Jump to content

Հայ հին և միջնադարյան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մեծ

Հայ հին և միջնադարյան թատրոն,

Հին ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ հելլենիզմի դարաշրջանում (մ.թ.ա. I դար), երբ հույն դասական թատրոնն արդեն անցյալ էր, իսկ հանրապետական Հռոմում քաղաքական ողբերգությունը մոտենում էր իր մայրամուտին, փոքրասիացի հույն թափառական դերասանների խմբերի հետ անտիկ թատերական ավանդույթը մուտք է գործել Հայաստան։ Ըստ Պլուտարքոսի՝ Տիգրան ԲՏիգրանակերտ մայրաքաղաքում կառուցել է թատրոն (մ.թ.ա. 69), որի համար փոքրասիական քաղաքներից գերեվարել է հույն դերասանների։ Նույն թվականին Տիգրանակերտը գրաված Լուկոլոսը ներկայացումներ է կազմակերպել այդ թատրոնում։ Տիգրան Բ-ի ստեղծած թատերական ավանդույթն Արտաշատում շարունակել է նրա որդին՝ Արտավազդը, որը գրել է ողբերգություններ (հունարեն)։ Պլուտարքոսը հիշատակում է մի դրվագ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգութան ներկայացումից, որը կազմակերպվել էր Հայոց արքունիքում (մ.թ.ա. 53)՝ հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսի լեգեոնների դեմ հայ-պարսկական զորքի հաղթանակի առթիվ։ Պարթև զինվորները Արտաշատ են բերել սպանված Կրասոսի գլուխը և ներկայացման պահին նետել սրահի կենտրոնը։ Հույն դերասան Յասոն Տրալիանոսը վերցրել է Կրասոսի գլուխը և արտասանել. «Հետ ենք բերում լեռներից մատաղ բաղեղն իր բնով՝ հաջողակ մի որս»։ Արքան պարգևատրել է Կրասոսին սպանողին՝ Պոմաքսաթրեսին, և Յասոնին։ Ըստ Պլուտարքոսի՝ Արտավագդի պալատում «խաղացվել են բազմաթիվ հունարեն պիեսներ»։ Այս փաստը վկայում է, որ ուշ հելլենիզմի դարաշրջանում հունական դասական թատրոնի վերջին բռնկումները տեղի են ունեցել Առաջավոր Ասիայում։ Հայաստանը նույնպես այդ մշակույթի վերջին ապաստաններից էր։ Թատերարվեստի հնադարից ժառանգած ձևերն ու սակները գոյատևել են նաև միջին դարերում (IV-XVII դարեր)։

Միջնադարյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան թատրոնի հիմնական տեսակներն են ժողովրդական պարերգային դրաման (թատերարվեստի հնագույն և ժողովրդական տիպը) և աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնը (հայկական կրկեսային արփը միջնադարում), Հին Հռոմից եկող և քրիստոնեական Ասորիքի ու Բյուզանդիայի միջոցով Հայաստան ներթափանցած միմոսը և դպրոց, ճարտասանությունն ու առասպելավարժությունը՝ դրամատիկական և բեմական խաղի որոշ տարրերով։ Միջնադարում ստեղծվել է թատերական միջավայր՝ կենցաղի պայմաններում ու կայուն ձևերով, բարքերի ծիսականություն և թատերական զվարճալիքներ, թափառող գուսաններ և այլն, մյուս կողմից՝ եկեղեցական թատերակարգ՝ պատարագով, ժամերգությամբ և լիթուրգիական (պատարագային) դրամայով։ Եկեղեցական միջավայրը ուշ միջնադարում (XIV դարից) Եվրոպայում ստեղծել է իր թատրոնն ու դրամատուրգիան։ Հայ իրականության մեջ ավելի ուշ վերածնվել է դպրոց, բեմասացությունը՝ որպես թատրոնի և դրամայի յուրահատուկ տեսակ (XVII դար)։ Հայկական վաղ միջնադարյան միմոսական թատրոնի մասին հիշատակվում է հայ մատենագրության, նրա հեռավոր արձագանքները կան աշխարհիկ բանաստեղծության մեջ։ V-XVII դարերում անընդմեջ գոյություն է ունեցել նաև աշխարհիկ թատրոնը։ Վաղ միջնադարում, աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնից անկախ, հայ եկեղեցին ստեղծել է իր թատերակարգը՝ տիպաբանորեն նման խորհրդապաշտական(միստերիալ) դրամային։ Պատարագում տեղի է ունենում երգային և խոսքային երկխոսություն պատարագիչի ու երգչախմբի միջև, որտեղ ամեն ինչ թատերային է, սակայն նրա հիմնական նպատակն ունկնդիրների կրոն, զգացմունքների վրա ազդելն է։ Թատրոնին համեմատաբար ավելի մոտ է լիթուրգիական դրաման՝ Ծննդյան և Զատկական փուլերով («Դանելիա», «Հիմար և իմաստուն զույգեր», «Ոտն լվա», «Վերջին դատաստան» և այլն)։ Որոշ թեմաների բեմական կանոնացումը տեղի է ունեցել IV դարում՝ ասորական եկեղեցում։ Լիթուրգիական դրամայի կանոնն աստիճանաբար յուրացվել է արևելյան (նաև հայկական), IX-XIII դարերում արմատավորվել արևմտաեվրոպական եկեղեցիներում և դարձել միստերիալ թատրոնի հիմքը։ Հայ իրականության մեջ, ի տարբերություն Արևմուտքի, այս երևույթը պահպանվել է ավանդական տեսքով. կանոնացված տեքստը և արտաքին գործողության տեսքը գրեթե չեն խախտվել։ Հայ միջնադարյան թատրոնի շրջափուլը պատմականորեն ավարտվել է XVII դարի վերջին։ 1668 թվականին Լվովի հայ կաթոլիկ դպրոցում գրել և բեմադրել են «Մահ Կեսարու», «Առակք Սողոմովնի» և այլ կրոնաբարոյախոսական պիեսներ, պահպանվել է միայն «Հռիփսիմեն», որը վարք-վկայաբանություն է, որպես ժանր՝ միրաքլ (կրոնաբարոյախոսական բովանդակությամբ չափածո դրամա)։ Վենետիկի Մխիթարյան դպրոց, թատրոնում 1774 թվականից մինչև 1860-ական թվականները նույնպես թարգմանվել, գրվել և բեմադրվել է XIX դարի երկրորդ կեսին բեմադրված Հակոբ Կարենյանի «Շուշանիկ», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ» ողբերգությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։