Jump to content

«Վենոնա» նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SIGABA[1], ծածկագրման ռոտորային մեքենա, օգտագործվել է ԱՄՆ-ում սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև 1950-ական թվականները, բանակում հայտնի էր նաև Converter M-134, նավատորմում` CSP-888/889

«Վենոնա» նախագիծ (անգլ.՝ Project Venona), ԱՄՆ հակահետախուզության գաղտնի ծրագրի կոդավորված անուն, որը նախատեսված էր խորհրդային կոդավորված տեղեկատվության վերծանման համար, սկսվել է 1943 թվականի փետրվարի 1-ին և փակվել է 1980 թվականի հոկտեմբերի 1-ին։  Նախագիծը հնարավորություն է տվել գնահատել ԱՄՆ-ում և այլ երկրներում խորհրդային լրտեսության մասշտաբները, ինչպես նաև հաստատել կամ վերահաստատել բազմաթիվ գործակալների ինքնությունը։ Սակայն «Վենոնա» ծրագրի օգնությամբ ստացված ապացույցները չէին կարող ներկայացվել դատարան կամ հանրությանը, քանի որ նախագիծը շարունակում էր գաղտնի մնալ ընդհուպ 1990-ականների կեսերը։ Այդ պատճառով որոշ գաղտնի գործակալներ ընդհանրապես չդատվեցին, որոշների մեղքը չապացուցվեց կամ հերքվեց։ Venona կամայական կոդային բառ է[2], նախագծի սկզբնական փուլերում օգտագործվել են նաև այլ անուններ. Jade, Bride, Drug, սակայն ի վերջո կանգ են առել «Վենոնա» տարբերակի վրա[3]:

Պատմական իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Կոմինտերնի ձևավորման հետ միասին ամբողջ աշխարհում Խորհրդային Ռուսաստանին նվիրված կոմունիստական կուսակցությունների ստեղծման առաջին նախադրյալներն ի հայտ եկան։ Դրանք հիմնականում գործում էին անլեգալ, հատկապես ԱՄՆ-ում։ Դա  հետախուզական ցանցեր ստեղծելու հարմար նախնական բազա էր[4]:

ԽՍՀՄ լրտեսության մասին ԱՄՆ իշխանությունների համար առաջին լուրջ նախազգուշացում կարելի է համարել հետախույզ Վալտեր Կրիվիցկու բացահայտումը, որը, զգուշանալով ԽՍՀՄ-ում հնարավոր ռեպրեսիաներից, 1937 թվականին չվերադարձողների շարքերը համալրեց։ Մասնավորապես, նա մատնել է ԱՄՆ կոմկուսի քարտուղար Էրլ Բրաուդերի կնոջը և քրոջը։ Նախկին լրտեսներ Ուիտեկեր Չամբերսի և Էլիզաբեթ Բենթլիի հետագա բացահայտումը, ինչպես նաև դասալիք Իգոր Գուզենկոյի բացահայտումը հաստատել են Ամերիկայում խորհրդային լրտեսության զարգացվածության աստիճանը[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և աղմկահարույց բացահայտումների և դատական գործընթացների ֆոնին, օրինակ, միջուկային լրտեսության մասին Ջուլիաս և Էթել Ռոզենբերգների գործը, ԱՄՆ-ում սկսվել էր մակարտիզմի` խորհրդային լրտեսների մշտական որոնման դարաշրջան։

Արտաքին հետախուզության ՊԱԿ-ի արխիվները մնում են փակ, բայց 1990 թվականին ԽՍՀՄ ՊԱԿ Առաջին գլխավոր վարչության պետ Լեոնիդ Շեբարշինը խոստովանել է, որ ԽՍՀՄ-ը տեղեկատվության հուսալի աղբյուրներ է ունեցել ԱՄՆ բոլոր ռազմա-քաղաքական խմբերի վերևներում[5]։

«Վենոնա» նախագծի միջոցով ստացված տեղեկությունները թույլ են տալիս թափանցել հետախուզության ներսը և հաստատել կամ հերքել լրտեսության և դավաճանության կասկածները։ Քանի որ Վենոնայի գոյության մասին առաջին տեղեկությունները հանրությանը հայտնի են դարձել միայն 1986 թվականին, երբ լույս են տեսել Ռոբերտ Լեմֆերի[6] հուշերը, իսկ պաշտոնապես բացահայտվեցին միայն 1995 թվականին[7], ապա նրանք արդեն ոչ թե օպերատիվ, այլ պատմական հետաքրքրություն են ներկայացնում։ Ի դեպ, որոշ գործակալներ հրապարակումների պահին դեռևս ողջ էին, թեև` չդատապարտված։

Կոմունիստական շարժման պատմության համար լրացուցիչ հետաքրքրություն են ներկայացնում Վենոնա նախագծի շնորհիվ Անգլիայում հրատարակված գաղտնի հաղորդագրությունները, որոնք ցույց են տալիս Կոմինտերնի[8] նկատմամբ Մոսկվայի ղեկավարության վերահսկողության աստիճանը։ Այսպես, Կոմինտերնի արձակումից հետո, 1943 թվականին Մոսկվան հատուկ հրահանգներ է ուղարկում, թե այդուհետ ինչպես հավաքել հետախուզական տվյալները[9][10]։

Վենոնա Նախագծի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առլինգթոն Հոլլ, 1942
«Վենոնայի» ստեղծողը` Ջին Գրաբիլ
Մերեդիթ Գարդները Առլինգթոն Հոլում
Մերեդիթ Գարդներ
1912-2002
Ռոբերտ Լեմֆեր
1918—2002

1930 թվականին ԱՄՆ-ում լեգենդար ծածկագրող Ուիլյամի Ֆրիդմանի ղեկավարությամբ Առլինգթոն Հոլլում (անգլ.՝ Arlington Hall) ստեղծվել է խիստ գաղտնի «Բանակային ռադիոհետախուզական ծառայություն» (անգլ.՝ U.S. Army's Signals Intelligence Service)։ Գործակալությանը հաջողվել է հեռարձակումների վերծանման զգալի հաջողությունների հասնել։ Ամենանշանակալի ձեռքբերումն էր ճապոնական «Purple» կոդի կոտրումը։ Վերծանված հաղորդագրություններից, որոնք Բեռլինի և Հելսինկիի ճապոնական ռազմական գործակալ կցորդները Տոկիո էին ուղարկում, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե ֆինն ծածկագրողները որոշակի հաջողությունների են հասել խորհրդային հաղորդագրությունների վերծանման գործում։ Դա ամերիկյան հատուկ ծառայություններին ցույց տվեց, որ խորհրդային ծածկագրի կոտրումը սկզբունքորեն հնարավոր է[3]։

1943 թվականին ԱՄՆ Կապի դաշնային գործակալությունը խորհրդային հյուպատոսարաններում առգրավել էր ապօրինի ռադիոհաղորդիչներ։ Այդպիսով, ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել էին ստանալ մեծ քանակությամբ կոդավորված հեռագրային հաղորդագրություններ, որոնք Մոսկվայի և հյուպատոսարանների միջև էին լինում։ Նույն թվականի փետրվարի 1-ին Առլինգթոն Հոլլում սկսվեց «Վենոնա» կոդային անվամբ խորհրդային հաղորդագրությունների վերծանման նախագիծը[11]։ Նախագծի առաջին ղեկավարն էր Ջին Գրաբիլը (անգլ.՝ Gene Grabeel)։ Աշխատակիցների հիմնական մասը մաթեմատիկական գիտելիքներ ունեցող երիտասարդ կանայք էին։ Բաժինն աստիճանաբար ընդարձակվում էր․ կարևորագույն աշխատակիցներից էր Մերեդիթ Գարդները, որը մինչև 1940 թվականին բանակ հավաքագրելը լեզվաբանության պրոֆեսոր էր եղել։ Գարդներն ազատ տիրապետում էր ֆրանսերենին, գերմաներենին, հունարեն, իտալերեն, ճապոներեն, լատիներեն, լիտվերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներին։ Ի հավելումն դրանց, նա օժտված էր արտակարգ վերլուծական ընդունակություններով[12]։

Կարևոր աշխատակիցներից էին լեյտենանտ Ֆերդինանդ Քուդերտը (անգլ.՝ Ferdinand Coudert), որը սլավոնական լեզուների մասնագետ էր, տիրապետում էր նաև ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն, ինչպես նաև ռուսերեն, բուլղարերեն և սերբերեն լեզուներին, կապիտան Ուիլլիամ Սմիթը (անգլ.՝ William B.S. Smith), որը նախկինում հրատարակիչ էր, տիրապետում էր ֆրանսերեն և բրետոներեն լեզուներին, ինչպես նաև ծածկագրողներ Ժենևիևա Ֆեյնշթեյնը (անգլ.՝ Genevieve Feinstein), Սեսիլ Ֆիլիպսը (անգլ.՝ Cecil Phillips) և դոկտոր Ռիչարդ Լիբերը։

Ծածկագրման վերլուծության դասական և նոր ոչ մի մեթոդ ոչինչ չէր կարողանում անել Վերնամի ծածկագրի դեմ, մինչև Ռիչարդ Հալոկը, որը նախքան պատերազմը հնագետ էր[13], ապացուցեց, որ խորհրդային վերծանողները կատարում էին բանալիների կրկնակի օգտագործում։ Առաջին հաղորդագրությունները կարդալ հաջողվեց 1944 թվականին, շնորհիվ Սեսիլ Ֆիլիպսի, Ժենևիևա Ֆայնշթեյնի և Լյուսիլ Քեմփբելի (անգլ.՝ Lucille Campbell1946 թվականին Մերեդիթ Գարդները կարողացավ կարդալ 1944 թվականին գրված մի հաղորդագրություն և հասկացավ, որ խոսքը վերաբերում է միջուկային լրտեսությանը։

Նախագիծը ընդլայնվեց։ 1947 թվականին գործողությունների ընթացքին միացավ ՀԴԲ-ն, որը երկար ժամանակով Մերեդիտ Գարդների հետ կապեց իր սպաներից Ռոբերտ Լեմֆերին[14], որը հետագայում դարձավ «Վենոնայի» մասին հուշագրությունների առաջին հեղինակը։ 1948 թվականից սկսվեց ԱՄՆ և Մեծ Բրիտանիա համագործակցությունը, մանավանդ, որ որոշ միջուկային լրտեսներ էին հայտնաբերվել Անգլիայում։ Օրինակ, Լեմֆերը Մեծ Բրիտանիայում հարցաքննել էր Կլաուս Ֆուքսին և նրանից կարողացել է ցուցմունք կորզել կապավոր Հարրի Գոլդի մասին (մականունը` «Ռայմոնդ»)[15][16]։ «Վենոնայի» միջոցով պարզվել էր նաև, որ անհայտ գործակալ «Բարոն» - ը Էնիգմայի որսած գաղտնի նյութերի մասին տեղեկություն էր հաղորդել Անգլիայից Մոսկվա, թեև Էնիգմայի վերծանումը խիստ գաղտնի էր պահվում[17][18][19]։ Ընդ որում, ձևավորվել էր հակասական իրավիճակ. ԱՄՆ հետախուզության մեծագույն գաղտնիքն այն էր, որ ընթերցում էին խորհրդային հեռագրերը, որոնցից իմանում էին, որ խորհրդային հետախուզությունը գիտեր բրիտանական հետախուզության մեծագույն գաղտնիքը, որը կայանում էր նրանում, որ նրանք կարդում էին գերմանական ռազմական գաղտնի հաղորդագրությունները։

Ֆիզիկոս Կլաուս Ֆուքս, 1950 թվականին խոստովանել է, որ 1942 թվականից աշխատել է Ռուսաստանի համար և փոխանցել է բրիտանական և ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները Ռուսաստանին, ոստիկանության լուսնկար, մոտ 1940

1953 թվականից նախագծին է միացել ԿՀՎ-ն։ ՆԳԺԿ նամակագրությունների ընթերցումները տարածվել են նաև ԳՀՎ և նրա ռազմա-ծովային բաժնի վրա։ Գործնական նշանակություն ունեցող ամենամեծ հաջողությունները գրանցվել են 1948-1951 թվականներին, երբ բացահայտվել են բազմաթիվ գործակալներ.

Առաջընթաց է գրանցվել 1953 թվականին[20], երբ հնարավորություն էր ստեղծվել օգտագործել կիսաայրված խորհրդային կոդերի գիրքը, որը գտնվել էր Գերմանիայում դեռևս 1945 թվականին։ 1960 թվականին անգլիացիներին հաջողվել է կարդալ ԳՀՎ ռազմա-ծովային բաժնի նամակագրության մի մասը։ Եվ վերջապես, 1960-1980 թվականներին հաջողվել է վերծանել մի շարք հին հաղորդագրություններ, որոնք թույլ են տվել, այդ թվում, ստանալ Ռոզենբերգների մեղավորության վերջնական ապացույցները։ Նոր և երբեմն զգալի հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ստանալը բավական երկարատև աշխատանք է եղել։ Այսպես, 1978-1980 թվականներին հաջողվել է վերծանել ևս 39 հեռագրեր[21]։ Այնուամենայնիվ, 1980 թվականի հոկտեմբերի 1-ին «Վենոնա» նախագիծը փակվել է, գլխավորապես, ուսումնասիրվող նյութի վաղեմության պատճառով[21]։

Նախագիծը մնացել է պաշտոնապես գաղտնի մինչև 1995 թվականը, թեև նրա մասին առաջին հուշագրությունները լույս են տեսել 1987 թվականին[6]։

Տեխնիկական կողմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին պատերազմի ժամանակ եթերին հետևելու ընթացքում ԱՄՆ Կապի դաշնային գործակալությունը հայտնաբերել է, որ Սան Ֆրանցիսկոյի և Նյու Յորքի խորհրդային հյուպատոսարաններից ընթանում է չթույլատրված ռադիո հեռարձակում։ Ռադիոսարքավորումը բռնագրավվեց և հյուպատոսարանի անձնակազմն անցավ սովորական առևտրային հեռագրման։ Այսպիսով, ըստ էության, հաղորդումների գաղտնալսելը ոչ մի տեխնիկական բարդություն չէր ներկայացնում[22]։

Ինչպես հետագայում պարզվեց, հաղորդագրությունները ենթարկվում էին կրկնակի գաղտնագրման։ Նախ և առաջ, հաղորդագրության մեջ, որպես կանոն, մարդկանց կամ կազմակերպությունների իրական անուններ չէին օգտագործվում, այլ միայն պայմանական անվանումներ։ Ոչ թե «նախագահ Ռուզվելտ» էին գրում, այլ «կապիտան», «կոմկուսի քարտուղար Բրաուդեր» գրելու փոխարեն` «վերստուգող»։ Որից հետո հաղորդագրությունները գաղտնագրման գրքի միջոցով վերածվում էին թվերի, այսինքն` խոսքերն ու տառերը թվային ծածկագրերով էին փոխարինվում։ Այնուհետև օգտագործվում էր Վերնամի ծածկագիր (անգլ.՝ оne-time pad - մեկանգամյա նոթատետրերի սխեմա), որը տեսականորեն օժտված է բացարձակ գաղտնագրային կայունությամբ։ Գործնականում ծածկագիրը կարող է որակազրկվել սխալ օգտագործելու դեպքում, եթե մեկանգամյա բանալին այնքան էլ պատահական չէ կամ, եթե կրկնակի է օգտագործվել, դրանով իսկ դադարելով միանգամյա լինել։ 1942 թվականին ՆԳԺԿ -ն անհայտ պատճառով սխալ թույլ տվեց, երբ կազմեց մեկանգամյա օգտագործման բանալիների գիրք, որտեղ կրկնություններ էին հանդիպում։ Կրկնողությունները նկատվել են մինչև 1948 թվականը և հավանաբար դադարել են այն բանից հետո, երբ խորհրդային գործակալներ Ուիլյամ Վայսբանդը և Կիմ Ֆիլբին հաղորդել են, որ խորհրդային հետախուզության հաղորդագրությունները գաղտնազերծվում են[23]։

Ծածկագրման ընթացքում բաց տեքստը կոդավորման գրքով վերածվում էր թվերի, ապա «բացառող ԿԱՄ» գործողությամբ միավորվում էր  բանալիով, որը կոչվում էր միանգամյա նոթատետր կամ ծածկագրման նոթատետր։ Եթե միևնույն ծածկագրման նոթատետրը կիրառվեր երկու բաց տեքստերում, անխուսափելիորեն առաջանում էին վիճակագրական օրինաչափություններ։ Ասենք, եթե կիրառենք «բացառող ԿԱՄ» գործողություն միևնույն ծածկագիր նոթատետրով երկու տեքստերի նկատմամբ, ապա կստացվի երկու բաց տեքստ, որոնք միավորված են «բացառող ԿԱՄ» գործողությամբ։ Նման տեքստն արդեն հաճախակիության վերլուծության հնարավորություն է տալիս։ Տեսակետ կար, որ մեկանգամյա կրկնությունը դեռ բավարար չէ կոդը կոտրելու համար։ Այնուամենայնիվ, Ռիչարդ Խալոկը, որը հայտնաբերել էր կրկնողությունները, կարողացել է առաջ շարժվել կոդի վերծանման մեջ։ 1944 թվականին հաջողվել է բացահայտել տեքստի սկզբնական կետերը և առաջին անգամ վերծանել որոշ հաղորդագրություններ։ 1946 թվականին Մերեդիթ Գարդները սկսել է խորհրդային մեկանգամյա նոթատետրերի վերակառուցումը։ Նա վերծանել է նաև միջուկային ծրագրի առաջին հաղորդագրությունները։ 1947 թվականին վերծանվել են որոշ գործակալների կոդային անունները։ Այլ լրտեսումները մնացել են անխոցելի մինչև ծրագրի փակումը` 1980 թվականը։

Արդյունքների ամփոփում

[խմբագրել | խմբագրել կոդը]
տարի վերծանում աղբյուր
1942 1.8 % ՆԳԺԿ
1943 15.0 % ՆԳԺԿ
1943 50.0 % ВМ ԳՀՎ
1944 49.9 % ՆԳԺԿ
1945 1.5 % ՆԳԺԿ
Հաջողության տոկոսը ըստ տարիների
[22][24]

Հաջողությամբ վերծանված հեռագրերի տոկոսային թիվը մեծապես կախված է հաղորդագրությունները որսալու տարվանից։ Բացի այդ, շատ հաղորդագրություններ վերծանվել են որսալուց բավական ժամանակ անց, երբ լրտեսության հիմնական վնասն արդեն հասցվել էր։ Հարյուր հազարավոր հաղորդագրություններ են որսացվել 1941-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում, այնպես որ Վենոնա ծրագրի մասնակիցների գործունեությունն առաջին շրջանում եղել է ըստ աղբյուրների դասավորում և բաշխում, որոնցից շատերը հակահետախուզության համար մեծ կարևորություն չեն ներկայացրել[25]։ Մեծ հետաքրքրություն են առաջացրել ՆԳԺԿ եւ ԳՀՎ հազարավոր հեռագրերը, որոնցից ընդհանուր առմամբ հաջողվել է կարդալ ընդամենը մոտ 2900։

Հետագա տարիներին ՆԳԺԿ-ն դադարել է բանալիները կրկնակի օգտագործել, հավանաբար բացահայտման մասին զգուշացված լինելով, այդպիսով վերծանման հնարավորությունը կորցրեց ուժը։ Հին վերծանումների աշխատանքը տևել է մինչեւ 1980 թվականը։

Ռոզենբերգների և Գրինգլասների մասնակցությունը. «Լիբերալը» եւ նրա կինը խորհուրդ են տալիս հավաքագրել Ռուտ Գրինգլասին
Թեոդոր Հոլլի հավաքագրման մասին հեռագիր
ильям Вайсбанд, специалист по русскому языку в «Веноне»; считается советским разведчиком по кличке «Звено»
Ուիլյամ Վայսբանդ «Վենոնայում» ռուսաց լեզվի մասնագետ, «Զվենո» մականունով խորհրդային լրտես
Հուլիուս Ռոզենբերգի («Լիբերալ») գաղտնի լուսանկարը Մանհեթենյան նախագծից («Էնորմոզ»), որտեղ հիշատակված է Ռուտ Գրինգլասը («Ասա»)

Ամենահնչեղ ու կարևոր լրտեսության հետ կապված գործերից է եղել Ռոզենբերգ ամուսինների լրտեսական ցանցի հետ կապված գործը։ 1949 թվականին ՀԴԲ-ն գաղտնալսված և վերծանված հեռագրերի վերլուծության հիման վրա կարողացել է պարզել, որ «Ռեստ» և «Չարլզ» կոդային անվամբ գործակալները մեկ անձ է` ֆիզիկոս Կլաուս Ֆուքսը։ Նույն թվականին նրան կալանեցին։ Հետաքննության ժամանակ Ֆուքսը խոստովանել է իր լրտեսությունը և մատնել է կապավոր Հարրի Գոլդին։ Կապավորների պակասի պատճառով Հարրի Գոլդը Դևիդ Գրինգլասի հետ կապի պատասխանատուն էր։ Վերջինս աշխատում էր Մանհեթենի միջուկային ծրագրի վրա։ Հարրի Գոլդի ցուցմունքների և ռադիոգրամների վերլուծության հիման վրա ՀԴԲ- ն եզրակացրել էր, որ հենց Գրինգլասն է «Կալիբր» գործակալը։ 1950 թվականին Գրինգլասը ձերբակալվեց և մատնեց իր աներորդի Հուլիուս Ռոզենբերգին։ Նույն թվականին ՀԴԲ-ն կարողացել է եզրակացնել, որ  հանձինս «Լիբերալ» և «Անտեննա» մականունով գործակալների հանդես է գալիս մեկ անձ` Հուլիուս Ռոզենբերգը և որ հենց նա է ղեկավարում լրտեսական ցանցը։ Անլեգալ գործունեության մեջ ներգրավված էին Գրինգլասի կինը` Ռուտը, ինչպես նաև Հուլիուս Ռոզենբերգի կինը` Էթելը (օրիորդական ազգանունը Գրինգլաս), նա Գրինգլասի քույրն էր։ Այդ ժամանակ, բացի Գրինգլասի ցուցմունքներից, Էթելի և Ռուտի մեղքի մասին այլ լուրջ ապացույցներ չկային։ Քանի որ Գրինգլասը շահագրգռված էր գործի ելքով, շատերը կասկածում էին Էթելի կամ նույնիսկ Հուլիուս Ռոզենբերգի մեղավոր լինելուն։ Ռոզենբերգներն իրենք հերքում էին իրենց մեղքը, իսկ կոմունիստական համոզմունքների մասին հարցերին հրաժարվում էին պատասխանել, օգտվելով Սահմանադրության Հինգերորդ ուղղումից[26]։ Հետաքննությանը համագործակցելուց հրաժարվելը և մի շարք այլ հանգամանքներ նրանց հասցրին էլեկտրական աթոռի։

«Վենոնա» փաստաթղթերի հրապարակումից հետո 1995 թվականին անհնար դարձավ Ռոզենբերգների անմեղության մասին խոսելը, քանի որ գրառումներում ակնհայտ երևում էր նրանց ակտիվությունը։ Յուրաքանչյուր մասնակցի մեղավորության աստիճանի հարցը և, հատկապես, արդար պատժաչափի հարցը չէր կարող, բնականաբար, լուծվել տեխնիկական միջոցներով։ Ի վերջո, Ռոզենբերգները «սառը պատերազմի» տարիներին լրտեսության համար մահապատժի ենթարկված միակ ամերիկացիները մնացին։ Թեոդոր Հոլլը, որի մեղքն ապացուցվել էր միայն «Վենոնա» ծրագրով, ընդհանրապես անպատիժ մնաց և հաջողությամբ շարունակեց գիտական կարիերան։ Մերեդիտ Գարդները, որի ջանքերի շնորհիվ բացահայտվեցին Ռոզենբերգները, ասել է, որ ինքը դեմ է մահապատժին. «Այդ մարդիկ գոնե հավատում էին իրենց գործին»։ ՀԴԲ սպա, վետերան Ռոբերտ Լեմֆերը, ով աշխատել է Գարդների հետ, Էթել Ռոզենբերգի համար խորհուրդ է տվել բանտային ազատազրկում, իսկ Հուլիուս Ռոզենբերգի համար` մահապատիժ, բայց միայն այն դեպքում, եթե վերջինս չհամաձայնվի հետաքննության հետ համագործակցել։ Ռոզենբերգների խոստովանության դեպքում Լեմֆերը պլանավորում էր լրտեսության համար դատի տալ ևս մոտ տասնհինգ մարդու[27]։ Էթել Ռոզենբերգի մահապատժին դեմ էր նույնիսկ ՀԴԲ-ի տնօրեն Ջ. Էդգար Հուվերը[28]։ Ռոզենբերգների խոստովանությանը սպասում էին մինչև վերջին պահը։ Ռոզենբերգների դատավճռի հրապարակումից հետո արդեն ՀԴԲ-ի գործակալները դատավոր Իրվինգ Կաուֆմանին կոնֆիդենցիալ կերպով հայտնեցին հաղորդագրությունների գաղտնազերծման և վերծանման մասին, որից հետևում էր որ Հուլիուսն էր ղեկավարում հետախուզական ցանցը, իսկ Էթելը չէր կարող չիմանալ այդ մասին։ ՀԴԲ-ն այդ մասին չէր հայտնում մինչև դատավճռի կայացումը, որ չազդեր դատական որոշման վրա։ Բայց դատավճռից հետո այդ մասին դատավորին հայտնվեց նման խիստ դատավճիռ կայացնելու համար նրան որոշ հոգեկան թեթևություն հաղորդելու նպատակով[29]։ «Վենոնա» նախագիծը ցույց չի տվել Էթելի մեղքը ուղղակի ձևով, նա ոչ մի մականուն չի ունեցել։ Պրոֆեսիոնալ հետախույզ Ա. Ս. Ֆեկլիկովը իր հուշագրություններում հիշատակել է Էթելին։ Ֆեկլիսովը Հուլիուսի հետ հանդիպումից առաջ մտնում էր խանութ, և եթե Էթելն այնտեղ էր, ուրեմն հանդիպումն անվտանգ էր։ Ֆեկլիկսովը նույնպես պնդում է, որ Էթելը գիտեր ամուսնու լրտեսական գործունեության մասին, բայց, ըստ էության, չի մասնակցել դրան[30]։

«Վենոնա» նախագիծն ընդհանուր առմամբ պետք է հաջողված համարել, իսկ հաշվի առնելով վերծանման համակարգի բարդությունը, նույնիսկ չափազանց հաջողված։ Հաջողությունը, սակայն, միայն մի քանի տարիների մասին է։ Շատ շուտով մոսկովյան կենտրոնը նախազգուշացվել էր։ Ըստ ԿՀՎ-ի, դա արել էին Ուիլիամ Վայսբանդը և Քիմ Ֆիբլին։ Վայսբանդի անունը, որը հանրությանը քիչ էր հայտնի, նշված է ՀԴԲ Ջոնս Յորք Օրինի կողմից, որի կոդային անունը «Իգլա» էր։ Վայսբանդը Ռուսերենի խորհրդատու էր և «Վենոնա» նախագծի շատ հատվածներին հասանելի էր։ Մերեդիտ Գարդները հետագայում վերհիշում է, որ Վայսբանդը, որը հատկապես հետաքրքրված էր խորհրդային հեռագրերի վերծանմամբ, սենյակում է եղել, երբ Գարդները կարողացել է կարդալ առաջին հեռագիրը։ Վայսբանդի դեմ ապացույցներ չեն եղել. նրան հաջողվել է դատապարտել միայն մեկ տարվա ազատազրկման դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Քիմ Ֆիլբին «Վենոնայի» մասին իմանալով հասցրել է զգուշացնել Մակլինին և Բյորջեսին ու փախել է։ Այդպիսով «Վենոնա» նախագծում նրա անձի հաստատումը որոշ չափով ուշացել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CRYPTANALYSIS OF SIGABA» (անգլ.)
  2. CIA site. «Venona: Soviet Espionage and The American Response 1939—1957. Preface». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 Roberts, 2001, էջ 169
  4. 4,0 4,1 Romerstein et al., 2001, The making of an apparat, pp. 55—92
  5. «Комсомольская правда», 21.12.1990
  6. 6,0 6,1 Robert J Lamphere, Tom Shachtman. Война между ФБР и КГБ: История спецагента = The FBI-KGB War: A Special Agent's Story. — 1 edition. — WH Allen, 1987. — 336 p. — ISBN 0-491-03316-8.
  7. William P. Crowell. «Remembrances of Venona». сайт АНБ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. Benson, 2001, էջ 5
  9. Benson, 2001, էջ 23
  10. «Венона». Сообщение от 12 сентября 1943 с инструкциями на период после роспуска «Большого Дома» (Коминтерна) Արխիվացված 2010-06-26 Wayback Machine>
  11. անգլ.՝ VENONA Chronology
  12. «Meredith Gardner, 89, Dies; Broke Code in Rosenberg Case», Некролог в «Нью-Йорк Таймс»
  13. Benson, 2001, էջ 9
  14. Benson, 2001, էջ 11
  15. Interview with Robert Lamphere.
  16. Obitiuary of Robert Lamphere Некролог в «Нью-Йорк Таймс»
  17. Benson, 2001, էջ 49
  18. «Сообщение «Барона», апрель, 1941» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  19. Համաձայն դասալիք Գորդիևսկու, Բրետչլի պարկից փաստաթղթերի փոխանցումը կատարվում էր Ջոն Կրենկրոյսի միջոցով. տես` Christopher Andrew and Oleg Gordievsky, KGB: The Inside Story of its Foreign Operations from Lenin to Gorbatchev, London, Hodder and Stoughton, 1990, note 5, p. 247.
  20. Benson, 2001, էջ 16
  21. 21,0 21,1 Benson, 2001, էջ 6
  22. 22,0 22,1 Romerstein et al., 2001, What was Venona? pp. 3-28
  23. Ծածկագրերը փոխարնվեցին 1948 թվականի հոկտեմբերի 29-ին, որը NSA պատմության մեջ ստացել է «Սև ուրբաթ» (Black Friday) անունը։ Դա այն օրն է, երբ պարզվեց, որ մի քանի հազար գաղտնագիրների մի քանի տարվա աշխատանքը մեկ օրում անօգուտ է եղել։ Տես` (2010) The Secret Sentry — The Untold History of the National Security Agency (ISBN 1-60819-096-X), գլուխ 1 (անգլ.)
  24. Benson, 2001, էջ 15
  25. Benson, 2001, էջ 3
  26. «А-бомба».
  27. Roberts, 2001, էջ 432
  28. Roberts, 2001, էջ 380
  29. Roberts, 2001, էջեր 432-433
  30. Roberts, 2001, էջեր 166-167

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]