Շատորու (ֆր.՝ Châteauroux, ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել)), Էնդրի դեպարտամենտի վարչական կենտրոնը Կենտրոնական Ֆրանսիայում (Բերրի նախկին դքսություն)` Օռլեանից հարավ ընկած ճանապարհին, որը Փարիզը կապում է Թուլուզի հետ։
Քաղաքը առաջացել է ամրոցի շուրջ, որը 10-րդ դարում հիմնադրել է իշխան Ռաուլ դե Դեոլը, մինչև 1623 թվականը պատկանել է Շովինիայի բարոններին[4]։ Ամրոցի ներկայիս շինությունը, որը զբաղեցնում է քաղաքային վարչակազմը, կառուցվել է 15-րդ դարից ոչ ուշ։ Լյուդովիկոս XV-ը Շատորուի դքսուհու կոչում է շնորհել իր ֆավորիտին` Մարի Անն դե Մայի Նելին[4]։
Շատորուի երկաթուղային կայարանից կարելի է անմիջապես մեկնել Փարիզ, Օռլեան, Լիմոժ, Թուլուզ և մի շարք այլ տարածաշրջանային ուղղություններով։ A20 ավտոմայրուղին կապում է Շատորուն Վիերզոնի, Բրիվ լա Գայարդի և Թուլուզի հետ։
2001 թվականից քաղաքն առաջարկում է անվճար հասարակական տրանսպորտ[5]։ Ուղևորների ընդհանուր թիվը 2001-2012 թվականներին աճել է 208 %-ով[6]։
Քաղաքն ունի օդանավակայան, որն օգտագործվում է հիմնականում բեռնափոխադրումների, տեխնիկական սպասարկման, ուսուցման և թեթև ավիացիայի համար, ինչպես նաև սպասարկում է սեզոնային չարտերային չվերթները։