Jump to content

Հայաստանի մանդատ (1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի մանդատ, 1920թվական, Ազգերի լիգայի սահմանած վարչական կառավարման (խնամակալության) համակարգ, որը պետք է տարածվեր նաև Հայաստանի վրա։ 1914-1918թվականներին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և Օսմանյան կայսրության պարտությունից հետո առաջ եկավ պարտված երկրների գաղութների և ենթակա ժողովուրդների ապագայի հարցը։

Փարիզի կոնֆերանս

Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին որոշումներից էր (1919 թվականի հունվար) Գերմանիային զրկել գաղութներից։ Բանաձևում նաև ասվում էր, որ դաշնակիցներն ու նրանց հետ կապված երկրները համաձայն են, որպեսզի Հայաստանը, Սիրիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբիան լիովին բաժանվեն Օսմանյան կայսրությունից, ընդսմին մատնանշվում էր, որ թուրքերը իրագործել են հայերի և այլ ենթակա ժողովուրդների սարսափելի կոտորած։ Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների թույլ զարգացած գերմանական գաղութները, համարվելով ինքնակառավարման անընդունակ տարածքներ, կարիք ունեին եվրոպական երկրների երկարամյա ղեկավարության։ Մյուս կողմից, Օսմանյան կայսրության որոշ ժողովուրդներ, ինչպես հայերն ու արաբները, զարգացման այն աստիճանի էին հասել, որ նրանց օգնությունը որպես անկախ ազգերի, կարող էր իրականացվել նրանց նկատմամբ մանդատ ընդունած երկրների օգնությամբ՝ մինչև որ նրանք կկարողանային գոյություն ունենալ ինքնուրույնաբար։ Դաշնակից տերությունները գտնում էին, որ Հայաստանի մանդատը կարող էր ընդունել ԱՄՆ-ը։

ԱՄՆ-ի հետաքրքրությունը

ԱՄՆՀայաստանով ու հայերով սկսել է հետաքրքրվել XIX դարում (Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայկական հարցըՀայերի 1894-1896 թվականների և հատկապես 1915 թվականի կոտորածներից հետո ԱՄՆ-ը մեծապես օգնեց վերապրած հայերին։ 1917 թվականին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը առանձնացրեց մարդկանց մի խումբ (հայտնի է «Հետաքննություն» անվամբ)՝ խաղաղություն հաստատելու համար հանձնարարականներ մշակելու նպատակով։ Իր զեկուցագրում խումբը խորհուրդ էր տալիս՝ Օսմանյան կայսրության ենթակա ժողովուրդներին ազատել հալածանքներից ու վատ կառավարումից, դա առնվազն ենթադրում էր ինքնավարություն հայերի համար ե խնամակալություն քաղաքակիրթ ազգերի կողմից Պաղեստինի, Սիրիայի, Միջագետքի և Արաբիայի նկատմամբ։

Վուդրո Վիլսոնի հանձնարարականը

Խմբի հանձնարարականները իրենց արտահայտությունը գտան պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի (1918 թվականի հունվար) խաղաղության հայտնի 14 կետերում և ամերիկյան պատվիրակությանը տրված նախնական դիրեկտիվներում (սեպտեմբեր), որտեղ նշվում էր, որ Հայաստանն ու Սիրիան պետք է գտնվեն այնպիսի պետության խնամակալության տակ, որը հարմար կլիներ ինչպես ներքին, այնպես և միջազգային տեսակետից և կերաշխավորեր նրանց «շուտափույթ ինքնավարություն տալը»։ 1919 թվականի սկզբին, Փարիզ ժամանելով, ամերիկյան պատվիրակությունը ստացավ իր մասնագետ խորհրդականների հանձնարարականը այն մասին, որ հայկական պետությունը պետք է տարածվի Կիլիկիայից, Անտիտավրոսի և Տավրոսի լեռներից մինչև սևծովյան ափերը՝ Տրապիզոնի երկայնքով, Կարսի և Երևանի հայկական արևելյան նահանգները և շրջակա բարձունքները հյուսիսում ու արլելքում։ Հայկական պետությունը պետք է օգտվեր մանդատը ստանձնած տերության պաշտպանությունից՝ Ազգերի լիգայի հսկողության ներքո։ ԱՄՆ-ի կոնգրեսը կարող էր թույլատրել մանդատի ընդունումը առաջին համաշխարհային պատերազմի վերջում՝ երկրռւմ ուժեղ հայամետ տրամադրությունների ազդեցության տակ, բայց պրեզիդենտ Վիլսոնը փոքր-ինչ հետաձգեց որոշումը՝ մինչև մանդատի վարչության մանրամասների համաձայնեցումը և Ազգերի լիգայի մասին պայմանագրի մեջ մտցնելը։ Վիլսոնի անվճռականության վրա ազդեց նաև սենատի հանրապետական մեծամասնության բացասական վերաբերմունքը մանդատի նկատմամբ։

Հարբորդի առաքելություն

1918 թվականին ամերիկյան երկու հանձնաժողովներ ուղարկվեցին Մերձավոր Արևելք՝ հանձնարարականներ մշակելու այդ աշխարհաշրջանի գործերի մեջ ԱՄՆ-ի ներքաշվելու նպատակահարմարության վերաբերյալ։ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը Կոստանդնուպոլսում, Պաղեստինում, Սիրիայում և Կիլիկիայում հանդիպումներ ունեցավ թուրքական, հայկական, արաբական, հրեական ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովը խորհուրդ տվեց առաջին հերթին ստեղծել հայկական աոանձին պետություն՝ ներառյալ Կիլիկիան։ Նա գտնում էր, որ Հայաստանի մանդատն ընդունող պետությունը պետք է ընդունի նաև Անատոլիայի և Կոստանդնուպոլսի մանդատը, որը կհեշտացներ հայրենադարձությունը, բնակչության փոխանակումը, Թուրքիայի հետ պետական պարտքի և տնտեսական զարգացման կարգավորումը։ ԱՄՆ-ը միակ տերությունն էր՝ անհրաժեշտ նյութ, ու բարոյական պաշարներով, որն ի վիճակի էր ստանձնել այդ պարտավորությունները։ Ամերիկյան զինվորական առաքելությունը գեներալ Տ. Հարբորդի գլխավորությամբ 1919 թվականի աշնանը ուղևորություն ձեռնարկեց Կիլիկիա, Անատոլիա և Հայաստանի Հանրապետություն։ Նա հարուստ նյութեր հավաքեց այդ աշխարհաշրջանի պաշարների ու հնարավորությունների վերաբերյալ և կրկնեց միևնույն փաստարկները հօգուտ Հայաստանի մանդատի։ Հարբորդի առաքելության նյութերը ներկայացվեցին պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին՝ մանդատը ստանձնելու թերի և դեմ փաստարկներով։ 1919 թվականի նոյեմբերին Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հ. Մորգենթաուն պաշտոն, առաջարկ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ եռակի մանդատի վերաբերյալ, որի նպատակն էր Թուրքիայի կողմից հայերի հետագա կոտորածի կանխումը։ Ամերիկյան շատ միսիոներներ և պաշտոնական անձինք պաշտպանեցին այդ ծրագիրը, բայց այն վճռաբար մերժեցին Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն և բոլոր հայերը։ Նրանք պնդում էին, որ Թուրքիայի հետ կապի որևէ ձև կնշանակեր բարենորոգումների ևս մի ծրագիր, որոնք բոլորն էլ ավարտվել են հայերի արյունահեղությամբ։ Նրանք պահանջում էին Հայաստանին ցուցաբերել ռազմական ու տնտեսական օգնություն, որը հնարավոր կդարձներ Արևմտյան Հայաստանի հետգրավումը։

Հայաստանի մանդատի վախճանը

Հայաստանի մանդատի ընդունման հնարավորությունը գնալով նվազում էր Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի հետաձգման համեմատ։ Սենատը շարունակում էր հրաժարվել վավերացնել Գերմանիայի հետ հաշտության պայմանագիրը, որն ընդգրկում էր նաև Ազգերի լիգայի մասին պայմանագիրը։ Նույն ժամանակ եվրոպական տերությունները 1920 թվականի փետրվար-ապրիլին թուրքական հաշտության պայմանագրի վերաբերյալ Լոնդոնի և Սան Ռեմոյի կոնֆերանսներում խիստ նվազեցրին ենթադրյալ հայկական պետության չափերը։ Կիլիկիան և արևմտյան երեք հայկական նահանգները (Սեբաստիա, Խարբերդ, Դիարբեքիր) դուրս մնացին այդ պետության սահմաններից։ Ոչինչ չարվեց նաև Հայաստանին անհրաժեշտ ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանար գրավել Սևրի հաշտության պայմանագրով վերջնականապես նրան տրված շրջանները։ Հակառակ կոնգրեսում իր կողմնակիցների խորհուրդներին ու փաստարկներին, նախագահ Վուդրո Վիլսոնը սենատից խնդրեց Հայաստանի մանդատն ընդունելու թույլտվություն։ Հայաստանի բարեկամները նախազգուշացնում էին, որ սենատի մերժումը թուրքական ազգայնականներին կխրախուսեր հակահայկական գործողությունների՝ առանց վախենալու ամերիկյան միջամտությունից։ 1920 թվականի հունիսի 1-ին սենատը մերժեց նախագահի առաջարկը և թաղեց մանդատի հարցը։ Հայաստանի մանդատը չընդունվեց դաշնակից տերությունների քաղաքական խաղերի և ԱՄՆ-ում օրավուր ուժեղացող եվրոպական գործերին չխառնվելու (իզոլյացիոնիզմ) տրամադրությունների պատճառով։ Թուրքերը ոչ միայն հիմնավորապես հաստատվեցին Արևմտյան Հայաստանում, այլև շուտով ներխուժեցին Հայաստանի Հանրապետություն և գրավեցին Արևելյան Հայաստանի կեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։