Կարմիր վանք (Աստապատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր վանք (այլ կիրառումներ)
Կարմիր վանք Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք | |
---|---|
Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի տեսքը մինչ նրա ոչնչացումը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաբեկի շրջան |
Հասցե | Աստապատ գյուղի հյուսիս-արևելյան թաղամասի հարթ վայրում |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Անվանված | Ստեփանոս Նախավկա |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 11-րդ դար |
Առաջին հիշատակում | 976 թվական՝ Ծաչիկ Ա կաթողիկոսի կոնդակ |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ, աղյուս և կարմիր քարեր |
Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկա, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Աստապատ գյուղում, Նախիջևանի և Ղարադաղի լեռների կիրճում, Արաքս գետի ձախ ափին, ապառաժոտ բլրի գագաթին։ Վանքն ամբողջությամբ ավերվել է 1997-2003թթ․ ընկած ժամանակահատվածում[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հայտնի էր մի քանի անուններով․
1․ Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկա, որը պայմանավորված էր ժողովրդի հավատքով, քանի որ վանքում բարձրացված խնդիրները կատարվում էին[2]։
2․ Կարմիր վանք կոչվում էր պարիսպները և նրանց կից շինությունները կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ Ավարայրի ժակատամարտում վիրավորված զինվորներին բերում էին այստեղ և նրանց թափված արյունից քարերը կարմիր երանգ էին ստացել[2]։
3․ Քարատակի վանք, քանի որ վանքը գտնվում էր ժայռերի վրա[3]։
4․ Աստապատի վանք կոչվում էր համանուն գյուղի մոտ գտնվելու պատճառով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառի Աստապատ գյուղի տարածքում։
Աստապատի սուրբ Ստեփանոս վանքը սակավաթիվ հուշարձաններից էր, որը չափագրվել և ներկայացվել է նաև մինչսովետական մասնագիտական գրականության մեջ։ Հատակագիծը և կաոուցվածքների նկարագրությունը դեռ դարասկզբին հրատարակել էր Երվանդ Լալայանը[4]։ Ստրժիգովսկին խոսում էր վանքի եկեղեցու մասին, ներկայացնելով այն որպես հայ ճարտարապետության երկու մույթով գմբեթավոր կաոուցվածքների ներկայացուցիչ[5]
Աստապատի վանքը հիմնադրվել էր դեռ վաղ միջնագարում, որովհետև արդեն 976 թվական այն հիշվում է Խաչիկ Ա. կաթողիկոսի կոնդակի մեջ և նույն թվականի խաչքար էր ագուցված եկեղեցու դռան աջակողմում[3]։ Կյանքն Աստապատում հարատևել էր մինչև ուշ միջնադար, որի վկայությունն էին վանքի պատերում դրված 1277, 1471, 1477, 1481 թվականների խաչքարերը[3]։ Շահ Աբբասի ասպատակություններից վանքը ավերվել էր, որի պատճառով 17-րդ դարում այն մի քանի անգամ վերակառուցվում էր։
Աստապատի վանքը հիմնովին վերակառուցել էր 17-րդ դարի սկզբի խոշոր կրոնական գործիչ Պողոս Մոկացի Վարդապետը, ով բազմաթիվ վանքեր ու դպրոցներ հիմնեց Հայաստանում, հատկապես Ատրպատականում և Գողթն գավառում[6]։ Պողոս Մոկացին Աստապապի վանքը պետք էր վերանորոգած լիներ մինչև 1618 թվական, որովհետև այդ նույն թվականին նրա հակառակորդ ու թշնամի Մելքիսեդեկը բանտարկությունից ազատվելով, Շահ Աբբասի կողմից նշանակվեց կաթողիկոս և սկսեց հալածել Պողոս վարդապետին[7]։ Վերջինս հեռացավ Սյունյաց մեծ անապատը, որտեղ և վախճանվեց 1621 թվականին։
Պողոս Մոկացու շինարարական գործունեության պահպանված վկայությունը վանքի տարածքը երկու մասի բաժանող պարսպի մուտքի կամարի վրա փորագրված արձանագրությունն էր.
17 դարի կեսերին վանքը հիմնովին վերակառուցել էր Աստապատի Հակոբ վարդապետը, որը 1673 թվականին թաղվում է եկեղեցու հարավային կողմում[8]։
Վանքի առաջնորդ Հովսեփ վարդապետը 17-րդ դարի վերջում վերանորոգել էր պարիսպները և կառուցեց արևմտյան կողմի շինությունները[9]։
Շինարարությունը ավարտվել էր մինչև 1706 թվականին, որովհետև այդ թվականին Հովսեփ վարդապետը վախճանվել էր և թաղվել վանքի գավթում[9]։
Արևելյան պարսպի մեծ դարպասի վրայի արձանագրությունը պատկանում էր 1707 թվականին.
«...յիշատակ է պարիսպս վերակացու Յովհաննէս վարդապետին...» - Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թիֆլիս, 1902 թվական, էջ 156
|
19-րդ դարի սկզբին պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան քանդում է արևելյան պարիսպը լրիվ և հարավայինը՝ մինչև դարպասը ու քարերն օգտագործում իր կառուցած Աբասապատ ամրոցի կառուցման համար[10]։
1831 թվականին Նիկողայոս վարդապետը նորոգել էր եկեղեցու հիմնապատերը, սակայն 1840 թվականի երկրաշարժից վանքը բավական վնասվում է[10]։
Աստապատի վանքը վերստին նորոգվել է և 1890 թվականի դրությամբ հիմնականում կանգուն էր, բացառությամբ գավթի զանգակատան։ Վերանորոգումը հավանաբար կատարվել էր 1870-ական թվականներին, երբ վանքի առաջնորդը Հովակիմ եպիսկոպոսն էր[9]։ 20-րդ դարի սկզբին Աստապատի վանքը լքված էր և մասամբ ավերված[11]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստապատի վանքը արևմուտքից շրջապատի նկատմամբ բավական բարձր Էր տեղագրված և այս կողմից մոտենալու հնարավորություն չուներ, որի հետևանքով վանքի մուտքը իրականացված Էր արևելքից։ Ուղղանկյուն պարսպապատերով շրջափակված տարածության մեջտեղում բարձրանում էր վանական համալիրի եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը։ Պարիսպներին ներսի կողմից պարագծով կից կառուցված էին բնակելի և կոմունալ շինությունները։ Համալիրը պարսպով բաժանվել Էր երկու մասի, որոնցից արևմտյանում գտնվում էին պաշտամունքային և բնակելի կառուցվածքները, իսկ արևելյանում՝ գոմը, մթերանոցները, կոմունալ մյուս շենքերը։ Ճանապարհը կրճատելու, ինչպես նաև վանքի արևմտյան կողմի բնակելի սենյակները այցելուների հոսքից մեկուսացնելու համար գավթի արևմտյան ճակատը խուլ էր արված։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստապատի եկեղեցու հատակագիծը ուներ անհամաչափ լուծում։ Եկեղեցին կենտրոնագմբեթ կառուցվածքին մոտ համաչափություններ ուներ՝ այն արևելք֊արևմուտք առանցքի ուղղությամբ քիչ էր ձգված (լայնության և երկարության մոտավոր հարաբերությունն էր 1։ 1.3)։ Հուշարձանի այսպիսի համաչափության պատճառը նրա հատակագծային հորինվածքն էր։ Այն ուներ միայն մեկ զույգ մույթ, և գմբեթր բարձրանում էր մույթերի միջև ու մույթերից դեպի բեմի աբսիդի արևմտյան պատը գցված կամարներով ստացվող գմբեթատակ քառակուսու վրա։
Աստապատում գմբեթը զգալի տեղաշարժված էր դեպի արևելք։ Համարյա քառակուսի հատակագիծ (10․25 մ x 11.05 մ) ունեցող աղոթասրահի արևմտյան հատվածը մույթերից դեպի աբսիդն ընկած տարածության համեմատ ավելի երկար էր։ Տարբերությունն ավելի էր մեծանում արևմտյան որմնամույթերի զգալի երկարությամբ, եթե ընդերկայնական պատերի որմնամույթերը պատի հարթությունից դուրս էին գալիս ընդամենը 0․16 մետր, ապա արևմտյանները՝ 1․06 մետր։
Շինարարները վերացնելով արևելյան մույթերը և դրանց փոխարեն որպես հենարան օգտագործելով բեմի աբսիդի ուժեղ և հաստատուն պատերը, մեծապես ուժեղացրել էին ինչպես կառուցվածքի ընդհանուր ամրությունը, այնպես էլ սեյսմակայունությունը։ Իրենց չափերով բավական հզոր էին և մույթերը՝ նրանք ուղղանկյուն էին և կտրվածքում ունեին 1․25 x 1․00 մ չափերը։ Սեյսմակայունությանը նպաստում էր նաև մույթերից դեպի երկայնական պատերը ընկած և գմբեթակիր արևմտյան կամարների չափազանց մեծ լայնությունը՝ 2․25 մետր։
Աստապատի եկեղեցու հատակագծի մյուս առանձնահատկություններից էր բեմի խորանի հնգանիստ լինելը։ Խորանի նիստերը մշակված էին խոր ու բարձր խորշերով, որոնք ավարտվում էին շեշտված պայտաձև կամարներով։ Միջին խորշից դեպի դուրս բացվում էր լայն լուսամուտ, իսկ մյուս խորշերը զարդարված էին որմնանկարներով։ Բեմի երկու կողմերում տեղադրված էին ուղղանկյուն հատակագծով ավանդատներ, որոնք արևելյան պատում ունեին դրսից նեղ ու դեպի ներս լայնացող լուսամուտներ։ Ավանդատների, ինչպես և աղոթասրահի բոլոր պատերում կար խորշեր, սլաքաձև կամարով ծածկված։
Աստապատի եկեղեցին կառուցված էր թեքադիր տեղանքի վրա, որի հետևանքով արևելյան կողմում հատակը զգալի բարձր էր գետնից։ Բեմի ու ավանդատների հատակի տակ իրականացրել էին նկուղային հարկ, դեպի ուր կարելի էր իշնել եկեղեցու միջից, շարժական սանդուղքով, որն որպես թաքստոց էր ծառայել և այստեղ էին պահվել վանքի սրբություններն ու գանձերը[12]։
Աղոթասրահը լուսավորվում էր հյուսիսային և հարավային պատերում բացված երկուական պատուհաններով։ Ժամանակին այն լուսավորվել էր նաև գմբեթի մեջ բացված ութ պատուհանով։ Գմբեթը կառուցված էր եղել աղյուսից, և թմբուկը բավական բարձր էր եղել՝ 5․7 մետր[13]։ Գմբեթի և ողջ եկեղեցու բարձրության հարաբերությունը կազմում էր մոտ 1։ 2։ Սակայն տրամագիծը մեծ չէր՝ 0․7 մ և այդ պատճառով այն ուներ բավական սլացիկ համաչափություններ, որին նպաստել էր և սրածայր բրգաձև վեղարը։ Թմթուկը եղել էր ութանիստ, որոնցից յուրաքանչյուրի ստորին մասում բացվել էր կամարակապ փոքր լուսամուտ։ Նիստերը մշակված էին ողջ բարձրությամբ ուղղանկյուն շրջանակով, որի մեջ ներգծված էին սլաքաձև կամարով ավարտվող երկուական խորշեր։ Ներքևի խորշերի մեջ էլ տեղադրված էին լուսամուտները։
Աստապատի վանքի եկեղեցին ոչ թե կառուցված էր աղյուսից, այլ երեսպատված, իսկ հիմնական ծավալը շինված էր կիսամշակ և անմշակ բազալտ քարից ու որձաքարից, կրաշաղախով։ Աղյուսը լայնորեն կիրառվել էր եկեղեցու և գավթի ներսում՝ աղյուսից էին շարված որմնակամարները, բեմի խորշերը, գմբեթի առագաստային անցումը և այլն։ Եկեղեցու ներսակողմը որմնանկարների համար սկզբից ևեթ սվաղվել էր ու աղյուսը ոչ մի դեր չէր խաղացել նրա հարդարանքում։
Եկեղեցու պատերի ստորին մասը, դրսից մոտ 1 մետր բարձրությամբ, երեսպատված էր կարմիր քարով։ Արևելյան և ընդերկայնական ճակատները մշա կված էին երեքական բարձր, շեշտված սլաքաձև որմնակամաներով։ Նման ուրվագիծ ունեին լուսամուտների, խորշերի վերջավորությունները, եկեղեցու և գավթի կամարները։ Գմբեթատակ քառակուսու առագաստային անցումը, ալիքաձև մշակված, բնորոշ չէր Հայ ճարտարապետությանը։ Ծածկի կամարներով բաժանված հատվածները ոչ թե թաղակապ էին, այլ կրկնակի կորության թաղանթներ են, որոնք վերևում իրենց ծավալներով դուրս էին գալիս տանիքից և գմբեթների տպավորություն էին ստեղծում։ Այդ պատճառով եկեղեցու և գավթի տանիքները երկթեք լանջեր չունեին և իրենց ուրվագծով հիշեցնում էին մուսուլմանական ճարտարապետության աշխարհիկ կառուցվածքներ։
Եկեղեցու պատերի շարվածքի մեջ, պարագծով դրված էին փայտե հեծաններ։
Եկեղեցու արտաքին ճակատների հարդարանքը պարզ էր՝ աղյուսի դեկորատիվ կամարաշարով։ Ճոխ հարդարանք ուներ եկեղեցու միակ արևմտյան դռան շքամուտքը, որը բացվում էր զավթի մեջ։ Զարդարում էր զավթի սվաղված, որմնանկարներից և հարդարանքից զուրկ ներսակողմը։ Դռան ուղղանկյուն բացվածքն ուներ սլաքաձև ուրվագծով տիմպան, որը եզերված էր ստալակտիտային մշակում ունեցող բավական լայն, սլաքաձև կամարով։ Վերջինս նստում էր դռան երկու կողմերի զույգ որմնասյուների վրա, պսակված գնդաձև խոյակներով։ Տիմպանը քանդակազարդ էր՝ երեք խաչ միահյուսված էին բուսական նուրբ զարդաքանդակներով։ Դռան բացվածքի համեմատ շքամուտքը իր չափերով մեծ էր։ Անհամաչափ լայն էր ստալակտիտային կամարը, կարճ էին որմնասյուները, մեծ՝ խոյակները և այլն։ Շքամուտքի երկու կողմերում, պատի մեջ տեղադրված են երկու խաչքար, որոնք նույնպես դռան ձևավորման տարրերից են։
Գավիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում և բացվում էր դեպի գավիթը։ Վերջինիս ուղղանկյուն ծավալը կառուցվում էր կիսամշակ բազալտե քարերից, կրաշաղախով։ Աստապատում գավիթն ունի երկու մույթ և նրա զանգակատան գմբեթը բարձրացել էր մույթերից դեպի եկեղեցու արևմտյան պատին ընկած կամարների վրա։ Գավթի մույթերը բավական զանգվածեղ էին (0․9 X 1․40 մ), ուղղանկյուն կտրվածքով և գմբեթից բացի իրենց վրա կրում էին նաև ծածկի թաղերը։ Երկու մույթերի առկայությունը պատճառ էր հանդիսացել գավթի երկարության զգալի կրճատման (7․6 մետր), մինչդեռ լայնությունը կազմում էր 11․6 մետր (ներսի չափերը)։ Գավիթը հատակագծում ստացվել էր ձգված հարավ-հյուսիս ուղղությամբ։ Մուսոքերը երկուսն էին՝ հյուսիս-արևերյան և հարավ-արևելյան անկյուններում։
Գավթի կամարների, ծածկի կիսագնդաձև թաղանթների ու տանիքի արանքում, կառուցողական դեր չխաղացող և ավելորդ բեռ հանդիսացող բետոնի լիցքի փոխարեն թողել էին թունելանման թաղակապ խորշեր։
Աստապատի վանքի հիմնական հուշարձանախմբի արտաքին հարդարանքը պարզ էր և համեստ։ Գավիթը փաստորեն զուրկ էր գեղարվեստական տարրերից։ Կիսամշակ քարից կառուցված նրա ուղղանկյուն ծավալն ունի բավական անհրապույր տեսք։ Հարդարանքի միակ տարրը դռների պարզունակ շքամուտքերն են։ Հյուսիսային շքամուտքի դռան ուղղանկյուն բացվածքը ներգծված էր կիսագլանիկի տրամատ ունեցող որմնակամարի մեջ, որը հանգչում էր կրնկաձև մշակված իմպոստների վրա։ Կամարը նույն տրամատով շարունակվում էր իմպոստներից ներքև, վերածվելով որմնասյունիկի։ Շքամուտքր շարված էր սրբատաշ կարմրավուն քարից, որի պատճառով, հյուսիսային պատի գորշ ֆոնի վրա բավական տպավորիչ էր։
Որմնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու ներսակողմի հարդարանքը իրականացված է բացառապես որմնանկարներով։ Կամարների երեսները, խորանի գմբեթարդ զարդարված էին բուսական մոտիվներով որմնանկարներով։ Ընդերկայնական պատերի վերին մասերում կան սյուժետային որմնանկարներ։ Հարավային պատի վրա պատկերված էր ավետման տեսարանը։ Բեմի խորշերի մեջ, բուսական զարդանկարներով երիզված, պատկերված էին միանման դիրքով և հագուստով սրբերի կերպարներ։ Թմբուկը և առագաստները ևս ծածկված էին եղել որմնանկարներով։ Որմնանկարները, ըստ մակագրության, կատարված են 1859—1860 թվականներին[12]։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի հարդարանքում օգտագործվել էին նաև քանդակներ։ Գմբեթի, քարերի մեջ եղել էին երկու առյուծի քանդակ, իսկ արևելյան մեծ դարպասի վրա քանդակված էր եղել արծիվն ճանկերի մեջ մի գառ բռնած[12]։
Պարիսպ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին պարիսպներից կիսով չափ պահպանվել են արևմտյան և հյուսիսային կողմերում։ Նրանք բարձր էին եղել, կառուցված սրբատաշ կարմիր քարից, վանքի բակը շրջապատից զգալի բարձր էր տեղադրված և արևելյան, հյուսիսային ու հարավային պարիսպները նաև որպես հենապատ էին ծառայել։ Պարիսպներն ուժեղացված էին կիսաշրջանաձև աշտարակներով, իսկ զգալի բարձրության և երկարության դեպքում պատերի կայունությունն ու կոշտությունն ապահովելու համար հարավային կողմում նրանք ոչ թե֊ ուղղագիծ էին, այլ կոտրտված՝ ելուստներով։ Պարիսպներին կից շինությունների ստորին, նկուղային հարկերը որոպես մթերանոցներ ու պահեստներ էին օգտագործվել։ Նրանք քարե թաղերով ծածկեր ունեին և դեպի դուրս բացվող լուսամուտներ, որոնք գետնից բավական բարձր էին։
Օժանդակ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարիսպներին կից բնակելի և օժանդակ շենքերը երկհարկ, նույնիսկ եռահարկը էին եղել՝ շինված աղյուսից։ Նրանցից մեկր բարձրանում է թաղակապ նկուղային հարկի վրա, ուղղանկյուն էր, հյուսիսից հարավ ձգված։ Ծածկը փայտից է եղել։ Լայն, ուղղանկյուն մեծ լուսամուտները բացվում էին ինչպես դեպի վանքի բակը, այնպես էլ դեպի դուրս, դեպի Արաքս գետը։ Աղյուսե պատերը, ամրության համար, ունեին կոնտրֆորսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 318–321. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
- ↑ 2,0 2,1 Ոսկեան Համազասպ, Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942 թվական, էջ 506
- ↑ 3,0 3,1 3,2 Ղ․ Ալիշան, Սիսիական, Վենետիկ, 1893 թվական, էջ 511
- ↑ Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թիֆլիս, 1902 թվական, էջ 150—154:
- ↑ Josef Strsygowski. Die Baukunst der Armenier und Europa. Wien. 1918, Band I, 179
- ↑ «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ», Վաղարշապատ, 1896 թվական, էջ 270
- ↑ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Ազգապատում, հատ. Բ, Բեյրութ, 1960 թվական, էջ 2349
- ↑ Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թիֆլիս, 1902 թվական, էջ 154
- ↑ 9,0 9,1 9,2 Ղ․ Ալիշան, Սիսիական, Վենետիկ, 1893 թվական, էջ 513
- ↑ 10,0 10,1 Յովհաննես եպիսկոպոս Շահխաթունեանց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հատ. 2, էջմիածին, 1842, էջ 301
- ↑ Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թիֆլիս, 1902 թվական, էջ 156
- ↑ 12,0 12,1 12,2 Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թիֆլիս, 1902 թվական, էջ 153
- ↑ Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թիֆլիս, 1902 թվական, էջ 152
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 335)։ |