Jump to content

Համլետ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Լենսերի Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 19, 1955(1955-02-19) (69 տարեկան)
ԾննդավայրԽնածախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
ԱշխատավայրՀայաստանի ազգագրության թանգարան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1]
Պարգևներ և
մրցանակներ

Համլետ Լենսերի Պետրոսյան (1955, փետրվարի 19, Խնածախ, ԼՂՀ Ասկերանի շրջան), պատմաբան, հնագետ, մշակութաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012)։

Կենսագրություն

Համլետ Պետրոսյանը ծնվել է 1955 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Խնածախ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1972 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1972-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում` հնագիտություն մասնագիտացումով: 1978-1981 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ: 1984 թվականին «Գառնին 9-14-րդ դարերում. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 2004 թվականին «Խաչքարերի ծագումը, գործառույթը, իմաստաբանությունը. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 2012 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

Գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառներն են մերձավորարևելյան և հայ միջնադարյան մշակույթը և հնագիտությունը, ավանդական աշխարհընկալումը, ինքնությունը և պատկերագրությունը[2]:

Աշխատանքային գործունեություն

1978-1980 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում` որպես հնեազգագրության բաժնի վարիչ, 1981-2007 թվականներին՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտում` նախ որպես գիտաշխատող, 1988 թվականից` որպես ավագ գիտաշխատող: 2007 թվականի մարտից Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչն է[3]:

Որպես փորձագետ մասնակցել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի, Բաց հասարակության ինստիտուտի քսանից ավելի հետազոտական ծրագրերի: Աղքատության հաղթահարման ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակել է Աղքատության հաղթահարման մշակությաին համակարգը: «Հայաստան» հիմնադրամի հանձնարարությամբ կազմել է Մշակութային հուշարձանների համակարգչային շտեմարանի հայեցակարգն ու գործառական մեխանիզմները, ստեղծել և տնօրինում է www.khachkar.am, www.Tigranakert.am ինտերնետային կայքերը, ՀՀ և Արցախի խաչքարերի թվային շտեմարանը, ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ` Լեռնային Ղարաբաղի իսլամական հուշարձանների թվային շտեմարանը:

Հեղինակ է տասից ավելի մենագրությունների, հարյուր հիսունից ավելի հոդվածների և հրապարակումների, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտասահմանում[4]: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների (Թբիլիսի, Օդեսա, Սուխումի, Բերկլի, Վիտորիա, Հռոմ, Ժնև, Լոս-Անջելես, Նիկոսիա, Փարիզ, Ֆլորենցիա, Լիոն, Լյուբլյանա), 1998 թվականին գիտական հետազոտություն է անցկացրել Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ):

Անդամակցում է Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդին, Մշակութաբանության գծով գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհրդին:

Հանդիսանում է ԵՊՀ և Ֆլորենցիայի համալսարանի համատեղ «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» գիտական ծրագրի համաղեկավարը. «Ջուղայի գերեզմանոցի թվային հայրենադարձություն» ծրագրի (Սիդնեյի կաթոլիկ համալսարան) գիտական խորհրդատուն:

Հնագիտական պեղումներ

Մասնակցել է Դվինի, Արտաշատի, Գառնիի, Սպիտակի հնագիտական պեղումներին, ինքնուրույն պեղումներ է կատարել Սիսիանում, Աղիտուում, Աքորիում, Երնջատափում, Գեղարքունիքում, Լեռնային Ղարաբաղում: 2003 թվականից ղեկավարում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, որն ընդարձակածավալ պեղումներ է իրականացրել Շուշիում, Հանդաբերդում: Հայտնաբերել և պեղում է Արցախի Տիգրանակերտը[5][6]:

Պարգևներ

  • ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ
  • ԼՂՀ վարչապետի հուշամեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ նախագահի մրցանակ (2009, «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» (Երևան, Փրինթինֆո, 2008) գրքի համար)

Երկեր

  • Khachkar, Yerevan, Zangak, 2015.
  • Хачкар, Ереван, Зангак, 2015.
  • Խաչքար, Երևան, Զանգակ, 2015[7]:
  • Հանդաբերդի վանքը և նրա պեղումները (համահեղինակ Լ. Կիրակոսյան, Վ. Սաֆարյան) Երևան, 2009:
  • Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ (համահեղինակ Լ. Կիրակոսյան), Երևան, 2009:
  • Armenia in the Cultural Context of East and West. Ceramics and Glass (4th-14th centuries, co-authors Kalantaryan A., Melkonyan H., etc.), Yerevan, 2009.
  • Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008:
  • Պատմություններ աղքատության մասին (համահեղինակներ Հ. Խառատյան, Հ. Պիկիչյան և ուր.), Երևան, հ. 1, 2001, հ. 2, 2007։
  • Հին Հայաստանի ոսկին (համահեղինակներ Ա. Քալանթարյան, Պ. Ավետիսյան և ուր.), Երևան, 2007:
  • Գինին հայ ավանդական մշակույթում (համահեղինակներ Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան և ուր.), Երևան, 2005։
  • Armenian Folk Arts, Culture and Identity (coauthors L. Abrahamian, H. Marutyan etc.), Bloomington and Indianapolis, Indiana Univ. Press, 2001.
  • Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988։

Ծանոթագրություններ

  1. Deutsche Nationalbibliothek Record #103581731 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Համլետ Լենսերի Պետրոսյան». ysu.am. Վերցված է 2016-10-07-ին.
  4. «Hamlet L. Petrosyan | Yerevan State University - Academia.edu». yerevan.academia.edu. Վերցված է 2016-10-07-ին.
  5. «Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտը եզակի հուշարձան է». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016-10-07-ին.
  6. «Տիգրանակերտը քաղաքային կենցաղ է ունեցել.Համլետ Պետրոսյան». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2016-10-07-ին.
  7. «Khachkar.am». khachkar.am. Վերցված է 2016-10-07-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են