Ջուդիթ Էվա Բարսի
Ջուդիթ Բարսի | |
---|---|
Ջուդիթի նկարը, նկարված է լեհ նկարչուհի Աննա Ռոզվադովսկայի կողմից, 2011 թվական | |
Ի ծնե անուն՝ | Judith Eva Barsi |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 6, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 26, 1988 (10 տարեկանում) |
Վախճանի վայր՝ | Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան |
Կարիերա՝ | 1984—1988 |
IMDb։ | ID 0058279 |
Ջուդիթ Էվա Բարսի (անգլ.՝ Judith Eva Barsi; հունիսի 6, 1978, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 25, 1988, Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)՝ հունգարական ծագումամբ ամերիկացի աղջիկ-դերասան, ով իր կարճ հասակի պատճառով հաճախ խաղում էր իր իրական տարիքից զգալի փոքր տարիք ունեցող դերեր[1]։ Կինոյում նրա կատարած ամենաճանաչված աշխատանքները դարձան «Բոլոր շներն ընկնում են դրախտ» և «Երկիրը մինչ ժամանակների սկիզբը» մուլտֆիլմերում հնչյունային դերերը։ Մի քանի տարիների դաժան վերաբերմունքի արժանանալուց հետո աղջիկը և նրա մայրը սպանվել են հոր՝ Ջոզեֆի կողմից, ով դրանից հետո ինքնասպան է եղել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդիթը ծնվել է հունգարացի գաղթականներ Յոժեֆ Իշտվան Բարշի (ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 16-ին ) և Մարիա Վիրովացի (ծնվել է 1940 թվականի փետրվարի 14-ին) ընտանիքում, ովքեր, դեռևս անծանոթ լինելով միմյանց, 1956 թվականի հեղափոխությունից հետո փախել էին Հունգարիայից։ Յոժեֆը, ով արտագաղթի ժամանակ 19 տարեկան էր, որբ էր, չէր ճանաչում ծնողներին և ապօրինի ծնունդ էր, ինչից կոմպլեքսավորվում էր։ Սկզբում նա մեկնեց Ֆրանսիա, որտեղ ամուսնացավ հունգարացի մեկ այլ փախստական Կլարայի հետ։ Այս ամուսնությունից Ջուդիթը խորթ եղբայր ուներ՝ Բարնան (1957-1995 թվականներին) և քույր՝ Ագին (1958-2008 թվականներին)։ Իր ծագումից և հունգարական յուրօրինակ ակցենտից կոմպլեքսավորվելով՝ նա սկսեց չարաշահել ալկոհոլը, ինչից սկսվեցին ծեծերը, և ամուսնությունը սկսեց քայքայվել։ 1964 թվականին Բարշին գաղթեց ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք, որտեղ Յոժեֆ Բարշին դարձավ Ջոզեֆ Բարսի (ստանալով ամերիկյան քաղաքացիություն․ նա չփոխեց անունը, այլ փոխեց միայն արտասանությունը՝ հուգարականից անգլիականի) կամ ինչպես անվանում էին նրա ծանոթները ԱՄՆ–ում «Արիզոնա Ջո»։ Սակայն այստեղ ևս նա, ձեռքերին ազատություն տալով, ծեծում էր Բարնային, որի արդյունքում Կլարան երեխաների հետ տեղափոխվում է Արիզոնա։ Չնայած Ջոզեֆի՝ ընտանեկան հարաբերությունները հարթելու փորձերին, Կլարան, միևնույն է, ամուսնալուծվեց այն բանից հետո, երբ Ջոզեֆը հարբած և կատաղած վիճակում թավան նետել էր իր վրա։ Բաժանումից անմիջապես հետո Ջոզեֆը տեղափոխվեց Կալիֆոռնիա, որտեղ սկսեց աշխատել որպես փականագործ։ Ազատ ժամանակ նա մի խմբում, որտեղ իր մականունը «YO-seff» էր, բանջո և ջութակ էր նվագում։ Նրա դուստր Ագին ավելի ուշ ենթադրել է, որ ամուսնալուծությունը, հնարավոր է, Ջոզեֆի մոտ հոգեկան խանգարումներ առաջանալու պատճառ է դարձել, ինչն էլ ազդել է նրա հետագա վարքի վրա։
Մարիան ծնվել է Հունգարիայի հարավում գտնվող մի գյուղական բնակավայրում։ Մանուկ ժամանակ հայրը նրան ծեծի է ենթարկել և վիրավորել։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Մարիան դարձավ Մարիա Ագնես Բենկո և փորձեց դերասանուհու կարիերա սկսել, որը չստացվեց և նա սկսեց մատուցողուհի աշխատել Լոս Անջելեսի սրճարաններից մեկում, որտեղ շատ գաղթականներ էին հավաքվում։ Նա այստեղ է ծանոթացել Ջոզեֆի հետ այն ժամանակ, երբ վերջինս 100 դոլարանոց թեյավճար թողեց։
Ջուդիթը հինգ տարեկան էր, երբ Սան–Ֆերնանդոյի սահադաշտում նրան նկատեցին քաստինգի գործակալները, ընդ որում՝ նրան նկատեցին այն բանի համար, որ արտաքին տվյալներով նա նման էր ընդամենը երեք տարեկան երեխայի[1]։ Մարիան, հիշելով դերասանուհի դառնալու իր երազանքը, որոշում է դստերը դերասանուհի դարձնելու փորձ անել և սկսում է զարգացնել նրա կարիերան[1]։ Ջուդիթի դեբյուտը դարձավ «Ճակատագրական տեսիլք» հեռուստաֆիլմը (1984)։ Կինոյում իր կարճատև կարիերայի ողջ ընթացքում Ջուդիթը հասցրել է նկարահանվել մոտ 70 գովազդային հոլովակներում, չորս հեռուստանախագծերում և երկու մուլտֆիլմերում։ Այս ամբողջ ժամանակահատվածում Ջուդիթը ստիպված է եղել աճի հորմոններ ընդունել՝ իր տարիքից ավելի փոքր չերևալու համար[1]։ 10 տարեկանում նրա հասակն ընդամենը 112 սմ էր։
'
Չնայած նրան, որ Ջուդիթը ծնվել էր Ամերիկայում և փոքր տարիքից պետք է խոսեր անգլերեն, նա ազատ տիրապետում էր հունգարերենին և հաճախ, երբ պետք էր լինում բոլորի ներկայությամբ մայրիկի հետ անձնական գործից խոսել, նա օգտագործում էր հենց այդ լեզուն։
Ընտանեկան բռնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսի ընտանիքում ամեն ինչ համեմատաբար հանգիստ էր մինչև 1984 թվական, բայց 1985 թվականին յոթամյա Ջուդիթի կյանքը վերածվեց իրական մղձավանջի։ Այդ ժամանակ նրա նկարահանումների մեկ տարվա հոնորարը արդեն կազմում էր 100 000 $, ինչը հնարավորություն տվեց Բարսի ընտանիքին գնելու երեք սենյականոց, երկու լոգարան ունեցող բնակարան Լոս Անջելեսի Ուեստ Հիլլ թաղամասի 22100 Մայքլ Սթրիթում։ Այդ ժամանակ Ջոզեֆը գործազուրկ էր և այն մտքից, որ ընտանիքի ֆինանսական դրությունը հիմա կախված է միայն իրենց աղջկանից՝ սկսել էր չարաշահել ալկոհոլը։ Սկզբում դա նրա մոտ ուժեղ խանդ առաջացրեց, իսկ հետո՝ խելացնորություն։ Առաջինը, ինչ նա արեց նոր բնակարան տեղափոխվելուց հետո, դա երկաթե ձողերով պարիսպներով բնակարանը շրջափակելն էր, որը հնարավոր էր բացել միայն ներսից։ Հարևանների հետ խոսակցությունների ժամանակ նա փակ էր և փորձում էր խոսել հնարավարինս սակավ։ Այս ամենով հանդերձ նա մտածում էր, որ Մարիան և Ջուդիթը, նկարահանումների կամ ֆոտոսեսիաների գնալուց հետո, կարող են չվերադառնալ․ այդ ժամանակ Ջոզեֆը լիովին սանձարձակ դարձավ։ Երեք անգամ ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Ի վերջո նրա պահվածքը հասցրեց այն բանին, որ Ջուդիթի ընկերները աշխատում էին երկար չմնալ նրանց տանը։
Մի անգամ իրենց տանը կազմակերպված երեկույթի ժամանակ Ջոզեֆին ահավոր զայրացրեց այն, որ իր աղջիկը գտնվում էր հյուրերի ուշադրության կենտրոնում։ Տանելով աղջկան խոհանոց՝ անվանեց նրան «գրողի տարած փոքրիկ վիժվածք», հետո բռնեց աղջկա մազերից և գցեց հատակին (ըստ ուրիշ վարկածի՝ նա աղջկա վրա կաթսան է շպրտել՝ կոտրելով քիթը)։ Ջուդիթը ոչ ոքի չի պատմել սրա մասին, բացի մի դասընկերոջից։ 1986 թվականի դեկտեմբերին Մարիան վերջապես հաղորդում է ներկայացնում ոստիկանությանը իր հանդեպ ամուսնու կողմից արված սպառնալիքների, ինչպես նաև այն մասին, որ Ջոզեֆը ծեծել և խեղդել է իրեն փողոցում։ Ոստիկանությունը բռնության հետքեր չկարողացավ գտնել նրա մարմնի վրա, և Մարիան ստիպված հետ վերցրեց ամուսնու դեմ իր բողոքը։ Չնայած դրանից հետո, համաձայն վկաների ցուցմունքների, Ջոզեֆը դադարել է խմել, բայց նրա սպառնալիքները և վիրավորանքները (ճիշտ է՝ հիմա արդեն միայն բանավոր) դստեր և կնոջ հանդեպ չեն դադարել։ Դրանից հետո Ջուդիթը «Ծնոտներ․ Վրեժ» ֆիլմում ստացավ Թեա Բրոդի դերը, որը «Ծնոտներ» էպոսի վերջին և եզրափակիչ՝ չորրորդ մասն էր։ Ֆիլմը նկարահանվելու էր Բահամյան կղզիներում։ Մեկնելու նախօրեի գիշերը Ջոզեֆը խոհանոցային մեծ դանակը դրեց դստեր կոկորդին։ «Եթե դու հետ չգաս», – ֆշշացնելով ասել է նա, –«ես կգտնեմ և կսպանեմ քեզ»[2] (ըստ ուրիշ վարկածի՝ սպառնալիքը այլ կերպ է հնչել՝ «Եթե դու որոշես չվերադառնալ, ես կկտրեմ քո կոկորդը»)։ Չնայած, որ երկու ամիս անց Ջուդիթը վերադարձավ տուն, ընտանիքում իրավիճակը չփոխվեց։ Ավելի ուշ Մարիան պատմել է ծանոթներին, որ Ջոզեֆը ցույց է տվել բենզինով լի թիթեղները և զգուշացրել, որ կայրի տունը, եթե նրանք հեռանան։ Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ջոզեֆը Մարիայից թաքցրել է Հունգարիայից ստացված այն հեռագիրը, որի մեջ հայտնում էին կնոջ բարեկամի մահվան լուրը, քանի որ մտածել է, որ այդ դեպքում, նա, գնալով թաղման արարողությանը մասնակցելու, իր հետ կտանի Ջուդիթին, և նրանք այլևս չեն վերադառնա Ամերիկա։ Ի վերջո Ջուդիթը այս իրավիճակի պատճառով սթրեսի մեջ ընկավ, որից սկսեց քաշ հավաքել։
'
Ճշմարտությունը բացահայտվեց այն ժամանակ, երբ Ջուդիթը «Բոլոր շներն ընկնում են դրախտ»–ի վոկալային լսումների ժամանակ չդիմացավ և այդ ամենի մասին պատմեց իր գործակալին։ Նրան ուղարկեցին մանկական հոգեբանի մոտ, ով ախտորոշեց, որ աղջիկը ենթարկվել է ուժեղ հուզական և ֆիզիկական բռնության[1]։ Բժիշկը խնդրեց Մարիային հաշվետվություն լրացնել, որպեսզի դրա միջոցով ինքը խնդրի մասին տեղեկացնի CPS (Child Protective Services) կազմակերպությանը, ինչը Մարիան արեց, բայց գործ այդպես էլ չբացվեց, քանի որ Մարիան հավաստիացրեց տնային այցելություն կատարած աշխատողներին, որ պատրաստվում է բաժանվել Ջոզեֆից (ըստ լուրերի, նա մտածում էր, որ եթե նույնիսկ CPS–ը կարողանա թաքցնել Ջուդիթին, ապա այդ ժամանակ Ջոզեֆը կսպանի իրեն՝ Մարիային, և աղջիկը կմնա միայնակ)։ Ընկերները և հարևանները համոզում էին Մարիային, Ջուդիթի հետ ինչ–որ հեռու տեղ մեկնել, բայց Մարիան միշտ հրաժարվել է՝ ասելով, որ չի ուզում փչացնել դստեր կարիերան, որ չի ուզում կորցնել տունը և ձեռք բերված գույքը, իսկ հետո պարզապես ասել է, որ ուր էլ գնան, միևնույն է՝ Ջոզեֆը կգտնի իրենց և հաստատ կսպանի[1]։ Ի վերջո, Մարիան կարողացավ բնակարան վարձակալել աղջկա համար իրենց տնից հեռու գտնվող Պանորամա Սիթիի շրջանում, 8525-Թոբիաս-Ավանյուի վրա, որտեղ էլ Ջուդիթն անցկացնում էր օրվա ցերեկային ժամերը։ Այդ ժամանակ նա հիմնականում հեծանիվ էր քշում ընկերների հետ և փորձում էր ինչքան հնարավոր է շատ անցկացնել դրսում։
Քանի որ Ջոզեֆը իսկապես խանգարված էր, Մարիան սկսեց չհավաքել–չմաքրել բնակարանը՝ այն հաշվարկով, որ Ջոզեֆը՝ ինքը, կհեռանա․ դրանից հետո տունը իսկապես լիովին ամայացավ։ Մահից մեկ շաբաթ առաջ, Մարիան ասել էր մոտ հարևանին, որ պատրաստվում է կանխիկացնել իր դստեր ֆեդերալ հարկի վերադարձվելիք գումարը, որը կազմում էր 12 000 դոլլար, քանի դեռ Ջոզեֆը կհասցներ ստանալ դա։ Միևնույն ժամանակ, Ջոզեֆի նախկին գործընկեր Պիտեր Կիվլենը ավելի ուշ խոստովանել է, որ ամենաքիչը 500 անգամ Բարսիից լսել է, որ նա ցանկանում սպանել կնոջը․ երբ Կիվլենը Ջոզեֆից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա մտածում է, թե ինչ կլինի Ջուդիթի հետ դրանից հետո, նա պատասխանել է՝ «Ես նրան էլ կսպանեմ»։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդիթին վերջին անգամ տեսել են 1988 թվականի հուլիսի 25–ին, երկուշաբթի, երբ նա հեծանիվով շրջում էր փողոցում։ Հուլիսի 26–ին նա նախատեսել էր գիշերել ընկերոջ տանը, բայց ինչ–ինչ պատճառով մտադրությունը չիրականացավ, և Ջուդիթը այդ գիշեր անցկացրեց տանը։ Մոտ ժամը 1:15–ին Ջոզեֆը, մտնելով աղջկա սենյակ, 32 մմ տրամագծի ատրճանակով գնդակահարեց Ջուդիթին։ Աղջիկը մահացավ վայրկյանապես՝ չհասցնելով արթնանալ։ Երբ Մարիան լսեց կրակոցի ձայնը, վազեց հյուրասենյակ (Ջուդիթի ննջարանը գտնվում էր առաջին հարկում), որտեղ էլ հանդիպեց Ջոզեֆին։ Նա ընկավ գետնին և գլուխն առավ ափերի մեջ․ Ջոզեֆը կրակեց նաև նրա վրա։
Հաջորդ երեք օրը Ջոզեֆը թրև եկավ տանը, և միայն երեքշաբթի երեկոյան մոտեցավ հեռախոսին, երբ զանգում էր Ջուդիթի գործակալը՝ ասելու, որ պատրաստվում է մեկնել, բայց հետաձգում էայն, որպեսզի «հրաժեշտ տա իր աղջկան»։ Չորեքշաբթի, հուլիսի 27–ին, առավոտյան մոտ 8:30–ին, նա դիակները պատել է բենզինով և այրել։ Դրանից հետո գնացել է ավտոտնակ, որտեղ էլ ինքնասպան է եղել 32մմ տրամագծի ատրճանակով[3]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդիթը և մայրը թաղվել են 1988 թվականի օգոստոսի 9–ին Լոս Անջելեսի Հոլիվուդ–Հիլլզի Ֆորեստ–Լաուն գերեզմանատանը։ 16 տարի շարունակ դրանք եղել են ոչ դիտարժան բլրակներ, և միայն 2004 թվականի օգոստոսի 23–ին երկրպագուների ջանքերով Ջուդիթի գերեզմանին գերեզմանաքար է տեղադրվել[2]։ Նրա վրա աղջկա անունով և կյանքի տարեթվերով գրված է «Our Concrete Angel» նախադասությունը («Մեր բետոնե հրեշտակ»), որը հղվում է Մարտին Մակբրայդի համանուն երգին․ երգը երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին է։ Նախադասությանից ներքև մեկ այլ գրվածք էլ կա՝ «Yep! Yep! Yep!», որը «Երկիրը մինչ ժամանակների սկիզբը» մուլտֆիլմի Դակի՝ աղջկա մարմնավորած կերպարի սիրելի բացականչությունն էր (հարցազրույցներից մեկում Ջուդիթը ասել է, որ դա իր կարիերայի ամենասիրելի ֆիլմն է)։ Մարիայի գերեզմանին հուշատախտակ տեղադրվել է 2005 թվականի հունվարի 28–ին[2]։ Ջոզեֆի գերեզմանատեղին մինչ օրս անհայտ է, ինչպես հայտնի չէ նաև այն, թե արդյո՞ք թաղվել է չնշագրված գերեզմանում, թե՞ դիակիզվել է։
Ջուդիթի արյունակից եղբայր Բարնան ի վերջո դարձել է խրոնիկական հարբեցող և ինքնասպան է եղել՝ 1995 թվականին նետվելով Արիզոնայի Սկոտսդեյլ քաղաքի կամրջից։ Ագին՝ քույրը, ռադիոյում թոք–շոուի հաղորդավար է եղել և ինքնօգնության վերաբերյալ գրքի հեղինակ։ 1997 թվականին նրա մոտ կաթնագեղձի ուռուցք է զարգացել, որից էլ մահացել է 2008 թվականին։ Մայքլ Սթրիթի տունը վաճառվել է 1989 թվականին, Ջուդիթի մահից 13 ամիս անց, Բարսի ընտանիքի մեկ այլ ներկայացուցչի կողմից։ Տան ներկա պահի տերերը այն գնել են 2001 թվականին։
Ջուդիթի մահից կես տարի անց, 1989 թվականին վարձույթ դուրս եկավ «Բոլոր շներն ընկնում են դրախտ» ֆիլմը, որտեղ խաղարկվում էր կյանքը մահից հետո, իսկ Ջուդիթը հնչյունավորել էր Էնն–Մարիային՝ որբ աղջնակի, ով վերջում, գլխավոր հերոսի շնորհիվ, գտնում է իր սիրելի ծնողներին։ Եզրափակիչ տիտրերում հնչում է «Love Survives» երգը («Սերն ապրում է»), որի երաժշտությունը համարվում է ամբողջ մուլտֆիլմի լեյտմոտիվը․ այս երգը Այրին Կարան և Ֆրեդդի Ջեքսոնը երգել են հատուկ Ջուդիթի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 JOHN JOHNSON, GABE FUENTES (7 августа 1988). «A Script of Fear : Repeated Threats by Father of Child Actress Carried to Tragic End» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «JUDITH'S STORY». Judith Barsi In Memoriam (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ GABE FUENTES (1988 թ․ հուլիսի 28). «Three Dead in Apparent Murder-Suicide» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Էվա Բարսի» հոդվածին։ |
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 1988 մահեր
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Սպանված դերասանուհիներ
- Սպանվածներ