Վճարային քարտ
Վճարային քարտ (անգլ.՝ Payment cards), նույնականացման քարտ, վճարային համակարգի մաս կազմող գործիք՝ թողարկված ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են բանկերը։ Վճարային քարտը հաճախորդին (քարտապանին) հնարավորություն է տալիս մուտք գործել և ունենալ հասանելիություն իր բանկային հաշիվներին, կատարել էլեկտրոնային վճարումներ[1], փոխանցումներ, բանկոմատից կանխիկացումներ։ Այս քարտը հայտնի է նաև տարբեր անուններով, այդ թվում՝ բանկային քարտ, բանկոմատային քարտ, հաճախորդի քարտ կամ կանխիկի քարտ։
Վճարային քարտը կարող է լինել նաև որպես խելացի քարտ, որն ունի անհատական համար և պարունակում է անվտանգային որոշ տեղեկություններ, ինչպիսիք են վավերականության ժամկետը կամ հետևի մասում մագնիսական ժապավենը, որը թույլ է տալիս քարտի հասանելիություն՝ տարբեր ավտոմատացված մեքենաներով (բանկոմատներ, POS տերմինալներ)[2]։
Վճարային քարտերի առավել տարածված տեսակներն են՝ կրեդիտային և դեբետային քարտերը։ Դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին և իրենցից ներկայացնում են մմ x մմ x մմ չափսի պլաստիկ սմարթ-քարտեր՝ հիմնականում ռելիեֆային համարով։
Պատմություն
Պատմականորեն բանկային քարտերը ծառայել են նաև որպես երաշխավորված չեկ-քարտեր։
Առաջին բանկային քարտերը եղել են ավտոմատացված բանկոմատային քարտերը՝ թողարկված Լոնդոնի Բարկլեյս բանկի (Barclays) կողմից 1967 թվականին[3], և Նյու Յորքի Քեմիքալ բանկի (Chemical Bank) կողմից 1969 թվականին[4]։
1972 թվականին Լլոյդս բանկը (Lloyds Bank) առաջին անգամ թողարկեց բանկային քարտ՝ մագնիսական ժապավենով, որը անվտանգությունից ելնելով պարունակում էր անձնական նույնականացման կոդ (PIN)[5]:
Աթալլա տեխնոլոգիական ընկերությունը (Atalla Technovation, ներկայումս՝ Utimaco Atalla)՝ հիմնադրված 1972 թվականին Մուհամեդ Աթալլայի կողմից, 1973 թվականին օգտագործելով միկրոպրոցեսորային տեխնոլոգիա[6]՝ ներկայացրել է առաջին ապարատային անվտանգության մոդուլը (HSM)՝ քարտով վճարային գործարքների ապահովման համար[7]։ Աթալլա HSM մոդուլները ներկայումս էլ կիրառվում են վճարային քարտերի արտադրության ոլորտում[8], և մինչև 2013 թվականը օրական ապահովել են 250 միլիոն քարտային գործարքներ (տարեկան ավելի քան 90 միլիարդ գործարք)[7]։
Վճարային քարտի տարրեր
Ընդհանուր առմամբ, վճարային քարտը բաղկացած է հետևյալ տարրերից.
- թողարկող բանկի լոգո (տարբերանշան)
- EMV չիպ (ինտեգրալ սխեմա)
- հոլոգրաֆիկ նշան
- քարտի համար (բանկային համար, վճարային համար)
- վճարային համակարգի լոգո (էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող)
- վավերականության ժամկետ
- քարտատիրոջ անուն (քարտը օգտագործողի անունը, օրենքով՝ քարտի սեփականատերը բանկն է)։
Վճարային քարտի գործառույթներ
Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝
- ստանալ աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին,
- կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց մեծ քանակությամբ կանխիկ փող դրամապանակում ունենալու
- բանկոմատներից կամ առցանց հարթակների միջոցով կատարել կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքեր, տուգանքներ, հարկեր) վճարումներ,
- իրականացնել ինտերնետային առևտուր
- կատարել և ստանալ քարտից քարտ փոխանցումներ
- պարբերաբար ստանալ հաշվի քաղվածքներ և հետևել ֆինանսական վարքագծին (ինչ ծախսեր է կատարվել, որոնք կարելի է կրճատել և այլն)
- քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափել դրամական միջոցների կորստից
- շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն։
Քարտի գործածման ողջ ընթացքում դրա սեփականատերը քարտը թողարկող բանկն է[9]։
Վճարային քարտի տեսակներ
Գոյություն ունեն վճարային քարտերի մի շարք տեսակներ, որոնցից ամենատարածվածներն են վարկային քարտերը, դեբետային քարտերը և կանխավճարային քարտերը։ Հաճախ վճարային քարտը էլեկտրոնային եղանակով կապված է քարտապանին պատկանող բանկային հաշվի կամ հաշիվների հետ։
Վճարային քարտերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.
Ըստ քարտապանների
- ֆիզիկական անձ
- իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր
Ըստ նպատակայնության
- Դեբետային քարտ. օգնում է առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել ձեր բանկային հաշվին առկա սեփական միջոցները, այդ թվում՝ կանխիկացնել, գնումներ կատարել։ Հիմնականում տրամադրվում է այն ժամանակ, երբ ցանկանում եք օգտագործել ձեր աշխատավարձը կամ այլ սեփական միջոցները, որոնք մուտքագրվել են ձեր բանկային հաշվին։
- Վարկային քարտ (նաև կրեդիտային քարտ). նախատեսված է բանկի կողմից ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցները օգտագործելու՝ կանխիկացնելու, առևտուր կատարելու կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով։
- Հաշվարկային քարտ. միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները։ Օրինակ՝ դեբետային քարտով հնարավորություն է ընձեռվում նաև ստանալ վարկային գիծ (օվերդրաֆտ)։
Ըստ տեղեկատվության պահպանման (գրառման)
- Միկրոպրոցեսորային (չիպային) քարտ. այս քարտի հիմքում միկրոսխեմա է, որը թույլ է տալիս գրառել ավելի շատ տեղեկատվություն, քան մագնիսական ժապավենի վրա։ Տեղեկատվության տեսակները բազմաթիվ են, օրինակ՝ չիպի վրա միաժամանակ կարող է գրառվել տեղեկատվություն ձեր սոցիալական կարգավիճակի, ապահովագրական ծառայությունից օգտվելու իրավասության և անձին վերաբերող մի շարք այլ տվյալնեի մասին։ Սա առաջատար տեխնոլոգիայով քարտ է, որը կեղծելու և ապօրինի օգտագործելուց խուսափելու առումով ավելի անվտանգ է, քանի որ ավելի պաշտպանված է, քան մագնիսական ժապավենով քարտը։ Արդյունքում՝ ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են չիպային և մագնիսական ժապավենով համատեղ հիբրիդ քարտեր։
- Մագնիսական քարտ. պատված է մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով։
- Հիբրիդային քարտ. նախորդ երկուսի միավորումն է, երբ քարտի վրա առկա է և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։
- վիրտուալ։
Ըստ վճարային համակարգի
- «ԱրՔա» (ArCa) քարտ, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում
- «ՄաստերՔարտ» (MasterCard)
- «Վիզա» (Visa) քարտ
- «Ամերիքան Էքսպրեսս» (American Express) քարտ
ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից, և նշված վերջին երեք քարտերը կարող եք օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս։
Ըստ կիրառման միջավայրի
- Իրական միջավայրում կիրառվող
- վիրտուալ (ինտերնետ) միջավայրում կիրառվող, օգտագործվում է միայն էլեկտրոնային գնումներ կատարելու համար, որի դեպքում բանկը տրամադրում է առցանց հաշիվ ու քարտային տվյալներ։ Անհրաժեշտ է միայն դրանք գրանցել առցանց հարթակում և կատարել գնումներ։
Այլ տեսակներ
Հանդիպում են նաև բանկերի կողմից տրամադրվող այլ քարտեր՝ «Կանխավճարային նվեր քարտ», «Ուսանողական» և այլն։ Դրանք գործում են վերոնշյալ «ԱրՔա», «Վիզա» և «ՄաստերՔարտ» համակարգերում և, ըստ էության, դրանց ենթատեսակն են և սպառողին տալիս են այդ վճարային քարտի օգտագործման սահմանափակ հնարավորություններ։
Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաև այլ վճարային համակարգերի պատկանող քարտեր, օրինակ` American Express: Հայաստանում այլ վճարային քարտերի սպասարկումը շատ քիչ է տարածված։
PIN կոդ և գաղտնաբառ
PIN կոդը վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ։ Գաղտնաբառը ընտրվում է քարտային պայմանագիրը կնքելիս։
Գնումներ և կանխիկացում
Վճարային քարտերով այս տեսակի գործառնություններ կարելի է իրականացնել POS տերմինալների, բանկոմատների ու համակարգիչների միջոցով։
POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու։
POS տերմինալը հնարավորություն է տալիս գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես քարտը POS տերմինալին մոտեցնելով։ Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար)։
Ծանոթագրություններ
- ↑ About-Payments.com – Card Payments, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին, Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին
- ↑ Wonglimpiyara, Jarunee (2005 թ․ մարտի 1). Strategies of Competition in the Bank Card Business. Sussex Academic Press. էջ vi. ISBN 978-1903900550.
- ↑ Jarunee Wonglimpiyara, and by Chemical Bank in Long Island, New York, in 1969. Strategies of Competition in the Bank Card Business (2005), p. 1-3.
- ↑ Wonglimpiyara, 2007, էջ 1-3
- ↑ Wonglimpiyara, 2007, էջ 5
- ↑ «Four Products for On-Line Transactions Unveiled». Computerworld. IDG Enterprise. 10 (4): 3. 1976 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 7,0 7,1 Langford, Susan (2013). «ATM Cash-out Attacks» (PDF). Hewlett Packard Enterprise. Hewlett-Packard. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Turajski, Nathan (2018 թ․ հունվարի 17). «Stronger together – Voltage SecureData enabled with Atalla HSM protection». Micro Focus. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Քարտ». abcfinance.am.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վճարային քարտ» հոդվածին։ |
|