Ամինա Մոհամեդ
Ամինա Մոհամեդ | |
Կրթություն՝ | Օքսֆորդի համալսարան, Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ և Butere Girls High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 5, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կակամեգա, Քենիա |
Քաղաքացիություն | Քենիա |
Կայք՝ | aminamohamed.org |
Պարգևներ | |
Ամինա Մոհամեդ (անգլ.՝ Amina Mohamed, հոկտեմբերի 5, 1961, Կակամեգա, Քենիա), քենիացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Սպորտի, մշակույթի և ժառանգության նախարար՝ 2019 թվականի մարտի 2-ից։ Ավելի վաղ զբաղեցրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնը և ընդգրկված է եղել Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդի կազմում, եղել է գլխավոր քարտուղարի օգնականը և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ։ 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի փետրվար եղել է արտաքին գործերի նախարար, նախագահ Ուհուրու Քենիաթի վերընտրվելուց հետո՝ Քենիայի կրթության նախարար՝ 2018 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի մարտ[1][2][3]։
Վաղ տարիներ և կրթություն
Մոհամեդը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 5-ին, Բրիտանական Քենիայում, հովվի և բուժքրոջ ընտանիքում, երկու ծնողներն էլ սոմալեցիներ են։ Նա ընտանիքում եղել է ինն երեխաներից ութերորդը[4]։ Նրա ընտանիքը պատկանում է Դուլբահանտե Հարթի Դարոդի կլանին[5] և ծնունդով Խաթումոյի Հյուսիսային ինքնավար պետությունից է[6]։ Մոհամեդի մանկությունն անցել է Մալեմբայի, Կակամեգայի ոչ հարուստ տանը, ժամանակի մեծ մասը նա անցկացրել է Շերլոկ Հոլմսի և այլ դետեկտիվների մասին պատմություններ կարդալով։ Ավելի ուշ հետաքրքրվել է միջազգային հարաբերություններով[4]։
Մոհամեդը սովորել է Քակամեգայի քաղաքային տարրական դպրոցում, իսկ հետո՝ Բուտերի աղջիկների դպրոցում և լեռնաշխարհագրական ակադեմիայում։ Նրա մայրը հաստատակամորեն հավատում էր կրթության կարևորությանը և հաճախ հետաձգում էր իր պարապմունքները՝ դստեր ուսումը վերահսկելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո Մոհամեդը կրթաթոշակ է ստացել ԽՍՀՄ-ում՝ Կիևի համալսարանում սովորելու համար[4]։ Նա ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև Մոհամեդն ավարտել է Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների գծով ասպիրանտուրան։ ՄԱԿ-ի ուսումնական և գիտահետազոտական ինստիտուտի կրթաթոշակի շնորհիվ նա նաև անցել է միջազգային իրավունքի մի քանի դասընթացներ[7]։
Գործունեություն
Իրավաբանի աշխատանք Քենիայում
1985 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, Մոհամեդը որպես իրավաբան աշխատել է Քենիայի տեղական ինքնակառավարման նախարարությունում։ Նրա պարտականությունները ներառում էին Համաշխարհային բանկի նախագծերի գնահատումը և համայնքային ենթաօրենսդրական ակտերի փորձաքննությունը[4]։ 1986 թվականից մինչև 1990 թվականը Մոհամեդը Քենիայի արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է իրավական հարցերով խորհրդականի պաշտոնը, այնտեղ նա մշակել և քննարկել է տարբեր երկկողմ միջազգային պայմանագրեր[4][8]։ Դրանց թվում էր Երեխայի իրավունքների մասին Աֆրիկյան կոնվենցիան, ինչպես նաև ԱՄԷ-ի, Օմանի, Իրանի և Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ ավիափոխադրումների մասին համաձայնագիրը։ Մոհամեդն արտասահմանում աշխատանքի մի քանի առաջարկներ է ստացել, սակայն նա որոշել է չլքել հայրենիքը հոր հիվանդության պատճառով[4]։
1990-1993 թվականներին եղել է Քենիայի առաքելության իրավախորհրդատու Ժնևի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում[4][8]։ Այնտեղ նա աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի պաշտոնյաների հետ[4]։ Նա կարճ արձակուրդ է վերցրել, որպեսզի ուսումը շարունակի Մեծ Բրիտանիայում, այնուհետև Ժնևում վերադարձել է դիվանագիտական ծառայության։ 1997 թվականին Մոհամեդն աշխատանքի է անցել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Քենիական պատվիրակության իրավաբանական խորհրդական[8]։
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
2000-2006 թվականներին Մոհամեդն աշխատել է Ժնևում Քենիայի դիվանագիտական առաքելության դեսպան և մշտական ներկայացուցիչ։ Նա նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովում եղել է Աֆրիկյան խմբի նախագահ, համակարգող ու մամուլի քարտուղար, 2002 թվականին՝ զինաթափման խորհրդաժողովի նախագահ և Միգրացիայի միջազգային կազմակերպության առաջին կին նախագահը[4][8]։ Այդ ժամանակ Քենիան միակ աֆրիկյան երկիրն էր կազմակերպության կազմում։ Մոհամեդը համաձայնել է պաշտոնը ստանձնել միայն այն դեպքում, եթե կազմակերպությունն ավելի բաց դառնա աֆրիկյան երկրների համար[9]։
2003 թվականին նա գլխավորել է ԱՀԿ-ի առևտրային քաղաքականության վերանայման մարմինը, իսկ 2004 թվականին զբաղեցրել Է ԱՀԿ-ի վեճերի լուծման նախագահի պաշտոնը[8]։ 2005 թվականին Մոհամեդը դարձել Է ԱՀԿ գլխավոր խորհրդում առաջին կինը[4][10]։ Նա նաև ղեկավարել է արտաքին առևտրի և տնտեսության դեպարտամենտի ամրապնդման և վերակառուցման հարցերով կոմիտեն[8]։
2008-2011 թվականներին եղել է Քենիայի արդարադատության, ազգային միասնության և սահմանադրական հարցերի նախարարության մշտական քարտուղար։ Այդ պաշտոնում նա 2010 թվականին ղեկավարել է Քենիայի Սահմանադրության նոր խմբագրման աշխատանքները։ 2010-2011 թվականներին Մոհամեդը Վիեննայում եղել է անդրազգային հանցավորության հարցերով ՄԱԿ-ի համաժողովի նախագահ[8]։ 2011 թվականի հուլիսին նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական և շրջակա միջավայրի գծով գործադիր տնօրենի տեղակալ[9], ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ[10]։
Արտաքին գործերի նախարար
2013 թվականի ապրիլի 23-ին Մոհամեդը Քենիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել նախագահ Ուհուր Քենիատեին կից նոր կառավարությունում[11]։ 2013 թվականի մայիսի 20-ին նա երդվել է Սագանի նստավայրում[2]։
Business Daily Africa-ի հրապարակման համաձայն՝ «Քենիայում պանաֆրիկանիզմի դեմ կոշտ լոբբիստական և ագրեսիվ արշավը ուժ է ստացել Պարոն Քենիատայի և պարոն Ռուտոյի (Քենիայի փոխնախագահ) դեմ Միջազգային քրեական դատարանում գործերի տապալման պատճառով, մասամբ տիկին Մոհամեդի հմուտ դիվանագիտական մտքի շնորհիվ»[12]։ Նույն հրապարակման մեջ նշվել է, որ Մոհամեդը մինչև 2016 թվականի վերջը «լուրջ քննադատության է ենթարկվել Եթովպիայում քենիացի կալանավորների տառապանքների վերաբերյալ լռելու համար»։ Բացի այդ, 2016 թվականի դեկտեմբերին նա հայտարարել է, որ Քենիան աջակցում է «Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետության ինքնորոշման ձգտմանը և Աֆրիկյան միությանը նրա անդամակցությանը», ինչը հակամարտություն է առաջացրել Մարոկկոյի և արաբական այլ պետությունների հետ[12]։
Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան 2017 թվականին Մոհամեդին առաջադրել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի պաշտոնը[13]։ Չնայած Քենիայի կառավարության կողմից նրա թեկնածության աջակցությանը, Մոհամեդը մրցակցության մեջ զիջել է Չադի արտաքին գործերի նախարար Մուսսե Ֆակին[12]։ «Ուգանդան ցանկանում է կտրականապես հայտարարել, որ ընտրությունների ժամանակ Ամինայի թեկնածությանը մեր աջակցությունը ոչ երկիմաստ էր... Ուգանդան ցանկանում է հավաստիացնել Քենիայի կառավարությանը և ժողովրդին, և Ամինային, մասնավորապես, որ մենք հուսալի դաշնակից և գործընկեր ենք, հաշվի առնելով մեր ջերմ և սերտ հարաբերությունները և Ձեզ ինտեգրելու մեր հավատարմությունը»։ The Daily Nation-ը հայտարարել է, որ Բուրունդին և Ջիբութին նույնպես, հնարավոր է, չեն աջակցել Մոհամեդին, իր հերթին, Տանզանիան հերքել է իր անգործությունը[14]։
2017 թվականի ապրիլի վերջին նա մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ, ինչպիսիք են սենատոր Բոբ Քորքերը, Թոմաս Շենոնը և Կոնստանս Համիլթոնը։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել համագործակցել Քենիայի հետ՝ ի շահ երկու երկրների[15]։ 2017 թվականի մայիսի 9-ին Կայսերական պալատում նա արժանացել է Ճապոնիայի կառավարության կողմից Ծագող արևի շքանշանի՝ «Նայրոբիի և Տոկիոյի միջև տնտեսական կապերի խթանման համար»[16]։ Նա միակ աֆրիկավին էր, որ անձամբ ներկա էր միջոցառմանը. Այդ ժամանակ CNBC-ն գրել էր, որ Մոհամեդը «հայտնի է որպես գերազանց ստրատեգ՝ բանակցելու և կառավարելու փորձված հմտություններով»[9]։ 2017 թվականի մայիսի 20-ին հաղորդվել էր, որ Մոհամեդը Պեկինում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա հայտարարել է, որ հանդիպումը ազդանշան է համարում Քենիայի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հնարավոր վերականգնման համար[17]։
Կրթության նախարար
2018 թվականի հունվարի 26-ին Քենիայի նախագահը Ամինա Մուհամեդին նշանակել է կրթության նախարար[18]։ Նա խոստացել է շարունակել բարեփոխումները, որոնք սկսել է իր նախորդը՝ դոկտոր Ֆրեդ Մատիանգին[3]։ ԱԳՆ-ում նրան հաջորդել է նրա գլխավոր քարտուղար, դեսպան Մոնիկա Ջուման։ 2018 թվականի մայիսին Մոհամեդը սպառնացել է չեղարկել պետական քննությունների ընթացքում խախտումներին մասնակից դպրոցների գրանցումը[19]։ Նույն ամսին նա բուհերի մասին օրենքում փոփոխություն է առաջարկել, որը համալսարանի խորհրդի անդամներին թույլ կտա նշանակել երկրի նախագահին անմիջականորեն[20]։
Գործունեության գնահատում
Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի ընտրություններից հետո Business Daily Africa-ն Մոհամեդին բնորոշել է որպես լավ դիվանագետ։ Հրատարակության կարծիքով՝ միջազգային քրեական դատարանում նախագահ Ուհուրու Քենիատայի և փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյի արդարացումը մեծամասամբ նրա վաստակն է դարձել[12]։ CNBC-ն, իր հերթին, բարձր է գնահատել Մոհամեդին որպես ստրատեգ և կառավարիչ, ինչպես նաև նշել է բանակցությունների անցկացման վարպետությունը[9]։
Միաժամանակ Մոհամեդը քննադատել է Եթովպիայում ծայր առած միջէթնիկական դիմակայությունների ընթացքում քենիացիների ձերբակալությանը չարձագանքելու համար։ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի ընտրություններում Մոհամեդի թեկնածության հակառակորդները հայտարարել են, որ դրա միջոցով Քենիատան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Աֆրիկայում, մասնավորապես, կոչ անել զանգվածային դուրս գալ ՄՔԴ-ի իրավասությունից։ Արաբական երկրները, ի դեմս Մարոկոյի, դժգոհ են չճանաչված ՍԱԴՀ-ին Մոհամեդի բաց աջակցությունից[12]։
Անձնական կյանք
2002 թվականին Ամինան ամուսնացել է Խալիդ Ահմեդի հետ։ Նա ազատ խոսում է մի քանի լեզուներով, զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ Զույգը երկու հարազատ երեխա ունի, ինչպես նաև չորս որդեգրած երեխա[21]։ Նրա դուստրը՝ Ֆերյալ Նուրը, հանդիպում է Քենիայի նախագահի որդու՝ Մուհոհո Քենիատայի հետ[22]։
Մոհամեդը պոլիգլոտ է, բացի հարազատ սոմալիից, նա խոսում է նաև անգլերեն, ռուսերեն և սուահիլի լեզուներով, միջին մակարդակով տիրապետում է ֆրանսերենին[4][23]։
Ծանոթագրություններ
- ↑ «Education CS Mohamed admits hiccups in new syllabus books». standardmedia.co.ke.
- ↑ 2,0 2,1 «Amina Mohammed sworn-in as Foreign Affairs Secretary». The Star. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 Ouma Wanzala (2018 թ․ փետրվարի 14). «Amina Mohamed to carry on with education reforms».
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Aluanga, Lillian (2011 թ․ օգոստոսի 14). «From tiny schoolgirl to Unep big boss». Standard Digital. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Amina Mohamed». Puntland Observer. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Somali-Kenyan appointed to UN post (SSC origin)». Taleex Media Online. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «AMBASSADOR AMINA C. MOHAMED, CBS, CAV» (PDF). World Trade Organization. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «AMBASSADOR AMINA MOHAMED». Ministry of Foreign Affairs - Kenya. Ministry of Foreign Affairs of Kenya. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Kenya's AMB Amina Mohamed conferred one of Japan's highest honours», CNBC Africa, May 2017, Արխիվացված է օրիգինալից March 27, 2019-ին, Վերցված է May 20, 2017-ին
- ↑ 10,0 10,1 «Amina Mohamed of Kenya appointed as Deputy Executive Director of the UN Environment Programme». UNEP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Mayabi, Lordrick (2013 թ․ ապրիլի 23). «Cabinet: Uhuru picks four fresh faces». Capital News. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Kenya's Amina beaten to top AU post by Chadian rival», Business Daily Africa, January 30, 2017, Վերցված է May 19, 2017-ին
- ↑ «Kenya fronts CS Amina Mohamed for AU chair post». Daily Nation (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Uganda denies abandoning Amina Mohamed», Daily Nation, February 1, 2017, Վերցված է May 20, 2017-ին
- ↑ Mutambo, Aggrey (April 30, 2017), «Kenya: Do Not Sever Ties With Kenya — CS Pleads With US», Daily Nation, Վերցված է May 20, 2017-ին
- ↑ Mutambo, Aggrey (April 30, 2017), «Foreign Affairs boss Mohamed to receive award», Daily Nation, Վերցված է May 20, 2017-ին
- ↑ Mutambo, Aggrey (May 20, 2017), «Kenya: Why Uhuru Reached Out to Russian Counterpart Vladimir Putin», Daily Nation, Վերցված է May 20, 2017-ին
- ↑ Davis Ayega (2018 թ․ հունվարի 26). «Amina named Education CS as Monica Juma takes over at Foreign Affairs». capitalfm.co.ke.
- ↑ Jemimah Mueni (2018 թ․ մայիսի 30). «Schools involved in exam cheating to be deregistered – CS Amina». capitalfm.co.ke.
- ↑ Michael Musyoka (2018 թ․ մայիսի 30). «CS Amina Mohamed Proposes Ammendment of University Act». Kenyans.co.ke.
- ↑ «Meet the MYSTERIOUS husbands of some of Kenya's most well known women (photos)». tuko.co.ke.
- ↑ «PHOTOS of First Son Muhoho Kenyatta's HOT Girlfriend.. CS Amina Mohammed's Daughter». nairobiwire.com. 2016 թ․ հունվարի 5.
- ↑ «Meet Amina Mohamed, Kenya's Best Cabinet Minister». How Africa. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
Գրականություն
- Ousseina D. Alidou Muslim Women in Postcolonial Kenya: Leadership, Representation, and Social Change. — University of Wisconsin Pres, 2013. — С. 192. — ISBN 9780299294632