Jump to content

Մանուկ Աբեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (նոյեմբերի 11, 2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանուկ Աբեղյան
Ծնվել էմարտի 17 (29), 1865
ԾննդավայրԹազաքենդ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսաստան
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1944(1944-09-25)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, գրականագետ, հասարակական գործիչ, գրական քննադատ և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1882, 1885), Ենայի համալսարան, Լայպցիգի համալսարան, HU Berlin և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1935) և ակադեմիկոս (ապրիլի 27, 1943)
ԱնդամակցությունՀԳՄ, ՀՀ ԳԱԱ և Հայաստանի օգնության կոմիտե
ԱշխատավայրՇուշիի թեմական հոգևոր դպրոց, Հովնանյան դպրոց, Գևորգյան հոգևոր ճեմարան, Ներսիսյան դպրոց, Երևանի պետական համալսարան և Գրականության ինստիտուտ
Պարգևներ
ԶավակներՄհեր Աբեղյան և Սուրեն Աբեղյան
Մանուկ Աբեղյան Վիքիքաղվածքում
Մանուկ Աբեղյան Վիքիդարանում
 Manuk Abeghian Վիքիպահեստում

Մանուկ Խաչատուրի Աբեղյան (մարտի 17 (29), 1865, Թազաքենդ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսաստան - սեպտեմբերի 25, 1944(1944-09-25)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգյան Հոգևոր Ճեմարանն այժմ

Մանուկ Խաչատուրի Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որը ժողովրդի կողմից շարունակվում էր կոչվել կողքի ավերված գյուղի անունով՝ Աստապատ։ Աստապատում էր գտնվում նաև սուրբ Ստեփանոսի վանքը, որն իր կարմիր տուֆից և աղյուսից կառուցված լինելու պատճառով, կոչվել է նաև Կարմիր վանք։

Աբեղյանի 7 տարին լրանալու կապակցությամբ հայրը որդու խնդրանքով նրա համար գնում է մի այբբենարան։ Աբեղյանն սկսում է սովորել այդ այբբենարանով, միաժամանակ գրաճանաչության դասեր առնել գյուղի խալֆաներից՝ գրագիրներից և խորամուխ լինում գրաբար գրքերի ընթերցանության մեջ։ Այդ տարիներին Հովակիմ Տեր-Գրիգորյանը (Էմին Տեր-Գրիգորյանի հայրը) հիմնում է Կարմիր վանքի դպրոցը, որի անդրանիկ սաներից է դառնում Մանուկ Աբեղյանը։ Այստեղ սովորում է հինգ-վեց ամիս և ցուցաբերելով բարձր առաջադիմություն՝ դառնում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աշակերտ[3]։

Մանուկ Աբեղյանը 1876 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան և իր ընդունակությունների պատճառով արժանանում ճեմարանի տեսուչ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկու համակրանքին։ 1882 թվականին Աբեղյանը բարձր գնահատականներով ավարտում է ճեմարանի դպրոցական հանրակրթական բաժինը և փոխադրվում է լսարանական մասնագիտական բաժին։ 1885 թվականին բոլոր քննությունները հանձնում է գերազանց գնահատականներով, ավարտելով ճեմարանի նաև լսարանական բաժինը՝ արժանանալով առաջնակարգ մրցանակագրի (դիպլոմ)։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի թեմական դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին թողնելով ճեմարանը՝ Աբեղյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակվում Շուշիի թեմական դպրոցում և աշխատում է ընդամենը երկու տարի, որը նրա կյանքում նշանավորվում է երկու կարևոր փաստով։ Այստեղ նա դպրոցի մի քանի ուսուցիչներից կազմում է գրական մի շրջան։ Այդ խմբակի անդամները գրական տարբեր խնդիրների շուրջ հանդես են գալիս դասախոսություններով և մտքերի փոխանակությամբ։ Այստեղ 1888 թվականին Աբեղյանը, նախ ունկնդիրների փոքր շրջանում, ապա առավել լայն հասարակության առջև առաջին անգամ կարդում է «Սասնա Ծռեր»-ի իր գրառած նոր պատումը։ 1888 թվականին Շուշիում լույս է տեսնում «Նմուշներ» բանաստեղծական ժողովածուն, որն իր գրական-հասարակական արձագանքներով Աբեղյանին համոզում է վերջնականապես ձեռք քաշել բանաստեղծություններ հորինելուց. և ապա հաջորդ տարի (1889) Շուշիում լույս տեսած «Դավիթ և Մհերն» էր՝ հայ ժողովրդական վեպի երկրորդ նշանավոր պատումը։ «Սասնա ծռեր» վեպի այդ նոր պատումը Աբեղյանը գրի էր առել Գևորգյան ճեմարանում սովորելիս՝ 1886 թվականին, ճեմարանի դռնապան մոկացի Նահապետից (Նախո քեռի)։ Վեպի այս նոր պատումն իր գեղարվեստական ու մշակութապատմական արժանիքներով գրավում է ժամանակի գիտական մտքի ուշադրությունը։

Նույն տարում՝ 1889 թվականին «Մուրճ» ամսագրում լույս է տեսնում Աբեղյանի անդրանիկ հետազոտությունը՝ «Ազգային վեպ» խորագրով։

Աբեղյանը Թիֆլիսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Աբեղյանը Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց վարժարանի տեսուչ, իր երբեմնի ուսուցիչ Փիլիպոս Վարդանյանի հրավերով մեկնում է Թիֆլիս և ստանձնում վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչի պաշտոնը։ Ուսուցչությանը զուգընթաց Աբեղյանը լրագրային-հասարակական գործունեություն է ծավալում՝ համագործակցելով ժամանակի հայ նշանավոր պարբերականներից մեկի՝ «Նոր դար»-ի հետ։ 1889 թվականից սկսած Աբեղյանը պարբերաբար թղթակցում է «Նոր-դար»-ին, իր բուն ազգանունից բացի հանդես գալով «Վարսամ», «Գիսավոր» և այլ կեղծանուններով։ Նրա սկզբնական շրջանի լրագրային գործունեության առանցքը ժամանակի հայ գրականության, լեզվի և թատրոնի հետ առնչվող հրատապ հարցերն էին, որոնք արծարծում էին նրա մատենախոսական ու թատերախոսական հոդվածներում, 1891–1892 թվականներին, Աբեղյանը ստանձնում է «Նոր-դար»-ի խմբագրությունն ու հրատարակությունը՝ Նար-Դոսի, երբեմն էլ Մուրացանի օժանդակությամբ։ 1889 թվականից սկսած ընտրվում է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության խմբագրական մասնաժողովի անդամ։ Այդ տարիներին նաև կատարում է եվրոպական և ռուս հեղինակներից մի շարք թարգմանություններ, որոնցից հատկապես աչքի է ընկնում Գոգոլի «Տարաս Բուլբան» (1892 թվական)։

Աբեղյանը, ինչպես և իր ժամանակակիցները ձգտում էին եվրոպական բարձրագույն կրթության։ Նրան հաջողվում է 1893 թվականին ուսանելու մեկնել Գերմանիա։ Ուսման և ապրուստի ծախսերի հոգսը ստանձնում է Ալեքսանդր Մանթաշյանը։

Աբեղյանը եվրոպական համալսարաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենայի համալսարանի հին շենքը

1893 թվականին Աբեղյանն ընդունվում է Ենայի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետը կամ բաժինը։ Երկու կիսամյակ ուսանում է Ենայում, երեք կիսամյակ՝ Լայպցիգում, երեք էլ՝ Բեռլինի համալսարաններում։ Գերմանական համալսարաններում ուսանելու տարիներին (1893-1895 թվականներ) Աբեղյանը զբաղվում է հատկապես գերմանական բանասիրությամբ, մասնավորապես՝ պատմության, լեզվի և գրականության ուսումնասիրությամբ։ Նա խորամուխ է լինում գերմանական գրականության և փիլիսոփայության մեջ, քաջ տիրապետում գերմաներենին, ծանոթանում գերմաներեն լեզվով ստեղծված եվրոպական ու արևելյան ժողովուրդների վերաբերյալ գիտական հարուստ ու բազմակողմանի գրականությանը։

1895 թվականին Աբեղյանը Գերմանիայից տեղափոխվում է Ֆրանսիա՝ Փարիզ, և մեկ տարի ուսանում Սորբոնի համալսարանի բանասիրության ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Այստեղ նա ուսումնասիրում է հատկապես գրականություն և գրականության տեսություն. հմտանում է ֆրանսերենին և խորամուխ լինում ֆրանսիական գեղեցիկ գրականության մեջ։

Ֆրանսիայում Աբեղյանը գրում է «Գրական դպրոցներ» աշխատությունը, որը Փարիզից մաս առ մաս ուղարկում է Թիֆլիս՝ «Նոր դար»-ին։ «Նոր դար»-ի 1896 թվականի 26-րդ համարից սկսում է տպագրվել նշված աշխատությունը։

«Նոր դար»-ի հետ Աբեղյանը շարունակում է կապ պահպանել նաև Եվրոպայում գտնված տարիներին։ Եվրոպայում նա հանդես է գալիս որպես «Նոր դար»-ի հատուկ թղթակից։ 1893 թվականին, երբ կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանն այցելում է Ավստրիա, Աբեղյանը մեկնում է Վիեննա՝ կաթողիկոսի այցը «Նոր դար»-ի էջերում լուսաբանելու։

1897 թվականին «Արարատ»-ում Աբեղյանը տպագրում է «Մեր երկու գրական լեզվի միության խնդիրը» ծրագրային հոդվածը։ Վերջինս ուղղված էր ժամանակի որոշ մտավորականների մեջ իշխող այն տեսակետի դեմ, թե գրական արևմտահայերենի և արևելահայերենի «միությունն անհրաժեշտ հարկավոր չէ»։

Եվրոպայում ուսանելու տարիներին Աբեղյանը գործուն մասնակցություն է ցուցաբերում նաև տեղի հայ ուսանողության միության աշխատանքներին։ Գերմանիայում Աբեղյանը հատկապես հմտանում է հնդեվրոպական ժողովուրդների առասպելաբանության և հին հավատալիքների ուսումնասիրության մեջ և այդ հավատալիքների բաղդատությամբ՝ համեմատական հետազոտության է ենթարկում հայ ժողովրդական հավատալիքները։

1898 թվականին Աբեղյանն ավարտական քննություններ է հանձնում Ենայի համալսարանում, քննության գլխավոր ճյուղ ընտրելով ընդհանուր պատմությունը, իսկ երկրորդական ճյուղ՝ ընդհանուր փիլիսոփայությունը և ֆրանսերեն լեզուն։ Այստեղ էլ նա իր «Հայ ժողովրդական հավատալիքը» (“Der armenische Volksglaube”) աշխատությունը ներկայացնում է որպես ավարտական դիսերտացիա։ Վերջինս քննվում և բարձր գնահատականի է արժանանում համալսարանի պրոֆեսոր, Աբեղյանի դասախոս, նշանավոր բյուզանդագետ ու հայագետ Հայնրիխ Գելցերի կողմից։ Աբեղյանը գերազանց պաշտպանում է դիսերտացիան և ստանում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Մեկ տարի հետո՝ 1899 թվականին, Լայպցիգում, հիշյալ աշխատությունը տպագրվում և գոհունակությամբ է ընդունվում գիտական հասարակության կողմից։

Գիտամանկավարժական գործունեության երկրորդ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեղյանը կրկին Էջմիածնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1898-1910-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի

1898 թվականին, երբ Մանուկ Աբեղյանը վերադառնում է Թիֆլիս, անմիջապես Գևորգյան ճեմարանի տեսչությունը նրան հրավիրում է ճեմարանում դասախոսելու հայոց լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն և գերմաներեն լեզու։ Աբեղյանն ընդունում է հրավերը և մեկնում Վաղարշապատ։ Ստանձնելով ճեմարանի ուսուցչի պաշտոնը՝ նա սկսում է դասավանդել թե՛ դպրոցական և թե՛ լսարանական բաժիններում։

Սկսվում է Աբեղյանի կյանքի ու գիտամանկավարժական գործունեության երկրորդ և ամենաբեղմնավոր ժամանակաշրջանը։ Գևորգյան ճեմարանում դասավանդելու շուրջ 16 տարիների ընթացքում առավել հստակվում են նրա նպատակները, վերջնականապես ճշգրտվում գիտական հետազոտությունների նրա նախասիրած բնագավառները։ «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ» բանավիճային ստվար աշխատությունն ուղղված էր 1896 թվականին Մոսկվայում հրատարակված Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Գրիգոր Խալաթյանցի «Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского» ծավալուն ուսումնասիրության դեմ։ Սա Աբեղյանի խոշոր ծառայությունն էր հայագիտությանը։ Տարիներ անց, Թիֆլիսում Աբեղյանի հիշյալ աշխատությունն արժանանում է Ղուկասյան մրցանակին։

Նույն 1898 թվականին՝ Գևորգյան ճեմարանի հիմնադրման քսանհինգամյա մշակութային տարեդարձը, Աբեղյանը նշանավորում է մի ամփոփ ու բովանդակալից գործով՝ նվիրված ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ կաթողիկոսի կյանքին ու եկեղեցա-հասարակական գործունեությանը։

Աբեղյանի ու Կոմիտասի համատեղ աշխատանքով 1903 թվականին լույս է տեսնում «Հազար ու մի խաղ» խորագրով ժողովրդական երգերի առաջին հիսնյակը, 1905 թվականին՝ երկրորդ հիսնյակը, իսկ երրորդը, որը ևս պատրաստ էր, Կոմիտասն իր հետ տանում է Կոստանդնուպոլիս հրատարակելու, բայց այդպես էլ մնում է չտպագրված։ Մինչև այդ, 1904 թվականին Աբեղյանը հրատարակում է ժողովրդական երգերին նվիրված իր անդրանիկ հետազոտությունը, որը շատ կողմերով նորություն էր հայ բանագիտության համար։

Աբեղյանը 1900-ականներին իր գիտական մտքի արդյունքներով աստիճանաբար սկսում է գերիշխող դառնալ հայագիտության մեջ։ Այս շրջանում Աբեղյանի բանագիտական խոշորագույն հետազոտությունն է դառնում «Հայ ժողովրդական վեպը», որը 1906 թվականից սկսում է շարունակաբար լույս տեսնել «Ազգագրական հանդես»-ում։ «Սասնա ծռեր»-ի 15 պատումների հիման վրա Աբեղյանը համակողմանի հետազոտում է վեպը՝ մասնավորապես վիպասացների արվեստն ու սոցիալական պատկանելությունը, վեպի տարածման աշխարհագրական միջավայրը, նրա ծագման ու վերջնական ձևավորման ժամանակաշրջանը, առասպելադիցաբանական հատկանիշներն ու հին առասպելների և վեպերի հետ ունեցած կապը, գաղափարական ու սոցիալ-կենցաղային բովանդակությունը և այլ հարցեր։

1906 թվականին հրատարակած «Աշխարհաբարի քերականությամբ» Աբեղյանը բոլորովին նոր ձևով էր վերաքննում ու վերակարգում հայերենի լեզվական իրողություններն ու քերականական համակարգը, իսկ «Աշխարհաբարի հոլովները» (1908 թվական) և «Հայցական հոլովը մեր աշխարհաբարում» (1909 թվական) աշխատություններով նա հայոց լեզվի հոլովական համակարգն ամբողջապես ազատագրում է օտար ու ավանդական քերականություններից և այն բխեցնում հենց հայերենին առանձնահատուկ օրինաչափություններից։

Անտուան Մեյեն աշխատության մասին գրել է․

Արևելահայ գրական լեզվի այս շարահյուսությունը արդի հայերենի քերականության մասին գրված լավագույն աշխատությունն է։ Այն իսկապես գիտական գործ է, որ պետք է ուսումնասիրեն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են այսօրվա հայերենով[4][5]։

1910-1914 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Էջմիածնում՝ հայ գրերի գյուտի 1500-ամյակին նվիրված համազգային հոբելյանական մեծ հանդեսում, Աբեղյանը կարդում է հայոց լեզվի ուղղագրական բարեփոխումների գլխավոր խնդիրները շոշափող պատմական դասախոսությունը, որն իր հիմնավոր ու համարձակ սկզբունքներով հիմք դարձավ հայերենի ուղղագրության ապագա բարեփոխությանը։

Ճեմարանում, հայոց լեզվի դասավանդմանը զուգընթաց, նա մշակում է առարկայի դասավանդման իր մեթոդներն ու ծրագրերը, որոնց հիման վրա կազմում է գրաբարի ու աշխարհաբարի դասագիրք։

1907 թվականին Աբեղյանը կազմում է իր մեծարժեք «Գրաբարի համառոտ քերականություն»-ը, որի հիմքի վրա 1915-1916 թվականներին Թիֆլիսում հրատարակում է «Գրաբարի դասագրքի» առաջին և երկրորդ պրակները։ 1912 թվականից ի վեր, Ներսիսյան դպրոցի ուսուցիչներ Մ. Մատենճյանի և Ա. Աբեղյանի հետ համատեղ նա կազմում և տպագրության է հանձնում «Գրագետ» խորագրով ուղղագրական ձեռագիր հոդվածների երեք պրակները, որոնք, հաջորդաբար տպագրվելով, հետագայում ունենում են մի քանի վերահրատարակություններ։

Աբեղյանի կազմած հայոց լեզվի դասագրքերն ու ձեռնարկները, իրենց կուռ ու կառուցիկ մեթոդի պատճառով լայնորեն օգտագործվում են ժամանակի հայկական դպրոցներում և մեծ դեր խաղում դարասկզբի արևելահայության մեջ հայերենի ուսուցման գործում։

Հայ գրականությանը նվիրված Աբեղյանի այս շրջանի հետազոտությունները սահմանափակվում են սոսկ գրա-պատմական խնդիրներով։ 1908–1909 թվականներին «Արարատ» ամսագրի մի շարք համարներում լույս տեսնող «Ուրվագծեր 19-րդ դարու հայոց գրականության պատմությունից» աշխատությամբ, նա մի կողմից շոշափում է հայ նոր գրականության սկզբնավորման հարցը, մյուս կողմից՝ պատմաժամանակագրական միասնական շղթայի մեջ, առանձին հեղինակներով քննում և արժեքավորում է դարասկզբի գրաբար բանաստեղծությունը՝ հասնելով մինչ Հարություն Ալամդարյան։ 1912 թվականին «Ուրվագծեր հայոց գրականության պատմությունից» խորագրի տակ «Արարատ»-ում լույս է տեսնում արևելահայ նոր քնարերգության սկզբնավորող Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված մի ամփոփ ուսումնասիրություն։ Նույն թվին «Արարատ»-ում, դարձյալ նույն վերնագրի տակ լույս է տեսնում հայոց հոգևոր բանաստեղծությանը՝ շարականներին, նվիրված մեծարժեք հետազոտությունը («Շարականների մասին»)։

Այս հետազոտություններով Աբեղյանը ձեռնարկում էր հայ գրականության պատմության շարադրմանը, որը, սակայն, մնում էր ուրվագծերի և մի քանի հեղինակի սահմաններում։

1913 թվականին Թիֆլիսում, «Պատմագիրք հայոց» մատենաշարով, Աբեղյանի և Սեթ Հարությունյանի աշխատասիրությամբ լույս է տեսնում «Մովսես Խորենացու Հայոց պատմության» քննական-բաղդատական բնագիրը. մի գործ, որի վրա կազմողները աշխատել էին 1901 թվականից ի վեր։

Աբեղյանի ճեմարանական շրջանի գործունեությունը համընկնում է ռուսական առաջին հեղափոխության տարիներին։

1899-1900 ուսումնական տարում Աբեղյանը ստանձնում է նաև ընդհանուր եվրոպական գրականության, իսկ հաջորդ՝ 1900-1901 ուստարում՝ նաև գրականության տեսության դասավանդումը։ Ճեմարանի ուսումնական ծրագրում Աբեղյանը մի կարևոր նորամուծություն է կատարում. առաջին անգամ հայկական ուսումնական հաստատությունների պատմության մեջ ներմուծում է ժողովրդական բանահյուսությունն՝ իբրև առանձին ծրագրված առարկա և ինքն էլ ստանձնում դասավանդումը։

«Գիսավորի հիշատակարանը» («Նոր դար», 1902 թ.) ֆելիտոնաշարի և զանազան պաշտոնական գրությունների մեջ, նա երգիծական որոշակի իրադրությունների ու կերպարների միջոցով բացահայտում է Էջմիածնի վանական միջավայրում տիրող բացասական երևույթները։

1904-1905 ուսումնական տարին դեռևս չավարտված՝ վրա են հասնում ցարական գաղտնի ոստիկանության գիտությամբ ու դրդումներով կազմակերպված հայ-ադրբեջանական ազգամիջյան կոտորածները, որոնք առավել բորբոքում են, առանց այն էլ հուզված աշակերտական մթնոլորտը։

Աբեղյանը 1914 թվականի հունիսի 15-ին հրաժարվում է ճեմարանում իր ստանձնած տարբեր պաշտոններից (դասախոսություն, ճեմարանի տեսուչ, խորհրդի նախագահ), ընդմիշտ թողնելով Էջմիածինը, մեկնում է Թիֆլիս։

Աբեղյանը կրկին Թիֆլիսում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը

Աբեղյանը Ներսիսյան դպրոցի տեսչության հրավերով ստանձնում է դպրոցի գրաբարի և հայ հին գրականության ուսուցչի պաշտոնը։ Մինչև նոր ուսումնական տարեսկիզբն սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Չնայած պատերազմին՝ Թիֆլիսում հայ առաջավոր մտավորականության ջանքերով նոր թափ ու ծավալ է ստանում հայ մշակութային կյանքի զարգացումը։

Աբեղյանը, հիշյալ տասնամյակում, ի թիվս հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչների, ընդգրկվում է Թիֆլիսում հիմնադրված Հայ գրողների կովկասյան և Հայոց ազգագրական ընկերությունների մեջ՝ իր գործուն մասնակցությունը ցուցաբերելով դրանց աշխատանքներին։ 1916 թվականի սկիզբներից նա գիտական մի շարք զեկուցումներով հանդես է գալիս հիշյալ ընկերությունների նիստերում՝ արժանանալով ջերմ ընդունելության։

Հունվարի 16-ին, Հայոց ազգագրական ընկերության հրապարակային նիստում, Աբեղյանը զեկուցում է կարդում՝ նվիրված ընկերության նախկին անդամ, նշանավոր հայագետ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրչյանի կյանքին ու գիտական գործունեությանը։ Դարձյալ Հայոց ազգագրական ընկերության հրավերով 1916 թվականի մարտի 9-ին, ընկերության աշխատակիցների նեղ շրջանում, ապա՝ ապրիլի 6-ին ընկերության հրապարակային նիստում Աբեղյանը կարդում է Գրիգոր Նարեկացուն նվիրված իր նշանավոր դասախոսությունը («Սուրբ Գրիգոր Նարեկացի»), որ տպագրվում է նույն տարվա «Ազգագրական հանդես»-ի 26-րդ գրքում։

Մինչև այդ, հոկտեմբեր ամսին, նույն գրողների ընկերության հրապարակային նիստերից մեկում, Աբեղյանը դասախոսում է հայոց հին բանաստեղծության մասին, որը մեծ արձագանք է ունենում։ Հովհաննես Թումանյանը գրել է.

Միայն Վալերի Բրյուսովից հետո է, որ մեր հին բանաստեղծության մասին լսում ենք պարոն Մ. Աբեղյանից, որը տասնյակ տարիներ ուսումնասիրել է մեր հին գեղեցիկ գրականությունը, դեպի որը մենք շատ անտարբեր ենք[6]։

Աբեղյանի այդ զեկուցումը Հովհաննես Թումանյանի անմիջական հանձնարարությամբ (1917 թվականին) տպագրվում է առանձին գրքով։

1916 թվականի դեկտեմբերին Բաքվի Հայ գրասերների ընկերությունը Աբեղյանին հրավիրում է Բաքու։ Դեկտեմբերի 22-ին Բաքվի մարդասիրական ընկերության դահլիճում նա կրկնում է Թիֆլիսում կարդացած դասախոսությունը։

1917-1919 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեղյանի հայ հին գրականությանը նվիրված դասախոսությունները շարունակվում են հաջորդ տարի ևս։ 1917 թվականի հունվարի 27-ին, դարձյալ Թիֆլիսի Հայ երաժշտական ընկերության դահլիճում, նա կարդում է հայ միջնադարյան առակներին նվիրված իր նոր հետազոտությունը։ Գոշի և Այգեկցու առակների ընձեռած նյութի հիման վրա, Աբեղյանը բացահայտում է առակների ժանրի մեջ անդրադարձած միջնադարյան Հայաստանի սոցիալ-դասակարգային կյանքի պատկերը։

1917 թվականի ապրիլին, Հայոց ազգագրական ընկերությունը Թիֆլիսում հիմնում է կովկասագիտական և, մասնավորապես, հայագիտական երկսեռ բարձրագույն դասընթացներ, որի համար դասախոս է կարգվում Մանուկ Աբեղյանը։ Նույն տարվա մայիսի 13-ին նա կարդում է իր առաջին դասախոսությունը՝ նվիրված հայ հին ժողովրդական բանահյուսությանը, մասնավորապես հին վեպի զարգացման ու հարատևության հարցին։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը մեծ խանդավառությամբ է ընդունվում ցարական ինքնակալության տակ ճնշվող Անդրկովկասի ժողովուրդների կողմից։ Թիֆլիսում ու գավառներում, չնայած պատերազմական ծանր պայմաններին, հեղափոխության ընձեռած դեմոկրատական արտոնությունների շնորհիվ հիմնվում են հայ ազգային մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Դրանցից էր Թիֆլիսում Հայկական պետական գիմնազիայի հիմնադրումը։ Աբեղյանը, որ դասավանդում էր Ներսիսյան դպրոցում, դառնում է գիմնազիայի բարձր դասարանների հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1918 թվականին Թիֆլիսի Հայ փաստաբանների միությունը (Հայփաստ) նախաձեռնում է շուտափույթ կազմել ու հրատարակել իրավաբանական տերմինների մի առանձին բառարան։ Բառարանը կազմելու և խմբագրելու աշխատանքների մեջ են ներգրավվում են մի խումբ հմուտ իրավագետների հետ միասին նաև Մանուկ Աբեղյանն ու Ստեփան Մալխասյանցը։ 1919 թվականին լույս է տեսնում բառարանը («Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարան»), որն իր տեսակի մեջ առաջինը լինելով, մեծապես նպաստում է հայ իրավաբանական լեզվի հետագա զարգացմանը։ Մեկ տարի անց Աբեղյանին հրավիրում են աշխատելու Հայաստանի արդարադատության նախարարությունում՝ հայ իրավաբանական լեզուն հարստացնելու հատուկ նպատակով։ Այստեղ էլ նրա իսկ ջանքերով՝ հիշյալ բառարանի բազմաթիվ տերմիններ ու բառեր, ինչպես նաև իր կողմից կազմված իրավաբանական մի շարք նորակերտ բառեր սկսում են կիրառվել գործնականում և շուտով լայն տարածում են ձեռք բերում։

Նույն ժամանակներում Թիֆլիսի կանանց բժշկական դասընթացները վերածվում են Կովկասյան համալսարանի։ Աբեղյանը հրավիրվում է նաև այդ նորաբաց համալսարան՝ պրիվատ-դոցենտի պաշտոնով, իբրև հայոց լեզվի և գրականության դասախոս։ Այդ պաշտոնում նա մնում է երկու տարի՝ մինչև 1919 թվականը։ Աբեղյանը, որ այդ տարիներին արդեն պատկառելի գիտնականի ու մանկավարժի հռչակ էր վայելում, տարբեր ուսումնական հաստատություններից աշխատանքի բազմաթիվ հրավերներ է ստանում։

Աբեղյանը Երևանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Թիֆլիսում սկիզբ է դրվում Երևանի համալսարանի կազմակերպման աշխատանքներին։ Աբեղյանը նշանակվում է կազմակերպիչ հանձնաժողովի անդամ և հաջորդ տարի հրավիրվում Երևան՝ նորաբաց համալսարանի գործերով զբաղվելու։ 1919 թվականի օգոստոսի 1-ին նա նշանակվում է Երևանի համալսարանի դասախոս և պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան։

Սակայն Երևանում հարմար շենք չլինելու պատճառով համալսարանի բացումը կատարվում է հաջորդ տարվա հունվարին՝ Ալեքսանդրապոլում։ Աբեղյանը, որ 1919 թվականի կեսերին ընտանիքով արդեն փոխադրվել էր Երևան, ընտանեկան որոշ հանգամանքների պատճառով չի կարողանում մեկնել Ալեքսանդրապոլ դասախոսելու։ Նա վեց ամսով արձակուրդ է վերցնում և մեկնում Երևանից։ 1920 թվականի հունիսին, արձակուրդից վերադառնալիս, Աբեղյանին առաջարկում են զինվորական ծառայողների ուսումնական դասընթացների վարիչի պաշտոնը։ Նա ստանձնում է այդ պաշտոնը, որը շուտով դառնալու էր մի շատ կարևոր գործի սկիզբ։

Նույն տարվա հոկտեմբերին Հայաստանի ռազմական նախարարությունը, ի թիվս ռազմական գործի մասնագետների, Աբեղյանին հանձնարարում է կազմել հայերեն լեզվով ռազմական հրամաններ ու հրահանգներ։ Աբեղյանը ձեռնամուխ է լինում հայոց լեզվի ռազմական տերմինաշինության գործի իրականացմանը։ Աշխատանքը տևում է մի քանի տարի։

Դեկտեմբեր 1920-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, Հայաստանի ռազմական կոմիսար Ավիս Նուրիջանյանի հրամանով Աբեղյանին հանձնարարվում է կազմել ռուս-հայերեն և հայ-ռուսերեն ռազմական տերմինների բառարան։ Այդ գործը գլուխ բերելու նպատակով Խորհրդային Հայաստանի ռազմական կոմիսարիատի գլխավոր շտաբում Աբեղյանը նշանակվում է ռազկոմի անձնական քարտուղար։ Նա, որ մինչև այդ ռազմական հրամանները, հրահանգներն ու կանոնագրքերը ռուսերենից հայերեն թարգմանող հանձնախմբի անդամ էր և վարել էր մեկուկես տասնյակի հասնող ռազմական գրքերի ու զինվորական գործավարության խմբագրությունը, վստահորեն ձեռնամուխ է լինում ռազմական տերմինների բառարանը կազմելու աշխատանքներին։

Ուղղագրության բարեփոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Մալխասյանց

Աբեղյանի գիտա-հասարակական գործունեությունը նոր թափ ու ծավալ է ստանում Հայաստանի խորհրդայնացման շրջանում։

Դրան կից առաջնահերթն ու անհետաձգելին անգրագիտության վերացումն էր՝ կրթական հեղափոխության ծրագրի կենտրոնական հարցը, որի կենսագործման համար Հայաստանի կառավարությունը հարմար ձևեր է որոնում։ Հայոց լեզուն, չնայած իր նոր բնույթին, դեռևս շարունակում էր օգտվել հին հայերենի՝ գրաբարի ուղղագրությունից և ենթարկվում ուղղագրական հին կանոններին ու օրենքներին։ Այդ հանգամանքը զգալիորեն դժվարացրել էր հայոց լեզվի ուսուցումը։ Վերջինս լուրջ խոչընդոտ էր մասսայական անգրագիտությունը կարճ ժամանակում արմատախիլ անելու, և առաջին հերթին ձեռնամուխ են լինում ուղղագրության բարեփոխության կարևոր խնդրին։

Աբեղյանն ապացուցում է, որ այն պատմական մի անխուսափելի անհրաժեշտություն է, «իսկապես շարունակությունն ու մնացորդը» «գրաբարի և աշխարհաբարի մեծ վեճի, որ դեռ վերջնական բավարար լուծում չի ստացել մտքերի մեջ ընդհանրապես»։

Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատը ուղղագրության բարեփոխման գործը հանձնարարում է Մանուկ Աբեղյանին։

1921 թվականի հունվարին Հայաստանի լուսժողկոմ Աշ. Հովհաննիսյանի հրավերով Երևանի պետական թատրոնի դահլիճում՝ բազմամարդ լսարանի առաջ, Աբեղյանը կարդում է հայոց լեզվի ուղղագրության հնարավոր բարեփոխումների մասին մի զեկուցում, որ շարունակությունն ու զարգացումն էր 1913 թվականին Էջմիածնում կարդացած հայտնի զեկուցման հիմնական դրույթների։

Եվ այդ կապակցությամբ նա իր զեկուցման մեջ երեք հիմնական կետերով որոշակի ուրվագծում է բարեփոխումների աստիճանները։ Այդ բարեփոխությունները նա առաջարկում էր կատարել աստիճանաբար և մի քանի տասնամյակների ընթացքում։

Աբեղյանի հիշյալ առաջարկությունը լուսժողկոմի կողմից զանց է առնվում և հայերենի ուղղագրության բարեփոխումը գործադրվում է միանգամից։ Այդ պարագան չէր կարող հուզումներ չառաջացնել գրագետ հին սերնդի, մասնավորապես, մտավորական բարձր խավի մեջ։

Ուղղագրական դեկրետից հետո լույս է տեսնում Աբեղյանի «Առաջնորդ հայոց լեզվի նոր ուղղագրության» գրքույկը, որը Հայաստանում և արտասահմանի հայ գաղութներում դառնում է հատուկ քննության առարկա։ 1924 թվականին Թիֆլիսի «Մարտակոչ» թերթում լույս է տեսնում Ստեփան Մալխասյանցի հոդվածը՝ Աբեղյանի «Առաջնորդի․․․»-ի առթիվ, ուր «գործնական տեսակետից» քննադատվում է նոր ուղղագրությունը։ Դրա դեմ Աբեղյանը հանդես է գալիս մի առանձին գրքով, որտեղ հիմնավորում ու պաշտպանում է ուղղագրական բոլոր բարեփոխությունները, գործնական ու գիտական տեսակետից հերքում Մալխասյանցի բոլոր առարկությունները։ Հիշյալ աշխատությունը Աբեղյանի նոր ուղղագրության գրեթե բոլոր դրույթների խոր ու մանրամասն գիտական հիմնավորումն է։

Աբեղյանը դառնում է հայոց լեզվի արդի ուղղագրության հիմնադիրը, և 1940 թվականին որոշ չափով բարելավված ուղղագրությունը, որ գործում է այժմ հայերենում, 1921 թվականին Աբեղյանի առաջարկած երկրորդ, մասամբ և երրորդ աստիճանի ուղղագրական փոփոխությունների իրագործումն է։

ՀՕԿ և Երևանի պետական համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Հայաստանի աշխատավորության ֆիզիկական ծանր կացությունը բարվոքելու անհրաժեշտությունից մղված, Երևանում կազմակերպվում է Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)։ Աբեղյանը ևս բազմաթիվ հայ գործիչների ու մտավորականների հետ միասին ընտրվում է կոմիտեի անդամ և իր գործուն մասնակցությամբ նպաստում նրա նպատակի իրագործմանը։

Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ ամսին փակվում է Երևանի համալսարանը և կառավարության հատուկ որոշումով բացվում է ժողովրդական համալսարան, ուր Աբեղյանին հանձնարարվում է դասախոսել հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին գրականություն և հայոց լեզվի տեսություն առարկաները։ Եվ, այնուհետև, մեկ տասնամյակից ավել Աբեղյանը շարունակում է հիշյալ առարկաների դասավանդումը Երևանի համալսարանում։ Այդ գիտա-մանկավարժական աշխատանքների ընթացքում Աբեղյանին շնորհվում է դոցենտի (1921), ապա՝ հայ գրականության պատմության պրոֆեսորի (1926) կոչում։

1923–1925 թվականներին Աբեղյանը վարում է Երևանի արդեն պետական համալսարանի պատմա-գրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Գիտության և արվեստի ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Ժողկոմխորի հատուկ դեկրետով հիմնադրվում է Խորհրդային Հայաստանի առաջին գիտական կենտրոնը՝ Գիտության և արվեստի ինստիտուտը։ Վերջինս «բարձրագույն գիտահետազոտական հիմնարկություն էր»։ 1925 թվականի ապրիլի 27-ին հրավիրվում է ինստիտուտի առաջին ընդհանուր ժողովը և տեղի է ունենում ինստիտուտի բացումը։ Խորհրդի նախագահ է ընտրվում Հայկ Գյուլիքեվխյանը, փոխնախագահ՝ Մանուկ Աբեղյանը և գիտական քարտուղար Հովակիմ Բարսեղյանը։ Նույն տարվա հոկտեմբերի 11-ին՝ ինստիտուտի ընդհանուր ժողովի երկրորդ նիստում, Հ. Գյուլիքեվխյանը հրաժարվում է նախագահությունից, և ժողովը միաձայն խորհրդի նախագահ է ընտրում Մ. Աբեղյանին։ 1925 թվականից մինչև 1930 թվականն անընդմեջ Աբեղյանը վերընտրվում է ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնում և այդ հինգ տարիների ընթացքում կատարում իր վրա դրված պարտականությունը։ Ինստիտուտի այդ տարիների արվեստի բաժնի գիտական քարտուղար, հետագայում ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը Աբեղյանի մասին իր հուշ-ելույթներից մեկում գրել է.

Մանուկ Աբեղյանը․․․ պրիզիդենտ էր․․․ նրան էինք հաշվետվություն ներկայացնում մեր բաժինների գործունեության մասին։ Խստապահանջ էր երկաթի պես, կորեկտ, ջանադիր, բարեխիղճ ու գործունյա։ Մենք հոգնում էինք, նա՝ ոչ։ Նա աշխատում էր հանգիստ, հաստատ և հիմնավորապես։ Նա ուսուցանում էր աշխատել, ներշնչում էր հարգանք ու ակնածանք դեպի գիտական ճշտությունը, գործի կատարման ստուգումը. ուսուցանում էր սիստեմ, մեթոդ, սեր դեպի գիտական աշխատանքն ու գիտությունը[7][8]։

Ինստիտուտի ամենամյա «Տեղեկագրի» էջերում, ինչպես նաև առանձին հրատարակություններով տպագրվում են Հայաստանի գիտական մտքի նոր նվաճումները։ Ինքը՝ Աբեղյանը, ինստիտուտում ու պետական համալսարանում պաշտոններով ծանրաբեռնվելուց անկախ, շարունակում է իր գիտական գործունեությունը։ Դրա ապացույցներից են «Հայոց լեզվի տեսություն» գրքի վերամշակումը, (տպագրված 1931 թվականին), և «Հին գուսանական ժողովրդական երգեր» մենագրական հետազոտությունը (տպագրված Պետհամալսարանի գիտական «Տեղեկագրի» էջերում, 1927 թվականին, առանձնատիպը՝ 1931 թվականին)։

1925-1933 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Աբեղյանն ընտրվում է Հայաստանի Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ և հետագա տարիներին (1927, 1929) դարձյալ վերընտրվում։ 1929 թվականին Աբեղյանն ընտրվում է Անդրկովկասի Կենտգործկոմի անդամ, իսկ դրանից առաջ՝ 1927 թվականին, Երևանի քաղաքային խորհրդի անդամ։

1930 թվականին Աբեղյանն անակնկալ, առանց որևէ պատճառի, ազատվում է գիտության և արվեստի ինստիտուտի նախագահի պարտականություններից։ Սակայն Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ու կառավարությունը մինչև վերջ էլ պատկառանքով ու հոգատարությամբ են վերաբերվում Աբեղյանին։

Ազատվելով գիտության և արվեստի ինստիտուտի ղեկավարի պաշտոնից՝ Աբեղյանը հաստատվում է վերանվանված կուլտուրայի պատմության և ապա պատմության ու գրականության ինստիտուտների նախագահության անդամ։

1932 թվականին նա ընտրվում է Հայաստանի Կենտգործկոմի նախագահությանն առընթեր կազմված, Հայաստանի ԽՍՀ բնակավայրերի անունների ճշգրտման և ձևավորման հանրապետական հանձնաժողովի նախագահ։ Հանձնաժողովը զգալի գործ է կատարում Խորհրդային Հայաստանի սահմաններում գտնվող օտար տեղանունները հայացնելու, ինչպես նաև եղածները ճշգրտելու ուղղությամբ։

Խորհրդային Հայաստանի կառավարությունը, բարձր գնահատելով հայ գիտությանն ու մշակույթին մատուցած Աբեղյանի բազմամյա ծառայությունները, 1935 թվականին նրան շնորհում է գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ նույն տարվա նոյեմբերի 20-ին, առանց դիսերտացիայի պաշտպանության, եղած գիտական աշխատությունների հիման վրա, Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատը նրան շնորհում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1931 թվականին աչքերի հիվանդության պատճառով Աբեղյանը հրաժարվում է Երևանի պետական համալսարանում դասավանդելուց, անցնում է կենսաթոշակի, և ընդմիշտ վերջ դնում իր բազմամյա մանկավարժական գործունեությանը։ Բայց նա չի թողնում գիտության ասպարեզը և շարունակում է աշխատանքները գիտահետազոտական հաստատություններում։ Այդ տարիներին իր ամբողջ ուժն ու եռանդը կենտրոնացնում է կիսատ մնացած աշխատությունների ավարտման, վերամշակման և տպագրության վրա։

1933 թվականին Աբեղյանը Մելքոնյան ֆոնդի միջոցով լույս է ընծայում «Հայոց լեզվի տաղաչափություն» հետազոտությունը, որ թեև պատրաստ էր երկու տասնամյակ առաջ, սակայն ժամանակի ընթացքում նորանոր փաստերով համալրվել ու վերամշակվել էր հեղինակի կողմից և դարձել դասական գործ։

Աբեղյանի 1930-ական թվականների գիտահետազոտական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական վեպը՝ «Սասնա ծռեր»-ը։

1931 թվականի կեսերին պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի և Մանուկ Աբեղյանի միջև բանակցություններ են վարվում «Սասնա ծռեր»-ի գիտական հրատարակության շուրջ։ Նախաձեռնությունը, որ պատկանում էր բանաստեղծին, շատ է դուր գալիս Աբեղյանին, բայց գործի ծանրությունը և մանավանդ աչքերի հիվանդությունը նկատի ունենալով, վերջինս հրաժարվում է վեպի ընդհանուր խմբագրությունը հանձն առնել։ Սակայն Չարենցի կողմից առաջարկությունը կրկնվում է։ Այս անգամ Աբեղյանը պայմանավորվելով Կ. Մելիք-Օհանջանյանի հետ, և ստանալով նրա համատեղ աշխատելու համաձայնությունը՝ ընդունում է պետհրատի առաջարկը։ 1932 թվականի սեպտեմբերին, Աբեղյանի ու Չարենցի միջև կնքվում է պայմանագիր։ Կազմողներն անմիջապես ձեռնամուխ են լինում գործին։ Կ. Մելիք-Օհանջանյանի ջանքերի շնորհիվ հնադարաններից հանվում ու ի մի են բերվում վեպի անտիպ ու տպագիր տարբերակները։

«Սասնա ծռեր»-ի առաջին հատորը լույս է տեսնում 1936 թվականին։

1938 թվականի սեպտեմբերի 7-ին, Հայաստանի կոմկուսի Կենտկոմը որոշում է 1939 թվականի մայիս ամսին տոնել «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպի հազարամյա հոբելյանը։ Հայաստանի ժողկոմխորհուրդը կազմակերպում է վեպի տոնակատարությունն անցկացնող հոբելյանական հանրապետական կոմիտե, որի մեջ մտնում է Մ. Աբեղյանը։ Կոմիտեի առաջին իսկ նիստում Աբեղյանի առաջարկությամբ որոշվում է կազմել «Սասունցի Դավիթ» գիտական համահավաք հյուսվածո բնագիրը և հոբելյանի օրերին հրատարակել հայերեն և ռուսերեն լեզուներով։ Կազմվում է բնագիրը կազմող հանձնաժողով՝ Գ. Աբովի նախագահությամբ, Մ. Աբեղյանի և Ա. Ղանալանյանի անդամակցությամբ։ Հանձնաժողովն անցնում է համահավաք բնագիրը կազմելու աշխատանքներին։ 1939 թվականի հոբելյանական օրերին լույս է տեսնում «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը։ Վեպի համահավաք բնագիրը միևնույն տարում թարգմանվում է ռուսերեն և ունենում երեք տարբեր հրատարակություններ. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Մոսկվայում, երրորդը՝ Լենինգրադում։

Վեպի համահավաք բնագրի հրատարակությամբ վեպը դուրս է գալիս նախ՝ համազգային և ապա՝ միջազգային ասպարեզ։

Բացի համահավաք բնագրից, Աբեղյանը գործուն մասնակցություն է ունենում վեպի Տոնակատարության գիտական հանդեսներին։ 1939 թվականի օգոստոսի 22-ին, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Սասունցի Դավթին» նվիրված հոբելյանական նստաշրջանում, նա կարդում է մի զեկուցում, որն ամբողջությամբ նվիրված էր հայ բանագիտության մեջ վեպի գրառման, հրատարակման ու ուսումնասիրման քննական պատմությանը։

Աբեղյանի հիշյալ զեկուցումը լույս է տեսնում հայերեն և ռուսերեն՝ «Մատենագիտություն «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական վեպի մասին» վերնագրով։

Խորհրդային Հայաստանի կառավարությունն այս անգամ ևս բարձր է գնահատում գիտնականի վաստակը՝ հատկապես վեպի համահավաքը կազմելու համար, և Աբեղյանին (ինչպես նաև Գ. Աբովին և Ա. Ղանալանյանին) 1940 թվականին պարգևատրում է հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Գործունեության վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեղյանի առողջական վիճակը կրկին վատանում է։ Համալսարան վերադառնալու ռեկտորի արած քանիցս առաջարկները մերժվում են։ Բժիշկները հորդորում էին հրաժարվել նաև պարապմունքներից, սակայն Աբեղյանը կտրականապես մերժում է։ Նա վերջնականապես կարգի է բերում քառասուն տարի առաջ Կոմիտասի հետ ձեռնարկած ու կիսատ թողած և այնուհետև միայն իր ջանքերով գլուխ բերած հայ ժողովրդական գեղջկական բանահյուսության նմուշների՝ երգ-խաղիկների համահավաք մեծ ժողովածուն, որը տևական աշխատանք էր պահանջել գիտնականից։ 1940-ական թվականները սկզբնավորվում են «Ժողովրդական խաղիկներ» մեծածավալ հավաքածուի հրատարակումով։ Տասնյակ տարիների աշխատանք էր այն իր մեջ ամփոփում, որի համար էլ շատ սիրելի էր դարձել գիտնականին։ Նույն թվականին էլ Աբեղյանը լույս է ընծայում միջնադարյան քաղաքային քնարական երգերի ժողովածուն։ Այն նույնպես երկար տարիների աշխատանքի արդյունք էր, որի տեսական-բանասիրական ուսումնասիրությունը լույս էր տեսել դեռևս 1920-ական թվականների վերջերին՝ «Հին գուսանական ժողովրդական երգեր» խորագրով։

Բանագիտական-բանասիրական վերջին աշխատանքները, որոնք լույս են տեսնում 1940-1941 թվականներին՝ «Վիպական երգեր» և «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ հետազոտություններն են։

1940-ական թվականներին Աբեղյանի հիմնական զբաղմունքն է դառնում հայ հին ու միջնադարյան գրականությունը՝ թե՛ առանձին դեմքերով ու խնդիրներով, թե՛ այն ամբողջությամբ վերցրած։ Հայոց հին գրականությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրությունները և մանավանդ «Հայոց հին գրականության պատմություն»-ը դառնում են գիտնականի վերջին աշխատանքը։

1940 թվականի գարնանը, չնայած անբարեհույս առողջությանը, Աբեղյանը Մեսրոպ Մաշտոցի մահվան 1500-ամյակի առիթով ձեռնամուխ է լինում վերջինիս կյանքն ու գործը պատկերող Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի գիտական հրատարակությանը։ Հաջորդ իսկ տարում՝ 1941 թվականին, լույս է տեսնում Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն՝ Աբեղյանի կազմած բնագրով, թարգմանությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով։ Նույն տարվա սկզբին «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում է Աբեղյանի «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրի ու գրականության սկիզբը» մեծարժեք հետազոտությունը, որը հետագայում (1962) դրվեց Կորյունի երկի աշխարհաբար հրատարակության ներածականում։

Հայոց հին գրականության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին դարձյալ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի գրականության և լեզվի ինստիտուտը, որի գիտական խորհրդի անդամ էր Աբեղյանը, հանձնարարում է վերջինիս գրելու հայ հին գրականության ամբողջական պատմությունը։ Աբեղյանը երկար ժամանակ տատանվում է ձեռնարկել այդ պատասխանատու և ծանր գործը, ակամա համաձայնվելուց հետո, հրաժարվում է, և ինստիտուտին է վերադարձնում պայմանագիրն ու դրա դիմաց ստացած գումարը։ Պատճառը՝ օրեցօր վատթարացող առողջությունն էր, մյուս կողմից՝ հայ ժողովրդի գիտական մշակված պատմության բացակայությունը, ինչը շատ էր ծանրացնելու գրականության պատմաբանի գործը։ Սակայն ինստիտուտի բազմիցս կրկնվող դիմումների ու հորդորների ճնշման ներքո, ի վերջո, Աբեղյանը հանձն է առնում այդ գործը և երկու տարվա ընթացքում ավարտում «Հայոց հին գրականության պատմության» առաջին հատորը, որն ընդգրկում էր սկզբից մինչև X դարի հայ բանահյուսության ու գրավոր դպրության ամբողջական պատկերը՝ իր զարգացման օրինաչափություններով։

Առաջին հատորն ավարտելուց հետո Աբեղյանը նույն թափով ու ծրագրով շարունակում է աշխատանքները երկրորդ գրքի վրա՝ հայ հին գրականության պատմության մշակումը հասցնելով մինչև XIV դար։

«Հայոց հին գրականության պատմություն»-ը շարադրելու ընթացքում Աբեղյանը հանդես է գալիս հին գրականության հանգուցային խնդիրներին նվիրված հոդվածներով ու զեկուցումներով։ Դրանցից հիշարժան են հատկապես երկուսը. «Կյանքի և աշխարհայացքի փոփոխությունը X դարի վերջերում և XI դարի սկզբներում իբրև հիմք հայոց հին գրականության վերածնության շրջանի»[9][10], և ապա՝ «Հովհաննես Սարկավագ վարդապետ» գլուխը[11]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի մայիսին, Երկրորդ համաշխարհային պատերազմից մեկ ամիս առաջ, Մոսկվայում տեղի է ունենում հայ գրականության տասնօրյակը։

1941 թվականի հունիսին, երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Աբեղյանն իր խոսքն է ուղղում բոլոր գիտնականներին.

Անենք ամեն բան, ինչ որ կարող ենք մեր բազմամիլիոն ժողովուրդների հետ, ավելի ամրացնե՛նք թիկունքը և հաղթությունը մերը կլինի,– այդ մասին ոչ մի կասկած չկա,– մենք նորից կդառնանք մեր խաղաղ շինարարական աշխատանքին[12]։

Կյանքի վերջին չորս տարիները դառնում են գիտնականի հասարակական վերագնահատման ու մեծարման կարճ, բայց բովանդակալից ժամանակաշրջան։ Հենց 1940-ական թվականներից տարբեր ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններից սկիզբ են առնում արդեն պատկառելի տարիքով գիտնականին զանազան եղանակներով իրենց աշխատանքների մեջ ներգրավելու տարբեր առաջարկները։

Հայաստանի գիտությունների ակադեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի ապրիլին, գրականության և լեզվի ինստիտուտի գիտական խորհուրդը միաձայն Աբեղյանի թեկնածությունն է առաջադրում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ ընտրվելու համար։ Ապրիլի 27-ին Երևանի պետհամալսարանի գիտական խորհուրդը ևս առաջադրում է նրա թեկնածությունը։ Իսկ 1944 թվականի սկզբներին, երբ Աբեղյանն արդեն Հայաստանի անդրանիկ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու ցանկությամբ առաջարկվում է նրան՝ ստանձնել ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Աբեղյանը մերժում է իրեն ուղղած այդ պատվավոր առաջարկությունը՝ պատճառաբանելով իր անբավարար ուժերն ու ժամանակի սղությունը. «Եթե կարողանայի,– գրում է նա,– չէի հրաժարվի»։

1943 թվականի նոյեմբերին, Հայաստանի խորհրդայնացման 23-րդ տարելիցի առթիվ, միութենական կառավարության հանձնարարությամբ և Հայաստանի Ժողկոմսովետի որոշումով հիմնադրվում է Հայաստանի անդրանիկ գիտությունների ակադեմիան։

1943 թվականի նոյեմբերի 29-ին բացվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր նիստը, ուր ակադեմիկոսներ Հ. Օրբելու, Բ. Գրեկովի և ուրիշների հետ միասին ճառով հանդես է գալիս նաև ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Այդ ճառը Հայաստանի գիտությունների ակադեմիայի զարգացման հետագա ուղղությունը ընդհանուր գծերով նշող մի ծրագիր էր։

Մահվանից մեկ տարի առաջ Խորհրդային Հայաստանի գիտական անդրանիկ կենտրոնի՝ գիտության և արվեստի ինստիտուտի երբեմնի նախագահ Մանուկ Աբեղյանը, Հայկական ակադեմիայի հիմնադրմանը նվիրված իր պատմական ելույթում առաջադրում է տեսական և գործնական մի շարք ծրագրային խնդիրներ։

Ակադեմիկոս դառնալուց հետո Աբեղյանը շարունակում է աշխատել «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի վրա։ Սակայն պատերազմական ծանր օրերը, ռազմաճակատում անհետ կորած որդու վիշտը, օրըստօրե վատթարացնում են նրա առողջությունը 1944 թվականի սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Աբեղյանը մահանում է․

Նա ընկավ հսկա կաղնու նման, և ծանր լռություն տիրեց անտառում։

Աբեղյանի մահը ծանր վիշտ է պատճառում նրա ընկերներին ու բարեկամներին։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին այդ առթիվ հեռագրում է Լենինգրադից.

Խորին կսկիծով ընկալեցինք հայ գիտության և հայ ժողովրդի կրած ահռելի կորստի՝ մեծապատիվ Մանուկ Աբեղյանի մահվան գույժը[13]։

Ավետիք Իսահակյանը մեկ տարի անց, Աբեղյանի գերեզմանին մահվան տարելիցի առնչությամբ, արտասանում է հետևյալ խոսքերը.

Մանուկ Աբեղյան։ Ի՞նչ էր մեզ համար նա. հայկական ավանդությունների մարմնացում, գիտնական բառիս ամենախորին իմաստով, անվախ, աննախապաշար… Հավերժ սիրելի Մանուկ Աբեղյան․․․ Մենք խորապես զգում ենք, որ քո շնորհիվ մեր ազգային-հոգեկան միջավայրը լցված է իմաստությամբ և հեղինակությամբ, լրջությամբ և վեհ նպատակների հետապնդումով[14]։

Աբեղյանի հուղարկավորությունը կատարվում է հոկտեմբերի 1-ին, Գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճից, ուր դրված էր նրա աճյունը՝ վերջին հրաժեշտի համար։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Աբեղյանին թաղում են Երևանի քաղաքային պանթեոնում։

Մանուկ Աբեղյանին նվիրված 1965 թվականի ԽՍՀՄ փոստային նամականիշ

Գիտնականի հիշատակը հավերժացնելու համար Հայաստանի ժողկոմսովետը որոշում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտը և Երևանի 3-րդ միջնակարգ դպրոցը կոչել Մանուկ Աբեղյանի անունով։ Այնուհետև սահմանվել է Աբեղյանի անվան վեց կրթաթոշակ՝ Երևանի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում և ակադեմիայի գրականության ինստիտուտում։

Միևնույն ժամանակ ժողկոմսովետը որոշում է նախապատրաստել և հրատարակել Աբեղյանի գիտական աշխատությունները, որին Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտը ձեռնամուխ է լինում անցյալ դարի 60-ական թվականներից։

Նիկոլ Աղբալյանի բնութագրմամբ․

Մ. Աբեղյանը «մտավորական մեծ ճիգի մարդ էր, որ կազմակերպել է մեր ազգային գիտակցությունը» հայ հոգևոր մշակույթի տարբեր բնագավառների նկատմամբ։
Պատմական և հանրային մեծ ծառայություն է ասիկա հայ մշակույթին, որ փառքով պետք է արձանագրվի և անկորուստ մնա հայոց գրականության պատմության մեջ[15]։

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը գրել է.

Մ. Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե՛ մեծ լեզվաբանը, թե՛ մեծ գրականագետը, թե՛ մեծ բանագետը, իրենց արանքում տեղ տալով նաև մեծ պատմաբանին և մեծագույն տաղաչափագետին։ Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք, հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր մեծ երախտավորների մեջ առայսօր Մ. Աբեղյանն է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառով ասած՝ կատարյալ դեմքը[16]։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գոգոլ Ն. Տարաս Բուլբա.- Թիֆլիզ։ Տպարան Մ. Դ. Ռօտիհնեանցի, 1892.- 161, 1 չհ., II էջ։
  • Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարան.- Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1951.- 471 էջ։
  • Ռուս-հայերեն ռազմական բառարան.- Երևան։ Տպ. Տրեստի երկրորդ, 1925.- 724 էջ։ Վերատպությունը տե՛ս Ռուս-հայերեն ռազմական բառարան.- Երևան։ Տպ. Տրեստի երկրորդ, 1927.- 724 էջ։
  • Տոլստօյ Լ. Աստուած գիտէ արդարն ու մեղաւորը բայց դատաստանը շուտ չի անում /Հրատ. Թիֆ. ընկ. հայերէն գրքերի հրատարակութեան.- Թիֆլիզ։ Տպարան Մովսէս Վարդանեանի, 1891.- 22, 2 չհ. էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Абегян Манук Хачатурович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. Ս․ Հարությունյան (1970). Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը. Երևան. էջ 19.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. „Bulletin de la Socie'te' Linguistique de Paris”. № 61 (XVIII, 2). 1913 թ․ հոկտեմբեր. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Јornal Asiatique. 9: 689–690. նոյեմբեր-դեկտեմբեր 1913. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. Ս․ Հարությունյան (1970). Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը. Երևան. էջ 91.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Դերենիկ Դեմիրճյան (1954). Հուշ-ելույթ Մ. Աբեղյանի մահվան տասնամյակին նվիրված երեկոյին. Հայաստանի ԳԱ նիստերի դահլիճ.
  8. Ս․ Հարությունյան (1970). Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը. Երևան. էջ 122.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Կյանքի և աշխարհայացքի փոփոխությունը 10-րդ դարի վերջերում և 11-րդ դարի սկզբներում իբրև հիմք հայոց հին գրականության վերածնության շրջանի. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի նիստերի դահլիճ. 1943.
  10. Արմֆան (1943). «Կյանքի և աշխարհայացքի փոփոխությունը 10-րդ դարի վերջերում և 11-րդ դարի սկզբներում իբրև հիմք հայոց հին գրականության վերածնության շրջանի». Տեղեկագիր. 1.
  11. ՀԽՍՀ ԳԱ (1944). «Հովհաննես Սարկավագ վարդապետ». Տեղեկագիր. № 1–2.
  12. Գրական թերթ. №21. 1941. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան. Մ․ Աբեղյանի ֆոնդ. էջ 268.
  14. Գրական թերթ. 40. 1959. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Ն. Աղբալյան (1950). Ամբողջական երկեր I, Գրական-քննադատական երկեր. Բեյրութ. էջեր 410–411.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Պ. Սևակ (1971). Պաշտոնական ընդդիմախոսություն Ս. Հարությունյանի «Մանուկ Աբեղյան» դոկտորական դիսերտացիայի մասին. Ս. Հարությունյանի անձնական արխիվ. էջեր 4–5.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորեն Սարգսյան (1946). Մանուկ Աբեղյանը և հայ հին գրականությունը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ա․ Ղանալանյան (1955). Մ․ Աբեղյանի կյանքն ու գործունեությունը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Կ․ Մելիք-Օհանջանյան (1965). Մանուկ Աբեղյան. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ս․ Հարությունյան (1970). Մանուկ Աբեղյան։ Կյանքն ու գործը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Խորեն Սարգսյան (1963). Մանուկ Խաչատուրի Աբեղյան։ Կենսամատենագիտություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկ Աբեղյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկ Աբեղյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկ Աբեղյան» հոդվածին։