Jump to content

Սևանա լճի պահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:11, 1 Հոկտեմբերի 2024 տարբերակ, 87.241.158.220 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանը տիեզերքից

Սևանա լճի պահպանություն, Հայաստանի բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը։

Հիմնախնդրի բացահայտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներին, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները։

Սկզբում հիմնախնդիրը քննարկվում էր՝ սոսկ ոռոգչական հնարավորություններից ելնելով, առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը։ 1910 թվականից, նոր հետազոտությունների արդյունքում, հիմնավորվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով։ Սևանա լճի պահպանությունը լոկ գյուղատնտեսական-ոռոգչականից վերածվեց համալիր ժողովրդատնտեսականի։

Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևանա լիճ

1920-ական թվականների ընթացքում ԽՍՀՄ ԳԱ բազմաճյուղ արշավախմբային հետազոտությունների արդյունքում մշակվեց լճի օգտագործման տեխնիկական նախագիծը, որը հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիր» անունով։

Նախատեսվում էր այն իրականացնել 2 փուլով։ Առաջին փուլում (տևելու էր 50 տարի) ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը (տարեկան ջրթողքը՝ 1200 միլիոն մ³)։ Լճի մակարդակն իջնելու էր 50 մ-ով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին)։

Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում էր լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռ՝ տարեկան 700 միլիոն մ³ արտահոսքով։

Ավարտվելու էր Հրազդան գետի վրա էլեկտրակայանների կասկադի և գետից սկիզբ առնող ոռոգիչ մայր ջրանցքների կառուցումը։ Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին առնվազն 100 հզ. հա-ով, հանրապետությունը ստանալու էր տարեկան ավելի քան 2 միլիարդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։

Այդ ամենով հանդերձ, ուրվագծվում էին բնական միջավայրի համար սխեմայի իրականացման հնարավոր բացասական հետևանքները։ Լճի բնական ռեժիմի էական փոփոխությունը հանգեցրել էր լճի և նրա ջրհավաք ավազանի հազարամյակներով հաստատված ֆիզիկաաշխարհագրական երևույթների՝ էկոլոգիական հավասարակշռության լուրջ խախտման։

Հիմնախնդրի խոր և բազմակողմանի հետազոտության համար ստեղծվեց հատուկ, մշտապես գործող Անդրկովկասյան արշավախումբ՝ երկրաբան ակադեմիկոս Ֆ. Յու. Լևինգսոն-Լեսինգի ղեկավարությամբ, որը հարուստ նյութ տվեց կլիմայի, ջրաբանության, ջրային հաշվեկշռի, մակերևույթի ձևաչափության, լճի հատակային հողագրունտների, ավազանի հողային ու բուսական ծածկույթի, լճի մակարդակի իջեցման հետևանքով բնական միջավայրի հնարավոր փոփոխությունների մասին։

1962 թվականին ավարտվեց Հրազդանի ջրէկների կասկադի շինարարությունը։ Երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պակասը լրացվելու էր նոր կառուցվող ջէկերի միջոցով։ Հատուկ կարևորություն տրվեց Հայաստանը Անդրկովկասյան միասնական էներգահամակարգին միացնելուն։

Լճի փրկմանն ուղղված միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևանավանքը Սևանա լճի ափին

Լճի էկոլոգիական վիճակը վատթարանում էր ավելի արագ, քան ենթադրվում էր։ Լիճը, մոտ 10 տարվա ընթացքում, զրկվել էր ջրի պաշարների 40%-ից, առավելագույն խորությունը չէր անցնում 80 մ-ից (նախկինում 99 մ էր)։ Ջրի շերտի նվազման բացասական հետևանքներն ակնառու են հատկապես Մեծ Սևանում։

Իրադրությունը պահանջում էր վերանայել հիմնախնդրի բովանդակությունը, գտնել նոր լուծումներ և «թեթևացնել Սևանի հոգսը»։

Լիճը փրկելու համար 1970-ական թվականներին որոշվեց դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը։ Նոր համալիր հետազոտություններով պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բարձրության վրա․ հայելու մակերեսը կպակասեր 190 կմ²-ով, ջրի ծավալը՝ 26.5 միլիարդ մ³-ով։

Դա նշանակում էր, որ Սևանն առաջին սխեմայով նախատեսված 700 միլիոն մ³-ի փոխարեն կկարողանար տալ ընդամենը 170 միլիոն մ³ ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատարածությունների ոռոգումը։

Սևանի հիմնախնդրի բաղադրիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևանա լիճը Երևան-Թբիլիսի ճանապարհից

Սևանի հիմնախնդիրը նրա 3 բաղադրիչներով՝ ճարտարագիտատեխնիկական, տնտեսական և բնապահպանական, նոր բովանդակություն էր ստանում։ Ճարտարագիտատեխնիկական բաղադրիչն իր լուծումը գտավ հիմնականում Որոտան-Արփա-Սևան ստորգետնյա ջրատարի (լճի ջրային պաշարն ավելանում էր 415 միլիոն մ³-ով), Արարատյան արտեզյան ավազանից սնվող Արևշատի, Մխչյանի ու Ռանչպարի պոմպակայանների և մի շարք գետերի վրա կարգավորիչ ջրամբարների կառուցումով։ Տնտեսական բաղադրիչի լուծումը հենվեց ջերմաէլեկտրաէներգետիկայի զարգացման վրա (Երևանի, Հրազդանի, Վանաձորի ջէկեր)։

Շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ է Սևանի հիմնախնդրի բնապահպանական բաղադրիչը: Այն ներառում է աշխարհագրական թաղանթի ոլորտների՝ քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի փոխազդեցության և մարդ-բնություն փոխհարաբերությունների բոլոր կողմերը և բնական միջավայրի որակի պահպանման ու բարելավման համար կենսական նշանակության համալիր հիմնախնդիր է։

Սևանա լճի հիմնախնդրի կարգավորումն օրենքով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևանա լիճ

Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001

Սևանա լճի պահպանման հարցերով է զբաղվում նաև Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը։

Լճի պահպանումն այժմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Սևան ազգային պարկում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ու պահպանման, բնական պաշարների վերականգման և օգտագործման միջոցառումների համալիր ծրագիր, որն ընդգրկում է նորմատիվ հենքի ու կառավարման համակարգի, ինչպես և լճի ջրհավաք ավազանի բնօգտագործման կատարելագործման միջոցառումներ, որոնց իրականացումը կապահովի լճի մակարդակի բարձրացումը (մինչև 6 մ-ով), լճի մաքրությունը, կենսաբազմազանությունը, բնապահպանական գործունեությունը, ռեկրեացիոն ներուժի արդյունավետ օգտագործումը։ Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։ Սևանի պահպանությունը և բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համազգային հիմնախնդիր է։

Ջրի որակի վերահսկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն պաշտոնապես հրապարակված վիճակագրական տվյալների 2017 թ. Սևանի ջրում հայտնաբերվել են քրոմի, վանադիումի, մագնեզիումի, սելենի, թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող քանակություններ[1]։

2017 թվականի մայիսին Սևանա լճի ջրի որակի ուսումնասիրությունների համար վերցվել են նմուշներ լճի մակերևույթից և տարբեր խորությամբ կտրվածքներից (17 դիտակետից 48 փորձանմուշ)։ Համաձայն ստացված տվյալների Սևանա լճի թթվածնային ռեժիմը եղել է բավարար լճի բնական կենսագործունեության համար՝ դիտվելով թույլատրելի նորմի սահմանում։ Սևանա լճից վերցված փորձանմուշներում, ըստ ձկնատնտեսական նորմերի գնահատման, ՍԹԿ-ն գերազանցել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ-ի, պղնձի, քրոմի, վանադիումի, մագնեզիումի և սելենի կոնցենտրացիաները։ ԹԿՊ5-ի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.2-1.4 անգամ, ԹՔՊ-ինը՝ 1.2-2.0 անգամ, պղնձինը՝ 1.3-7.3 անգամ, քրոմինը՝ 2.0-3.8 անգամ, վանադիումինը՝ 5.0-5.9 անգամ, մագնեզիումինը՝ 1.2 անգամ, սելենինը՝ 5.7-7.0 անգամ։ Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմաններում[2]։

Իսկ Սևանի ավազանի գերերում հայտնաբերվել են մի շարք վտանգավոր նյութեր[3]։ Մասնավորապես՝

  • Մասրիկ գետում՝ Ֆոսֆատ իոն, Կոբալտ, Վանադիում (5-րդ ջրի որակի ընդհանրական դաս, հաջորդներից առավել մտահոգիչ)
  • Վարդենիս գետում՝ Ֆոսֆատ իոն, ընդհանուր ֆոսֆոր, Ամոնիում իոն (4-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Գավառագետ գետում՝ Նիտրատ իոն, մոլիբդեն, երկաթ, ընդհանուր ֆոսֆոր, Ֆոսֆատ իոն, վանադիում (4-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Սոթք գետում՝ Նիտրատ, վանադիում, ալյումին, ծարիր (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Կարճաղբյուր գետում՝ Մոլիբդեն, վանադիում (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Մարտունի գետում՝ Ֆոսֆատ իոն (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Արգիճի գետում՝ Երկաթ (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Ծակքար գետում՝ Ֆոսֆատ իոն, մոլիբդեն, վանադիում, երկաթ (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)
  • Շողվագ գետում՝ Ֆոսֆաատ իոն, մոլիբդեն, վանադիում, երկաթ (3-րդ ջրի որակի ընդհանրական դաս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկում» (PDF). ՀՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2018թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ.
  2. «Տարեկան 2 0 1 7թ. ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (PDF).(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի գետերի ջրի որակը 2017թ» (PDF).(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։