Jump to content

Հրաբխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրաբխայնությունից)

Հրաբխականություն, հալված ժայռի՝ մագմայի ժայթքումն է Երկիր մոլորակի, Լուսնի, մոլորակների մակերեսի վրա, որտեղ լավան, պիրոկլաստիկները և հրաբխային գազերը ժայթքման միջոցով ստեղծում են կափույր կոչվող միջավայր[1]։ Այն ներառում է բոլոր երևույթները, որոնք առաջացնում է մագման երկրի ընդերքում կամ կեղևի մեջ և բարձրանալով ընդերքից՝ մակերևույթին ձևավորում է հրաբխային ժայռեր։ Ընդգրկում է երկրի խորքում ու մակերևույթին մագմայի գործունեությունը պայմանավորող և տիեզերական երևույթները հրվիժակների առաջացումը Արեգակի վրա և այլն)։

Ըստ դրսևորման առանձնահատկությունների և արտավիժած նյութերի տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և լեռնածին (օրոգեն) հրաբխականություն, ըստ տևողության և հրաբխային կենտրոնների ձևերի ու տեղաբաշխման՝ բազմածին, միածին, ճեղքային, բազմաելք, մակաբույծ հրաբխականություն, ըստ տեղի՝ օվկիանոսային, մայրցամաքային, կղզային, ստորջրյա հրաբխականություն, ըստ դրսևորման ժամանակի՝ հնագույն, երիտասարդ, նորագույն, ժամանակակից հրաբխականություն, ըստ արտավիժված նյութերի գերակշռող կազմի՝ բազալտային, անդեզիտային, ռիոլիտային և այլ հրաբխականություն, ըստ երևույթների բնույթի՝ արտավիժումային, ներժայթքային, արտաժայթքային, արտապայթունային հրաբխականություն և այլն։

Հայկական լեռնաշխարհի տարածքին առավել բնորոշ են գեոսինկլինալային (յուրայի, կավճի, էոցենի դարաշրջաններում) և լեոնածին (օլիգոցենի, պլիոցենի և չորրորդական դարաշրջաններում) հրաբխականություն։ Հայաստանի տարածքի զգալի մասը (Աշոցքի, Լոռու, Եղվարդի, Կոտայքի, Ջերմուկի, Եռաբլրի սարահարթեր, Ջավախքի լեռներ) ծածկված է պլիոցեն-չորրորդականի հրաբխյան նյութերով, որոնք պարունակում են շինանյութերի (բազալտ, տուֆ, ավազ, խարամ, պեմզա ևն) հարուստ պաշարներ։

Հրաբխային գործընթացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ թանձր, մածուցիկ լավա ժայթքման ընթացքում

Մագման մակերևույթից կամ խորը ընդերքից բարձրանում է դեպի մակերեսը։ Եթե մագման հասնում է մակերեսին, ապա նրա վարքագիծը կախված է հալված ժայռի բաղադրության խառնուրդից և մածուցիկությունից։ Թանձր, մածուցիկ (հաստ) մագման ստեղծում է պայթուցիկ ժայթքման հատկանիշներով հրաբուխներ, մինչդեռ ոչ թանձր, հեղուկ մագման առաջացնում է առատահոս, հեղուկ ժայթքումներով հրաբուխներ, որոնք մեծ քանակությամբ լավա են ժայթքում դեպի մակերևույթ։

Որոշ դեպքերում բարձրացող կամ աճող մագման կարող է սառել և ամրանալ առանց մակերևույթի հասնելու։ Փոխարենը, սառեցված և ամուր հրաբխային զանգվածը բյուրեղանում է ընդերքում։

Մագմայի սառեցման արդյունքում ձևավորված բյուրեղների քիմիական նյութերը արդյունավետորեն դուրս են գալիս մագմայի հիմնական խառնուրդից, ուստի մնացած մագմայի քիմիական բաղադրությունը զարգանում է, քանի որ այն դանդաղ է ամրանում։ Թարմ չձևավորվածված մագմայի ժայթքումները կարող են վերափոխել ավելի զարգացած կամ հասունացած մագման՝ թույլ տալով ավելի մածուցիկ մագմայի ժայթքումներ։

Վուլկանիզմի շարժիչ ուժերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմային կոնվեկցիոն հոսանքների հետևանքով կեղևում հալված ժայռի շարժումը, որը զուգորդված է երկրի մակերևույթի փոփոխությունների գրավիտացիոն ազդեցությամբ (էրոզիա, կուտակում, նույնիսկ աստերոիդային ներազդեցություն), բերում է տեկտոնիկ շարժման և, ի վերջո, հանգեցնում հրաբխայնության։

Վուլկանիզմի կամ հրաբխայնության ոլորտները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխները տեղակայված են այն վայրերում, որտեղ մագման հասել է Երկրի մակերևույթին։ Հրաբուխների տեսակները կախված են ժայթքման վայրից և մագմայի բաղադրությունից։

Ներժայթքման տեսակներ

Երկրաշարժերը, ընդհանուր առմամբ, կապված են Երկրի տեկտոնական ակտիվության հետ, սակայն որոշ երկրաշարժեր առաջանում են հրաբխային ակտիվության արդյունքում (թեպետ դրանք էլ, ինքնին, ի վերջո, նույն ուժերով են պայմանավորված)[2]։

Հիդրոթերմալ կափույրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք ձևավորվում են, երբ ջուրը համագործակցում է հրաբխի հետ[3]։ Դրանք ընդգրկում են գեյզերներ, տաք աղբյուրներ և ցեխի կաթսաներ, որոնք հաճախ օգտագործվում են որպես երկրաջերմային էներգիայի աղբյուր[3]։

Հրաբխային ձմեռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխային ժայթքումների ժամանակ արտանետվող գազի և մոխրի քանակությունը զգալի ազդեցություն ունի երկրագնդի կլիմայի վրա։ Խոշոր ժայթքումները առնչվում են կլիմայի որոշ փոփոխությունների հետ[4]։

Ժայռերի ձևավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մագման սառում է, այն ամրանում է և ձևավորում ժայռեր։ Ժայռի տեսակը կախված է մագմայի քիմիական կազմից և սառեցման արագությունից։ Մակերևույթին հասնող մագման լավա դառնալու համար արագորեն սառչում է, որպես արդյունք առաջանում են փոքր բյուրեղներով ժայռեր, ինչպես օրինակ բազալտը։ Չափազանց արագ սառչող մագմայից ստեղծվում են հրաբխային ապակիներ (ժայռեր առանց բյուրեղների), ինչպիսիք են՝ օբսիդիանները։ Թեթև ներժայթքումների ավելի դանդաղ սառող մագման արտադրում է միջին բյուրեղներով կրաքարեր։ Ստորին նստվածքներում մնացող մագման սառչում է դանդաղ, հանգեցնելով ավելի մեծ բյուրեղներով ժայռերի, ինչպիսիք են գրանիտը եւ գաբրոն։

Մագմայի հետ շփվող գոյություն ունեցող ժայռերը կարող են հալվել և վերածվել մագմայի։ Մագմային հարակից այլ ժայռերը կարող են փոփոխվել շփման մետամորֆիզմի կամ մետասոմատիզմի միջոցով, քանի որ դրանք վնասվում են ջերմությունից և խուսափում հիդրոթերմալ հեղուկներից։

Այլ մարմինների հրաբխայնությունը կամ վուլկանիզմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլկանիզմը չի սահմանափակվում միայն Երկրի վրա, այն կարող է դրսևորել ամուր կեղև և հեղուկ թիկնոց ունեցող ցանկացած մարմնի վրա։ Վուլկանիզմի գոյությունը ցանկացած ամուր մարմնի վրա դեռ պետք է ապացուցվի։ Հրաբուխները հստակորեն դիտարկվում են Արեգակնային համակարգի այլ մարմինների վրա։ Մարսի վրա դրանք լեռնային հին հրաբուխներ են (օրինակ՝ Օլիմպոս Մոնսը), սակայն մոլորակի Իո արբանյակի վրա նույնպես նկատվել է փաստացի շարունակվող ժայթքում։ Կարելի է ենթադրել, որ հրաբխականություն գոյություն ունի նաև այլ մոլորակային համակարգերում, այս տեսակի մոլորակների և արբանյակների վրա։ 2014 թվականին գիտնականները հայտնաբերել են 70 լավային հոսքեր, որոնք վերջին 100 մլն տարիների ընթացքում ձևավորվել են Լուսնի վրա[5]։

Ներքին մոլորակների ընդերքների կառուցվածքը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cooling Planets: Some Background: What is volcanism?» (PDF). The Lunar and Planetary Institute, Department of Education and Public Outreach. 2006. էջ 4. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Watson, John; Watson, Kathie (1998 թ․ հունվարի 7). «Volcanoes and Earthquakes». United States Geological Survey. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  3. 3,0 3,1 Nemzer, J. «Geothermal heating and cooling». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Robock, Alan (2000). "Volcanic eruptions and climate". Reviews of geophysics 38 (2): 191-219. doi:10.1029/1998RG000054
  5. http://news.sciencemag.org/space/2014/10/recent-volcanic-eruptions-moon?rss=1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Types of volcanic eruptions

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաբխականություն» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։