Միքայել Լոռիս-Մելիքով
Միքայել Լոռիս-Մելիքով վրաց.՝ მიხეილ ლორის-მელიქიშვილი | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1824[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1888[4][5] (64 տարեկան) |
Մահվան վայր | Նիս |
Գերեզման | Սուրբ Գևորգ եկեղեցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Լազարյան ճեմարան[3] և Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան (օգոստոսի 2, 1843) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, պետական գործիչ, գրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսաստանի ներքին գործերի նախարար և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Տարիել Լոռիս-Մելիքով |
Mikhail Tarielovich Loris-Melikov Վիքիպահեստում |
Կոմս Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքով (նաև՝ Միքայել Լոռու Մելիքյան, վրաց.՝ გრაფი მიხეილ ტარიელის ძე ლორის მელიქოვი, ռուս.՝ граф Михаил Тариелович Лорис-Меликов, հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1824[1][2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 24, 1888[4][5], Նիս), Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ (30.08.1865), հեծելազորի գեներալ (30.08.1875), Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ (1879 թվականից), Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880), Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր (1880-1881), Ռուսաստանի ներքին գործերի նախարար (1881), Ռուսաստանի Գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1880)։ Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (1.11.1880)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում, Թիֆլիս քաղաքում։ Կրթությունը ստացել է նախ Թիֆլիսում ավարտելով Ներսիսյան դպրոցը, ապա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, ապա՝ հեծելազորի յունկերների դպրոցում։
1845 թ. ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում, Կովկասում, որտեղ ծառայել է մոտ 32 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։ Շնորհիվ դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։
Ռուս-թուրքական 1877-1878 թթ պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդեմ Օսմանյան կայսրության զորքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ Արդահան /Արտահան/ ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զորավար Մուխթար Փաշան՝ Զևինի մոտ, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և ապա պաշարեց Էրզրումը։ Այս ծառայութիւնների համար հայ զորավարը ստացավ կոմսի տիտղոս։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան (1877 թ. հոկտեմբերի 27)։
Հետագայում Լոռիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի գեներալ-նահանգապետը, ապա՝ հաջող գործունեության համար փոխադրվեց Կենտրոնական Ռուսիայի նահանգներ՝ պայքարելով ահաբեկչության դեմ և նշանակվեց Խարկովի նահանգապետ։
Դարձյալ հաջող գործունեության համար նա նշանակվեց Ռուսաց կայսրության «Գերագույն գործադիր հանձնախմբի» ղեկավար, որը ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում 1880 թվականի փետրվարից հետո, երբ հեղափոխական-ահաբեկիչների կողմից մահափորձ էր կատարվել Ալեքսանդր II ռուսաց ցարի դեմ։ Այստեղ էլ Լոռիս-Մելիքովը ցուցաբերեց իր վարչարարական հանճարը։ Նա Ալեքսանդր II-ին ներկայացրեց վարչական և տնտեսական բարեփոխումների ընդարձակ մի ծրագիր։ Ռուսաց կայսրն ընդունեց առաջարկը։ Լոռիս-Մելիքովը նշանակվեց ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ՝ փաստորեն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։
Նույն այն օրը (մարտի 13 1881 թ), երբ կայսրը ստորագրեց հրամանագիրը բարեփոխումների մասին, նա սպանվեց ընդհատակյա հեղափոխական-ահաբեկիչների կողմից։ Նրա հաջորդը՝ Ալեքսանդր III կայսրը, միանգամից անցավ հեղափոխության դեմ պայքարի կոշտ ուժային մեթոդների։ Կոմս Լոռիս-Մելիքովն անմիջապես հրաժարական տվեց, և պաշտոնաթող գեներալի կարգավիճակով ապրեց մինչև իր մահը։
Միքայել Լոռիս - Մելիքյանը մահացել է 1888 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում։ Աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և ամփոփվել հայկական առաջնորդանիստ Հայոց վանքի բակում՝ հայ ականավոր այլ անձանց գերեզմանների կողքին։
1938 թվականին Վրաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի Հայոց վանքի ոչնչացումը։ Վրաստանի ներքին գործերի աշխատակիցները սպառնալիքների միջոցով հավաքագրում են մի շարք հայերի ստորագրություններ[6], որոնց հիման վրա իբր Թբիլիսիի քաղաքային խորհրդը որոշում է քանդել հայկական վանական համալիրը։ Այդ որոշման մասին «Խորհրդային Վրաստան» թերթում տպագրվեց, թե իբր «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը։ Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»[7]։ Քանդումը տեղի է ունենում գիշերով, որպեսզի քաղաքի հայազգի բնակչության շրջանում ընդվզումներ չլինեն։ Թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը։ Վանքի բակում գտնվող ականավոր հայազգի գործիչների գերեզմանները նույնպես թալանվում և ոչնչացվում են[6]։ Ոչնչացվում է նաև Մ. Տ. Լորիս-Մելիքովի գերեզմանը, որի ժամանակ բացում են հրեշտակներով զարդարված նրա ցինկե դագաղը, գողանում բոլոր արժեքավոր իրերը, այդ թվում՝ նրա մեդալներն ու դաշույնը։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմս Միքայել Լորիս-Մելիքովի զինանշանը հաստատվել է ռուսական արքունիքի կողմից 1880 թվականին[8]։ Այն քառամաս վահանի տեսք ունի, որի կենտոնից աջ և ձախ մասերի պատկերները կրկնվում են։
Վահանի առաջին և չորրորդ հատվածների կանաչ դաշտում ոսկեգույն առյուծներ են, որոնց վրա կարմիր խաչեր են պատկերված։ Առյուծի աջ թաթում նետ է, որը թեքված է, իսկ ձախում` աղեղ, ասես` նետը աղեղի մեջ դնելու պատրաստ։ Առյուծների կանաչ դաշտը խորհրդանշում է Մելիքովների կողմից որոշ ժամանակ մահմեդականություն ընդունած լինելը, իսկ առյուծը խորհրդանշում է Պարսկաստանը (որտեղից սերում էին Լորիս-Մելիքովները)։ Նետ ու աղեղը հուշում է իշխանատան նախնիների զինվորականներ լինելու իրողությունը, իսկ թուրն իր հերթին խորjrirroen մ է զինվորական ծառայությունը Ռուսաստանին։
Զինանշանի երկրորդ և երրորդ մասերի շագանակագույն դաշտում երկու խաչված թրեր են, որոնց խաչված մասերերից յուրաքանչյուրում` սև գույնի ատամնավոր աշտարակներ են։
Զինանշանի վերին հատվածի կենտրոնում Ռուսական կայսրության երկգլխանի արծիվն է, որի կրծքին Սուրբ Անդրեաս Նախավկայի շքանշանի պատկերն է և կայսր Ալեքսանդր Երկրորդի անվան սկզբնատառերը, որպես խորհրդանիշ, առ այն, թե ում կողմից է կոմս Լորիս Մելիքովը ստացել կոմսի պատվավոր տիտղոսը[8]։
Զինանշանի կոմպոզիցիան ամբողջացնում են ոսկե առյուծը և արծաթագույն միաեղջյուրը, որոնք բռնել են վահանը, համապատասխանաբար, աջից և ձախից։ Վահանի ետնամասում, առյուծի և միաեղջյուրի գլխավերևներում ոսկեգույն կոթերով և սբ. Գևորգի շքանշանի գույնով դրոշներ են (ի նշան Սուրբ Գևորգի շքանշանով պարգևատված լինելու)։ Վահանի ստորին մասում կոմսի նշանաբանն է.
С боя за братьев по Христу. |
Հրատարակել է
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կովկասի կառավարիչների մասին։
- Երկտող Թերեքի մարզի կացության մասին։
- Նոթեր Հաջի Մուրադի մասին։
Պարգևները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (1869),
- Սուրբ Մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու ադամանդազարդ շքանշան /1871/,
- Սուրբ Գեորգիի 3-րդ /1877/, 2-րդ /1877/ աստիճանի շքանշաններ,
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ /1854/, 3-րդ /1855/, 2-րդ /1864/, 1-ին /1877/ աստիճանի շքանշաններ,
- Սուրբ Աննայի 4-րդ /1848/, 3-րդ /1850/, 2-րդ /1852/, 1-ին /1860/ աստիճանի շքանշաններ,
- Սուրբ Ստանիսլավի 1-ին /1859/ աստիճանի շքանշան,
- թուրքական Մեջլիսի շքանշան /1850/,
- պարսկական Առյուծի և Արծվի 2-րդ աստիճանի շքանշան /1864/։
- "Խիզախության համար" ոսկե սուսեր /1854/,
- Ոսկե զենք /1862/,
- Կովկասի գրավման համար խաչ /1864/։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Муромцев С. А. В первые дни министерства гр. М. Т. Лорис-Меликова: Записка о полит. состоянии России весной 1880 г. / [Сост. С. Муромцевым при участии А. И. Чупрова, В. Ю. Скалона и др.]. — Berlin: B. Behr’s Buchh. (E. Bock), 1881 (P. Stankiewicz Burchdr.). — [2], 45 с. [1]
- Белоголовый Н. А. Воспоминания. // «Русская старина», 1889 г., № 9
- Герои и деятели Русско-Турецкой войны 1877—1878 гг.: 20 худож.-исполн. портр. с подроб. биогр. и описанием выдающихся событий войны / Портр. рис. П. Ф. Брожем и грав. И. Матюшиным, Ю. Барановским и Ф. Герасимовым. — Санкт-Петербург: Турба, 1878.
- Список генералам по старшинству на 1886 год. СПб., 1886
- Кони А. Ф. Памяти графа М. Т. Лорис – Меликова//Голос минувшего. СПб., 1914. №1. С.181-202.
- Костанян Ю. Л. Граф Михаил Тариелович Лорис-Меликов. — СПб., 2005. — 234 с ISBN 5-8465-0382-9
- Шилов Д. Н. Государственные деятели Российской империи. — СПб., 2002, стр. 428—432.
- Колпакиди А., Север А. Спецслужбы Российской империи. — М.: Яуза Эксмо, 2010. — С. 126 - 135. — 768 с. — (Энциклопедия спецслужб). — 3000 экз. — ISBN 978-5-699-43615-6
- Пантелеев Л. Мои встречи с Лорис –Меликовым.//Голос минувшего, 1914. №8. С. 17-109.
- Хейфец М. И. Архивные материалы М. Т. Лорис – Меликова (К истории второй революционной ситуации в России)// Исторический архив, 1959. №1. С. 193-203.
- Даниелян Г. Г. Генерал граф Лорис – Меликов. Его жизнь, военная и государственная деятельность. Ереван, 1997.
- Итенберг Б. С., Твардовская В. А. Граф М. Т. Лорис – Меликов и его современники. М., 2004
- Холмогорова Е. С., Холмогоров М. К. Вице – император. М., 1998.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Переписка Александра III с гр. Лорис – Меликовым (1880-1881 гг.)//Красный архив. М.-Л., 1925. Кн.1 (18). С. 101-131.
- Лорис– Меликов М. Т. Исповедь гр. Лорис – Меликова (письмо Лорис – Меликова А. А. Скальковскому от 14 октября 1888 г). Сообщение А. А. Скальковского//Каторга и ссылка, 1925. Кн.2 (15). С. 118-125.
- Лорис –Меликов М. Т. О Кавказских правителях с 1776 года до конца XVIII столетия, по делам Ставропольского архива// Русский архив, 1873. Кн.1. С. 742-77.
- Лорис- Меликов М. Т. Записки о Хаджи – Мурате//Русская старина, 1881. №3 (т.30). С. 655-67.
- Лорис – Меликов М. Т. Конституция гр. Лорис –Меликова и его частные письма. Лондон-Спб., б/г, изд-во «Свободная мысль».
- Лорис – Меликов М. Т. Сущность и значение конституции. Лондон, 1901.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 տապանաքար
- ↑ 2,0 2,1 https://armeniansite.ru/vydayushchiesya-armyane/222-m-t-loris-melikov.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 6,0 6,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն։
- ↑ «Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր)։
- ↑ 8,0 8,1 Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012 էջ 210
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Լոռիս-Մելիքով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Լոռիս-Մելիքով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 664)։ |
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1824 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1888 մահեր
- Նիս քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու գերեզմանատանը թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսահայ քաղաքական գործիչներ
- Ռուսահայ գեներալներ
- Թբիլիսիի հայոց վանքի բակում թաղվածներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Ռուսահայ գրողներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի նախարարներ
- Հայ պետական գործիչներ
- Լազարյան ճեմարանի սաներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ