Մամխասալորենի (լատ․՝ Prunus insititia), վարդազգիների ընտանիքի սալորենու ցեղի բույս։ Երկարակյաց է, ապրում է 40-50 տարի։ Բերքատու է դառնում տնկումից 3-4 տարի հետո։ Ծառերն ունեն 5-6 մ բարձրություն, սաղարթը՝ լայն-կլորավուն, երբեմն՝ լայն բրգաձև, բնի կեղևը՝ անհարթ, ճյուղերը՝ առանց փշերի։ Ծաղիկները երկսեռ են, մանր, սպիտակավուն, ինքնափոշոտվող (հակված է նաև խաչաձև փոշոտման)։ Պտուղները մանր են կամ միջին մեծության (15-30 գ), օվալաձև, մաշկը՝ սևմանուշակագույն երանգի՝ պատված բաց կապտավուն մոմաշերտով։ Պտղամիսը՝ կանաչ դեղնավուն, հյութալի, քաղցրաթթվաշ համի։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, պովիդլո, չիր և այլն)։ Մեկ ծառից ստացվում է 40-50 կգ բերք։ Բազմանում է սերմերով, պատվաստներով և մացառներով։ Ցրտադիմացկուն է, կայուն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։ Մշակվում է Եվրոպայում, Հայաստանում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 196)։