Jump to content

Մշակ (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մշակ (թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակ (այլ կիրառումներ)
Մշակ հանդես
Մշակ
Изображение логотипа
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1872
ՀիմնադիրԳրիգոր Արծրունի
ԵրկիրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ
Հրատարակման վայրԹբիլիսի
ԳրասենյակԹիֆլիս, Թիֆլիսի գավառ
Լուծարվել է1921
Հաճախականությունամենօրյա

«Մշակ», հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921 թվականներին Թիֆլիսում (ներկայումս՝ Թբիլիսի)։ Թերթի հիմնադիր և առաջին խմբագիրը Գրիգոր Արծրունին էր։ Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը, Լեոն։

«Մշակ»-ը եղել է «Հյուսիսափայլ» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն «Հյուսիսափայլ»-ի, հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում՝ Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիս քաղաքում։ Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին։ Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանում, Գերմանիայում, Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական Աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին։ Լինելով հարուստ ռազմական գործիչ՝ Երեմիա Արծրունու որդի, Գրիգորն այնուամենայնիվ բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար։ Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների՝ Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին։ Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր։ Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև՝ երկու, երեք ու հինգ անգամ։

«Մշակ»-ի հրատարակման տարիները համընկնում են Արևելյան ճգնաժամի, ճնշված ազգերի ազատագրական շարժման, ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինյան կոնգրեսի ու Հայկական հարցը փակուղու բերելու հետ։ Ժամանակաշրջանը հարուստ էր պատմական իրադարձություններով։ Թերթը հանդես էր գալիս լիբերալ-բուրժուական դիրքերից ռեակցիոն հոգևորականության, պահպանողականների կարծրամտության դեմ, գրում էր Թուրքիայում հայերի ծանր կացության մասին, բարձրացնում էր ժողովրդի լուսավորության, կանանց էմանսիպացիայի, հայ գրականության ու արվեստի զարգացման հարցերը։ Գյուղացիների ու բանվորների ճնշված իրավիճակը նույնպես իր արտացոլումն էր գտնում «Մշակ»-ի էջերում։

Թերթն ուներ նաև օտարերկրյա թղթակիցներ, ովքեր տեղեկություններ էին հաղորդում արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Գրիգոր Արծրունուն հետաքրքրում էր Գերմանիան, որտեղ նա ապրում և սովորում էր։ «Մշակ»-ի էջերին Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով և համարում, որ նման ազգային հերոս անհրաժեշտ էր նաև հայ ժողովրդին։ Որպես ժողովրդավարական պետական կառույցի օրինակ նա բերում էր Շվեյցարիան։ Արծրունին եղել է բարեփոխումների կողմնակից, բացասաբար էր վերաբերվում հեղափոխական շարժումներին։ Թերթում տպագրվում էին Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց ստեղծագործությունները։ «Մշակ»-ի հետ նաև համագործակցում էր Անդրիաս Արծրունին՝ Գրիգոր Արծրունու եղբայրը, երկրաբան-ճարտարապետ, ով վեր էր հանում ընդերքի օգտագործման հարցերը, հսկայական նշանակություն էր դարձնում լեռնարդյունահանմանը Հայաստանի տնտեսության մեջ։ Ինքը՝ Գրիգոր Արծրունին, ունենալով տնտեսագիտական կրթություն, իր թերթում մեծ տեղ էր հատկացնում տնտեսագիտական հարցերին։

1858-1886 թվականներին Թիֆլիսում լույս տեսնող պահպանողական ուղղվածություն ունեցող «Մեղու Հայաստանի» թերթը եղել է և’ «Հյուսիսափայլ»-ի, և՜ «Մշակ»-ի գլխավոր ընդդիմախոսը։ Հատկանշական է նաև այդ թերթերի ևս մեկ նմանություն. երկուսի խմբագիրները եղել են լիբերալներ՝ Ստեփանոս Նազարյանն ու Գրիգոր Արծրունին, իսկ գլխավոր աշխատակիցներ՝ դեմոկրատներ Միքայել Նալբանդյանն ու Րաֆֆին։ Ինքը՝ Րաֆֆին, խոսելով «Մշակ»-ի նախորդների մասին, առանձնացնում է «Հյուսիսափայլ»-ը, և, ինչպես և Արծրունին, ընդգծում է իրենց ժառանգականությունը։ «Հյուսիսափայլ»-ի ուղղվածությունը Րաֆֆին անվանում է իդեալիստական, իսկ «Մշակ»-ինը՝ իրատեսական, դրանով իսկ ցույց տալով հայ լուսավորական մտքի անցումը դեպի պոզիտիվիստական սոցիոլոգիա։

1884 թվականին տեղի ունեցավ Արծրունու և Րաֆֆու միջև վաղուց հասունացած հակամարտության սրացումը։ Ֆինանսական ճգնաժամը հարցի տակ է դրել թերթի հետագա գոյությունը։ Րաֆֆին առաջարկեց շարունակել թերթի գործունեությունը, խմբագրություն ընդունելով իր մարդկանց (Գ. Միրզոյան, Ն. Աբելյան), դրանով իսկ փոխել թերթի ուղղվածությունը։ Արծրունին մնաց անսասանդ։ Րաֆֆին հիասթափված էր և մտածում էր սեփական հրատարակություն ստեղծելու մասին։

1892 թվականին Արծրունու մահից հետո «Մշակ»-ը խմբագրում էին Ա. Քալանթարը, Ա. Առաքելյանը։ 1917-20 թթ.-ին «Մշակ»-ը դարձավ բուրժուական ազգայնականության բարձրախոսը։

«Մշակ» թերթը 1893-1913 թթ.

[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թ. դեկտեմբերի 19-ին մահացավ «Մշակի» տաղանդավոր խմբագիր Գր. Արծրունին և թերթը դադարեց հրատարակվել։ Այն սկսեց լույս տեսնել տասնամսյա ընդմիջումից հետո՝ 1893 թ. հոկտեմբերի 14-ից՝ Ալեքսանդր Քալանթարի խմբագրությամբ։ Թերթի առաջին համարում նոր խմբագիրը հավաստում է իր հավատարմությունը թերթի նախկին ուղղությանը։ Քալանթարի շրջանի «Մշակը» որոշ վերապահումներով, կապիտալիստական հասարակարգի պաշտպանն էր, միայն թե կապիտալը պետք է կենտրոնանա ոչ թե մի բուռ մարդկանց, այլ հարյուր հազարավորների ձեռքին։ Թերթը համատեղելի էր համարում կապիտալիզմը և բանվոր դասակարգի բարվոք դրությունը և չէր հանդուրժում որևէ սոցիալական հեղափոխության գաղափար։ «Մշակը» 1893-1913 թթ նույնպես պարբերաբար արծարծել է հայ ժողովրդի կրթության ու լուսավորության հետ կապված հարցերը, քննարկել գրականության և արվեստի օրվա պրոբլեմները, հայ ժողովրդին ծանոթացրել ռուս և համաշխարհային գրականության գոհարներին։

«Մշակ»-ը, չնայած ցարական գրաքննության հարուցած դժվարություններին, ընդարձակ տեղ էր հատկացնում արևմտահայության հարցին՝ հանգամանորեն անդրադառնալով 1894 - 1896 թթ. Սուլթան Համիդի կողմից կազմակերպված արևմտահայության կոտորածին, 1904 թ. Սասունի ապստամբությանը, Արևմտահայաստանում ուժեղացող սոցիալ-ազգային ճնշումներին, արտադրողական ուժերի ջլատմանը և այլն։ Թերթը նկատում էր Շվեյցարիայում նոր ստեղծված երիտթուրքերի կազմակերպության նենգ քաղաքականությունը և դեռ 1890-ական թթ հանգում այն ճշմարտությանը, որ երիտթուրքերն ավելի վատթար են սուլթան Համիդից, քանի որ իրենց գաղափարախոսությունը շղարշում են եվրոպական լույսով։ «Մշակը» հասարակական կյանքի բոլոր ինիստիտուտները ձգտում էր օգտագործել ազգային լուսավորական նպատակների համար, ուստի և եկեղեցու վերակառուցումն առաջնահերթ խնդիրներից մեկն էր համարում։ Նրա կարծիքով եկեղեցին պետք է հրաժարվեր ավանդական մի շարք սկզբունքներից։ Եկեղեցին իսկապես ժողովրդին ծառայեցնելու մպատակով նա առաջարկում էր բոլոր եկեղեցական գրքերը թարգմանել աշխարհաբար։

1890 -ական թ.թ. «Մշակի» հետ միաժամանակ հրատարակվում էին նաև գաղափարական մյուս հոսանքներին պատկանող օրգանները, որոնք նույնպես, ինչպես «Մշակը» վերանայում էին իրենց դիրքերը։ «Նոր դարի» գործիչներն, օրինակ, ժամանակի հետ համակերպվելով, ընդունում էին կապիտալիզմի զարգացման փաստը, սակայն այնքանով, որքանով այն համապատասխանում էր ազգի ամբողջությունն անխախտ պահելու նրանց երազանքին, իսկ եթե կապիտալիզմի զարգացումը խախտում էր ազգայինը, ավանդականը, թերթի գործիչները դառնում էին նրա քննադատը։ Լիբերալ-պահպանողականները «Մշակի» հետ համակարծիք չէին եկեղեցու, ազգային սովորույթների հետ համակարծիք չէին եկեղեցու, ազգային սովորույթների, ավանդականի հարցում։ Նրանց օրգաններն էր «Արձագանքը»։ «Մշակի» հետ զուգահեռ 1890-ական թթ աչքի ընկնող դեր էր կատարում լիբերալ-բուրժուական հոսանքի ձախ թևի օրգան «Մուրճ» ամսագիրը, որի հրապարակախոսները, լինելով փիլիսոփաներ ու տնտեսագետներ, գրում էին տնտեսական ու սոցիալական կյանքի օրենքների՝ աշխատանքի, կապիտալի, հավելյալ արժեքի, հողային ռենտայի մասին, որոնք բացարձակ նորություններ էին հայ հասարակության համար։ Նրանք կապիտալիզմի բարձրագույն փուլի կողմնակիցներ էին և քննարկում էին հասարակական կառուցվածքի բոլոր կողմերը։ Սրանք էլ քննադատում էին այն խոր հակասությունները, որոնք կային հասարակական կյանքում, սակայն «Մշակի» նման գնում էին դեպի բուրժուական էվոլյուցիան։ Հետաքրքրական է, որ վերոհիշյալ թերթերի հետ շատ հարցերում «Մշակի» գաղափարները համընկնում էին, բայց շարունակվում էին բանավեճերը, որոնք հիմնականում բխում էին իրականության խնդիրների նկատմամբ ունեցած սկզբմունքայնորեն տարբեր դիրքորոշումներից։ Հաճախ էլ ամենաաննշան հարցերն այս թերթերի ու «Մշակի» համար դառնում էին ամենաթունդ բանավեճերի նյութ։ Ժամանակի տարանուն օրգանների համապատկերում «Մշակի» սոցիալական, մշակութային կողմնորոշումները տպավորիչ ազդեցություններ էին թողնում ժամանակի հայ հասարակական կյանքն արտացոլող հրատարակությունների վրա։ Իրենց առաջին քայլերն սկսեցին կատարել հայ մարքսիստական պարբերականները, որոնք «Մշակի» լիբերալիզմին հարկադրում էին հեղափոխության գաղափարաբանությունը։ Բոլշևիկյան հայ լեգալ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է «Կայծ» թերթով, որի առաջին համարը լույս է տեսել 1906 թ. ապրիլի 1-ին։

Մամուլի օրգանները ցարական գրաքննության կողմից ենթարկվում են բռնությունների։ 1907 թ. մայիսի 13-ից մինչև սեպտեմբերի 7-ը դադարեցվում է նաև «Մշակի» հրատարակությունը։ Մինչև 1905 թ. հեղափոխությունը «Մշակի» խմբագիռ Ալ. Քալանթարը բանվորագյուղացիական, հեղափոխության ու սոցիալիզմի, լուսավորության, կրթության և այլ հարցեր քննարկում էր լիբերալիզմի դիրքերից։ Այնուամենայնիվ, հենց այս թթ. լիբերալ «Մշակում» էլ շատ հաճախ ցարական գրաքննության աշխատակիցները գտնում էին հակակառավարական հոդվածներ ու արգելում դրանց տպագրությունը։

1913 թ. հոկտեմբերի 20-ին, Րաֆֆու մահվան տարելիցի օրը մահանում է «Մշակի» խմբագիր Ալ. Քալանթարը։ Խմբագրի պաշտոնում նրան փոխարինեց Համբարձում Առաքելյանը[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
  • Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]