Իրինա (բյուզանդական կայսրուհի)
Իրինա | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | մոտ 752[1][2][3][…] |
Ծննդավայր | Աթենք |
Վախճանի օր | օգոստոսի 9, 803[1][3][4] |
Վախճանի վայր | Լեսբոս[5] |
Թաղված | Սուրբ Առաքյալների եկեղեցի |
Դինաստիա | Իսավրյան դինաստիա |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ամուսին | Leo IV the Khazar?[5][6] |
Զավակներ | Konstantinos VI? |
Իրինա (հուն․՝ Ειρήνη, մոտ 752[1][2][3][…], Աթենք - օգոստոսի 9, 803[1][3][4], Լեսբոս[5]), Իսավրյան դինաստիայի բյուզանդական կայսրուհի՝ 797-802 թվականներին: Բյուզանդիայի պատմության մեջ միանձնյա իշխող առաջին կին տիրակալը[7]: 768 թվականին դարձել է Լևոն IV Խազար կայսեր կինը, նրա մահից հետո՝ 780 թվականին, իշխել է որպես ռեգենտ իր մանկահասակ որդու՝ Կոստանդին VI-ի օրոք: Երբ որդին մեծացել է և սկսել պահանջել ինքնուրույն իշխանություն, Իրինան կուրացրել է նրան՝ գրավելով ինքնակալ իշխանությունը: Այնուհանդերձ, դասվել է ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը՝ Նիկիայի երկրորդ ժողովում պատկերապաշտությունը վերականգնելու համար (բյուզանդական և հունական տարբեր օրացույցներով նրա հիշատակության օրը նշվում է օգոստոսի 7-ին և 9-ին)[7]:
Կենսագրություն
Ծագում
Ծնվել է մոտ 752 թվականին Աթենքում[к 1]: Լինելով որբ՝ դաստիարակվել է հորեղբոր՝ Կոստանդին Սարանտապեկոսայի ընտանիքում, որը հավանաբար տարածաշրջանի ստրատեգոսն էր: Թեև ապագա կայսրուհին ծագումով հույն ազնվական տոհմից էր, պատմաբանները կարծում են, որ նրա արտաքինն է ավելի շատ է նպաստել բյուզանդական կայսեր որոշման վրա ընտրել նրան որպես գահաժառանգի հարսնացու[8]: Միևնույն ժամանակ կարծում են, որ ամուսնությունը հույն կնոջ հետ կարող էր ամրապնդել Իսավրյան դինաստիայի դիրքերը երկրում[9]: Մեծանալով Աթենքում՝ Իրինան, ինչպես նշում է Շառլ Դիլը, բարեպաշտ էր և աչքի էր ընկնում ծայրահեղ խանդավառությամբ[10]:
Ամուսնությունը Լևոն IV-ի հետ
768 թվականին Բյուզանդիայի կայսր Կոստանդին V-ն իր գահաաժառանգ որդու՝ Լևոնի համար կին է ընտրում Իրինային:
Սեպտեմբերի 1-ին ինդիկտիոնի 8-ին Իրինան ուղևորվում է Աթենքից մետաքսով զարդարված արագաշարժ նավերով, և նրան դիմավորում էին ճանաչված քաղաքացիներն իրենց կանանց հետ: Սեպտեմբերի 3-ին Ֆարի տաճարում պալատ ժամանած պատրիարքի կողմից տեղի ունեցավ Իրինայի և Լևոնի նշանադրությունը, իսկ դեկտեմբերի 17-ին պալատական դահլիճում նա պսակվում է որպես թագուհի և գալով Սուրբ Ստեփանոսի աղոթատեղի` ամուսնանում է Լևոնի՝ Կոստանդինի որդու հետ: Ֆեոֆանի ժամանակագրությունը 6261 / 761 (768) թվական
Իրինան, լինելով պատկերապաշտ, պատկերամարտ սկեսրայրի իշխանության տարիներին թաքցնում էր իր համոզմունքները: Ամուսնությունից առաջ Կոստանդինի պահանջով երդվում է չպաշտել սրբապատկերները, ինչպես ընդունված էր Աթենքում[8]:
Լևոնի հետ ամուսնությունից 771 թվականի հունվարի 14-ին ծնվում է նրա միակ որդին՝ Կոստանդինը` Իսավրյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը:
775 թվականին Կոստանդին կայսեր մահից հետո իշխում է Լևոն IV-ը: Իրինան սկսում է ազդել ամուսնու վրա պատկերամարտության քաղաքականությունը մեղմելու համար: Ֆեոֆանը նշում է, որ Լևոնն իր թագավորության սկզբնական շրջանում «թվում էր բարեպաշտ և Աստվածածնին երկրպագող և մետրոպոլիտ էր ընտրում վանահայրերից»[11]:
Այդ ժամանակ Լևոնը կրում էր նախկինում հալածված պատկերապաշտների համակրանքը: 776 թվականին ժողովուրդը, գոհ լինելով ոչ միայն կայսեր կրոնական քաղաքականությունից, այլ նաև հարկայի բեռի թուլացումից, պահանջեց Լևոնից թագադրել իր մանկահասակ որդուն՝ Կոստանդինին[12]: Կայսրը համաձայնվեց, և Զատկի տոնին տեղի ունեցավ արարողությունը, որին մասնակից դարձավ նաև Իրինան:
…Զատկի կիրակի օրը ինդիկտիոնի 14-ին արշալույսին արքան պատրիարքի հետ դուրս եկավ հիպոդրոմ, բերեցին անտիմինսը և ժողովրդի ներկայությամբ պատրիարքը աղոթք կատարեց, իսկ արքան թագադրեց որդուն, հետո երկու արքաներ երկու կեսարների և երեք սրբազանների հետ ուղևորվեցին մեծ եկեղեցի: Արքաներից հետո գնում էր նաև Իրինա թագուհին, նրա առջևից տանում էին գայիսոնները: Ֆեոֆանի ժամանակագրությունը 6261 / 761 (768) թվական
Պատմաբան Ա. Վ. Քարտաշյովի կարծիքով դա Իրինայի հաղթական երթն էր. նա իր որդուն ապահովել էր կայսերական տիտղոսով: Սակայն Լևոնի եղբայրների նախանձի հետևանքով վատանում են հարաբերություներն ամուսնու հետ, որը կրկին անցնում է պատկերամարտների կողմը[13]: Իրինան վերջնականապես շնորհազրկվեց 780 թվականին, երբ Լևոնը նրա ննջասենյակում գտավ երկու սրբապատկեր, որոնք թաքցրել էր բարձի տակ[14]: Բյուզանդացի պատմիչ Գեորգի Կեդրինը այս պատմությունը պատմել է 300 տարի անց, երբ սրբապատկերների պաշտամունքը վերականգնվել էր արդեն, ուստի պատմության հավաստիությունը կասկածելի է[9]: Շնորհազրկումից Իրինային փրկում է ամուսնու մահը: 780 թվականի սեպտեմբերի 8-ին Լևոն IV կայսրը մահանում է: Նրա մահվան մասին առասպել է հյուսվում. «Լինելով թանկարժեք քարերի սիրահար՝ նա եկեղեցուց գողանում է պսակ և կրում: Թարախուռուցքը պատում է նրա գլուխը, նա ծանր հիվանդանում է և մահանում իր թագավորության հինգերորդ տարում»[15]:
Մի տեսակետի համաձայն մահվան պատճառը եղել է դիաթույնը Հերակլ կայսեր թագից, որը Լևոնի հրամանով հանվել էր գերեզմանից: Բայց շատ պատմաբաններ այն տեսակետին են, որ Լևոնին թունավորել է Իրինան[16]:
Ռեգենտության ժամանակաշրջան
Ամուսնու մահից հետո Իրինան հայտարարվում է 9-ամյա որդու՝ Կոստանդին VI-ի ռեգենտը: Խնամակալության 40-րդ օրը պատկերամարտների կողմնակիցները Լևոն կայսեր հինգ եղբայրների գլխավորությամբ հեղաշրջում էին կազմակերպել՝ նպատակ ունենալով գահ բարձրացնել Նիկիֆորին՝ եղբայրներից ավագին[17]: Դավադրությունը բացահայտվեց, հիմնական մասնակիցները ձերբակալվեցին և աքսորվեցին: Լևոնի եղբայրները կուսակրոնություն ընդունեցին և ձեռնադրվեցին հոգևորականներ: 780 թվականի դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնին, Իրիան ստիպեց նրան ծիսակարգ կատարել Սուրբ Սոֆիայի տաճարում ժողովրդի առջև, որպեսզի զրկի գահի նկատմամաբ հավակնություններից: Ըստ Ֆեոֆանի՝ այդ օրը Իրինան տաճար է վերադարձնում թագը, որը դուրս էր բերել ամուսինը[18]: Սիցիլիայում դավադիրներին է հարում նաև ստրատեգ Ելպիդիոսը, որին ճնշելու համար Իրինան ստիպված է լինում 781 թվականին նավատորմ ուղարկել[19]:
Իրինան սկսում է բացահայտ պաշտպանել պատկերապաշտներին. աքսորից վերադառնում են վանականները, հանդիսավորությամբ Քաղկեդոն են վերադարձվում Սուրբ Եվֆիմեի մասունքները: Սակայն Իրինայի կրոնական քաղաքականությունը չափավոր էր, քանզի նա վախենում էր, որ արաբների և բալկանյան սլավոնների հետ մղվող պատերազմի պայմաններում բանակն իր դեմ դուրս կգա, որի մեծամասնությունը պատկերամարտության կողմանկիցներն էին[20]:
781 թվականին Իրինան արաբների հետ կնքում է հաշտության պայմանագիր, հաջորդ տարի հաղթում է սլավոններին, իսկ 783 թվականին իր անչափահաս որդուն նշանում է Կարլոս Մեծի 8-ամյա դստեր՝ Ռոտրուդայի հետ[21]: Ա. Վ. Քարտաշյովի կարծիքով այդ քայլն ուղղված էր Արևմուտքի հետ կրոնական խաղաղության հասնելուն: Ռոտրուդան պետք է սովորեր հունարեն և ծանոթանար բյուզանդական սովորույթներին[9]: Ամրապնդելով իր իշխանությունը՝ Իրինան սկսեց ավարտին հասցնել պատկերապաշտությունը վերականգնելու իր գործը: 784 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Պետրոսը հեռացավ Սուրբ Ֆլորայի վանք և հրաժարվեց պատրիարքությունից[7]: Իրինայի դեսպաններին նա հայտնում է եկեղեցական ժողով գումարելու ցանկություն. «Եթե չլինի տիեզերական ժողով և չշտկվի սխալմունքը, դուք փրկություն չեք ունենա»[22]: Պետրոսի մահից հետո սրբապատկերների երկրպագության հարցը սկսվեց բացահայտ քննարկվել, և որոշվեց հրավիրել տիեզերական ժողով:
Յոթերորդ տիեզերական ժողով
Տիեզերական ժողով կազմակերպելու նպատակով Իրինան 784 թվականին անց է կացնում Կոստանդնուպոլսի նոր պատրիարքի ընտրություն: Կոստանդնուպոլսի Մանգավարյան պալատում թեկնածուների քննարկման ժամանակ պաշտպանվեց Տարասիոսը, որը սակայն հոգևորական չէր և զբաղեցնում էր կայսերական քարտուղարի պաշտոնը: Իրինան որպես պատրիարք ցանկանում էր տեսնել Տարասիոսին, վերջինս էլ պաշտպանում էր Տիեզերական ժողով գումարելու միտքը: Ընդդիմությունը դեմ էր տիեզերական ժողովի գումարմանը, քանզի 754 թվականի ժողովն արդեն ընդունել էր պատկերապաշտությունը քննադատող որոշում, սակայն պատկերամարտների ձայնը լսելի չեղավ մեծամասնության կողմից[23]:
Տարասիոսն արագ ստացավ նվիրապետական բոլոր աստիճանները և 784 թվականի դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնին օծվեց Կոստանդնուպոլսի պատրիարք՝ իշխելով 22 տարի[24]: Նորանշանակ պատրիարքը եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին ուղարկեց իր դավանանքը և հրավեր` մասնակցելու Տիեզերական ժողովին[25]: Հրավեր ուղարկվեց նաև Իրինայի և որդու՝ Կոստանդին կայսեր անունից: Հռոմ՝ Ադրիանոս պապի մոտ դեսպաններ ուղարկվեցին կայսեր և պատրիարքի կողմից՝ հրավիրելով նրան անձամբ մասնակցել սպասվելիք ժողովին:
Հռոմ ուղարկեց իր ուղերձը և դավանանքի գիրքը, որն ընդունվեց Ադրիանոս պապի կողմից: Գրել էր նաև թագուհին այդ նույն պապին և խնդրել ուղարկել իր այրերին ներկա լինելու ժողովին: Ֆեոֆանի Ժամանակագրություն, թվական 6277 / 777 (785)
785 թվականի հոկտեմբերի 27-ին ստացվեց Ադրիանոս պապի պատասխանը, որը կրճատումներով ընթերցվեց Ժողովի ժամանակ: Պոնտիֆիկը հայտարարեց, որ Ադրիանոսը համաձայն է ժողով անցկացնել մի շարք պայմաններով.
- 754 թվականի պատկերամարտ ժողովի որոշումների հանդիսավոր ժխտում պապի պատվիրակի ներկայությամբ
- Կայսրուհու, պատրիարքի և Սենատի կողմից տրված՝ պապական ներկայացուցչի անձեռնմխելիության գրավոր երաշխիք
- Հարավային Իտալիայի վերադարձը Հռոմի եկեղեցու իշխանության ներքո, որը տրվել էր Կոստանդնուպոլսի պատրիարքությանը Լևոն III կայսեր կողմից[к 2]:
- Կոստանդնուպոլսի պատրիարքի հրաժարումը «տիեզերական» տիտղոսից:
Իր նամակում պապը հաստատեց երկու պատվիրակ՝ Պետրոս քահանային և Պետրոս վանահորը, իսկ Իրինային և որդուն անվանեց նոր Կոստանդին և նոր Ելենա[26]:
Ժողովի բացումը նշանակված էր Կոստանդնուպոլսում 786 թվականի օգոստոսի 7-ին[27]: Մայրաքաղաք ժամանած պատկերամարտ-եպիսկոպոսները սկսեցին բանակցել իրենց համակրող զինվորականների հետ՝ նրանց աջակցությունը ստանալու նպատակով[28]: Օգոստոսի 6-ին Սուրբ Սոֆիայի տաճարի առջև ելույթ տեղի ունեցավ՝ պահանջով թույլ չտալ Ժողովի բացումը[27]: Իրինան չփոխեց նշանակված օրը, և օգոստոսի 7-ին Սուրբ Առաքյալների տաճարում Ժողովը տեղի ունեցավ: Երբ սկսել էին կարդալ սուրբ գրությունները, տաճար ներխուժեցին պատկերամարտների կողմնակից զինվորականները. «Թույլ չենք տա, որ դուք մերժեք Կոստանդին արքայի դավանանքը, թող հաստատուն լինի այն, ինչ նա սահմանել է իր իր ժողովում, մենք թույլ չենք տա, որ Աստծո տուն կուռքեր (այդպես նրանք անվանում էին սրբապատկերներին) դնեք: Իսկ եթե մեկը համարձակվի չենթարկվել Կոստանդինի ժողովի որոշումներին և մերժի նրա օրենքները, կմտցնի կուռքերը, ապա այս հողը կներկվի եպիսկոպոսների արյունով»:
Իրինային պաշտպանող եպիսկոպոսները, այլ ելք չունենալով, ցրվեցին[29]: Անհաջողության մատնվելով՝ Իրինան ձեռնամուխ եղավ նոր ժողովի հրավիրմանը: Արաբների դեմ մղվող պատերազմի պատրվակով արքունիքը տեղափոխվեց Թրակիա, իսկ պատկերամարտների կողմնակից զինվորականներն ուղարկվեցին Փոքր Ասիայի խորքերը (իբրև՝ արաբների դեմ), որտեղ վետերանները պաշտոնաթող արվեցին՝ առատորեն վարձատրվելով[30]: Կոստանդնուպոլիսը հանձնվեց նոր զորաջոկատների պաշտպանությանը՝ բերված Թրակիայից և Բյութանիայից, որտեղ պատկերամարտական գաղափարները լայն տարածում չէին գտել[9]: Ավարտելով նախապատրաստությունը՝ Իրինան չհամարձակվեց ժողովն անցկացնել մայրաքաղաքում և ընտրեց Նիկիան, որտեղ 325 թվականին տեղի էր ունեցել Առաջին տիեզերաժողովը[28]:
787թվականին Իրինան կրկին հրավեր ուղարկեց՝ խնդրելով մասնակցել Նիկիայի ժողովին: Պատվիրակության կազմը գրեթե անփոփոխ էր: Հռոմից եկել էին նույն պատվիրակները, Արևելքի երեք պատրիարքները, որոնք չէին կարողացել գալ արաբների դեմ մղվող պատերազմի պատճառով, ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին[31]: Մասնակիցների ընդհանուր թիվը 257-339 էր, իսկ ստորագրողներինը՝ 308[28]: Յոթերորդ տիեզերական ժողովը բացվեց սեպտեմբերի 24-ին և տևեց մեկ ամիս:
Իրինա կայսրուհին անձամբ չի եղել ժողովում, նրան ներկայացրել են Պետրոնան և շտաբի ղեկավար Հովհանը[32]: Անց է կացվել 8 նստաշրջան, որից միայն վերջինը տեղի է ունեցել 787 թվականի հոկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում` Իրինայի և որդու ներկայությամբ[33]: Ժողովն իր աշխատանքը սկսեց՝ պատկերամարտ-եպիսկոպոսների նկատմամաբ որոշում կայացնելով. նրանցից շատերին թույլատրվեց մասնակցել ժողովին՝ ստանալով նրանց հանրային զղջումը: Եվ միայն չորրորդ նստաշրջանի ժամանակ պապական պատվիրակի առաջարկով տաճար բերվեց սրբապատկերը[34]:
Ժողովի աշխատանքի արդյունքում որոշում ընդունվեց վերականգնել սրբապատկերների պաշտամունքը:
Կերպարին տրվող պատիվը բխում է նախակերպարից և սրբապատկերին երկրպագողը երկրպագում է նրա վրա պատկերված Երրորդությանը: Այդպիսին է սուրբ հայրերի ուսմունքը, այն է կաթոլիկ եկեղեցու ավանդույթը[35]:
Ժողովի փակումից հետո եպիսկոպոսները, Իրինայի կողմից մեծ նվերներ ստանալով, ցրվեցին[33]: Կայսրուհին հրամայեց տեղադրել Հիսուս Քրիստոսի պատկերը Քաղկոպրատիայի դարպասների վրա, Լևոն III Իսավրացու կողմից՝ 60 տարի առաջ կործանվածի փոխարեն[9]: Պատկերի վրա գրություն էր արված. «պատկեր, որը երբևէ տապալել էր Լևոն տիրակալը, կրկին դրել է այստեղ Իրինան »[к 3][36]:
Պայքար իշխանության համար
Իրինան, որը հարմարվել էր միանձնյա ղեկավարմանը խնամակալության շրջանում, չէր ցանկանում փոխանցել իշխանությունը չափահաս դարձած որդուն: Նա շարունակում էր վարվել նրա հետ ինչպես երեխայի: Որդին ապրում էր արքունի պալատից հեռու և չէր մասնակցում պետական գործերին[37]:
788 թվականին Կոստանդինի հարսանիքը Կարլոս Մեծի դստեր հետ ձախողվում է, թեև, ըստ Ֆեոֆանի, նա համակրում էր հարսնացուին[38]: Հարսանիքի հետաձգման պատճառը հայտնի չէ [к 4]: Ֆեոֆանը հայտնում է, որ նույն թվականին Իրինան զորք է ուղարկում Իտալիայի հյուսիս՝ ֆրանկների դեմ կռվելու, սակայն բյուզանդական բանակը պարտվում է[7]:
788 թվականին, ցանկանալով ամուսնացնել որդուն, Իրինան կազմակերպում է հարսանացուների ընտրություն: Վստահելի պաշտոնյաներ ուղարկվեցին երկրով մեկ կատարյալ հարսնացու գտնելու համար, որը պիտի համապատասխաներ որոշակի չափանիշների,ինչպիսիք էին հասակը, գլխի չափը, վերաբերմունքը սրբապատկերի նկատմամբ: 13 թեկնածուներից Իրինան ընտրեց Պաֆլագոնիայում բնակվող մի հայուհու՝ Մարիա Ամնիացուն` սուրբ Փիլարետոս Ողորմածի թոռնուհուն:
Թագուհին, խախտելով համաձայնությունը Ֆրանսիայի հետ, ուղարկեց Ֆեոֆանին և հարսնացու ընտրեց հայուհիների միջից Մարիա անունով Ամնիոսների տոհմից և ամուսնացրեց որդու՝ Կոստանդինի հետ, որը շատ տխուր էր, քանզի կապված էր Կարլոսի դստեր հետ, որի հետ նշանված էր, և նրա ամուսնությունը տեղի ունեցավ նոյեմբերին՝ ինդիկտիոնի 12-ին: Ֆեոֆանի Ժամանակագրություն, թվական 6281 / 781 (788)
789 թվականին Իրինայի դեմ դավադրություն կազմակերպվեց՝ իշխանությունը Կոստանտինին փոխանցելու նպատակով: Ըստ Ֆեոֆանի Կոստանդինը «խորհրդակցելով իր փոքրաթիվ համախոհների հետ, որոշում է ձերբակալել և աքսորել մորը Սիցիլիա և գրավել գահը»[39]: Դավադրությունը բացահայտվեց և Իրինան նախազգուշացնող դաժան միջոցների դիմեց. «Ձերբակալված դավադիրները ենթարկվեցին մամնական տանջանքների, ինքը՝ կայսրը նույնպես ենթարկվեց կտտանքների և որպես անհնազանդ զավակ` խստորեն պատժվեց մոր կողմից, մի քանի օր բանտարկվեց իր սենյակում»[40]: 790 թվականին Իրինան փորձեց հեռացնել որդուն իշխանությունից՝ ստիպելով զինվորներին երդվել, որ քանի նա ողջ է, նրանք թույլ չեն տա Կոստանդինին թագավորել: Բանակում դժգոհություն էր տիրում՝ պայմանավորված արաբների հետ անհաջող պատերազմներով: Երբ ստիպեցին երդվել Հայկական լեգեոնին 790 թվականի սեպտեմբերին, ծագեց խռովություն:
Զինվորները չհամաձայնվեցին երդվել, որ «չենք ճանաչում քո որդուն արքա, քանի դու ողջ ես», այլ պատասխանեցին. « մենք չենք դնի Իրինայի անունը Կոստանդինից առաջ, բայց Կոստանտինինը կդնենք Իրինայից առաջ»: Նա ուղարկեց զինակիր Ալեքսեյին և պահակախմբի հրամանատար Մուսելեմին ձերբակալել նրանց, սակայն նրանք ձերբակալեցին նրան և առաջարկեցին լինել իրենց հրամանատարը, իսկ Նիկիֆորին բանտարկեցին ՝ Կոստանդինին հռչակելով միակ թագավոր: Ֆեոֆանի ժամանակագրություն, թվական 6283 / 783 (790)
Իրինան, զրկվելով օգոստոսի տիտղոսից, ամրանում է Կոստանդնուպոլսի Էլևֆերյան պալատում 790 թվականի դեկտեմբերին[41]: Նրա անկումը երկար չիտևում: Կոստանդինը բուլղարների և արաբների դեմ մղած մի շարք անհաջողություններից հետո ազնվականների ազդեցությամբ որոշում է վերադարձնել մորը Օգոստոս տիտղոսը և թույլ է տալիս ապրել կայսերական պալատում 792 թվականին[42]: Վերականգնելով իր դիքերը՝ Իրինան ձգտում էր նախկին միանձնյա իշխանությանը և առաջիկա հինգ տարվա ընթացքում նա նախապատրաստում էր որդու անկումը, ժողովրդի, բանակի և եկեղեցու առջև նրա հեղինակազրկումը[43]:
792 թվականին բյուզանդական բանակը Կոստանտինի գլխավորությամբ պարտություն է կրում բուլղարներից Թրակիայի մոտ[44]: Ժողովուրդը և բանակը անհրաժեշտ էին համարում կայսր ընտրել Նիկիֆորին՝ Կոստանդինի հորեղբորը: Որպես նախազգուշացում՝ Կոստանդինը կուրացնում է Նիկիֆորին և հրամայում կտրել նրա եղբայների լեզուները[45]: Իրինայի առաջարկով կուրացվում է նաև Ալեքսեյ Մոսելեյոսը, որը 790 թվականին հեղաշրջում էր իրականացրել և շնորհազրկված էր Հայկական լեգիոնի հերթական խռովության պատճառով[9]: Իր դաժանության արդյունքում՝ Կոստանդինը վերջնականապես զիկվեց բանակի աջակցությունից: Բացի դրանից հայկական զորաջոկատները ապստամբություն են բարձրացնում, որը ճնշվում է զենքի ուժով[45]: Օգտվելով առիթից՝ արաբները առանց մարտի գրավում են մի շարք ամրոցներ:
Ֆեոֆանի կարծիքով Իրինայի՝ ոդուն հեղինակազրկելու գլխավոր քայլերից էր նրա սիրային կապի աջակցումը: Կոստանտինը, չսիրելով կնոջը, 795 թվականին ստիպում է Մարիային կուսանոց մտնել, իսկ ինքն ամուսնանում է Ֆեդոտայի հետ և, նույնիսկ,թագադրում է նրան (ինչին Մարիան չի արժանանում)[46]: Իրավիճակն առաջացրեց քիստոնյաների դժգոհությունը, Կոստանդինն աքսորեց վանականներին՝ առաջացնելով հասարկության դժգոհությունը[47]:
796 թվականին ծնվում է Կոստանդինի որդին, սակայն մահանում է: 797 թվականի հունիսի 17-ին մայրաքաղաքի ջոկատի հրամանատարները դուրս են գալիս արքայի դեմ, որին հաջողվում է փախուստի դիմել: Իրինան դիմում է կայսեր շրջապատի իր համախոհներին և ստիպում հանձնել որդուն: Դավադիրները օգոստոսի 15-ի վաղ առավոտյան բռնում են Կոստանդինին և տանում մայրաքաղաք, որտեղ Սրբազան պալատի ննջասենյակում, որտեղ ծնվել էր, դաժանորեն հանում են նրա աչքերը մոր հրամանով: Այսպիսով նրա մայրը դառնում է միանձնյա տիրակալ: Տապալված կայսեր հետագա ճակատագրի մասին տեղեկությունները հակասական են՝ կամ նա մահացել ՝ խռովության ժամանակ, կամ՝ մնացել է տնային կալանքի մեջ և մահացել 802 թվականին[48]: Նրա կնոջը՝ Ֆեդոտային ուղարկում են վանք, որտեղ ծնվում է նրա որդին՝ Իրինայի թոռը[49]:
Միահեծան կայսրուհին
Իրինան դարձավ բյուզանդական գահի առաջին միահեծան կայսրուհին: Իր նովելներում նա իրեն մեծարում էր տղամարդու նման. «Իրինա՝ մեծ բասիլևս և հռոմեացիների միապետ», դրամների և դիմանկարների վրա պատկերվում էր կայսերական շքեղ հանդերձով[50]: Արևմուտքում չէին ճանաչում Իրինայի իրավունքը գահի նկատմամբ: Անանուն հեղինակը Բյուզանդիան անվանում է «կանացի կայսրություն»[51]:
Շքեղ հանդիսությունների հակված լինելով՝ Իրինան 799 թվականին կազմակերպում է հանդիսավոր շքերթ ժողովրդի առջև:
Սուրբ Զատկի երկրորդ օրը թագուհին վերադառնում էր Սուրբ Առաքյալների տաճարից ոսկեզօծ կառքի վրա, որը տանում էին չորս սպիտակ ձիերի վրա հեծած պատրիկերը: Թագուհին առատորեն դրամ էր բաժանում ժողովրդին:
Ֆեոֆանի ժամանակագրություն, թվական 6291 / 791 (799)
Իշխանության գալով՝ Իրինան առատ ընծաներ է տալիս վանքերին, կրճատում է հարկերը, մաքսային տուրքերը, բացում է բարեգործական հաստատություններ աղքատների համար՝ դրանով վայելելով հպատակների սերը[52]: Թեոդոր Ստուդիտիոսը գովեստով էր գրում Իրինայի այս քաղաքականության մասին. «Աղքատները այլևս տանը չեն թաքնվում՝ վախենալով ծանր հարկերց»[53]: Շատ միջոցներ էր հատկացվում վանքերին. կառուցվում էին նորերը, վերանորոգվում քանդվածները[54]:
Պալատականները, հասկանալով, որ Իրինայի մահից հետո գահի անմիջական ժառանգորդ չկա, սկսեցին իշխանության համար դավեր լարել. «Թագուհու մտերիմ երկու պատրիկներ՝ Ստավրակիոսը և Աեցիոսը, իրար դեմ դուրս եկան՝ երկուսն էլ նպատակ ունենալով թագուհու մահից հետո իշխանություըն տալ իրենց մերձավորնեին»[55]: Պալատականների պայքարը սրվեց 799 թվականին, երբ Իրինան հիվանդացավ, «գրեթե մահամերձ էր»[56] և հետո երկար ապաքինվում էր[57]:
Հռոմեական եկեղեցին որոշում է չընդունել Իրինային որպես կայսրության օրինական տիրակալ, և հնարավոր եղավ կայսերական տիտղոսը փոխանցել Արևմուտք: 800 թվականին Կարլոս Մեծը Սուրբ Պետրոսի տաճարում թագադրվեց Լևոն III պապի կողմից և հռչակվեց կայսր: Կարլոսն իրեն համարում էր միասնական Հռոմեական կայսրության կայսր[58]:
Արևելքում Կարլոսի տիտղոսը չընդունեցին մինչև 811 թվականը, նրա թագադրումը համարվում էր օրինական տիրակալի դեմ ըմբոստության դրսևորում[59]: Արևմուտքում էլ չէին ընդունում Բյուզանդիայի տիրակալների կայսերական տիտղոսը: Իրինայի ժամանակակից ֆրանկ Թեգանը իր աշխատության մեջ բյուզանդական կայսրին անվանում է Կոստանդնուպոլսի իշխան, որն արտացոլում էր Արևմուտքի վերաբերմունքը կայսերական տիտղոսի նկատմամբ[60]:
Կարլոսը, ձգտելով հասնել իր տիտղոսի ճանաչմանը Բյուզանդիայի կողմից, որոշեց իր կարգավիճակն ամրապնդել Իրինայի հետ ամուսնությամբ՝ հասկանալով, որ կայսրուհու մահից հետո Արևելքում իր իրավունքներն անվիճելի կլինեն[61]: Կոստանդնուպոլիս ուղարկվեցին Պարլոսի և պապի դեսպանները՝ խնդրելու Իրինային «ամուսնանալ Կարլոսի հետ և դրանով միավորել արևելքն ու արևմուտքը»[62]: Ֆեոֆանի խոսքերով այդ միության դեմ դուրս եկավ Աեցիոսը, որը վարում էր կայսրության գործերը Ստավրակիոսի մահից հետո: Նա մտադիր էր Իրինայի մահից հետո կայսր հռչակել իր եղբորը[62]: Իրինան դեմ չէր այդ ամուսնությանը, սակայն Կարլոսի ծրագրերը չիրականացան պետական հեղաշրջման հետևանքով, որի արդյունքում Իրինան գահընկեց արվեց հենց այն ժամանակ, երբ ֆրանկ դեսպանները Կոստանդնուպոլսում էին[63]:
Թագազրկում և մահ
Իրինան գահընկեց արվեց 802 թվականի հոկտեմբերի 31-ին Նիկիֆորի կազմակերպած դավադրության արդյունքում, որը պատասխանատու էր կայսրության ֆինանսների համար: Նա իր կողմը գրավեց զորահրամանատարներին ՝ լուր տարածելով այն մասին, որ Աեցիոսը ցանկանում է գրավել իշխանությունը, որին Իրինան դարձրել էր պետության երկրորդ դեմքը և որին չէին սիրում իր բռնապետության պատճառով[63]: Այնուհետև շրջապատելով պալատը՝ դավադիրները կայսր հռչակեցին Նիկիֆորին: Հաջորդ օրը Տարասիոս պատրիարքը Սուրբ Սոֆիայի տաճարում թագադրեց Նիկիֆորին:
Ֆեոֆանը փոխանցում է Իրինայի խոսքերն՝ ուղղված բռնապետին. «Հաճախ էին ինձ լուրեր հասնում քո նպատակների մասին, և իրադարձությունները ցույց տվեցին, որ դրանք ճիշտ էին: Դու գիտես, որ եթե ես դրանց հավատայի, քեզ կարող էի անարգել սպանել: Բայց հավատալով քո երդումներին և խնայելով քո համախոհներին, ես մեղք գործեցի Աստծո առջև...»[64]:
Նոր կայսր Նիկիֆորը խոստանում է պահպանել Իրինայի արտոնություններն ու Էլևֆերյան պալատը, բայց ավելի ուշ, ստանալով կայսերական գանձարանը, որոշեց աքսորել կայսրուհուն մայրաքաղաքից Մարմարա ծովի կղզիներից մեկը: Հետո վախենալով, որ ժողովուրդը նրան հետ կբերի՝ Իրինային ուղարկեցին ավելի հեռու՝ Լեսբոս կղզի հսկողության ներքո: Աքսորի մեջ գտնվելով՝ Իրինան զղջում է իր մեղքերի համար և իր որդու հիշատակին ծառ է տնկում և ջրում իր արցունքներով[7]: Իրինային է վերագրվում նաևԱստվածամոր վանքի հիմնումը Լեսբոս կղզում[7]:
Նիկիֆորը, լինելով չափավոր պատկերամարտ, չէր վարում Իրինայի վերականգնած պատկերապաշտության դեմ ուղղված քաղաքականություն: Այդ հարցի վերաբերյալ համեմատական հանգստությունը պահպանվեց մինչև Լևոն V Հայի իշխանության տարիները[65]: 803 թվականի օգոստոսի 9-ին Իրինան մահացավ: Նրա մարմինը տեղափոխվեց Իշխանաց կղզի իր հիմնած Սուրբ Նիկոլայի վանք[66]: 861-864 թվականներին մարմինը տեղափոխվեց Կոստանդնուպոլիս և թաղվեց մարմարե սարկոֆագում Սուրբ Առաքյալների եկեղեցում[7]: Իրինա կայսրուհու մահից հետո 807 թվականին, ինչպես հաղորդում է Ֆեոֆանը, նրա բարեկամուհի Ֆեոֆանոն ընտրվում է Նիկիֆոր I կայսեր որդու հարսնացու[67]:
Սկզբնաղբյուրներ և անձի գնահատում
Իրինա կայսրուհու կյանքի մասին հիմնական սկզբնաղբյուրը համարվում է «Ժամանակագրությունը»՝ գրված նրա ժամանակակից վանահայր Ֆեոֆանի կողմից[7]: Հեղինակը, մասնակցելով Յոթերորդ տիեզերաժողովին և կիսելով Իրինայի հայացքները, հիմնականում դրական է արտահայտվել նրա մասին, կամ արդարացրել նրա դաժանությունը: Որդու հետ հակամարտությունը նա դիտարկում է որպես «չար մարդկանց» նախանձի արդյունք, որոնք տրամադրել են մորը որդու դեմ: Միայն Կոստանդինի կուրացման մասին հաղորդելիս Ֆեոֆանը դատապարտում է Իրինային և հայտնում, որ կայրին կուրացրել են մոր հրամանով և նույնիսկ «արևն է կորցրել իր ճառահգայթները թագավորին կուրացնելու համար»[68].
Բյուզանդական պատմիչները ավանում են Իրինային նոր Ելենա, որը պայքարել է հանուն ճշմարիտ հավատի[69]: Յուրահատուկ գովեստով է նրա մասին գրել Թեոդոր Ստուդիտիոսը՝ գովերգելով նրան՝ որպես ճշմարտության ջատագով[70]: Վանահայր Գեորգին (IX դար) հաղորդում է Իրինայի որդու կուրացման մասին՝ չհիշատակելով նրա մասնակցության մասին՝ դրանով պաշտպանելով այն ժամանակագիրներին, որոնք ձգտում էին մեղմել Իրինայի հանցանքը կատարվածում[71]: Սակայն, պատմիչները ընդգծում էին Իրինայի բնավորության հակադրությունները: Այսպես, Դորոփեյոս Մոնեմվասիյսկին գրում է. «Օ, հրաշք, մի կին երեխայի հետ վերականգնեց բարեպաշտությունը: Բայց ինքն էլ դարձավ մանկասպան»[72]: Միևնույն ժամանակ Ֆրիդրիխ Շլոսսերը գտնում է, որ Իրինան թեև կրոնապաշտ էր, բայց նրա համար«կրոնը ավելի շուտ միջոց էր, քան նպատակ»[72]:
Մահից հետո Իրինան դասվել է Ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը: Հայտնի է նաև XI դարի միակ ձեռագիրը Իրինայի վարքագրության տեքստով, Փիլարետ Ողորմածի վարքագրությունը[7]: Իրինայի կենսագրությունը տեղ է գտել նաև սրբազան Տարասիոսի՝ Կոստանդնուպոլսի պատրիարքի վարքագրության մեջ, որը ռուսաստանում հայտնի է Դմիտրի Ռոստովսկու շարադրմամբ: Վարքագրության մեջ Իրինան ներկայացված է որպես բարեպաշտության և ուղղափառության ջատագով, որն «ավելի սիրելով Աստծուն և Նրա ճշմարիտը, քան սեփական որդուն... հրամայում է կուրացնել նրան», իսկ գալով միանձնյա իշխանության «շտկեց այն ամենն, ինչ եղել էր որդու իշխանության ժամանակ»[73]:
Բոկկաչչոն նկարագրել է նրա կենսագրությունը իր «De mulieribus claris» ժողովածուի մեջ: Իրինան միակ բյուզանդացին է այնտեղ նկարագրված 106 կանանցից:
XX դարի պատմաբաններից Իրինայի մասին գրել է Ֆրանսիացի հեղինակ Շառլ Դիլը՝ Բյուզանդիայի պատմությանը նվիրված աշխատությունների շարքում: Նրա գործունեությունը Յոթերորդ տիեզերական ժողովի ժամանակ դիտարկվել է եկեղեցու պատմաբան Քարտաշյովի կողմից «Տիեզերական ժողովներ» աշխատության մեջ:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Ирина (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIII. — С. 317.
- ↑ Лев, византийские императоры (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVII. — С. 449—450.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Կաղապար:ПЭ
- ↑ 8,0 8,1 Диль, 2011, էջ 104
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Garland
- ↑ Диль, 2011, էջ 102-103
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6261 / 768 (772)
- ↑ Величко, 2010, էջ 101
- ↑ Карташёв, 2004, էջ 610
- ↑ Диль, 2011, էջ 105
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6272 / 772 (780)
- ↑ Карташёв, 2004, էջ 611
- ↑ Величко, 2010, էջ 108
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6273 / 773 (780)
- ↑ Величко, 2010, էջ 109
- ↑ Карташёв, 2004, էջ 612
- ↑ Величко, 2010, էջ 132
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6276 / 776 (784)
- ↑ Карташёв, 2004, էջ 613
- ↑ Величко, 2010, էջ 113
- ↑ Карташёв, 2004, էջ 614
- ↑ Карташёв, 2004, էջ 615-617
- ↑ 27,0 27,1 Карташёв, 2004, էջ 621
- ↑ 28,0 28,1 28,2 Կաղապար:Православная энциклопедия
- ↑ Величко, 2010, էջ 116
- ↑ Карташёв, 2004, էջ 622
- ↑ Карташёв, 2004, էջ 619
- ↑ Карташёв, 2004, էջ 623
- ↑ 33,0 33,1 Величко, 2010, էջ 127
- ↑ Карташёв, 2004, էջ 624
- ↑ Карташёв, 2004, էջ 632
- ↑ Карташёв, 2004, էջ 633-634
- ↑ Диль, 2011, էջ 116-117
- ↑ Диль, 2011, էջ 117
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6282 / 782 (789)
- ↑ Диль, 2011, էջ 118
- ↑ Величко, 2010, էջ 146
- ↑ Диль, 2011, էջ 119
- ↑ Диль, 2011, էջ 119-121
- ↑ Величко, 2010, էջ 147
- ↑ 45,0 45,1 Величко, 2010, էջ 148
- ↑ Карташёв, 2004, էջ 636
- ↑ Диль, 2011, էջ 124
- ↑ Величко, 2010, էջ 152
- ↑ Garland, сноска 61
- ↑ Диль, 2011, էջ 127
- ↑ Annales Laureshamenses / Hrsg. von H.G. Pertz // MGH SS. Bd. 1. Berlin, 1826. s. 19-39. Русск. перевод: см. 801 г. [1]
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6293 / 793 (800)
- ↑ PG, t. 99, col. 929
- ↑ Диль, 2011, էջ 127-128
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6290 / 790 (798)
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6291 / 791 (799)
- ↑ Величко, 2010, էջ 155
- ↑ Васильев, 2016, էջ 212
- ↑ Васильев, 2016, էջ 213
- ↑ Теган Деяния императора Людовика. — СПб.: Алетея, 2003. — ISBN 5-89329-603-6
- ↑ Васильев, 2016, էջ 214
- ↑ 62,0 62,1 Феофан Исповедник, 1884, год 6294 / 794 (802)
- ↑ 63,0 63,1 Величко, 2010, էջ 156
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6295 / 795 (802)
- ↑ Կաղապար:Православная энциклопедия
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6295 / 795 (803)
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6300 / 800 (807)
- ↑ Феофан Исповедник, 1884, год 6289 / 789 (797)
- ↑ Диль, 2011, էջ 132
- ↑ Величко, 2010, էջ 158-159
- ↑ Карташёв, 2004, էջ 639
- ↑ 72,0 72,1 Карташёв, 2004, էջ 640
- ↑ Димитрий Ростовский. Житие святого отца Тарасия, архиепископа Константинопольского
Գրականություն և սկզբնաղբյուրներ
Սկզբնաղբյուրներ
- Феофан Исповедник Летопись от Диоклетиана до царей Михаила и сына его Феофилакта. — М., 1884. — 1296 с.
Գրականություն
- Васильев А. А. История Византии от основания Константинополя до эпохи Крестовых походов. 324-1081 годы. — М.: ЛомоносовЪ, 2016. — 320 с. — ISBN 978-5-91678-310-0
- Величко А. М. История Византийских императоров. — М.: ФИВ, 2010. — Т. 3. — С. 101. — ISBN 978-5-91399-019-8
- Диль Ш. Византийские портреты. — М.: Издательство Сретенского монастыря, 2011. — С. 100-133. — ISBN 978-5-7533-0194-9
- Карташёв А. В. Вселенские соборы. — Клин: АТЛАС-ПРЕСС, 2004. — С. 609—633.
Արտաքին հղումներ
- Garland L. «Constantine VI (780—797 A.D.) and Irene (797—802 A.D.)». An Online Encyclopedia of Roman Emperors (անգլերեն). 2002.
- ↑ Дата рождения оценивается из того соображения, что её будущий муж Лев родился в 750 году. Она не могла быть старше его и не могла быть намного моложе, иначе вышла бы замуж в 768 году слишком юной.
- ↑ Ирина отказалась удовлетворить эту просьбу папы
- ↑ Надпись построена на игре слов Λέων — «лев», хищный зверь и Ειρήνη — «мир, спокойствие».
- ↑ Автор IX века Эйнхард в биографии Карла Великого заметил про отношение Карла к детям: «Дочерей своих, поскольку они были очень красивыми, он сильно любил и, представьте себе, ни одну из них не пожелал отдать в жены ни своим людям, ни чужеземцам; всех он удерживал дома, вплоть до своей смерти, говоря, что не может обойтись без их близости».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա (բյուզանդական կայսրուհի)» հոդվածին։ |
|