Jump to content

Տիգրանակերտ (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Արցախի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տիգրանակերտ (այլ կիրառումներ)։
Բնակավայր
Տիգրանակերտ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՀամայնքԱղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtigranakert.am(հայ.)
Տիգրանակերտ (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տիգրանակերտ (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Տիգրանակերտի պեղված միջնաբերդը (հատված)
Տիգրանակերտի բազիլիկ եկեղեցու շուրջ թաղամասի համայնապատկեր

Տիգրանակերտ, պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հարավ-արևելքում, Վանքասար լեռան արևելյան թեք լանջին, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ 2020 թ․ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմաններով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից։

Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը

2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։

2010 թվականին Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում.

  • ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը,
  • երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները,
  • երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։ Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր[1]։

2011 թվականի պեղումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի պեղումներն իրականացվել են 60 օր՝ հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր։ Գտնվել են արորի խոփի երկաթե առաջամաս։ Հնագետները հայտնաբերել են նաև գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ։ Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։

Պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ։ Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]