Տրոեկուրովյան գերեզմանատուն (ռուս.՝ Троекуровское кладбище), այցելությունների համար բաց գերեզմանատուն Մոսկվայում, Նովոդևիչյան գերեզմանատան մասնաճյուղը։ Տեղակայված է Մոսկվայի արևմուտքում՝ Տրոեկուրովո նախկին գյուղի տարածքում՝ Ռյաբինովայա փողոց, 24 հասցեում։ Գյուղից պահպանվել են արհեստական լճակներն ու Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[1]։
Ստուգաբանություն
Գերեզմանատունն իր անունն ստացել է գյուղի անունից, որի տարածքում տեղակայված է։ Գյուղն իր հերթին կոչվել է Տրոեկուրով իշխանների անունով, որոնց պատկանել են այդ հողերը 17-18-րդ դարերում[2]։
Պատմութուն
Խորոշյովո գյուղը (այդպես է կոչվել տարածքը նախկինում) առաջին անգամ հիշատակվել է Իվան Ահեղի կտակում 1572 թվականին[3]։ Հայտնի է, որ այդ տարածքը պատկանել է նաև Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյին և Բորիս Գոդունովին[4]։
Գյուղի Տրոեկուրովո անունը ծագում է բոյարական ազգանունից։ Այդ տոհմից գյուղի առաջին տերը եղել է Իվան Ֆեոդորովիչը, որ ամուսնացած էր Իրինա Ռոմանովայի՝ Ֆիլարետ պատրիարքի քրոջ հետ[5]։ Հավանաբար մի որոշ ժամանակ գյուղը կոչվել է Խորոշյովո-Տրոեկուրովո[6]։ 1674 թվականի Խորոշյովը գյուղն անցել է Իվան Բորիսովիչ Տրոեկուրովին[7]։ 1699 թվականին նա սկսել է կառուցել Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[8]։ 1706-ական թվականներին նրա այրին՝ Անաստասիա Վասիլևնան, ավարտին է հասցրել առանձին աշխատանքներ[9]։
Տրոեկուրովների իշխանության տակ գյուղը գտնվել է մինչև 18-րդ դարի կեսերը[10], որից հետո դարձել է Սալտիկովների ընտանիքի սեփականությունը[11]։ Վերջիններս մինչև 1745 թվականը Տրոեկուրովոյում կառուցել են զանգակատուն, ստեղծել այգի, արհեստական լճակներ և կառուցել քարե կամարավոր կամուրջ[11]։ Նրանցից հետո այդ հողերը գտնվել են Պոտյոմկին-Տավրիչեսկիների տիրապետության տակ[12]։
Ռուսական հեղափոխությունից հետո Տրոեկուրովոյում ստեղծվել է կոլտնտեսություն[13]։ 1950-ական թվականների կեսերին նախկին գյուղի տարածքում սկսվել է բնակելի տների կառուցումը, իսկ 1960-ական թվականներին գյուղն ընդգրկվել է Մոսկվայի կազմում. ներկայում դա Խորոշյովո-Մնյովնիկի շրջանն է[4]։
Գերեզմանատան ստեղծում
Տրոեկուրովյան գերեզմանատունը հիմնադրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին և համարվել է հեղինակավոր. բանստեղծ Սենյոն Լիպկինը նշել է, որ այն ստեղծվել է որպես Նովոդևիչյան գերեզմանատան մասնաճյուղ[14]։ Գերեզմանատունն ստեղծվել է առաջին հերթին պետական ու քաղաքական ականավոր գործիչների համար[15][16]։
1962 թվականին գերեզմանի հիմնադրման ժամանակ նրա կազմում ներառվել է պուրակը, սակայն 1966 թվականին այն հանվել է որպես հանգստավայր օգտագործելու նպատակով, ինչի հետևանքով գերեզմանատան տարածքը 34 հեկտարից կրճատվել է մինչև 14 հա (ներկայում նրա տարածքը կազմում է շուրջ 21 հա)։ 1970-ական թվականներին քանդվել է տիրոջ տունը, իսկ ներկայում գյուղի շինություններից պահպանվում է միայն Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[1]։
2011 թվականին «Տրոեկուրովո» գյուղատեղի պահպանվող տարածքը, որում ներառված են նաև Կունցևսկի ու Ռուբլյովսկի գյուղական գերեղմանոցները, կրճատվել է երկու անգամ։ Ըստ նախնական հաշվարկների՝ այդ տարածքում կարելի է տեղավորել շուրջ հինգ հազար գերեզման[1][16]։
Նույն թվականին Մոսկվայի ճակատամարտի 70-ամյակի տոնման հանդիսության նախապատրաստման ու անցկացման կազմկոմիտեի կողմից առաջարկվել է գերեզմանատան տարածքում տեղադրել հուշակոթող[17]։
↑Давид Фельдман, Юрий Бит-Юнан Василий Гроссман. Литературная биография в историко-политическом контексте. — М: Неолит, 2016. — 248 с. — ISBN 978-5-9906768-4-8