Իշխանուհի Լիգովսկայա
Իշխանուհի Լիգովսկայա ռուս.՝ Княгиня Лиговская | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Միխայիլ Լերմոնտով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1836 |
Հրատարակվել է | 1882 |
Հաջորդ | Մեր ժամանակի հերոսը |
Princess Ligovskaya |
«Իշխանուհի Լիգովսկայա»,[К. 1] Միխայիլ Լերմոնտովի 1836 թվականին սկսած և անավարտ մնացած սոցիալ-հոգեբանական վեպ աշխարհիկ շարադրանքի տարրերի կիրառմամբ։ Ստեղծագործության վրա աշխատանքը, որտեղ արտացոլվել են հեղինակի անձնական ապրումները, ընդհատվել է 1837 թվականին։ Վեպի ինտրիգը զարգանում է մի քանի ուղղություններով. նրանցից մեկը կառուցվում է գլխավոր հերոսի՝ սպա Գրիգորի Պեչորինի և նրա վաղեմի սիրեցյալ Վերա Դմիտրիևնա Լիգովսկայայի հետ հանդիպման շուրջ, մեկ ուրիշը նվիրված է պետերբուրգյան դեպարտամենտներից մեկի ոչ հարուստ չինովնիկ Կրասինսկուն, նրանց բախմանը։ Առանձին սյուժետային գիծը կապված է Պեչորինի և Ելիզավետա Նիկոլաևնա Նեգուրովայի փոխհարաբերության հետ[3]։
Ձեռագրում ամրագրված են ոչ միայն Լերմոնտովի, այլ նաև նրա զարմիկի՝ Ակիմ Շան-Գիրեյի և գրքի առանձին գլուխների ստեղծմանը մասնակցած գրականագետ Սվյատոսլավ Ռաևսկու ինքնագրերը։ Ստեղծագործությունը ցույց է տալիս ռոմանտիկական մաքսիմալիզմից հեղինակի աստիճանական անցումը ռեալիզմի գեղարվեստական սկզբունքներին[4]:Որոշ գաղափարներ և մտահղացումներ, որոնք սկիզբ են առել «Իշխանուհի Լիգովսկայա» վեպից, հետագայում մարմնավորվել են «Մեր ժամանակի հերոսը» ստեղծագործության մեջ[1]։
Լերմոնտովի կենդանության օրոք վեպը ոչ մի անգամ չի հրատարակվել։ Առաջին անգամ տպագրել է գրականագետ Պավել Վիսկովատովը «Ռուսական պարբերական» ամսագրում (1882 թվական, հատոր 157, №1)[5]:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գործողությունները սկսվում են 1833 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։ Վոզնեսենսկի փողոցով քայլող երիտասարդ չինովնիկին հարվածել է աշխետ վարգաձին։ Կառապանի՝ խախտում կատարողին հասնելու փորձերը պսակվում են անհաջողությամբ։
Մինչ մայթում անտեսված չինովնիկը ուշքի է գալիս, կարգազանցը հասնում է շքեղ մուտքի մոտ։ Սայլակառքից դուրս է գալիս 23-ամյա սպա Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորինը։ Նա, լինելով բնիկ մոսկովցի, վերջերս հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում։ Արդեն անցյալում էին մնացել ուսումը համալսարանում, ծառայությունը հուսարական գնդում և պատանեկան սիրահարվածությունը Վերոչկա Ռ.-ի նկատմամբ, որը, ամուսնանալով ոչ երիտասարդ իշխան Ստեփան Ստեփանովիչի հետ, ձեռք էր բերել նոր ազգանուն՝ Լիգովսկայա։
Հենց նույն երեկո ուղևորվելով Ալեքսանդրինսկի թատրոն՝ Պեչորինը այնտեղ հանդիպեց Նեգուրով ընտանիքին, որոնց աղջկան՝ Ելիզավետա Նիկոլաևնային, Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո սկսել էր սիրահետել, սակայն հետո՝ խուսափել նրանից։ Պեչորինը թատրոնի մոտ գտնվող պանդոկում հանդիպում է իր իսկ կողմից վնասված չինովնիկին, որը, ճանաչելով իրեն վիրավորողին, ներողություն է պահանջում սպայից։ Նրան ի պատասխան՝ Պեչորինը անվրդով առաջարկում է հարցը լուծել մենամարտի միջոցով։ Սակայն Կրասինսկին հրաժարվում է՝ պատճառ բռնելով ծեր մորը։
Որոշ ժամանակ անց Պեչորինի մայրը՝ Տատյանա Պետրովնան, մի քանի ծանոթների համար ճաշկերույթ է կազմակերպում. հրավիրվածների թվում էին Լիգովսկիները։ Վերա Դմիտրիևնայի համար Պեչորինների տանը գտնվելը դառնում է տանջալից. Գրիգորի Ալեքսանդրովիչը նրան տանջում է ակնարկներով, ստիպում վերհիշել եղածը և ի վերջո հասցնում արցունքների։ Ճաշի ընթացքում պարզվում է, որ իշխան Լիգովսկին ներքաշված է ինչ-որ երկարատև դատավեճի մեջ, որը քննում է պետական գույքի դեպարտամենտի աշխատակից Կրասինսկին։ Տանտերը խոստանում է փնտրել անհրաժեշտ չինովնիկին։
Հաջորդ օրը իմանալով Կրասինսկու հասցեն՝ Պեչորինը ուղևորվում է նրա բնակարան։ Փոքրիկ հյուրասենյակում նրան դիմավորում է մի պառավ կին։ Փոքր անց հայտնվում է նրա որդին։ Գրիգորի Ալեքսանդրովիչը ճանաչում է հետիոտնին, ում նա հարվածել էր Վոզնեսենսկի փողոցում։ Հանդիպումը կարճատև էր ու սառը, սակայն արդեն հաջորդ օրը Կրասինսկին ժամանում է Լիգովսկիների տուն և հաճելի տպավորություն թողնում իշխանուհու վրա։
Երկու օր անց բարոնուհի Ռ.-ն կազմակերպում է պարահանդես, որի ժամանակ հավաքվել էին բազմաթիվ պարոններ՝ աստղերով ու խաչերով։ Պարզվեց՝ այդ միջոցառումը դաժան փորձություն էր Պեչորինի համար. այդտեղ նա հանդիպեց Ելիզավետա Նիկոլաևնային, ում ուշադրությունը տաղտկալի էր դարձել, և Վերա Դմիտրիևնային, ով հազիվ էր պատասխանել նրա խոնարհմանը։ Բացի այդ պարզվում է, որ Ելիզավետա Նիկոլաևնան և Վերա Դմիտրիևնան հին ընկերուհիներ են, և Պեչորինը երկյուղում է, որ նրանք կարող են իր մասին ինչ-որ անախորժ բան պատմել իրար։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լերմոնտովը ձեռնամուխ է եղել «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի աշխատանքներին 1836 թվականին։ Վկայությունն այն բանի, որ առանձին սյուժետային գծեր ուղղակի կապ ունեն նրա կյանքի անձնական հանգամանքների հետ, հանդիսանում են նամակները՝ հասցեագրված բարեկամուհուն և բանաստեղծի մտերիմ ընկերոջը՝ Ալեքսանդրա Վերեշագինային (ամուսնական ազգանունը՝ Խյուգել)։ Ըստ հետազոտողների՝ 1835 թվականի գարնանը գրված նամակներից մեկում բանաստեղծը հիշատակում է Եկատերինա Սուշկովայի հետ հարաբերությունների խզման և ասեկոսեները Վարվարա Լոպուխինայի (m-lle Barbe) հետ ամուսնանալու մասին։ Երկու իրադարձություններն էլ իրենց արտացոլումն են գտել վեպում[6]:
Ալեքսեյը կարող էր Ձեզ պատմել ինչ-որ բան իմ կենսակերպից, բայց ոչ մի հետաքրքրություն, եթե չհաշվենք իմ սիրային կապերն ու արկածները Սուշկովայի հետ, որի հանգուցալուծումը ավելի հիշարժան ու զվարճալի է եղել։ <…> Նա նաև ինձ հայտնել է, որ m-lle Barbe-ն ամուսնանում է Բախմետևի հետ։ Ես չգիտեմ՝ արդյոք պետք է նրան ամբողջությամբ հավատալ, բայց ես ամեն դեպքում m-lle Barbe-ին անխռով ամուսնական կյանք եմ ցանկանում, ընդհուպ մինչև արծաթե հարսանիքի տոնելը:
Ձեռագրի առանձին էջերում երևում է բանաստեղծի ընկեր Սվյատոսլավ Ռաևսկու ձեռագիրը։ 1836 թվականին տեղափոխվելով Լերմոնտովի բնակարան՝ Ռաևսկին օգնել է նրան առանձին գլուխներ գրելու ժամանակ։ Առաջին հերթին դա վերաբերում է Կրասինսկու կերպարին, ինչպես նաև՝ տարբեր դեպարտամենտների չինովնիկների գործունեության հետ կապված հատվածներին[3]։ Բացի դրանից, ձեռագրում հայտնաբերվել է Լերմոնտովի զարմիկ Ակիմ Շան-Գիրեյի ինքնագիրը, ով մասնակցություն է ունեցել VII գլխի ստեղծմանը[5]։
1837 թվականի ձմռանը, երբ Սանկտ Պետերբուրգում սկսել է տարածվել «Պոետի մահը» բանաստեղծությունը, Լերմոնտովը և Ռաևսկին ձերբակալվել և աքսորվել են, իսկ վեպի աշխատանքները՝ ընդհատվել։ 1838 թվականի ամռանը Լերմոնտովը Ռաևսկուն գրած նամակներից մեկում հիշատակում է «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի ճակատագրի մասին՝ ընդունելով, որ վեպը «ձգձգվել է և դժվար թե ավարտվի, որովհետև նրա հիմքում ընկած հանգամանքները փոփոխվել են»[5]։
Միևնույն ժամանակ լերմոնտովագետները նշել են, որ ոչ միայն «իրական նյութի սպառումն» է դարձել վեպի անտեսման պատճառը, այլ նաև «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի նկատմամբ հեղինակային հետաքրքրության կորուստը կարող էր լինել նոր մտահղացման ծնունդը, որտեղ մասնակի արտացոլվել են նախկին գաղափարները։ Արդեն 1839 թվականի գարնանը Լերմոնտովը ստեղծել է «Բելլա», իսկ մինչև 1840 թվականը ավարտել «Մեր ժամանակի հերոսը» ստեղծագործությունները։ Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորինը «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի ձեռագրից տեղափոխվել է նոր ստեղծագործության էջեր[7]։
Հերոսներ և նախատիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը գրելու ժամանակ Լերմոնտովը գտնվել է այն անձնական հանգամանքների տպավորությունների ներքո, որոնց մասին հպանցիկ հիշատակել է Ալեքսանդրա Վերեշագինային ուղղված նամակում։ Այսպես՝ Պեչորինի և Ելիզավետա Նեգուրովայի պատմությունը հիշեցնում է Լերմոնտովի և Եկատերինա Սուշկովայի փոխհարաբերությունները[3]։ Նրանք ծանոթացել են 1830 թվականին Մոսկվայում[8]։ Եկատերինա Ալեքսանդրովնային է հասցեագրված եղել սուշկովյան բանաստեղծությունների շարքը, որն իրենից «պատանու լիրիկական օրագիր» է ներկայացնում[4]։ Չորս տարի անց Սանկտ Պետերբուրգում Սուշկովային հանդիպելուց հետո բանաստեղծը կրկին սկսել է ցույց տալ ուշադրության նշաններ։ Հասնելով փոխադարձության՝ նա գրել է աղջկան անանուն նամակ, որտեղ վերջակետ է դրել հարաբերություններին։ Գրեթե հենց նույն կերպ էլ վարվել է «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի հերոս Գրիգորի Պեչորինը Ելիզավետա Նիկոլաևնա Նեգուրովայի նկատմամբ[9]։
Ուսումնասիրողները, համեմատելով անանուն նամակները՝ հասցեագրված Նեգուրովային (վեպում) և Սուշկովային (իրականում) գտել են բավական շատ հատման կետեր[10]:
Նա կատակել է Ձեզ հետ։ Նա արժանի չէ Ձեզ.
նա ուրիշին է սիրում։ Ձեր բոլոր ջանքերը կծառայեն
միմիայն Ձեր կործանմանը, առանց այդ էլ բարձրաշխարիկ միջավայրը
Ձեզ մատով է ցույց տալիս։ Շուտով նա ընդհանրապես Ձեզնից երես կդարձնի։
Մնալով Ձեր ամենախոնարհ ծառա Կարակուլյա:
Պեչորինի՝ Նեգուրովային գրած նամակից
Նա չի ամուսնանա Ձեզ հետ, հավատացե՛ք ինձ։ Ցույց տվեք նրան
այս նամակը, և նա իրեն անմեղ ու նեղացած կձևացնի, <…>
Ձեր գլխին երկար քարոզ կկարդա կամ պարզապես կխոսովանի,
որ ձևացրել է, դեռ ավելին, կծիծաղի Ձեզ վրա:
Ձեզ անծանոթ, բայց հավատարիմ ընկեր NN:
Լերմոնտովի՝ Սուշկովային գրած նամակից
Իշխանուհի Լիգովսկայայի կերպարն ավելի մոտ է Լերմոնտովի մի այլ սիրեցյալի՝ Վարվարա Լոպուխինային։ Նրանց պատմությունը սկսվել է 1831 թվականին, երբ բանաստեղծը տակավին ուսանող էր։ Ըստ Ակիմ Շան-Գիրեյի հիշողության՝ «Լերմոնտովի զգացմունքները նրա նկատմամբ եղել են ոչ հստակ, բայց անկեղծ ու ուժգին, և նա քիչ է մնացել պահպանի այն մինչև իր կյանքի վերջը»[11]։ Լերմոնտովի՝ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո նրանց կապն ընդհատվել է։ Նոր կյանքի և այլ հրապուրանքների ֆոնին Վարվարա Ալեքսանդրովնայի ուրվագծերը մնացել են ստվերում, և Լերմոնտովը չի փորձել հարաբերությունները պահպանել նրա հետ։ Սակայն լուրն այն մասին, որ 1835 թվականին Լոպուխինան (հնարավոր է՝ ծնողների պնդմամբ) ամուսնացել է Նիկոլայ Ֆեոդորովիչ Բախմետևի հետ, ցնցել է բանաստեղծին[11]։
Ես հնարավորություն եմ ունեցել համոզվելու, որ Միշելի առաջին կիրքը չի անհետացել։ Մենք շախմատը էինք խաղում, երբ մի մարդ նամակ հանձնեց։ Միշելը սկսեց այն կարդալ, բայց հանկարծ դեմքը փոխվեց և գունատվեց։ Ես վախեցա ու ցանկացա հարցնել՝ ինչ է պատահել, բայց նա, հանձնելով ինձ նամակը, ասաց.
«Ահա նորությունը, կարդա՛ », - և դուրս եկավ սենյակից։ Դա Լոպուխինայի մոտալուտ ամուսնության լուրն էր:
Ակիմ Շան-Գիրեյի հիշողություններից[12]
Հերոսուհու՝ Վերա Լիգովսկայա անունն ու ազգանունը Լերմոնտովի կողմից մտածված է եղել դեռևս վեպը սկսելուց առաջ։ Առաջին անգամ այս համադրումը հանդիպել է «Երկու եղբայր» (1836 թվական) դրամայում, որի սյուժետային հենքը ևս, ինչպես ենթադրում են ուսումնասիրողները, հեղինակի անձնական ապրումների արձագանքն է եղել։ Ստեղծագործության մեջ խոսքը գնում է գլխավոր հերոսի և նախկին սիրեցյալի հետ հանդիպման մասին, ով բաժանման ընթացքում դարձել էր ուրիշի կինը[13]։
Բանաստեղծի կենսագիր Պավել Վիսկովատովը առաջիններից մեկն է նշել վիպական և իրական իրադարձությունների մոտիկությունը։ Կենսագիրը, «Լերմոնտովի կյանքը և ստեղծագործությունը» գրքում, որը 1880 թվականի սկզբներին մաս առ մաս տպագրվել է «Ռուսական միտք» ամսագրում և առանձին հրատարակությամբ լույս տեսել 1891 թվականին, գրել է, որ Ժորժի և Վերոչկայի միջև առաջացած պատանեկան սիրո պատմության («Իշխանուհի Լիգովսկայա», V գլուխ) հերոսների անունները կարելի է փոխարինել Վերայով և Միշելով։ Վիսկովատովի կարծիքով ապացույցը, որ հեղինակը վեպի վրա աշխատելիս անդադար մտածել է Լոպուխինայի մասին և նրա «ստեղծագործությունը բխել է ապրումներից», Լերմոնտովի կողմից ստեղծված Վարվարա Ալեքսանդրովնայի ջրանկար դիմապատկերն է։ Նրանում պատկերված երիտասարդ կինը գրեթե հանդիսանում է իշխանուհի Լիգովսկայայի ճշգրիտ պատճենը, երբ նա «առավոտվա ատլասե կապոտով և գիշերային գլխակապով անփույթ նստում էր բազմոցին»[14]։
Պեչորին և Կրասինսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Պեչորինի կյանքի հանգամանքները համընկնում են Լերմոնտովի կենսագրության շատ շրջափուլերի հետ. երկուսն էլ եղել են ուսանողներ, և՛ մեկը, և՛ մյուսը փոխել են «մոսկովյան դեռահասի ֆրակը ծոպերիզավոր ուսադիրներով պաշտոնական համազգեստով»։ Բացի այդ, վեպի գլխավոր հերոսի մոտ նկատվում են այն մարդու գծերը, ով քսաներեք տարեկանում իրեն զգում է հոգեպես հոգնած և նայում է աշխարհին (հատկապես՝ մայրաքաղաքային բարձրաշխարհիկ միջավայրին) թեթև քամահրանքով։ Օժտված լինելով փայլուն ուղեղով և արտասովոր ընդունակություններով՝ նա, միևնույն ժամանակ, առանձնանում էր հազվագյուտ կոշտությամբ և լկտիությամբ։ Լերմոնտովյան հանրագիտարանի հեղինակների կարծիքով Պեչորինի կերպարի ստեղծմանը Լերմոնտովին մղել է «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։ Դրա ապացույցն է ազգանունների «հնչունային համապատասխանեցումը»՝ Օնեգին - Պեչորին, և նախաբանը («Եկե՜ք, եկե՜ք, լսվեց ճիչը»), որն իրենից ներկայացնում է Պուշկինի վեպի ուղղակի մեջբերում, և նույնիսկ անճշտությունը, որն ուսումնասիրողների կողմից հայտնաբերվել է «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի ձեռագրում (հեղինակն ի սկզբանե իր կերպարի ազգանվան փոխարեն պատահաբար վերցրել է Եվգենի անունը)[3]:
Կրասինսկու հնարավոր նախատիպի վերաբերյալ ուսումնասիրողների կարծիքները տարբերվում են։ Այսպես՝ Վիսկովատովը համոզված էր, որ այդ գործող անձը արտաքնապես և բանվորությամբ նման է Սվյատոսլավ Ռաևսկուն։ Հնարավոր կասկածները՝ կապված այն բանի հետ, որ վեպում չինովնիկը (հատկապես՝ սկզբնական գլուխներում), որին հատուկ էր որոշ ճնշվածություն (ամենևին հատուկ չէր Լերմոնտովի մտերիմ ընկերոջը և համահեղինակին), Վիսկովատովը հերքում էր երկու փաստարկները. առաջինը՝ «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի շարունակության մեջ Կրասինսկու դերը կարող էր փոխվել, երկրորդ՝ Պեչորինի ֆոնի վրա նա «ավելի շուտ ներկայացված է դրական կողմից»[15]։ Լերմոնտովյան հանրագիտարանի հեղինակներն իրենց հերթին կարծում են, որ այդ կերպարը դարձել է հավաքական և ձևավորվել Ռաևսկու գործընկերների զրույցների տպավորության ներքո, ովքեր ծառայում են պետական գույքի վարչությունում[3]։
Կրասինսկին Պեչորինի հակապատկերն է։ Ի տարբերություն գվարդիական սպայի, որն «արտաքնապես ամենևին գրավիչ չէ»[16]՝ նա բարձրահասակ է, համակրելի և ընդունակ է առաջին իսկ հանդիպման ժամանակ շահել մարդկանց համակրանքը։ Կրասինսկին, իր «ուժգին հուզականությամբ», հիշեցնում է Լերմոնտովի ռոմանտիակական ստեղծագործությունների հերոսներին։ Միևնույն ժամանակ աղքատությունը և «սոցիալական եսասիրությունը» մոտեցնում է նրան Գոգոլի ստեղծագործության «փոքրիկ մարդկանց» և Դոստոևսկու վեպի «նվաստացած» պետերբուրգցիներին[17]։ Ինչպես նաև՝ կերպարների հակադրությունը բացահայտվում է նաև շրջապատի նկարագրությամբ, որտեղ ապրում են հերոսները։ Եթե Կրասինսկու սենյակում տեսանելի տեղում դրված է «Միշտ հարուստ ու երջանիկ լինելու պարզագույն միջոցը» քսանհինգկոպեկանոց գիրքը, ապա Պեչորինի տանը հեղինակը ուշադրությունը կենտրոնացնում է «նորաձև բռնակներով շողափայլ կաղնե դռների», «չինական ոճով վարագուրված պատուհանների» և պատից կախված խորը մռայլ երևակայություն ներկայացնող նկարի վրա[18]։
Լերմոնտովագետները ենթադրում են, որ երկու հերոսների փոխադարձ անբարյացկամությունը՝ ծնված Վոզնեսենսկի փողոցում տեղի ունեցած ընդհարումից, վեպի շարունակության մեջ կարող էր և վերաճել «սիրային հակամարտության»[17]։ «Իշխանուհի Լիգովսկայա» վեպում նկարագրված կոնֆլիկտները հետագայում իրականացվել են «Մեր ժամանակի հերոսը» վեպում[19]։
Պեչորինի պետերբուրգյան կյանքը արտաքնապես թվում է որպես «Մեր ժամանակի հերոսը» չափածո վեպի նախապատմություն։ Տեքստում առկա են դրա վերաբերյալ մի քանի ակնարկներ։ Սակայն դա միևնույն անձի միակ կեսագրությունը չէ։ Ստեղծագործությունների միջև կապը ոչ թե սյուժետային է, այլ ծագումնաբանական, և «Իշխանուհուհի Լիգովսկայա» վեպը հարկ է դիտարկել որպես Լերմոնտովին ժամանակակից հերոսի մասին վեպի մտահղացման մի փուլ։
Այլ գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի երկրորդական հերոսների շարքում առանձնանում է Պեչորինի քույրը՝ Վարվարան։ Լերմոնտովի դիտողությամբ այս տասնվեցամյա օրիորդը կարող էր չմտածել օժիտի մասին, որովհետև ի շնորհիվ «սիրունիկ դեմքի և փայլուն դաստիարակության»՝ հնարավորություն ուներ հաջող ամուսնանալ և չկրկնել Նեգուրովայի սխալները, ով քսանհինգ տարեկանում վերածվել էր «պառաված օրիորդի»[20]։
Բացի այդ, վեպում կա կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ ստեղծված փոքր ծաղրա-ուրվանկարների մեթոդով։ Այդ տեսակի «զանգված» պատկերված է իններորդ գլխում, որտեղ պատմվում է բարոնուհի Ռ.-ի տան հյուրերի մասին։ Պարահանդեսին ժամանած հյուրերի մասին, որոնց ներհատուկ է «որոշ տեսակային նախիրի վիճակ»։ Այդ տեսարանն իր ոճով նման է «Եվգենի Օնեգինին» (Լերմոնտովի մոտ՝ «Այդտեղ կար այն ամենը, ինչը լավագույնն է Պետերբուրգում», Պուշկինի մոտ՝ «Այնուհանդերձ այդտեղ էր մայրաքաղաքի ծաղկաբույլը»), ինչպես նաև՝ Գոգոլի «Նևսկի պողոտա» վիպակին[19]։
Լերմոնտովը նույն սարկազմով պատմում է ճաշկերույթին հրավիրված այցելուների մասին, որը կազմակերպել էր Պեչորինի մայրը։ Տոնական միջոցառումը վեր է ածվում «սնափառության տոնավաճառի», որտեղ հյուրերից յուրաքանչյուրը հավակնում է «խելացի երևալ՝ մեծամտանալով իր հարստությամբ, իմացությամբ, դիրքով»[21]։ Գրականագետ Բորիս Տոմաշևսկու կարծիքով Լերմոնտովը գիտակցաբար ձգտել է առանձին աշխարհիկ կերպարները դարձնել ծայրաստիճան ճանաչելի։ Ընդ որում՝ Պեչորինին օժտելով որոշակի անձնական որակներով՝ հեղինակն անգամ ինքն իրեն չի խնայել[22]։
Գրական զուգահեռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվանդանի թեման
[խմբագրել | խմբագրել կոդը]1832 թվականին հրապարակվել էր ֆրանսիացի գրող Ժյուլ Ժանենի «Պատվանդան» նովելը, որի գլխավոր հերոսը, ջանալով իր համար տեղ գտնել փայլուն հասարակության մեջ, հնարում է հաջողության սեփական բանաձևը։ Փարիզ ժամանած երիտասարդ գավառացու կարծիքով կրթությունը, բիզնեսը, գրական տաղանդը, ինչպես նաև՝ հարուստ կինը կարող են դառնալ այն պատվանդանը, որն աննշան մարդուն նույնիսկ թույլ կտա կարիերա ձեռք բերել։ Պատվանդանի թեման, որի վրա կարելի է կանգնել կնոջ միջոցով, ինչ-որ փուլում իշխել է և Լերմոնտովի գիտակցությանը[23]։
Ալեքսանդր Վերեշագինին ուղղված նամակում (1835 թվական)՝ բանաստեղծը բացահայտ խոստովանել է, որ Եկատերինա Սուշկովայի հետ հարաբերությունները վերսկսելով՝ նա հատուկ զգացմունքներ չի տածել։ Սկզբում այդ «սիրահետումները» նրա կողմից ընկալվել են որպես խաղ, հետագայում դրան ավելացել է պրագմանտիզմի տարրը[24]։
Մուտք գործելով բարձրաշխարհիկ միջավայր՝ ես տեսա , որ յուրաքանչյուրը ունեցել է ինչ-որ պատվանդան՝ լավ կարողություն, անուն, տիտղոս, կապեր... Ես տեսա, որ եթե ինձ հաջողվի տիրել այս հնարավորություններից մեկին, ապա ուրիշները ևս աննկատելիորեն կզբաղվեն ինձնով՝ սկզբում հետաքրքրությունից, հետագայում մրցակցությունից դրդված։
J’ai vu en entrant dans le monde que chacun avait son piédestal: une fortune, un nom, un titre, une faveur… j’ai vu que si j’arrivais à occuper de moi une personne, les autres s’occuperont de moi insensiblement, par curiosité avant, par rivalité après.
Այդ նույն մղումները Լերմոնտովը զարգացրել է և «Իշխանուհի Լիգովսկայա» վեպում։ Պեչորինը, ժամանելով մայրաքաղաք, երկար ժամանակ փորձում է գտնել այն պատվանդանը, «որի վրա կանգնելով՝ նա կարող էր ստիպել ամբոխին ուշադրություն դարձնել իրեն»։ Արդյունքում նրա ընտրությունը կանգ է առնում Ելիզավետա Նիկոլաևնա Նեգուրովայի վրա, ում օգնությամբ հերոսը հույս ուներ ձեռք բերել աշխարհիկ ճանաչում[25]։
Գոգոլյան մոտիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իշխանուհի Լիգովսկայա» վեպում Լերմոնտովը կատարում է գրեթե միակ փորձը ռուս գրականության մեջ. միահյուսում է երկու գրողների՝ Գոգոլի և Պուշկինի ստեղծագործական ձևերը։ <…> Ընթանալով Պուշկինի հետքերով և Գոգոլի կողքով, ինչպես ցանկացած հանճար՝ նա ներծծում է գրական կյանքի և գրական ձևերի բազմազանությունը՝ ընտրելով կենսականը, մի կողմ թողնելով հնացածը ու ստեղծելով նորը։
Նկարագրելով մայրաքաղաքային կյանքի դրվածքը՝ Լերմոնտովը որոշ չափով օգտագործել է Գոգոլի պետերբուրգյան վիպակների պոետիկան։ «Շինել», «Քիթը», «Դիմանկարը» ստեղծագործությունների հեղինակի հետքերով նա շարժվում է մեծ քաղաքով մեկ՝ բոլոր ուղղություններով, ընթերցողին ցույց տալիս ջրհորով գավիթները, մեծահամբավ հյուրատները, կեղտոտ հյուղակները[19]։ Գոգոլը «Նևսկի պողոտա» վիպակում օգտագործել է հնար, որը գրականագետներն անվանել են «դեմքի առարկայականացում»։ Նրա առանձնահատկությունն այն է, որ հեղինակը, մարդուն նկարագրելու փոխարեն, պատկերացում է տալիս նրա հագուստի մասին։ Այս ստեղծագործական եղանակը դրոշմված է և «Իշխանուհի Լիգովսկայա» վեպում. «Սպասավորը վարդագույն թիկնոցը տեղավորեց փայլուն խուրձի մեջ, այնուհետև նրա վրա դրեց արջամորթուց մուշտակը»[27]։
Նմանությունը Գոգոլի մի այլ, ավելի ուշ ստեղծագործության՝ «Մեռած հոգիների» մեջ երևում է նաև կերպարներերի մի մեծ խումբ ընդհանրացնող բնութագրում պահանջող տեսարաններում։ Այսպես՝ եթե գոգոլյան երեկույթի ժամանակ նահանգապետին այցելել են «երկու տեսակի տղամարդիկ»՝ նիհար և գեր, ապա լերմոտովյան պարահանդեսին բարոնուհի Ռ.-ին ներկայացել են երիտասարդներ, որոնց հեղինակը բաժանել է «երկու դասի»՝ առաջինները առանց հոգնելու պարում էին, մյուսները հետևում էին իրադարձություններին՝ «կարևոր կեցվածքով և դեմքի հպարտ արտահայտությամբ»։ Գոգոլի ազդեցությունը զգացվում է արձակի և չափածոյի խառնուրդից (այդ ոճային առանձնահատկությունները նկատելի են Պեչորինների տուն հրավիրված ճաշի հատվածից, ինչպես նաև՝ Ելիզավետա Նեգուրովայի ծնողների կողմից գործածված հասարակաբանությունից, ընդհուպ մինչև գռեհկաբանություն[28]։
Պուշկինի ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրողները նշում են, որ եթե Գոգոլի ոճին մոտ լինելը բացահայտվում է վեպի կենցաղային տեսարաններում, ապա Պուշկինի ներգործությունը զգացվում է կերպարների մշակման ընթացքում։ Նախ դա վերաբերվում է Պեչորինին, որի կերպարը ստեղծվել է «Եվգենի Օնեգինի» ազդեցության տակ։ Այդ ստեղծագործությունը «անընդհատ «Իշխանուհի Լիգովսկայա» վեպի հեղինակի աչքի առաջ է եղել։ Երկու վեպերի հերոսները ունեն շատ ընդհանություններ. սիրային խաղերի նկատմամբ հակվածությունը, որոշակի կախվածությունը բարձրաշխարհիկ հանրության կարծիքից, որը միաժամանակ ուղեկցվում է նրա նկատմամբ արհամարհանքով։ Այնուամենայնիվ Պեչորինը՝ բնավորությամբ կտրուկ և ինքնավստահ՝ համեմատած իր «գրական եղբոր» հետ, նրան չեն վախեցնում դժվարությունները, նրան գրավում է պայքարը։ Նրա բնավորության մեջ կա հաղթանակող ուժը, քանի որ «նա գիտեր աքսեոման, որ վաղ թե ուշ բնավորությամբ թույլերը հպատակվելու են ուժեղներին և անհողդողդներին»[29]։
Պուշկինյան մոտիվները «Իշխանուհի Լիգովսկայա» վեպում առկա են մերթ ուղղակի մեջբերումների տեսքով («Հագուստի և դեմքերի ինչպիսի խառնուրդ»), մերթ «Եվգենի Օնեգինից» թեթևակի փոփոխված մեջբերումներով («Նա բնակության վայրերի փոփոխման այդպիսի ախորժակ ստացավ»), մերթ ինչպես առանձին բանաստեղծական տողերի ընդարձակաբանություն[29]։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցումը ռոմանտիզմից ռեալիզմի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև «Իշխանուհի Լիգովսկայա» վեպը, Լերմոնտովն արդեն արձակի ժանրում աշխատելու փորձ ուներ։ 1832 թվականին նա սկսել է գրել «Վադիմ» վեպը, որն իրենից ներկայացնում է «լիրիկական խոստովանություն», որտեղ արտացոլվել է երիտասարդ հեղինակի խռովահույզ պոռթկումները։ Ստեղծագործությունը այդպես էլ մնացել է անավարտ. ուսումնասիրողները ենթադրում են, որ աշխատանքի ընթացքում Լերմոնտովը գիտակցել է, որ «ռոմանտիակական Դոն Կիխոտների դարն անցնում է»[25]։
«Իշխանուհի Լիգովսկայա» վեպը ցուցադրել է հեղինակի ձգտումը՝ առավելագույնս հեռավորություն պահպանել նախկին բարձր պաթոսով տրամադրություններից, սակայն «անցողիկության դրոշմը» վեպում այնուամենայնիվ առկա է։ Առաջին հերթին դա վերաբերվում է Պեչորինի կերպարին, որի արտաքինն ու բնավորությունը «ժառանգված են» Վադիմից (ճիշտ է՝ մի-փոքր մեղմացված տարբերակով)։ Այսպես՝ նրանք երկուսն էլ ընդգծված անհրապույր են, բացի դրանից Վադիմը բացեիբաց անկիրթ է, իսկ Գրիգորի Ալեքսանդրովիչը՝ ուղղակի անճոռնի։ Ե՛վ այս, և՛ մյուս կերպարի մոտ հայտնաբերվել են դիվայնության գծեր՝ մեծ կամ փոքր չափով[17]։ Նրանց ազգակցությունը դրսևորվում է նաև այլ մարդկանց վշտի նկատմամբ կարեկցության զգացման բացակայությամբ. և՛ Վադիմը, և՛ Պեչորինը սառն են և անգութ[30]։ Կրասինսկու ցայտուն գծանկարներով բնավորության մեջ ևս նկատվում են ռոմանտիզմի տարրեր, որի նախակարապետները հանդիսանում են Լերմոնտովի՝ ավելի վաղ ստեղծագործությունների խելահեղ հերոսները[31]։
Չի կարելի ասել, որ ռոմանտիկական տարրը Պեչորինի բնութագրության ժամանակ ամբողջությամբ դուրս է մղված։ Ռոմանտիկական որոշակի երանգ պահպանվում է և «Մեր ժամանակի հերոսը» վեպում։ Բայց պաթոսով լի ռոմանտիզմի չափաբաժինը «Վադիմ» և «Իշխանուհի Լիգովսկայա» ստեղծագործություններում անհամաչափելի են:[32].
Աշխարհիկ ստեղծագործության տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրաշխարհիկ հասարակության վերաբերյալ ստեղծագործությունների ավանդույթների հետ է կապված վեպում նկատվող շարադրանքի միջանցիկ ոճը։ Այն բնութագրվում է խոսակցական բառապաշարի ավելի ընդարձակ կիրառմամբ և կենդանի բանավոր խոսքի շարահյուսական կառույցների ու դրա կենցաղային հնչերանգների ավելի նկատելի խառնուրդով, առավել արտահայտչականությամբ, քան այն ժամանակների գրքային-նկարագրական ոճի պատմություններում։
Բարձրաշխարհիկ շարադրանքի տարրերը՝ հանդիսանալով ռոմանտիական արձակի տարբերակներից մեկը[33], մտցված են այն տեսարաններում, որտեղ անհրաժեշտ է պահպանել «արձանագրային վավերականություն» նկարագրված իրադարձությունների մասին։ Տեղի և ժամանակի վերարտադրության ընթացքում բծախնդրության անհրաժեշտությունը ներկայացված է դեռ ստեղծագործության սկզբում, երբ հեղինակը հայտնում է, որ գործողությունները տեղի են ունենում 1833 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը ցերեկվա չորսին, Վոզնեսենսկի փողոցում։ Այնուհետև այդ տեսակ մանրամասնություններ դիտվում են տարբեր գլուխներում. ընթերցողին տեղեկացվում է, որ Ալեքսանդրյան թատրոնում գնում է «Ֆենելների» չորրորդ ներկայացումը, իսկ հրավիրված ճաշի ժամանակ հյուրերը քննարկում են աշխարհիկ նորություններից վերջինը՝ Պետերբուրգը սպասում էր Կառլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» կտավին[19]։
Հերոսի տեղափոխության երթուղու նկարագրության «տեղագրական» ծայրահեղ մանրամասնությունը հիմք է տվել գրող Նաում Սինդալովսկուն «Իշխանուհի Լիգովսկայա» վեպն անվանելու «Լերմոնտովի «ամենապետերբուրգյան» ստեղծագործություններից մեկը»։ «Գործողությունները տեղի են ունենում Սանկտ Պետերբուրգի՝ միանգամայն որոշակի և իրական տեղամասերում՝ Նևայի և Վոզնեսևսկի պողոտաներում, Եկատերինյան ջրանցքում և Միլիոնանոց փողոցում»[34]։
Հեղինակն իր վեպի ողջ ընթացքում ընթեցողների հետ զրույց է վարում, որտեղ ցանկանում է տեսնել լուսավորյալ մարդուն, ով ունակություն ունի հասկանալու ակնարկները, ուղերձներն ու դատողությունները, ինչպես նաև՝ կարողանա տիրապետել «ջարդված դրոշմակնիքները„ վերակառուցելու ″արվեստին″»: Դիմելով երևակայական զրուցակցին՝ Լերմոնտովը նրան անվանում է «խիստ», «պատվարժան», «բարեհամբույր» և նույնիսկ՝ «հնարավոր է նաև իրական» (երբ խոսքը գնում է ապագա սերնդի ընթերցողների մասին)։ Հեղինակի շփվելու ձգտումը կրկին եկել է «Եվգենի Օնեգինից», միևնույն ժամանակ այն բխում է բարձրաշխարհիկ վիպակների սովորույթներից[35]։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուսումնասիրողները տարակարծիք են իշխանուհու ազգանվան շեշտադրության հարցում։ Տ. Պ. Դենը Լերմոնտովի վեցհատորյա ժողովածուի ծանոթագրություններում վեպի մասին (Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, 1957 թվական) նշել է, որ «դժվար է ասել, թե ինչպես է Լերմոնտովը շեշտադրել Լիգովսկիների ազգանունը։ Հավանաբար Լերմոնտովը այդ ազգանունը կապել է Լիգովո (Ли́гово) տեղանվան հետ և շեշտը դրել առաջին վանկի վրա։ Այդ իսկ պատճառով, շեղումը ավանդական շեշտադրման կանոններից հատկապես ընդգծվում է կիսագրագետ մարդու բացականչության շեշտադրմամբ. «…ոստիկանը գոչեց, և լողլող սպասավորը կրկնեց նրա հետևից. „իշխան Լիգովսկու կառքը“» („карета князя Лиговско́ва!“») (էջ 138, տող 11)։ Ըստ այդ ժամանակվա ուղղագրության՝ «օյ» (օй) վերջավորությունը ուղղական հոլովով դրված Լիգովսկի ազգանվան վրա նույնքան հնարավոր է, որքան վերջավորության, ու նաև` հիմքի շեշտադրման ժամանակ»[1]։ Մյուս կողմից` ավելի ուշ` չորսհատորյա ժողովածուի (1981 թվական, «Գիտություն» հրատարակչություն, Ի.Ս. Չիստովի և ուրիշների ծանոթագրություններ) ծանոթագրությունների առաջին իսկ տողում վեպի մասին ասվում է. « „Իշխանուհի Լիգովսկայա“ („Княгиня Лиговска́я“) անավարտ վեպը (շեշտադրումը նշված է ձեռագրում) առաջին անգամ հարտարակվել է 1882 թվականին» [2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ден, 1957, էջ 641—776
- ↑ Чистова, 1981, էջ 452
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Кряжимская, 1981, էջ 224
- ↑ 4,0 4,1 Аринштейн Л. М. Сушко́вский цикл // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 556.
- ↑ 5,0 5,1 5,2 Примечания // М. Ю. Лермонтов. Собрание сочинений в четырёх томах. — М.: Правда, 1969. — Т. 4. — С. 446. — 476 с.
- ↑ Ден, 1957, էջ 641
- ↑ Томашевский, 1941, էջ 493—494
- ↑ Черно А. И. Сушко́ва // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 555.
- ↑ Черно А. И. Сушко́ва // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 556.
- ↑ Щёголев П. Лермонтов. — М.: Аграф, 1999. — С. 180—181. — 528 с. — ISBN 5-7784-0063-2
- ↑ 11,0 11,1 Пахомов Н. П. Лопухина Варвара Александровна // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 265.
- ↑ Щёголев П. Лермонтов. — М.: Аграф, 1999. — С. 203. — 528 с. — ISBN 5-7784-0063-2
- ↑ Владимирская Н. М. Два брата (прозаическая драма) // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 265.
- ↑ Висковатов П. А. Жизнь и творчество Лермонтова. — М., 1891.
- ↑ Пахомов Н. Живописное наследство Лермонтова. — М.: Издательство АН СССР, 1948. — Т. 2. — С. 111—112. — (Лит. наследство; Т. 45/46).
- ↑ Томашевский, 1941, էջ 486—488
- ↑ 17,0 17,1 17,2 Кряжимская, 1981, էջ 225
- ↑ Белкина, 1941, էջ 536
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Кряжимская, 1981, էջ 226
- ↑ Белкина, 1941, էջ 537
- ↑ Белкина, 1941, էջ 538—539
- ↑ Томашевский, 1941, էջ 488
- ↑ Томашевский, 1941, էջ 484—485
- ↑ Щёголев П. Лермонтов. — М.: Аграф, 1999. — С. 192. — 528 с. — ISBN 5-7784-0063-2
- ↑ 25,0 25,1 Томашевский, 1941, էջ 484
- ↑ Белкина, 1941, էջ 517
- ↑ Белкина, 1941, էջ 549
- ↑ Белкина, 1941, էջ 550
- ↑ 29,0 29,1 Белкина, 1941, էջ 551
- ↑ Томашевский, 1941, էջ 487
- ↑ Вацуро В. Э. Проза // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 448.
- ↑ Томашевский, 1941, էջ 487—488
- ↑ Белкина, 1941, էջ 516
- ↑ Наум Синдаловский Лермонтовские адреса фольклорной летописи Петербурга // Нева. — 2014. — № 10.
- ↑ Юхнова И. С. Диалог с читателем в «Княгине Лиговской» М. Ю. Лермонтова // Вестник Нижегородского университета имени Н. И. Лобачевского. — 2008. — В. 4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кряжимская И. А., Аринштейн Л. М. «Княгиня Лиговская» // Лермонтовская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 224—226.
- Т. П. Ден Примечания // Лермонтов М. Ю. Сочинения: В 6 т. / ред.: Н. Ф. Бельчиков и др.. — М., Л.: Издательство АН СССР, Ин-т рус. литературы (Пушкин. дом)., 1957. — Т. 6. — С. 629—776.
- И. С. Чистова и др. Примечания // Лермонтов М. Ю. Сочинения: В 4 т. / редкол.: В. А. Мануйлов (отв. ред.) и др., подгот. текста и примеч. И. С. Чистовой и др.. — 2-е изд., испр. и доп.. — Л.: Наука Ленингр. отд-ние, 1981. — Т. 4. — С. 433—521.
- Томашевский Б. Проза Лермонтова и западно-европейская литературная традиция // М. Ю. Лермонтов. — М.: Издательство АН СССР, 1941. — Т. 1. — С. 469—516. — (Литературное наследство; Т. 43/44).
- Белкина М. А. «Светская повесть» 30-х годов и «Княгиня Лиговская» Лермонтова // Жизнь и творчество М. Ю. Лермонтова: Исследования и материалы: Сборник первый. — М.: Государственное издательство художественной литературы, 1941. — С. 516—551.
|