշխատել է Բոթսվանայում կաթի անգլիական ֆերմայում։

Բարձրագույն կրթության հարցում Ուիլյամը ընտրեց իր նախնիների ավարտած բուհը՝ Շոտլանդիայի Սենթ Էնդրյու համալսարանը։ Իր չափահասությունը (Մեծ Բրիտանիայում ընդունված է, որ անձը չափահաս է դառնում 21 տարեկանում) արքայազնը տոնել է աֆրիկյան ոճով Վինձորների ամրոցում՝ թագուհու անմիջական վերահսկողության ներքո։

2005 թվականին արքայազնը ավարտում է համալսարանը։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Ավստրալիայի կորալյան խութերին։ Նա համալսարանն ավարտել է բարձր գնահատականներով (չնայած ոչ գերազանցությամբ), և դրանով անցել է հորը, ով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ էր։ Ուիլյամի խոսքերով, նա Սենթ Էնդյրույում անց է կացրել չորս երջանիկ տարիներ։ Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, ներկայացրել է Նորին Մեծություն թագուհուն Նոր Զելանդիայում, մասնակցել է Վելինգտոնում և Օքլենդում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին։

2006 թվականի մայիսին Ուիլյամը ընդունվել է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին ստացել է սպայական կոչում և միացել թագավորական հեծելազորին՝ որպես կրտսեր լեյտենանտ։ Սրանով նա հետևել է բրիտանական թագավորական կարգին, համաձայն որի, գահի ժառանգորդները պետք է ունենան նաև ռազմական կրթություն։ Ավանդույթը ծագում է բրիտանական սահմանադրական նախադեպից, համաձայն որի երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարը միապետն է։ Այնուհետև ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում։ 2011 թվականի դեկտեմբերին մասնակցել է ռուս ծովայինների փրկման օպերացիային։

Քեյթ Միդլթոնի և Արքայազն Ուիլյամի հարսանեկան նկարը

2010 թվականի նոյեմբերի 16-ին Քլարենս Հաուսը հայտարարեց Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նշանադրության մասին։ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 29-ին՝ Վեստմինստերյան աբբայության Սուրբ Պետրոսի տաճարում։ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը հանդիսավոր արարողության ժամանակ Քեյթին և Ուիլյամին հայտարարեց կին և ամուսին[11], իսկ թագուհին նորապսակներին տվեց Քեմբրիջի դուքս և դքսուհի կոչումները։

2012 թվականի դեկտեմբերի 3-ին Թագավորական ընտանիքի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արքայադուստր Քեթրինը հղի է և գտնվում է Լոնդոնի թագավորական հոսպիտալներից մեկում և դեռ մի քանի օր կմնա այնտեղ[12]։

2013 թվականի հուլիսի 22-ին Լոնդոնի ժամանակով 16:24 Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ունեցան իրենց առաջնեկին՝ Արքայազն Ջորջին[13]։ Ծննդկանը ծնվել է 3,8 կգ քաշով[13]։

2013 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ արքայազնին տվել են Ջորջ (Ջորջ (Գեորգ) Ալեքսանդր Լուի) անունը։

2014 թվականի սեպտեմբերի 8-ին Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ դուքսը և դքսուհին սպասում են իրենց երկրորդ զավակին։ Դքսուհին 2015 թվականի մայիսի 2-ին ունեցավ Արքայադուստր Շառլոթին, ով ծնվել էր 3,71 կգ քաշով։

Հետաքրքիր փաստեր Արքայազն Ուիլյամի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ձախլիկ է[14]։
  • Հասակը 191 սմ է։
  • Նրան կրկնօրինակել են Մեքենաներ 2 մուլտֆիլմում՝ Մոբիլյամ (Wheelliam) անվամբ։ Մեքենան եղել է Bentley Continental GT մակնիշի։
  • Երկրպագում է Բիրմինգհեմի «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբին։ Նա հաճույքով է հաճախում ակումբի խաղերի արդեն երկու տասնամյակ։
  • Համաձայն express.co.uk ինֆորմացիոն հարթակի, եղել է ամերիկյան Linkin Park ռոք խմբի երկրպագու (դպրոցական տարիներին)։
  • Գլխավորում է Անգլիայի ֆուտբոլային միությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://www.royal.uk/the-duke-of-cambridge
  2. https://www.royal.uk/royal-family-name
  3. https://web.archive.org/web/20151117104748/https://royalsociety.org/people/prince-william--10960/
  4. https://web.archive.org/web/20110507071000/http://www.princeofwales.gov.uk/newsandgallery/news/prince_william_becomes_a_royal_fellow_of_the_royal_society_1994504548.html
  5. https://www.royal.uk/media-centre/court-circulars — 2017.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Lundy D. R. The Peerage
  8. Kindred Britain
  9. 9,0 9,1 http://www.bbc.co.uk/news/uk-22977518
  10. 10,0 10,1 http://www.nytimes.com/2013/07/23/world/europe/royal-baby.html
  11. Архиепископ Кентерберийский Роуэн Уильямс официально провозгласил принца Уильяма и Кейт Миддлтон мужем и женой, Infox.ru, 29.04.2011.
  12. «Mignews.com. 04.12.2012. Великобритания: Кэйт и Уильям ждут ребёнка». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  13. 13,0 13,1 «Duchess of Cambridge gives birth to a son» (անգլերեն). The Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  14. Принц Уильям — левша.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]