Jump to content

Հունգարական հեղափոխություն (1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունգարիայի 1956-ի հեղափոխություն, զինված ապստամբություն Հունգարիայում կոմունիստական դրածո վարչախմբի դեմ։ Ճնշվել է խորհրդային զորքերի կողմից։

Հունգարիայի դրոշը, որից կտրված է խորհրդային տարբերանշանը։ Այն Հունգարիայի հեղափոխության խորհրդանիշն է

Հունգարիայում դրածո վարչախմբի հաստատումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի փետրվարին խորհրդային զորքերը գրավում են Հունգարիան։ 1947 թվականին Փարիզի պայամանագրով Հունգարիան ճանաչվում է անկախ, դառնում ՄԱԿ-ի անդամ։ 1947-1949 թվականներին ԽՍՀՄ հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, կեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատում են կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ։

Խորհրդային զորքերի կարգավիճակը Հունգարիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմրե Նաձի կիսանդրին

Փարիզի պայմանագրով նախատեսվում էր դուրս բերել խորհրդային զորքերն Արեվելաեվրոպական երկրներից։ Սակայն 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը հիմնում են «Վարշավայի պայմանագրի կազմակերպություն» (ՎՊԿ) ռազմաքաղաքական դաշինք, որով ԽՍՀՄ-ն իրավունք է ստանում զորք տեղակայել ՎՊԿ երկրներում։

Ընդվզման նախաշեմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում 1947-1952 թվականներին 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը։ 1949 թվականին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում։ 1952 թվականին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 միլիոն մարդու նկատմամբ։ Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ 1953 թվականին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում Իմռե Նաձը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն։ Կրեմլը 1955 թվականի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմրե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում։

«Շանդոր Պետեֆի» խմբակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին հունգարացի ուսանողները հիմնում են «Շանդոր Պետեֆի» խմբակը (Շանդոր Պետեֆին 1848 թվականի հունգարական հեղափոխության առաջնորդներից է, զոհվել է 1849 թվականին ռուսների դեմ կռվում), որը դառնում է ազատ բանավեճերի ակումբ։ 1956 թվականի հունիսին Պոզնանի ապստամբության ազդեցությամբ Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները։ Փակվում է «Շանդոր Պետեֆի» խմբակը, մի քանի ուսանող ձերբակալվում է։ Մնացածները հոկտեմբերի 16-ին ստեղծում են «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը։

Առաջին հուժկու ցույցերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցված խորհրդային տանկ

Առաջին զանգվածային հակակոմունիստական ցույցը տեղի է ունենում 1956 թվականի հոկտեմբերի 6-ին, որին մասնակցում է մոտ 100.000 մարդ, հնչում են հակաստալինյան, հակառուսկան կոչեր։ Հոկտեմբերի 22-ին ուսանողները ներկայացնում են 16 պահանջ, այդ թվում՝ խորհրդային զորքերի դուրս բերումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և այլն։

Ապստամբության սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 23-ին երթին մասնակցում է 200.000 մարդ, հնչում են հակակոմունիստական և հակախորհրդային կոչեր, պետական դրոշների վրայից կտրում-հեռացնում են խորհրդային խորհրդանիշը։ Հոկտեմբերի 24-ին ցուցարարները գրավում են հունգարական զորքերի ռազմակայաններից մեկը և զինվում, մի քանի հազար հունգարացի զինվոր անցնում է ցուցարարների կողմը։ Ապստամբները գրավում են Ազգային ռադիոյի շենքը, ջարդուփշուր անում Ստալինի հուշարձանը, ինչից հետո խորհրդային տանկերը մտնում են Բուդապեշտ, վերահսկողության տակ վերցնում խորհրդարանը և օդանավակայանը։ Սկսվում են զինված բախումները։

Խորհրդային կայսրության հակազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 25-ին Կրեմլը Հունգարիա է գործուղում Յանոշ Կադարին։ Իմռե Նաձը Միկոյանի և Սուսլովի հետ բանակցություններ է սկսում։ Հոկտեմբերի 30-ին Իմռե Նաձը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին։ Հոկտեմբերի 31-ին ԽՄԿԿ կենտկոմի նիստում Խրուշչովը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ Իվան Կոնևին։ Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա։ Ի պատասխան Իմռե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին։

Խորհրդային զորքի ներխուժումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայի հեղափոխության հուշարձանը

Հեղափոխությունը ճնշելու նպատակով, Հունգարիայում էին տեղակայվել խորհրդային 8-րդ տանկային դիվիզիան՝ գեներալ-լեյտենանտ Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ, և 38-րդ բանակը՝ գեներալ-լեյտենանտ Հաջի-Ումար Մամսուրովի հրամանատարությամբ[1]։ 1956 Նոյեմբերի 3-ի ժամը 21։ 30-ին, խորհրդային բանակը ամբողջությամբ շրջապատեց Բուդապեշտը[2]։ Նոյեմբերի 4-ի առավոտյան սկսվում է «Վիխր» գործողությունը, որին մասնակցում է խորհրդային 60.000 զինվոր։ Ապստամբները փողոցային բարիկադներ են կառուցում և կռվում զավթիչների դեմ, իսկ նրանց գործակալներին հրապարակավ կախում։ Խորհրդային զինվորները կրակ են բացում ոչ միայն ապստամբների, այլև խաղաղ բնակչության վրա, զոհված հունգարացիների հազարավոր դիակները փողոցներից հավաքվում ու նետում են Դանուբ գետը։ Նոյեմբերի 7-ին հեղափոխությունը ճնշվում է, խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է Բուդապեշտ։ Իռմե Նաձին ձերբակալում են ու տանում Մոսկվա։

Կորուստներն ու բռնաճնշումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիխր» գործողության ժամանակ զոհվում է 3.000 հունգարացի ապստամբ, 700 սովետական զինվոր, վիրավորվում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Հեղափոխությունը ճնշելուց հետո ձերբակալվում է 15.000 մարդ, որից 280-ը մահապատժի է դատապարտվում։ Հետապնդումից խուսափելու համար ավելի քան 200.000 մարդ արտագաղթում է երկրից։ 1958 թվականի հունիսի 9-ին սկսվում է Իմրե Նաձի և նրա համախոհների դատավարությունը։ Իմրե Նաձին մեղադրում են պետական դավաճանության մեջ և հունիսի 15-ին մահապատժի դատապարտում։ Պատիժը կիրառվում է հաջորդ օրը։

Հունգարիայի ներկայիս Սահմանադրության մեջ գրված է. «Մեր ներկայիս ազատությունը ծաղկել է 1956 թվականի հեղափոխությունից»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Schmidl, Erwin; Ritter, László (November 2006). The Hungarian Revolution 1956 (Elite). Osprey Publishing. էջ 54. ISBN 1-84603-079-X.
  2. UN General Assembly Special Committee on the Problem of Hungary (1957) «Chapter V.C, para 196 (pp. 60–61)» (PDF). (1.47 MB)
  3. «Հունգարիայի սահմանադրությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.