Jump to content

Ծաղկունյաց լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծաղկունյաց լեռնաշղթաից)
Ծաղկունյաց լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ և Արագածոտնի մարզ
ԼեռնաշղթաՓամբակի լեռնաշղթա
Բարձրություն (ԲԾՄ)2851 մետր
Երկարություն42 կմ
Մեծագույն գագաթԹեղենիս
Քարտեզ
Քարտեզ

Ծաղկունյաց լեռներ, Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ, Վարժանունյաց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռների գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ Ուղտաքար լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև Հրազդան գետի աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ[1][2]։

Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև Ծաղկունյացը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։

Արևելյան լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են կաղնու, թխկենու, արոսենու անտառներով։ Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին, Աղվերանը, Արզականը, Բուժականը։ Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։

Ծաղկունյաց լեռները Հայաստանի M4 ճանապարհից։

Հորստաձև անտիկլինալային բարձրացում է՝ եզերված տեկտոնական խզումնային խախտումներով։ Կազմված է թթու և հիմքային ինտրուզիաներով ներդրված մինչքեմբր-ստորին պալեոզոյան ապարներից՝ գնեյսներից, թերթաքարերից, մարմարներից։ Դրանց վրա տեղադրված են վերին կավճի, պալեոգենի գոյացումներն ու միո-պլիոցենի լավաները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 59 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 839 — 992 էջ։
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 113
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկունյաց լեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 113