Հազվագյուտ մետաղներ
Հազվագյուտ մետաղներ, մետաղներ, որոնք համեմատաբար նոր են արդյունաբերական կիրառում ստացել։ Որպես կանոն, երկրի կեղևում քիչ են տարածված։ Հազվագյուտ մետաղները բաժանվում են 5 խմբի՝ թեթև (լիթիում, բերիլիում, ռուբիդիում, ցեզիում), ցրված (գալիում, ինդիում, թալիում), հազվագյուտ հողային (սկանդիում, իտրիում, լանթան և բոլոր լանթանոիդները), դժվարահալ (տիտան, ցիրկոնիում, հաֆնիում, վանադիում, նիոբիում, տանտալ, մոլիբդեն, վոլֆրամ, ռենիում), ռադիոակտիվ (ֆրանսիում, ռադիում, ակտինիում, պոլոնիում, ուրան և բոլոր տրանսուրանային տարրերը)։ Բայց այս դասակարգումը խիստ պայմանական է։ Որոշ հազվագյուտ մետաղներ կարող են պատկանել տարբեր խմբերի (օրինակ, տիտանը դժվարահալ մետաղ է, բայց միաժամանակ նաև՝ թեթև)։ Շատ մետաղներ աստիճանաբար դուրս են գալիս հազվագյուտ մետաղների շարքից (օրինակ, վանադիումը, մոլիբդենը, տիտանը)։ Արտասահմանյան տեխ. գրականության մեջ հազվագյուտ մետաղների համար օգտագործում են «սակավ սովորական մետաղներ» («less common metals») տերմինը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 45)։ |