Գուրգեն Յանիկյան
Գուրգեն Յանիկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1895[1][2] |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 27, 1984[2] (88 տարեկան) կամ փետրվարի 29, 1984[3] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Գուրգեն Յանիկյան (անգլերեն՝ Gourgen Yanikian, դեկտեմբերի 24, 1895[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 27, 1984[2] կամ փետրվարի 29, 1984[3], Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս։ ԱՄՆ-ում ճանաչման է արժանացել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակի, սակայն առավել հայտնի է 1973 թվականին Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիա) երկու թուրք հյուպատոսական պաշտոնյաների և Հայոց ցեղասպանությունը բացահայտ ժխտողների՝ ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեթ Բայդարի և հյուպատոս Բահադիր Դեմիրի սպանությամբ[4], որից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման (պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 1984 թվականի հունվարին)։ Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ Յանիկյանի արարքը ոգեշնչել է ստեղծելու Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ 1970-ական և 1980-ական թվականներին գործունեություն ծավալած հայկական ռազմականացված կազմակերպությունը, որը հարձակումներ է կազմակերպել թուրք դիվանագետների վրա՝ փորձելով հասնել Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման[5]։
Կենսագրություն
Վաղ կյանք
Գուրգեն Յանիկյանը ծնվել է Էրզրումում 1895 թվականին՝ Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում ծավալված հակահայկական ջարդերի թեժ պահին։ Նրա ընտանիքը կարողացել է փախչել ավելի ապահով վայր, բայց երբ ութ տարի անց նրանք վերադարձել են Էրզրում, որպեսզի վերցնեն գոմում թաքցրած անձնական իրերը, նրա ավագ եղբայրը՝ Հակոբը, սպանվել է երկու թուրք տղամարդկանց կողմից[6]։ Գուրգեն Յանիկյանը ինժեների մասնագիտություն է ստացել Մոսկվայի համալսարանում, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Տեղեկանալով ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կողմից հայերի հետապնդման մասին՝ 1915 թվականի գարնանը նա մեկնել է Կովկաս և մտել ռուսական բանակի կամավորական գունդ՝ պարզելու իր ընտանիքի անդամների ճակատագիրը, որոնց մասին ոչինչ չէր լսել պատերազմի սկզբից ի վեր, և որոնք ապրել են Օսմանյան կայսրությունում։ Յանիկյանը միացել է ինժեներական ստորաբաժանմանը, որին հանձնարարվել է կազմել տեղանքի քարտեզը կանոնավոր զորքերի համար։ Ռուսական բանակի առաջխաղացմանը զուգընթաց Յանիկյանը ականատես է եղել հայերին հասցված կործանարար հարվածներին։ Երբ նա հասել է Էրզրում, իմացել է, որ իր հոր ունեցվածքը վերածվել է ավերակների, և ճանաչել է իր երկու հարազատների մարմինները։ Նա ասել է, որ ցեղասպանության արդյունքում ինքը կորցրել է իր մեծ ընտանիքի քսանվեց անդամներին[7][8][9]։
Հասուն տարիներ
Յանիկյանն իր կրթությունը շարունակել է Ռուսաստանում, իսկ 1930 թվականին կնոջ՝ Սուսաննայի հետ տեղափոխվել է Իրան։ Նրանք բնակություն են հաստատել Թեհրանում, որտեղ Սուսաննան բացել է գինեկոլոգիական կլինիկա, իսկ Յանիկյանը հիմնել է շինարարական ընկերություն, որը կոչվել է RAHSAZ[10]։ 1941 թվականին Ռեզա-շահը փորձել է մերժել Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի՝ Իրանի տարածքում նրանց զորքերի տեղակայման ծրագրերը, որից հետո 1941 թվականի օգոստոսի 25-ին խորհրդային և անգլիական զորքերը երկրի երկու ծայրերից հատել են իրանական սահմանը։ Հայտարարվել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում նրանք Իրանի տարածքը վերցնում են իրենց վերահսկողության տակ, իսկ շահին առաջարկվել է հրաժարվել գահից։ Շուտով ինժեներ Յանիկյանը, լինելով դաշնակիցների համար ռազմավարական ճանապարհի շինարարության ղեկավար, ինչի շնորհիվ բավական հարստացել է[8], պարգևատրվել է ԱՄՆ կառավարության կողմից և ստացել ամերիկյան քաղաքացիություն։ 1946 թվականին Յանիկյանն ու նրա կինը մեկնել են Ֆրանսիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։ Սկզբում նրանք բնակություն են հաստատել Նյու Յորքում, այնուհետև տեղափոխվել են Կալիֆորնիա՝ Բեվերլի Հիլզ։ Այս արտիստական կենտրոնում Գուրգեն Յանիկյանը բացել է Յանիկյանի թատրոնը (Yanikian Theater), որը, սակայն, հաջողություն չի ունեցել։ Մինչդեռ Յանիկյանի կողմից ԱՄՆ քաղաքացիություն ստանալը դուր չի եկել նոր շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլևիին (որն անձամբ ծանոթ է է եղել Յանիկյանի հետ), և նա արգելանք է դրել Յանիկյանի հաշիվների վրա իրանական բանկերում։
Զույգը տեղափոխվել է Ֆրեզնո (Կալիֆորնիա), որտեղ եղել է մեծ հայկական համայնք։ Ըստ Յանիկյանի՝ նա ռադիոհաղորդավար է եղել Ֆրեզնոյում։ Մի քանի տարի անց նա կնոջ հետ տեղափոխվել է Սանտա Բարբարա (Կալիֆորնիա)։ Այնտեղ նա սկսել է զբաղվել անշարժ գույքի բիզնեսով, օգտագործելով իր զգալի խնայողությունները, սակայն, գործերը հաջողություն չեն ունեցել, և նա կորցրել է իր գումարի մեծ մասը։ Այս ամբողջ ընթացքում նա գրել և հրատարակել է մի քանի վեպեր, այդ թվում՝ «Հուդա Իսկարիովտացու հաղթանակը» (անգլ.՝ «The Triumph of Judas Iscariot», 1950), «Harem Cross» (1953), «Քրիստոսի ծնունդը», «Ամերիկացու ձայնը» (անգլ.՝ «The Voice of an American», 1960)։ Ընտրվել Է «International Institute of Art and Literature» ակադեմիայի անդամ։ Յանիկյանը զբաղվել է ազգագրական հետազոտություններով, անձամբ ծանոթ է եղել Հունաստանի թագավոր Գեորգ Երկրորդի և Եգիպտոսի թագավոր Ֆարուկի հետ։ Գուրգեն Յանիկյանը դժգոհությամբ է ընդունել ԱՄՆ-ի և Թուրքիայի մերձեցումը ՆԱՏՕ-ի շնորհիվ։ Իր «Դրախտ» գրքի հիման վրա նա ցանկացել է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական ֆիլմ, սակայն Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջամտությամբ նրա նախագիծը չի իրականացել։
1960-ականների վերջին Յանիկյանը կորցրել էր իր փողի մեծ մասը, ապրում էր նպաստով, իսկ նրա կինը դեմենցիայով հհիվանդ էր և գտնվում էր ծերանոցում ու չէր ճանաչում ամուսնուն, թեև վերջինս գրեթե ամեն օր այցելում էր նրան և շոկոլադ էր տանում։ Նրա բժշկական օգնությունը պատճառ է դարձել Յանիկյանի անվճարունակության։
1972 թվականին Գուրգեն Յանիկյանը ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թվականին, 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։ Նույն թվականին նա այցելել է Անկարա՝ տեսնելու իրեն անծանոթ քեմալական Թուրքիայում տիրող իրականությունը։
1972 թվականի վերջին ԱՄՆ Պետդեպարտամենտը նամակ է գրել Յանիկյանին, որում ասվում էր, որ նա այլևս չպետք է փորձ ձեռնարկի՝ կապ հաստատելու իրենց գրասենյակի հետ։ Յանիկյանը փորձել է Իրանից բռնագանձել իրեն հասանելիք այն գումարները, որոնք վաստակել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Յանիկյանը փորձել է օգտագործել է բոլոր իրավաբանական հնարավորությունները և հույս է հայտնել, որ Պետդեպարտամենտը կարող է ճնշում գործադրել[11] 1,5 մլն դոլարի վճարման վրա, որը, ինչպես նա պնդում էր, ինքը պետք է ստանար իր ղեկավարած շինարարական աշխատանքների համար։
Իրականում 1944 թվականին իրանական դատարանը որոշում է կայացրել Յանիկյանի օգտին և Իրանի ճանապարհների նախարարության դեմ, որտեղ նշվում էր, որ նախարարությունը Յանիկյանին պետք է փոխհատուցեր մինչև 1944 թվականի նոյեմբերի 26-ը կատարված շինարարական աշխատանքների համար, սակայն նախարարությունը չի վճարել մինչև 1948 թվականի օգոստոսի 15-ը, և Յանիկյանը փորձել է փոխհատուցում ստանալ վճարումը ուշացնելու համար։ Իրանի կառավարությունը հայտարարել է, որ Յանիկյանին վճարվել է ամբողջ գումարը, և 1985 թվականին իրանա-ամերիկյան արբիտրաժային դատարանը մերժել է Յանիկյանի փաստաբանների պահանջները՝ պատճառաբանելով հայցի կետերի նկատմամբ իրավասության բացակայությամբ[12]։ Ենթադրվում է, որ իր կյանքի ընդհանուր դրության պատճառով առաջացած հուսահատությունն էլ դարձել է հիմնական գործոն գլխավոր հյուպատոսի և փոխհյուպատոսի սպանության պլանավորման ու իրականացման համար[13][14][15]։ Ցեղասպանության մասին հիշողությունները մնացել են նրա գիտակցության մեջ, իսկ նրա մահացած եղբոր տեսիլքները տարիներ շարունակ հետապնդել են նրան, Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության մշտական ժխտումը ցավ է պատճառել, և ի վերջո Յանիկյանը, կարծելով, որ իրեն երկար չի մնացել ապրելու, որոշել է վրեժխնդիր լինել իր ընտանիքի անդամների մահվան համար և ավելի մեծ ուշադրություն հրավիրել ցեղասպանության վրա՝ կազմակերպելով այն իրականացրած երկրի գործակալների սպանությունը՝ մի գործողություն, որի համար օրինակ է ծառայել Սողոմոն Թեհլիրյանի՝ 50 տարի առաջ կատարածը[16]։
Թուրք դիվանագետների սպանություն
1973 թվականի հունվարի 27-ին 77-ամյա Յանիկյանը (ներկայանալով որպես պարսիկ Յանի խան, ինչում նրան օգնել է պարսկերենի և իրանական ավանդույթների գերազանց իմացությունը) Սանտա Բարբարայում գտնվող «Biltmore» հյուրանոց է հրավիրել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս 49-ամյա Մեհմեթ Բայդարին և 30-ամյա փոխհյուպատոս Բահադիր Դեմիրին՝ խոստանալով Թուրքիային նվիրել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան սուլթանի պալատից գողացված նկար և թղթադրամ[17], որոնք նա իբր պատրաստ էր հանձնել թուրքական շքանշանի դիմաց։ Դրանից երեք ամիս առաջ նա կապ էր հաստատել Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի հետ՝ պնդելով, որ գլխավոր հյուպատոսն անձամբ ընդունի նկարը, և քանի որ Բայդարը մեքենա չի վարել, Դեմիրին խնդրել է ուղեկցել, որպեսզի ապահովի տրանսպորտը[18] ։ Բայդարը ամուսնացած է եղել և երկու դուստրերի հայր, նախկինում ծառայել էր Փարիզում և Վաշինգտոնում։ Դեմիրի համար դա իր առաջին արտասահմանյան աշխատանքն էր[18]։ Այն, որ նրանցից ոչ մեկը կենդանի չէր եղել Հայոց ցեղասպանության ժամանակ, «քիչ բան էր նշանակում Յանիկյանի համար», լրագրող Մայքլ Բոբելյանի խոսքերով՝ «Ճիշտ այնպես, ինչպես կես դար առաջ հայերի օսմանական ապահումանիզացիա բացեց ցեղասպանությանն այդքան հասարակ քաղաքացիների մասնակցության հնարավորություն, Յանիկյանը սկսել էր այդ մարդկանց դիտարկել ոչ թե որպես մարդ, այլ որպես տասնամյակների անարդարության խորհրդանիշ[19]։
Յանիկյանը նրանց է հանձնել թղթադրամը, որի համար նրան տվել են ստացական, և երեք տղամարդիկ սկսել են ճաշել[20]։ Այդ ընթացքում Յանիկյանը նրանց ասել է, որ ինքը իրանցի չէ, ինչպես հայտնել էր հյուպատոսությանը, երբ առաջին անգամ կապ էր հաստատել նրանց հետ, այլ հայ է։ Բայդարը բարկությամբ գցել է թղթադրամը, և թեժ վիճաբանություն է սկսվել։ Այդ պահին Յանիկյանը բացականչել է՝ «Ես կսպանեմ ձեզ», հանել է «Լյուգեր» ատրճանակը և արձակել 9 գնդակ՝ թուրք դիվանագետներին վիրավորելով ուսերի և կրծքավանդակի շրջանում, բայց վերքերից ոչ մեկը մահացու չի եղել։ Երբ Բայդարն ու Դեմիրը պառկած էին գետնին, Յանիկյանը գրասեղանի դարակից հանել է «Բրաունինգ» ատրճանակը և յուրաքանչյուրի գլխին 2-ական գնդակ արձակել, «ինչը նա համարել է գթասրտությունից արձակված կրակոցներ»[21]։ Նա իր համարից զանգահարել է հյուրանոցի ադմինիստրացիա և խնդրել կապ հաստատել շերիֆի հետ ու հայտնել, որ «ես հենց նոր երկու մարդ եմ սպանել»[9]։ Թուրք դիվանագետների հետ հանդիպումից առաջ Յանիկյանը նամակ է ուղարկել հայալեզու թերթին՝ հայերին կոչ անելով «պատերազմ մղել թուրք դիվանագետների դեմ»[22]։
Թուրքիայի դեսպանատունն արձագանքել է սպանություններին՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու համար, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպանը դատապարտել է սպանությունները՝ հայտարարելով, որ ինքն ու բոլոր ամերիկացիները «ցնցված են այդ անիմաստ բռնությունից»[9]։ ՀԴԲ հիսուն գործակալների հանձնարարվել է հետաքննել Յանիկյանի անցյալը, ներառյալ հնարավոր կապերը խորհրդային երկրի կամ լավ կազմակերպված «Հայկական բանդայի» հետ։
Դատավարություն
Յանիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ մեղադրման երկու կետերով։ Թեև դատավարության ընթացքում նա բացահայտորեն խոստովանել է, որ այդ երկու մարդկանց մահվան պատճառ է դարձել, սակայն պնդել է, որ ինքը «մեղավոր չէ» է ոչ մի հանցագործության մեջ[8]։ Յանիկյանը պնդել է, որ իր արածը «երկու չարիքների ոչնչացում էր», քանի որ զոհերն իր համար «մարդ չէին»[23]։ Յանիկյանը խոստովանել է, որ 1972 թվականի ապրիլին կազմել է սպանության ծրագիր և մանրակրկիտ իրականացրել է այն մի քանի ամիսների ընթացքում՝ այդ ժամանակից մինչև 1973 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած փաստացի սպանությունները։ Սկզբում նա ծրագրել էր սպանություններ կատարել հյուպատոսական հիմնարկներում, սակայն հետո փոխել էր մտադրությունը, երբ այցելել էր գրասենյակներ, որտեղ ներկա էին բազմաթիվ աշխատակիցներ, որոնք «կարող էին փորձել դառնալ հերոսներ և տուժել»[23]։
Դատարանի ընդունարանում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Յանիկյանը ձեռքի ափերով հավածել է սեղանին և հայտարարել, թե ուրիշ մարդիկ «ունեցել են իրենց Նյուրնբերգը, իսկ մենք չունենք»[8]։ Յանիկյանը պաշտպանող խումբը փաստաբան Ջեյմս Տ. Լինդսիի գլխավորությամբ փորձել է ներգրավել Հայոց ցեղասպանության վերապրողներին, որպեսզի նրանք ցուցմունք տան իրենց վերապրածի թողած հետքերի մասին, ինչը պետք է մաս կազմեր պաշտպանող կողմի՝ Յանիկյանին՝ որպես «մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող» մարդ ներկայացնող ռազմավարության, սակայն այդ միջնորդությունները մերժվել են դատարանում[8]. դատախազ Դևիդ Մինները թույլ չի տվել դատավարությունը վերածել ցեղասպանության մասին դատավարության։ Յանիկյանի մահից հետո շրջանային դատախազ Դևիդ Մինները գրել է. «Հետ նայելով՝ ես ցավում եմ, որ թույլ չեմ տվել ապացուցել ցեղասպանությունը։ Ոչ թե այն պատճառով, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ այն պատճառով, որ պատմության ամենամութ գլուխները՝ նրա ցեղասպանությունները, պետք է բացահայտվեին, որպեսզի նրանց սարսափները կրկնվելու ավելի քիչ հավանականություն ունենային»[24]։
Հայերը հույս են ունեցել, որ Յանիկյանի դատավարությունը միջոց կծառայի դատարանում զանգվածային սպանությունների փաստն ապացուցելու համար, քանի դեռ կային ցեղասպանության ողջ մնացած վկաներ, սակայն շրջանային դատախազ Մինները չի համաձայնել[25]։ Միայն Յանիկյանն է Հայոց ցեղասպանության ականատեսը եղել իր ընկեր ու թարգմանիչ Արամ Սարոյանի՝ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի հորեղբոր ուղեկցությամբ։ Վերջում նա ասել է, որ սպանել է թուրք դիվանագետներին՝ որպես «այն կառավարության ներկայացուցիչների, որը կազմակերպել էր իր ժողովրդի կոտորածը»[24]։ Յանիկյանի պաշտպանությունը լիովին հիմնված էր նրա «սահմանափակ գործունակության» հաստատման վրա։ Սակայն ատենակալները դա համոզիչ չեն համարել, քանի որ նրա ցուցմունքներից պարզ էր, որ նա հասկացել էր, որ կյանքից զրկում է երկու մարդու, և որ նա դա արել է, քանի որ դա արդարացված էր համարում[23]։
1973 թվականի հուլիսի 2-ին Յանիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման[26]։ Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը և որոշել, որ «իր հանցագործությունը ծրագրելու ունակությունը ցույց են տվել նրա սեփական ցուցմունքները մանրակրկիտ նախապատրաստության մասին՝ համապատասխան պլանի, որը իրականացվել է ըստ տրամաբանության և ճշգրտությամբ։ Պատասխանողի ցուցմունքները ցույց են տվել, որ ծրագիրը սկսվել է դրա կատարումից շատ ամիսներ առաջ և ներառել է խայծի օգտագործումը, որպեսզի հյուպատոսական պաշտոնյաներին ներգրավի դեպի պատասխանողի ընտրած վայր»[23]։ Չնայած թուրքական կառավարության առարկություններին՝ Յանիկյանը պայմանականորեն ազատ է արձակվել 1984 թվականի հունվարի 31-ին վատ առողջական վիճակի պատճառով և տեղափոխվել է հիվանդանոց Մոնտեբելոյում։ Մեկ ամիս անց նա մահացել է սրտի կաթվածից 88 տարեկան հասակում[27]։
2019 թվականին Գուրգեն Յանիկյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և մայիսի 5-ին հուղարկավորվել Երևանի Եռաբլուր պանթեոնում[28]։
Ժառանգություն
Գուրգեն Յանիկյանն ասել է. «Ես Գուրգեն Յանիկյան չեմ, այլ չճանաչված պատմություն, որը վերադառնում է 1 500 000 հայերի հետևից, որոնց ոսկորները պղծում են իմ անտեսանելի գոյությունը»[29]։ Մահից հետո նա դարձել է շատ հայերի վրդովմունքի խորհրդանիշը թուրքական կառավարության հանդեպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար։ Նրա մահից հետո նրա փաստաբաններից մեկը՝ Բիլ Պապարյանը, նշել է, որ Յանիկյանը «այժմ Հայոց պատմության մի մասն է»[24]։
Համարվում է, որ Յանիկյանի արարքը սկիզբ է դրել 1970-ական և 1980-ական թվականներին ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) և Հայկական ցեղասպանության արդարության մարտիկների կողմից թուրք դիվանագետների վրա կատարված սպանությունների և նպատակաուղղված հարձակումների շարքին։ Ավելի ուշ ԱՍԱԼԱ-ն Յանիկյանին շնորհել է պաշտամունքային ֆիգուրի կարգավիճակ[30]։ Սկզբում ԱՍԱԼԱ-ն կրել է «բանտարկյալ Գուրգեն Յանիկյանի խումբ» անվանումը[31]։ Այս ասոցացման պատճառով Յանիկյանի սպանությունները բնութագրվել են որպես թուրքական կառավարության և նրա գործակալների վրա զինված հարձակումների «առաջին համազարկ»[32], իսկ նա համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,– այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։
Խաչիկ Թոլոլյանի խոսքով՝ «[Յանիկյանին] չեն հասկանում նրա կյանքի, նրա իրական կենսագրության կամ նույնիսկ կարճ ինքնակենսագրության համատեքստում, որը մենք կարող ենք քաղել նրա խոսքերից։ Նրան վերագրվում է կանոնակարգող կենսագրությունը, և նրան հասկանում են դրա միջոցով... նրան տալիս են հնչեղ անուն, որը լղոզում է պատմությունը, համատեքստը և նրբությունները»[30]։
Հիշատակ
Բուլղարահայ բանաստեղծ Հովհաննես Պարսկունին Գ. Յանիկյանին նվիրված իր պոեմում գրել է.
Օլեն Շթայնհաուերի «Ազատագրական շարժումներ» (անգլ.՝ «Liberation Movements») երկում Բրանոյի ու Գավրայի զրույցում հիշատակվում է Գուրգեն Յանիկյանը.
– Ո՞վ է Գուրգեն Յանիկյանը,– հարցրեց Գավրան։ – Ամերիկայի քաղաքացի հայկական արմատներով։ Երկու տարի առաջ նա հրավիրեց Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և հյուպատոսին ճաշելու Բալտիմոր հյուրանոցում, Սանտա Բարբարայում, Կալիֆորնիա։ Նա կրակել է նրանց երկուսի վրա «Լյուգերից»։ Սպանել է նրանց[33]։ |
2009 թվականի ապրիլին Գլենդելում (Կալիֆոռնիա նահանգ), բեմադրվել է «Ի պաշտպանություն ինձ» (անգլ.՝ «In My Defense») պիեսը՝ նվիրված Յանիկյանի կյանքին ու պայքարին, որը գրել է Ջեք Էմերին BBC-ի համար[34]։
Գրքեր
Անգլերեն
- The Triumph of Judas Iscariot, Los Angeles։ Research Publ. Co., 1950, 254 p.
- Harem Cross։ A Novel of the Near-East, New York։ Exposition, 1953, 223 p.
- The Resurrected Christ։ A Novel, New York։ Exposition, 1955, 141 p.
- The Voice of an American, 1960, Society for the Science of Living; 147 p., ASIN։ B0007FZ3L4
- Mirror in the Darkness, 1966, with Helen Rettig, New York։ Exposition, 1966, 197 p.
Հայերեն
- «Նպատակ և ճշմարտություն» (հուշեր բանտից), Երևան, Տիգրան Մեծի հր., 1999
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Imprisoned Armenian Dies», The New York Times, March 1, 1984.
- ↑ admin (2015 թ․ հունվարի 26). «Gourgen Yanikian – the spiritual founder of ASALA». ANIARC. ANIARC. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Bobelian, Michael. Children of Armenia: A Forgotten Genocide and the Century-long Struggle for Justice. New York: Simon & Schuster, 2009, pp. 3–4.
- ↑ Bobelian. Children of Armenia, pp. 4–6.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Armenian Guilty of Killing Turks», The New York Times, July 3, 1973.
- ↑ 9,0 9,1 9,2 «Armenian Held in Coast Slaying of Two Turks», The New York Times, July 29, 1973.
- ↑ Kalaydjian, Tigran. Sentinel of Truth: Gourgen Yanikian and the Struggle Against the Denial of the Armenian Genocide. SBPRA (2012). 978-1-62212-995-9 p. 25.
- ↑ Trial Transcripts Yanikian's testimony
- ↑ J. C. Adlam, M. E. MacGlashan. Iran-U.S. Claims Tribunal Reports, Volume 8. Cambridge University Press, 1987. 0521464420, 9780521464420, pp 290–297
- ↑ Trial Transcripts Yanikian testimony
- ↑ Letters of Psychiatric Evaluations of Yanikian
- ↑ Bobelian. Children of Armenia, pp. 141–44.
- ↑ Bobelian. Children of Armenia, pp. 143–45.
- ↑ "UPI. Author Yanikian Refuses To Plea." Beaver County Times. February 27, 1973.
- ↑ 18,0 18,1 "Return of Painting Used as Lure in Consuls' Slayings, Police Say." Los Angeles Times. January 29, 1973.
- ↑ Bobelian. Children of Armenia, p. 146.
- ↑ Bobelian. Children of Armenia, p. 147.
- ↑ Bobelian. Children of Armenia, pp. 147–48.
- ↑ West, Richard. "Armenian Held in 2 Slayings Urged 'War' on Turk Envoys." Los Angeles Times. January 30, 1973
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 People v. Yanikian 39 Cal. App. 3d 366.
- ↑ 24,0 24,1 24,2 Minier, David D (April 2, 1998), «Murder Will Out? District Attorney Regrets Not Allowing Genocide Testimony at Murder Trial», The Independent.
- ↑ Bobelian. Children of Armenia, p. 156.
- ↑ Bobelian, Children of Armenia, p. 158.
- ↑ "Paroled Assassin of Two Turkish Diplomats Dies." Los Angeles Times, February 29, 1984.
- ↑ Gourgen Yanikian’s Remains to be Re-buried in Yerevan, Massis Post, 2019
- ↑ Der Mugurdechian, Barlow. "Across the Chasm: From Catastrophe to Creativity" in The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, ed. Richard G. Hovannisian. New Brunswick, NJ: Transaction Publishers, 2007, p. 72.
- ↑ 30,0 30,1 Rapoport, David C (2006), Terrorism, էջեր 44–5.
- ↑ Near East/South Asia Report, United States: Foreign Broadcast Information Service, Joint Publications Research Service, 1987, էջ 3.
- ↑ Masih, Joseph R; Krikorian, Robert O (1999), Armenia: At the Crossroads, Amsterdam: Harwood Academic Publishers, էջ xxxi.
- ↑ Steinhauer, Olen (2007), Liberation Movements, Macmillan, էջ 43.
- ↑ «Gourgen Yanikian: In My Defense, 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
Գրականություն
- Bobelian, Michael (2009), Children of Armenia: A Forgotten Genocide and the Century-long Struggle for Justice, Simon & Schuster, ISBN 978-1-4165-5725-8.
- Kalaydjian, Tigran (2012), Sentinel of Truth: Gourgen Yanikian and the Struggle Against the Denial of the Armenian Genocide, SBPRA, ISBN 978-1-62212-995-9.
Արտաքին հղումներ
- ԿՅԱՆՔԸ՝ ԿԻՆՈ․ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
- Կենսագրությունը և լուսանկարներ
- Հոդված «Ազգ» օրաթերթում Յանիկյանի մասին(չաշխատող հղում)
- People v Yanikian (Yanikian's trial)
- Historische Romane - XY, Books by Gourgen Yanikian
- Guide to Santa Barbara authors and publishers: Yanikian, Gourgen (1894–1984)
- Books by Yanikian at Amazon
|
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Էրզրում քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1984 մահեր
- Փետրվարի 29 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարագետներ այբբենական կարգով
- Անգլիագիր հայ արձակագիրներ
- Ամերիկահայ ճարտարագետներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- ՀԱՀԳԲ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Ռուսական կայսրությունում օսմանյան ներգաղթյալներ
- Հայալեզու գրողներ
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- Հայ ազգայնականներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Համիդյան ջարդերից փրկվածներ