Գինեկոլոգիա
Կնաբանություն, Իգաբանություն (հուն․՝ γυναίκα — կին + λόγος — ուսուցում), գիտություն կնոջ օրգանիզմի անատոմա-ֆիզիոլոգիական, ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունների և դրանց խանգարումների մասին։ Նեղ իմաստով, գինեկոլոգիան ուսմունք է կնոջ սեռական օրգանների ֆիզիոլոգիական ու ախտաբանական պրոցեսների և վերջիններիս բուժման ու կանխարգելման մասին։ Սերտորեն կապված է մանկաբարձության հետ։ Բաժանվում է երկու մասի՝ ընդհանուր, ուսումնասիրում է կանանց սեռական օրգանների հիվանդությունների ախտորոշման, դեղորայքային և վիրահատական բուժման ընդհանուր եղանակները, և մասնավոր՝ հիվանդություններն ըստ առանձին սեռական օրգանների և ախտաբանական պրոցեսների։ Գինեկոլոգիան սկիզբ է առել Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հնդկաստանում։ Գերմանացի եգիպտագետներ Էբերսի և Բրուգշի հայտնագործած պապիրուսներում (1760-1550 թվականներ մ․ թ․ ա․, 1388-1322 թվականներ մ․ թ․ ա․) հիշատակվել են արգանդի դիրքի փոփոխությունները։ Հիպոկրատը (5-4-րդ դարեր մ․ թ․ ա․) նկարագրել է կանանց սեռական օրգանների հիվանդությունները։ Ավիցեննան (980-1035 թվականներ) կազմել է բժշկական հանրագիտարան՝ ընդգրկելով նաև կանանց հիվանդությունները։ Վլադիմիր Մոնոմախի թոռ Զոայի (12-րդ դար) աշխատություններում գինեկոլոգիային նվիրված են հատուկ գլուխներ։ 16-17-րդ դարերում անատոմներ՝ ֆլամանդացի Ա․ Վեզալիուսի, դանիացի Թ․ Բարթոլինի, նիդերլանդացի Ռ․ Գրաաֆի աշատությունները հանդիսացան գինեկոլոգիայի զարգացման անատոմա֊ֆիզիոլոգիական հիմունքները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 71)։ |