Հայերը Փրովիդենսում
Փրովիդենսի հայ համայնքը սկսել է ձևավորվել 19-րդ դարի վերջին քառորդին։ 1897 թվականին բնակվել է 450, 1902 թվականին՝ 1350, 1910 թվականին՝ 2500, 1962 թվականին՝ 12-13 հազար հայ։ Ներկայումս (2003) Փրովիդենսում և արվարձաններում հայերի թիվը շուրջ 30 հզ. է։ Առաջին հայ բնակիչներն աշխատել են տեղի արդյունաբերական ձեռնարկություններում, զբաղվել արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, ներկարարություն և այլն)։ Ներկայումս մեծ թիվ են կազմում բժիշկները, ատամնաբույժները, դեղագործները, ճարտարագետները։ 1890 թվականին հիմնվել է Խրիմյան ընկերությունը, 1894 թվականին՝ Հայկազյան և Ազգային տնտեսական միությունները, 1897 թվականին՝ Որբախնամ, 1899 թվականին՝ Փրովիդենսի Հայուհյաց որբախնամ ընկերությունները։
Գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի, Համազգայինի, ՀՍՄ-ի մասնաճյուղերը, հայրենակցական մի շարք միությունների (Համախարբերդցխոկան, Հաճընի ընդհանուր, Բալու-Պաւլին գյուղի ուսումնասիրաց և վերաշինաց, ԲալուՀավավ գյուղի ուսումնասիրաց, Քղիի Խուփս գյուղի) կենտրոնական վարչություններն ու մասնաճյուղերը։ Համայնքում գործում են առաքելական Ս. Սահակ-Մեսրոպ (1914 թվականից), Ս. Վարդանանց (1940 թվականից) և ավետարանական Եվւրատյան (1889 թվականից) եկեղեցիները։ Ս. Վարդանանց եկեղեցուն կից հիմնվել է Մուրադ Արմենյան մեկօրյա դպրոցը։ 1907 թվականին կազմվել է թատերախումբ (1912 թվականից կոչվել է «Հնչակ»), երկար տարիներ գործել է «Ազատամարտ» թատերախումբը։ Փրովիդենսում լույս են տեսնում «Կանթեղ», «Փարոս» եկեղեցական պարբերականները։ Գործում է հայկական ռադիոժամ։
Փրովիդենսի կենտրոնական հրապարակներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |