Jump to content

Ամինա Մոհամեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամինա Մոհամեդ
 
Կրթություն՝ Օքսֆորդի համալսարան, Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ և Butere Girls High School?
Մասնագիտություն՝ փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 5, 1961(1961-10-05) (63 տարեկան)
Ծննդավայր Կակամեգա, Քենիա
Քաղաքացիություն  Քենիա
 
Կայք՝ aminamohamed.org
 
Պարգևներ
Աճող արևի շքանշան և Knight of the Order of the Star of Italian Solidarity

Ամինա Մոհամեդ (անգլ.՝ Amina Mohamed, հոկտեմբերի 5, 1961(1961-10-05), Կակամեգա, Քենիա), քենիացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Սպորտի, մշակույթի և ժառանգության նախարար՝ 2019 թվականի մարտի 2-ից։ Ավելի վաղ զբաղեցրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնը և ընդգրկված է եղել Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդի կազմում, եղել է գլխավոր քարտուղարի օգնականը և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ։ 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի փետրվար եղել է արտաքին գործերի նախարար, նախագահ Ուհուրու Քենիաթի վերընտրվելուց հետո՝ Քենիայի կրթության նախարար՝ 2018 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի մարտ[1][2][3]։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 5-ին, Բրիտանական Քենիայում, հովվի և բուժքրոջ ընտանիքում, երկու ծնողներն էլ սոմալեցիներ են։ Նա ընտանիքում եղել է ինն երեխաներից ութերորդը[4]։ Նրա ընտանիքը պատկանում է Դուլբահանտե Հարթի Դարոդի կլանին[5] և ծնունդով Խաթումոյի Հյուսիսային ինքնավար պետությունից է[6]։ Մոհամեդի մանկությունն անցել է Մալեմբայի, Կակամեգայի ոչ հարուստ տանը, ժամանակի մեծ մասը նա անցկացրել է Շերլոկ Հոլմսի և այլ դետեկտիվների մասին պատմություններ կարդալով։ Ավելի ուշ հետաքրքրվել է միջազգային հարաբերություններով[4]։

Մոհամեդը սովորել է Քակամեգայի քաղաքային տարրական դպրոցում, իսկ հետո՝ Բուտերի աղջիկների դպրոցում և լեռնաշխարհագրական ակադեմիայում։ Նրա մայրը հաստատակամորեն հավատում էր կրթության կարևորությանը և հաճախ հետաձգում էր իր պարապմունքները՝ դստեր ուսումը վերահսկելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո Մոհամեդը կրթաթոշակ է ստացել ԽՍՀՄ-ում՝ Կիևի համալսարանում սովորելու համար[4]։ Նա ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև Մոհամեդն ավարտել է Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների գծով ասպիրանտուրան։ ՄԱԿ-ի ուսումնական և գիտահետազոտական ինստիտուտի կրթաթոշակի շնորհիվ նա նաև անցել է միջազգային իրավունքի մի քանի դասընթացներ[7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանի աշխատանք Քենիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, Մոհամեդը որպես իրավաբան աշխատել է Քենիայի տեղական ինքնակառավարման նախարարությունում։ Նրա պարտականությունները ներառում էին Համաշխարհային բանկի նախագծերի գնահատումը և համայնքային ենթաօրենսդրական ակտերի փորձաքննությունը[4]։ 1986 թվականից մինչև 1990 թվականը Մոհամեդը Քենիայի արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է իրավական հարցերով խորհրդականի պաշտոնը, այնտեղ նա մշակել և քննարկել է տարբեր երկկողմ միջազգային պայմանագրեր[4][8]։ Դրանց թվում էր Երեխայի իրավունքների մասին Աֆրիկյան կոնվենցիան, ինչպես նաև ԱՄԷ-ի, Օմանի, Իրանի և Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ ավիափոխադրումների մասին համաձայնագիրը։ Մոհամեդն արտասահմանում աշխատանքի մի քանի առաջարկներ է ստացել, սակայն նա որոշել է չլքել հայրենիքը հոր հիվանդության պատճառով[4]։

1990-1993 թվականներին եղել է Քենիայի առաքելության իրավախորհրդատու Ժնևի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում[4][8]։ Այնտեղ նա աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի պաշտոնյաների հետ[4]։ Նա կարճ արձակուրդ է վերցրել, որպեսզի ուսումը շարունակի Մեծ Բրիտանիայում, այնուհետև Ժնևում վերադարձել է դիվանագիտական ծառայության։ 1997 թվականին Մոհամեդն աշխատանքի է անցել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Քենիական պատվիրակության իրավաբանական խորհրդական[8]։

Աշխատանք միջազգային կազմակերպություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհամեդը ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում (2013 թվականի հունվարի 30-ին)

2000-2006 թվականներին Մոհամեդն աշխատել է Ժնևում Քենիայի դիվանագիտական առաքելության դեսպան և մշտական ներկայացուցիչ։ Նա նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովում եղել է Աֆրիկյան խմբի նախագահ, համակարգող ու մամուլի քարտուղար, 2002 թվականին՝ զինաթափման խորհրդաժողովի նախագահ և Միգրացիայի միջազգային կազմակերպության առաջին կին նախագահը[4][8]։ Այդ ժամանակ Քենիան միակ աֆրիկյան երկիրն էր կազմակերպության կազմում։ Մոհամեդը համաձայնել է պաշտոնը ստանձնել միայն այն դեպքում, եթե կազմակերպությունն ավելի բաց դառնա աֆրիկյան երկրների համար[9]։

2003 թվականին նա գլխավորել է ԱՀԿ-ի առևտրային քաղաքականության վերանայման մարմինը, իսկ 2004 թվականին զբաղեցրել Է ԱՀԿ-ի վեճերի լուծման նախագահի պաշտոնը[8]։ 2005 թվականին Մոհամեդը դարձել Է ԱՀԿ գլխավոր խորհրդում առաջին կինը[4][10]։ Նա նաև ղեկավարել է արտաքին առևտրի և տնտեսության դեպարտամենտի ամրապնդման և վերակառուցման հարցերով կոմիտեն[8]։

2008-2011 թվականներին եղել է Քենիայի արդարադատության, ազգային միասնության և սահմանադրական հարցերի նախարարության մշտական քարտուղար։ Այդ պաշտոնում նա 2010 թվականին ղեկավարել է Քենիայի Սահմանադրության նոր խմբագրման աշխատանքները։ 2010-2011 թվականներին Մոհամեդը Վիեննայում եղել է անդրազգային հանցավորության հարցերով ՄԱԿ-ի համաժողովի նախագահ[8]։ 2011 թվականի հուլիսին նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական և շրջակա միջավայրի գծով գործադիր տնօրենի տեղակալ[9], ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ[10]։

Արտաքին գործերի նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհամեդը Սեբաստիան Կուրցի հետ հանդիպմանը (2016 թվականի հոկտեմբեր)

2013 թվականի ապրիլի 23-ին Մոհամեդը Քենիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել նախագահ Ուհուր Քենիատեին կից նոր կառավարությունում[11]։ 2013 թվականի մայիսի 20-ին նա երդվել է Սագանի նստավայրում[2]։

Business Daily Africa-ի հրապարակման համաձայն՝ «Քենիայում պանաֆրիկանիզմի դեմ կոշտ լոբբիստական և ագրեսիվ արշավը ուժ է ստացել Պարոն Քենիատայի և պարոն Ռուտոյի (Քենիայի փոխնախագահ) դեմ Միջազգային քրեական դատարանում գործերի տապալման պատճառով, մասամբ տիկին Մոհամեդի հմուտ դիվանագիտական մտքի շնորհիվ»[12]։ Նույն հրապարակման մեջ նշվել է, որ Մոհամեդը մինչև 2016 թվականի վերջը «լուրջ քննադատության է ենթարկվել Եթովպիայում քենիացի կալանավորների տառապանքների վերաբերյալ լռելու համար»։ Բացի այդ, 2016 թվականի դեկտեմբերին նա հայտարարել է, որ Քենիան աջակցում է «Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետության ինքնորոշման ձգտմանը և Աֆրիկյան միությանը նրա անդամակցությանը», ինչը հակամարտություն է առաջացրել Մարոկկոյի և արաբական այլ պետությունների հետ[12]։

Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան 2017 թվականին Մոհամեդին առաջադրել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի պաշտոնը[13]։ Չնայած Քենիայի կառավարության կողմից նրա թեկնածության աջակցությանը, Մոհամեդը մրցակցության մեջ զիջել է Չադի արտաքին գործերի նախարար Մուսսե Ֆակին[12]։ «Ուգանդան ցանկանում է կտրականապես հայտարարել, որ ընտրությունների ժամանակ Ամինայի թեկնածությանը մեր աջակցությունը ոչ երկիմաստ էր... Ուգանդան ցանկանում է հավաստիացնել Քենիայի կառավարությանը և ժողովրդին, և Ամինային, մասնավորապես, որ մենք հուսալի դաշնակից և գործընկեր ենք, հաշվի առնելով մեր ջերմ և սերտ հարաբերությունները և Ձեզ ինտեգրելու մեր հավատարմությունը»։ The Daily Nation-ը հայտարարել է, որ Բուրունդին և Ջիբութին նույնպես, հնարավոր է, չեն աջակցել Մոհամեդին, իր հերթին, Տանզանիան հերքել է իր անգործությունը[14]։

2017 թվականի ապրիլի վերջին նա մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ, ինչպիսիք են սենատոր Բոբ Քորքերը, Թոմաս Շենոնը և Կոնստանս Համիլթոնը։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել համագործակցել Քենիայի հետ՝ ի շահ երկու երկրների[15]։ 2017 թվականի մայիսի 9-ին Կայսերական պալատում նա արժանացել է Ճապոնիայի կառավարության կողմից Ծագող արևի շքանշանի՝ «Նայրոբիի և Տոկիոյի միջև տնտեսական կապերի խթանման համար»[16]։ Նա միակ աֆրիկավին էր, որ անձամբ ներկա էր միջոցառմանը. Այդ ժամանակ CNBC-ն գրել էր, որ Մոհամեդը «հայտնի է որպես գերազանց ստրատեգ՝ բանակցելու և կառավարելու փորձված հմտություններով»[9]։ 2017 թվականի մայիսի 20-ին հաղորդվել էր, որ Մոհամեդը Պեկինում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա հայտարարել է, որ հանդիպումը ազդանշան է համարում Քենիայի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հնարավոր վերականգնման համար[17]։

Կրթության նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 26-ին Քենիայի նախագահը Ամինա Մուհամեդին նշանակել է կրթության նախարար[18]։ Նա խոստացել է շարունակել բարեփոխումները, որոնք սկսել է իր նախորդը՝ դոկտոր Ֆրեդ Մատիանգին[3]։ ԱԳՆ-ում նրան հաջորդել է նրա գլխավոր քարտուղար, դեսպան Մոնիկա Ջուման։ 2018 թվականի մայիսին Մոհամեդը սպառնացել է չեղարկել պետական քննությունների ընթացքում խախտումներին մասնակից դպրոցների գրանցումը[19]։ Նույն ամսին նա բուհերի մասին օրենքում փոփոխություն է առաջարկել, որը համալսարանի խորհրդի անդամներին թույլ կտա նշանակել երկրի նախագահին անմիջականորեն[20]։

Գործունեության գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի ընտրություններից հետո Business Daily Africa-ն Մոհամեդին բնորոշել է որպես լավ դիվանագետ։ Հրատարակության կարծիքով՝ միջազգային քրեական դատարանում նախագահ Ուհուրու Քենիատայի և փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյի արդարացումը մեծամասամբ նրա վաստակն է դարձել[12]։ CNBC-ն, իր հերթին, բարձր է գնահատել Մոհամեդին որպես ստրատեգ և կառավարիչ, ինչպես նաև նշել է բանակցությունների անցկացման վարպետությունը[9]։

Միաժամանակ Մոհամեդը քննադատել է Եթովպիայում ծայր առած միջէթնիկական դիմակայությունների ընթացքում քենիացիների ձերբակալությանը չարձագանքելու համար։ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի ընտրություններում Մոհամեդի թեկնածության հակառակորդները հայտարարել են, որ դրա միջոցով Քենիատան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Աֆրիկայում, մասնավորապես, կոչ անել զանգվածային դուրս գալ ՄՔԴ-ի իրավասությունից։ Արաբական երկրները, ի դեմս Մարոկոյի, դժգոհ են չճանաչված ՍԱԴՀ-ին Մոհամեդի բաց աջակցությունից[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ամինան ամուսնացել է Խալիդ Ահմեդի հետ։ Նա ազատ խոսում է մի քանի լեզուներով, զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ Զույգը երկու հարազատ երեխա ունի, ինչպես նաև չորս որդեգրած երեխա[21]։ Նրա դուստրը՝ Ֆերյալ Նուրը, հանդիպում է Քենիայի նախագահի որդու՝ Մուհոհո Քենիատայի հետ[22]։

Մոհամեդը պոլիգլոտ է, բացի հարազատ սոմալիից, նա խոսում է նաև անգլերեն, ռուսերեն և սուահիլի լեզուներով, միջին մակարդակով տիրապետում է ֆրանսերենին[4][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Education CS Mohamed admits hiccups in new syllabus books». standardmedia.co.ke.
  2. 2,0 2,1 «Amina Mohammed sworn-in as Foreign Affairs Secretary». The Star. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Ouma Wanzala (2018 թ․ փետրվարի 14). «Amina Mohamed to carry on with education reforms».
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Aluanga, Lillian (2011 թ․ օգոստոսի 14). «From tiny schoolgirl to Unep big boss». Standard Digital. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Amina Mohamed». Puntland Observer. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  6. «Somali-Kenyan appointed to UN post (SSC origin)». Taleex Media Online. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. «AMBASSADOR AMINA C. MOHAMED, CBS, CAV» (PDF). World Trade Organization. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «AMBASSADOR AMINA MOHAMED». Ministry of Foreign Affairs - Kenya. Ministry of Foreign Affairs of Kenya. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Kenya's AMB Amina Mohamed conferred one of Japan's highest honours», CNBC Africa, May 2017, Արխիվացված է օրիգինալից March 27, 2019-ին, Վերցված է May 20, 2017-ին
  10. 10,0 10,1 «Amina Mohamed of Kenya appointed as Deputy Executive Director of the UN Environment Programme». UNEP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  11. Mayabi, Lordrick (2013 թ․ ապրիլի 23). «Cabinet: Uhuru picks four fresh faces». Capital News. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Kenya's Amina beaten to top AU post by Chadian rival», Business Daily Africa, January 30, 2017, Վերցված է May 19, 2017-ին
  13. «Kenya fronts CS Amina Mohamed for AU chair post». Daily Nation (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  14. «Uganda denies abandoning Amina Mohamed», Daily Nation, February 1, 2017, Վերցված է May 20, 2017-ին
  15. Mutambo, Aggrey (April 30, 2017), «Kenya: Do Not Sever Ties With Kenya — CS Pleads With US», Daily Nation, Վերցված է May 20, 2017-ին
  16. Mutambo, Aggrey (April 30, 2017), «Foreign Affairs boss Mohamed to receive award», Daily Nation, Վերցված է May 20, 2017-ին
  17. Mutambo, Aggrey (May 20, 2017), «Kenya: Why Uhuru Reached Out to Russian Counterpart Vladimir Putin», Daily Nation, Վերցված է May 20, 2017-ին
  18. Davis Ayega (2018 թ․ հունվարի 26). «Amina named Education CS as Monica Juma takes over at Foreign Affairs». capitalfm.co.ke.
  19. Jemimah Mueni (2018 թ․ մայիսի 30). «Schools involved in exam cheating to be deregistered – CS Amina». capitalfm.co.ke.
  20. Michael Musyoka (2018 թ․ մայիսի 30). «CS Amina Mohamed Proposes Ammendment of University Act». Kenyans.co.ke.
  21. «Meet the MYSTERIOUS husbands of some of Kenya's most well known women (photos)». tuko.co.ke.
  22. «PHOTOS of First Son Muhoho Kenyatta's HOT Girlfriend.. CS Amina Mohammed's Daughter». nairobiwire.com. 2016 թ․ հունվարի 5.
  23. «Meet Amina Mohamed, Kenya's Best Cabinet Minister». How Africa. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]