Ազգային ռեդուտ (Շվեյցարիա)
Նկարագրություն | |
Տեսակ | ֆորտիֆիկացիա և ամրաշինական գիծ |
Երկիր | Շվեյցարիա |
Կառուցված | 1940 |
Ազգային ռեդուտ, Շվեյցարական տեդուտ կամ պարզապես` Ռեդուտ ( գերմ.՝ Schweizer Reduit, ֆր.՝ Réduit suisse, իտալ.՝ Ridotto nazionale, ռոմանշ.՝ Reduit nazional), պաշտպանական ծրագիր, որը մշակել է Շվեյցարիայի կառավարությունը 19-րդ դարի վերջին՝ օտարերկրյա հարձակումները հետ մղելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում ծրագիրը ընդլայնվել և ճշգրտվել է՝ նացիստական Գերմանիայի կողմից հնարավոր ներխուժմանը («Տոնենբաում օպերացիա») հակազդելու համար, որը պլանավորված էր, բայց այդպես էլ չի իրականացվել[1]։
«Ռեդուտ» տերմինն ի սկզբանե վերաբերվել է ամրությունների բաստիոնային համակարգին, որը կառուցվել է 1980-ականներից ի վեր՝ պաշտպանելու կենտրոնական Շվեյցարիան՝ որպես շվեյցարական բանակի նահանջի ամրացված տարածք։ Իրենից ներկայացնում է «արևելք-արևմուտք» գծով պաշտպանական կառույցների համալիր Ալպերում` երեք հիմնական ամրոցներով. Սեն-Մորիս, Սեն-Գոթարդ և Զարգանս։ Այս ամրոցների հիմնական գործառույթը Գերմանիայի և Իտալիայի միջև ալպյան անցումները պաշտպանելն էր, բայց ոչ` Շվեյցարիայի արդյունաբերական, խիտ բնակեցված ներքին տարածքները։ Ներքին տարածքներն իրենց հերթին պաշտպանվել են «Սահմանային գծի» և «Բանակային գծի» ամրացումներով՝ նշանակալի, բայց ոչ անհաղթահարելի։ Իսկ ռեդուտ բաստիոնների համալիրը նախագծվել է ամբողջովին անառիկ, ինչն ագրեսորին թույլ չէր տա լեռնանցքներով կամ երկաթուղային թունելներով հյուսիսից հարավ անցնել Ալպերը։ Այս ռազմավարությունը ցանկացած ներխուժում կանխելու նպատակ է հետապնդել. ներխուժումը դարձնելով անիմաստ` շվեյցարական տրանսպորտային ենթակառուցվածքից օգտվելու անկարողության շնորհիվ։ Ռեդուտ հայեցակարգը Շվեյցարիայի ռազմական ռազմավարության անբաժանելի մասն է։ Նրա շնորհիվ Շվեյցարիան խուսափել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց՝ նույն մոտեցումը պահպանելով Սառը պատերազմի ժամանակ հնարավոր միջամտությունից պաշտպանվելու հարցում։ Այն ի վերջո դարձել է «չեզոքության» շվեյցարական դոկտրինի կարևոր մասը և իր տեղն ունի ազգային բանահյուսության մեջ։
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ վերացել էր Վարշավայի պայմանագրի ներխուժման հնարավորությունը, մինչև 1995 թվականը շատ դիրքեր ապաակտիվացվել են[2] և համարվում են պոտենցիալ պատմական հուշարձաններ[3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարական Ալպերի տարածաշրջանում ամրությունների կառուցումը սկսվել է 1880-ական թվականներին՝ Սեն Գոթարդի երկաթուղու բացումից անմիջապես հետո։ Ամրոցները կառուցվել են Աիրոլո կոմունայում, Օբերալպ լեռնանցքում, Ֆուրկա լեռնանցքում և Գրիմսելի լեռնանցքում, բոլորը Կենտրոնական Ալպերում՝ բելգիացի ռազմական ինժեներ Անրի Բրիալմոնտի նախագծով։ Լրացուցիչ ամրություններ են կառուցվել Սեն Մորիսի շուրջ` օգտագործելով լեռնահանքային և թունելային տեխնիկա սառցադաշտային հովտի զառիթափ լեռներում[4]։
Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո շվեյցարացիները ռեդուտի հետագա ամրապնդում չեն նախատեսել։ Այնուամենայնիվ, 1930-ականներին, երբ Ֆրանսիան կառուցել էր Մաժինոյի գիծը Շվեյցարիայի սահմանից մինչև Բելգիայի սահման, Բելգիան` Լիեժի ամրացված տարածքը, Գերմանիան ՝ Արևմտյան պատը, իսկ Չեխոսլովակիան` սահմանային ամրությունները, Շվեյցարիան վերանայել է իր ֆիքսված պաշտպանության կարիքները։ Վերոհիշյալ ամրությունների համեմատությամբ ռեդուտային կառույցները շատ ավելի խորն էին և ավելի լավ զինված[5]։
Նոր ռեդուտային ամրություններ կառուցելու որոշման հարցում իր դերն է ունեցել այն, որ նման լայնածավալ շինարարությունը կարող է աշխատատեղեր ստեղծել՝ որպես Մեծ դեպրեսիայի դեմ պայքարի մաս[6]։ Նախագծային աշխատանքները սկսվել են 1935 թվականին, իսկ ընդլայնված Ալպիական ֆորտիֆիկացիաների, «Սահմանային գծի» և «Բանակային գծի» ամրությունների շինարարությունը սկսվել է 1937 թվականին[7]։
1939 թվականի օգոստոսի 28-ի երեկոյան Դաշնային խորհուրդը ռադիոյով հայտարարել է օգոստոսի 29-ին սահմանապահ զորքերի (80,000 մարդ) մասնակի մոբիլիզացման մասին` Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումից երկու օր առաջ։ Օգոստոսի 30-ին Դաշնային ժողովը Անրի Գուիսանին գեներալ է ընտրել։ Սեպտեմբերի 1-ի կեսօրին՝ Լեհաստանի դեմ պատերազմի բռնկման օրը, Դաշնային խորհուրդը սեպտեմբերի 2-ին ցուցապաստառի միջոցով համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել (մոբիլիզացիայի 1-ին օր)։ Սեպտեմբերի 2-ին 650,000 մարդ (450,000 զինվոր և 200,000 օժանդակ) շարժվել և սպասման դիրքեր են գրավել Միտելենդում (ի վերջո մոբիլիզացվել է 850,000 մարդ` 4,000,000 ընդհանուր բնակչությունից)[8]։
1939 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 2 գործողության հրամանով գեներալը հրամայել է գրավել և ընդլայնել Լիմատ գետի (Աարեի վտակ) երկայնքով «Լիմատի դիրքը»՝ որպես շվեյցարական բանակի առաջին բանակային դիրք` կասեցնելու հարձակումը հյուսիսից և Շվեյցարիայի միջով Մաժինոյի գծի շրջանցումը։ 1940 թվականի հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի դե ֆակտո հանձնվելուց մեկ օր անց, Գուիսանը հրամայել է դադարեցնել ամրակայման աշխատանքները նախորդ դիրքերում և իրականացնել միայն ավարտական հարդարման աշխատանքներ[10]։
Ի տարբերություն Առաջին համաշխարհային պատերազմի` միասնականությունն ակնհայտ էր ամբողջ Շվեյցարիայում՝ անկախ դասից և լեզվից։
1940 թվականի ամռանը պատերազմի ամենադժվար փուլն էր. Ֆրանսիան անսպասելիորեն տապալվել էր, իսկ Շվեյցարիան շրջապատված էր առանցքի ուժերի կողմից։ Երբ շվեյցարացիների մեծ մասը վախենում էր, որ իրենք կդառնան նացիստական էքսպանսիոնիզմի հաջորդ զոհը, դաշնային խորհրդական Մարսել Պիլե-Գոլազը 1940 թվականի հունիսի 25-ին ելույթ է ունեցել, որը ընդհանուր առմամբ մեկնաբանվել է որպես Գերմանիայի կողմից վերահսկվող նոր Եվրոպային հարմարեցում։ Շատ շվեյցարացիներ հրաժարվել են ընդունել դա, և հաջորդ ամիս խորհրդանշական Ռութլի բարձրավանդակում բանակի բարձրագույն սպաներին տրված ելույթում շվեյցարական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Անրի Գուիսանը արտահայտել է ռազմական դիմադրության հաստատակամությունը։ Բացի այդ, կենտրոնական Ալպերում գտնվող ամրոցը` ռեդուտը, հագեցած էր զինամթերքով, բժշկական պարագաներով, սննդով, ջրով, հիդրոէլեկտրակայաններով և գործարաններով, որոնք հնարավորություն կտային շվեյցարական բանակին պայքարել նացիստների դեմ, նույնիսկ եթե Միտելլանդի քաղաքները գրավվեն[8]։
Դեռևս 1940 թվականի գարնանից կազմվել էին «Ռեդուտի» տարբեր պլաններ։ Հիմնական տարբերությունները նախատեսված չափերի մեջ էր, որոնցից երկու լուծումներն են դիտարկվել։
Ամենահետևողական լուծումը Օսկար Ադոլֆ Գերմանի (1889–1979) պլանն է համարվել. կոմպակտ ձև, որը պետք է պաշտպանվեր լեռնային զորքերի կողմից։ Մյուսը Գոնարդի պլանն էր, որն էլ ի վերջո իրագործվել է, ներառում էր ավելի ընդարձակ համակարգ, որն ընդգրկում էր երեք ամրացված գոտիները՝ Սարգանսը, Գոթարդը և Սեն Մորիսը։ Պլանն անվանվել է փոխգնդապետ Սամուել Գոնարդի (1896–1975) անունով, որն այն ժամանակ գեներալ Անրի Գուիսանի անձնական շտաբի պետն էր և շվեյցարական բանակի փաստացի օպերատիվ ղեկավարը։ Գեներալ Գուիզանը և նրա շտաբի պետը պետք է որոշեին, թե ինչ ծայրահեղ հետևանքներ կարող էին լինել Ռեդուիտի հետ կապված։ Այնուհետև հրամանները հիմնված էին ռազմավարական և մարտավարական բնույթի նկատառումների վրա։ Դրանք բաղկացած էին կենտրոնական հատվածում աստիճանաբար պաշտպանական դիրքեր անցնելուց և այդպիսով խորությամբ պաշտպանվելու մարտավարությունից։
Գեներալ Անրի Գուիսանի ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարական բանակի հրամանատար, գեներալ Անրի Գուիսանը երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում առաջարկել է պաշտպանության կազմակերպման հայեցակարգ, որը ստացել է «Շվեյցարիայի ազգային ռեդուտ» կամ պարզապես «ռեդուտ» անվանումը։ Ըստ այդմ՝ հաշվի են առնվել պոտենցիալ հակառակորդների համեմատ կենդանի ուժի և սպառազինության սահմանափակ ազգային ռեսուրսները։ Ուստի, զինված ուժերի առաջ խնդիր է դրվել ոչ թե պաշտպանել սահմանները, այլ ստեղծել այնպիսի իրավիճակ, որում երկրի օկուպացիան թշնամուն թվա չափազանց թանկ և նույնիսկ անիմաստ։ Այդպիսով, ռեդուտ ռազմավարությունը հիմնականում զսպող գործոն է դարձել։
Այդ նպատակով պաշտպանության գիծը Շվեյցարական սարահարթից նախապես տեղափոխվել է լեռներ, որտեղ բազմաթիվ ամրություններ ունակ էին դիմակայելու թշնամու հետևակին և տանկերին։ Լեռնային ճանապարհներն ու թունելներն ականապատվել ու պատրաստվել են պայթեցումներից։ Բոլոր ստորաբաժանումների հրամանատարությանը և անձնակազմին ասվել է, որ ռազմական գործողությունների սկսվելու պահից նրանք պետք է պաշտպանեն իրենց տարածքները՝ չակնկալելով դիմադրությունը դադարեցնելու որևէ հրաման։ Ագրեսորի զավթիչ ուժերը պետք է սահմաններից հետ պահվեին միայն այնքան ժամանակ, որքան բավարար կլիներ, որ հիմնական ուժերը կազմակերպված նահանջեին ռեդուտի գծից այն կողմ։ Այս վերախմբավորման ավարտից հետո Շվեյցարիայի կառավարությունը կարող էր երկար ժամանակ մնալ թաքնված վիճակում։
Այսպիսով, երկիր ներխուժող ցանկացած թշնամի, ի վերջո, կկանգներ հիմնովին ավերված ենթակառուցվածքով հսկայական լեռնային տարածքների վրա հսկողություն սահմանելու խնդրի առաջ, որտեղ կհանդիպեր պաշտպանությունը շարունակող գերիլիա տիպի բազմաթիվ կիսապարտիզոնական կազմավորումների դիմադրության։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներխուժման գերմանական պլան
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի հուլիսի 26-ին գերմանական ցամաքային զորքերի հրամանատարությունը կազմել է «Տանենբաում» օպերացիայի պլան, ըստ որի գեներալ ֆելդմարշալ Վիլհելմ Լիստի 12-րդ բանակը, մեկ լեռնահրաձգային և երեք հետևակային կորպուսի ուժերով, 2-ից 3 օրում պետք է գրավեր Շվեյցարիան՝ գրավելով Բեռն, Զոլոտուրն, Ցյուրիխ և Լյուցեռն քաղաքների արդյունաբերական տարածքները, այդ ընթացքում իտալական զորքերը կներխուժեն հարավից։ Դրանից հետո Գերմանիան ու Իտալիան պատրաստվում էին իրար մեջ բաժանել Շվեյցարիայի տարածքը[1][11]։
Շվեյցարական 10 հետևակային դիվիզիաների դեմ կենտրոնացվել են Վերմախտի 2 լեռնահրաձգային, 8 հետևակային, 6 տանկային և մոտոհրաձգային գերմանական դիվիզիաներ։ Ընդ որում, այս տանկային դիվիզիաներից յուրաքնչյուրը զինված է եղել առնվազն երեք անգամ ավելի շատ տանկերով, քան ամբողջ շվեյցարական բանակը։ Ելնելով ուժերի հավասարակշռությունից, ակնհայտ էր, որ դասական ճակատամարտում Շվեյցարիան չէր կարողանա հարձակման դեպքում բավական երկար դիմակայել Գերմանիային, ինչը հաստատվել էր Ֆրանսիայի դեմ Վերմախտի արշավի փորձով։
Շվեյցարիայի պաշտպանության առաջնահերթություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի հունիսի 22-ին Ֆրանսիայի կապիտուլյացիան լրացուցիչ խթան է հաղորդել գեներալ Գուիսանի առաջարկած Շվեյցարիայի պաշտպանության ռազմավարական ծրագրի իրականացմանը։
Ֆրանսիայի փլուզումը ցնցումներ էր առաջացրեց Շվեյցարիայում, քանի որ Ֆրանսիայից հարձակում չէր սպասվում և երկրի արևմտյան սահմանը պաշտպանված չէր։ Այնուամենայնիվ, հույս ունենալով, որ պատերազմի վտանգը ժամանակավորապես խուսափել է գերմանա-ֆրանսիական զինադադարի շնորհիվ, ենթադրվել է, որ գերմանացիները դժվար թե մտածեն ռազմական գործողությունների մասին։ Ուստի, Դաշնային խորհուրդը հրամայել է մասնակի զորացրել բանակը և տուն ուղարկել զինվորների գրեթե երկու երրորդը։ Գեներալ Գուիսանն այս քայլին չի ընդդիմացել։ Արդեն հունիսի 23-ին «Սահմանային գծի» ամրացումների առաջնահերթությունն իջեցվել է հօգուտ «Բանակային գծի»` համեմատաբար անպաշտպան թողնելով արդյունաբերական, խիտ բնակեցված ներքին տարածքները։ Այն դեպքում, երբ հուլիսի 24-ին Շվեյցարիայի արևմտյան սահմանին կանգնած էին գերմանական հզոր դիվիզիաներ՝ 245,000 հոգով, սպասելով Շվեյցարիա արշավելու Հիտլերի հրամանին[10]։
1940 թվականի հունիսի 25-ին ուժի մեջ մտած Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կնքված զինադադարով, այնուամենայնիվ, վտանգի տակ էր հայտնվել Շվեյցարիայի արևմտյան սահմանը[10][12]։
Ըստ ռազմական պատմաբան Վալտեր Շաուֆելբերգերի` Շվեյցարիայի համար անհաջողություն կլիներ, եթե գերմանական բանակը հարձակվեր այս պահին։ Նաև ըստ պատմաբան Կլաուս Ուռների` «Եթե գերմանացիներն այն ժամանակ որոշեին առաջ շարժվել դեպի Շվեյցարիայի արևմտյան սահմանը, որը մնացել էր առանց Ֆրանսիայի պաշտպանության, նրանք արագ կիրականացնեին իրենց առաքելությունը»[10]։
Հուլիսի 12-ին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդի կողմից ընդունված Գուիսանի ծրագրի վերջնական տարբերակը ենթադրում էր կազմակերպված նահանջ դեպի Ալպեր, որտեղ ստեղծված էին անորոշ տևողությամբ դիմադրություն ապահովելու համար ֆորտիֆիկացիոն համակարգեր ռեզերվային պահեստներ՝ առանց հետագա նահանջի մասին մտածելու։ 1940 թվականի հուլիսի 25-ին տարածվել է Շվեյցարիայի պաշտպանական պլանը, որը թելադրում էր հետադարձ դեպի Ալպեր առանցքի հարձակման դեպքում՝ կենտրոնանալով հատկապես Գոթարդ լեռնազանգվածի վրա։ Նախատեսված էր պաշտպանել միայն կարևոր միջալպյան ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունները. որպես վերջին միջոց՝ դրանք կարող էին անօգուտ դարձվել ագրեսորի համար՝ կարևոր կամուրջներն ու թունելները պայթեցնելով։ Նաև, անհրաժեշտության դեպքում, նախատեսված էր ոչնչացնել դեպի լեռնազանգվածներ տանող բոլոր մուտքերը ներսից։
Շվեյցարիայի զինված ուժերի խնդիրն էր ոչ թե պաշտպանել սահմանները, այլ ստեղծել այնպիսի իրավիճակ, որում երկրի օկուպացիան թշնամուն թվար չափազանց թանկ և նույնիսկ անիմաստ։ Այսպիսով, Ռեդուտի ռազմավարությունը հիմնականում զսպող գործոն էր։ Իսկ ռեդուտի պահպանության համար ընդգրկվել էր 8 հետևակային դիվիզիա և 3 լեռնային հրաձգային բրիգադ[13]։
Այս մոտեցումն ավելի է խորացել 1941 թվականի մայիսի 24-ի հրատարակության մեջ։ Մինչ այս պահը մոբիլիզացված էր Շվեյցարիայի զինված ուժերի միայն երկու երրորդը։ 1941 թվականի ապրիլին գերմանացիների կողմից Բալկանյան երկրների արագ ներխուժումից հետո[14], որտեղ համեմատաբար ցածր լեռները (Մետաքսասի գիծ) ցույց էին տվել, որ քիչ խոչընդոտ էին շարժվող գերմանական ուժերի համար, ամբողջ շվեյցարական բանակը մոբիլիզացվել է։ Շվեյցարացիները, չունենալով զգալի զրահատեխնիկա, եզրակացրել են, որ միակ առողջ ուղին դեպի ռեդուտ հետ քաշվելն է։
Անրի Գուիսանի առաջարկած Շվեյցարիան պաշտպանելու պլանը հանրությանը բացահայտվել է հուլիսի 25-ին, այն բանից հետո, երբ Շվեյցարիան շրջապատվել էր գերմանական և իտալական զորքերով։ Բացահայտվել է որպես այսպես կոչված, «Ռյութլի զեկույց» («Rütli Report»)` Շվեյցարիայի զինված ուժերի սպայական կազմի հանդիպման ժամանակ Ուրի կանտոնի Ռյութլի մարգագետնում (այն վայրը, որտեղ հիմնադրվել է Շվեյցարիայի Համադաշնությունը), որը պատմական զուգահեռների շնորհիվ կարևոր խորհրդանշական նշանակություն ուներ[15]։
Ըստ պլանի` հարձակման դեպքում շվեյցարացիները պաշտպանելու էին միայն Բարձր Ալպերը, ներառյալ կարևոր տրանսալպյան ճանապարհները և երկաթուղային կապերը։ Որպես վերջին միջոց՝ բանակը առանցքային կամուրջներն ու թունելները քանդելով՝ անօգուտ դարձնելու դեպի Առանցք տանող երթուղիները։ Պլանը նշանակում էր, որ բնակեցված ցածրադիր վայրերը, այդ թվում՝ երկրի տնտեսական կենտրոնները, փաստացիորեն կհանձնվեին գերմանացիներին։
Շվեյցարիայի բանկի ոսկու պաշարները Ցյուրիխից տեղափոխվել են Գերմանիայի սահմանից հեռու՝ Սեն Գոթարդ և Բեռն[16]։
Փոխզիջումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազգային ռեդուտը» մեծ նշանակություն ստացավ շվեյցարացիների համար 1940 թվականին, երբ նրանք ամբողջությամբ շրջապատված էին առանցքի ուժերի կողմից և, հետևաբար, Հիտլերի և Մուսոլինիի ողորմածության տակ էին։ Ներխուժման դեպքում ռեդուտը Շվեյցարիայի տարածքի առնվազն մի մասը պահպանելու միջոց էր։ Շվեյցարացիներն իրականում ունեին ութ հետևակային դիվիզիա և երեք լեռնային բրիգադ, որոնք տեղակայված էի ռեդուտի պարագծում։ Այս ռազմավարական որոշումը հեշտ չի կայացվել. այն ենթադրում էր ռազմական լքում Շվեյցարիայի տարածքի մեծ մասի, հատկապես ամենաշատ բնակեցված տարածքի։ Բայց դա միակ իրատեսական լուծումը կարող էր լինել, որն առաջարկում է ռազմական գործողությունների բռնկման դեպքում երկարաժամկետ հաջողության հասնելու իրական հնարավորություններ[17]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեյցարիայի ռազմավարությունը հիմնականում զսպող ռազմավարություն էր։ Գաղափարը Գերմանիային հասկացնելն էր, որ ներխուժումը մեծ գին կունենա։
Միաժամանակ, Գերմանիային տրվեցին տնտեսական զիջումներ՝ հույս ունենալով Գերմանիային հասկացնել, որ ներխուժման ընդհանուր արժեքն ավելի թանկ կարժենա, քան հնարավոր օգուտները։ Այնուամենայնիվ, պարզ է, որ Հիտլերը մտադիր էր ի վերջո ներխուժել, և որ դաշնակիցների դեսանտը Նորմանդիա և Խորհրդային Միություն ներխուժելու հետ կապված դժվարությունները առանցքային նշանակություն ունեցան պարզապես ներխուժումը հետաձգելու առումով[18]։ Զիջումները ներառում էին համազգային հոսանքազրկում և գերմանական գաղտնի ռադիոտեղորոշիչ համակարգի ոչնչացում, որը պատահաբար վայրէջք էր կատարել Շվեյցարիայում, մեկ տասնյակ ինքնաթիռի դիմաց[19]։
Համաձայնագիրը, որը որոշ առավելություններ տալով բոլոր կողմերից Շվեյցարիան շրջապատող առանցքի երկրներին, միևնույն ժամանակ չէր նսեմացնի Շվեյցարիայի ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Չնայած հարաբերություններում առկա լարվածությանը, Շվեյցարիան ակնհայտորեն ավելի օգտակար էր Գերմանիային որպես գործընկեր, քան որպես թշնամի։ Ալպյան չորս լեռնանցքներից, որոնք ամենակարճ երթուղիներն էին Գերմանիայի և Իտալիայի միջև, երեքը ( Սենտ Գոթարդ, Լյոչեն և Սիմպլոն ) գտնվում էին Շվեյցարիայի տարածքում, և միայն մեկը ( Բրենները )՝ Գերմանիային միացված Ավստրիայի տարածքում։ Շվեյցարիայի կողմից այս տրանսպորտային ուղիների ոչնչացումը առանցքի հիմնական ուժերի միջև կապը կդարձներ ավելի թանկ և խոցելի։ Բացի այդ, աշխարհի շատ զարգացած երկրների կողմից նացիստներին ուղղված բոյկոտը նույնպես կարևոր ազդեցություն է ունեցել գերմանական տնտեսության վրա. մասնավորապես, դժվարությունները նացիստական դրամական միավորը` ռայխսմարկը, որպես համաշխարհային արժույթ փոխակերպելու հարցում։
Այսպիսով, 1940 թվականի օգոստոսին Շվեյցարիայի և Գերմանիայի միջև համաձայնագիր է կնքվել։ Համաձայն որի` Շվեյցարիան իր տարածքով գերմանական բեռների (այդ թվում՝ ռազմական) տարանցման համար տրամադրում էր առավել բարենպաստ ռեժիմ, պարտավորվում էր Գերմանիային վաճառել ոսկի և այլ թանկարժեք մետաղներ ռայխսմարկով և, ի լրումն դրանց` Գերմանիային երկարաժամկետ վարկ տրամադրել 150 000 000 շվեյցարական ֆրանկի չափով։
Այս համաձայնագրից կարճ ժամանակ անց գերմանական 12-րդ բանակը Շվեյցարիայի սահմաններից դուրս է բերվել և ուղարկվել է մասնակցելու Նորվեգիայում, Բալկաններում, ինչպես նաև Խորհրդային Միության դեմ գործողություններին։ Չնայած դրան, ենթադրվում է, որ Հիտլերը դեռևս մտադիր էր վաղ թե ուշ հարձակվել Շվեյցարիայի վրա, և որ ԽՍՀՄ ներխուժման և Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի հետ կապված դժվարությունները որոշիչ դեր խաղացին ներխուժումը դադարեցնելու գործում[18]։
Տնտեսական համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիան Գերմանիայի հետ առաջին առևտրային պայմանագիրը ստորագրել է Գուիսանի ելույթին հաջորդող օրերին։ Գերմանացիները հումք էին մատակարարում (ածուխ, երկաթ և սերմեր մի երկրի համար, որն արտադրում էր անհրաժեշտ սննդի միայն 60 տոկոսը) շվեյցարական զգալի ֆինանսական վարկերի և մասնավոր ընկերությունների կողմից արտադրված ռազմական ու ռազմավարական նյութերի դիմաց, այդ թվում՝ ալյումին, հաստոցներ և ժամացույցներ։ Զենքերը (օրինակ՝ հակաօդային պաշտպանությունը) կազմում էին Շվեյցարիայի Գերմանիա արտահանման զգալի մասը։ Ու թեև դրանք կազմում էին Գերմանիայի սեփական սպառազինության 1 տոկոսից պակասը, այդ մատակարարումները կարող էին կարևոր լինել պատերազմի կոնկրետ պահերին[8]։
Այնուամենայնիվ, ամենախնդրահարույց ծառայությունը Գերմանիային մատուցել է ազգային բանկը՝ գնելով արևմտաեվրոպական կենտրոնական բանկերից թալանված ոսկի, այդ թվում՝ համակենտրոնացման ճամբարներից զոհվածների ոսկի փոքր քանակությամբ։ Թեև պատմական ապացույցները ցույց են տալիս, որ շվեյցարացիները չգիտեին այս ոսկու ծագման մասին, առնվազն 1943 թվականի սկզբին Շվեյցարիայի ազգային բանկը տեղյակ էր կենտրոնական բանկերի գերմանական թալանի մասին, սակայն շարունակել է գնել հալված և բարեփոխված ոսկին մեծ քանակությամբ մինչև 1944 թվականը և ավելի քիչ քանակությամբ նույնիսկ մինչև պատերազմի վերջին շաբաթները։ Ընդհանուր գումարը, որը Շվեյցարիայի ազգային բանկը վճարել է Գերմանիային հիմնականում թալանված ոսկու համար, կազմել է 1,2 միլիարդ շվեյցարական ֆրանկ։ Գերմանիան օգտագործել է այս փողը (իր միակ փոխարկելի արժույթը) արտասահմանից իր երկրում բացակայող հումք գնելու համար[8]։
Համագործակցությունը նացիստների հետ (որոնք նաև համագործակցում էին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ) և պարերազմի ընթացքում Առանցքի ուժերի հետ նրանց առևտրային հարաբերությունները հետագայում խիստ քննադատվել են` հանգեցնելով կարճ ժամանակահատվածում Շվեյցարիայի միջազգային մեկուսացմանը[20]։
Նմանատիպ նախագծերի հետ համեմատական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային ռեդուտի ամրությունները, համեմատած ժամանակի ֆրանսիական, բելգիական, գերմանական կամ չեխական ամրությունների հետ, շատ ավելի ընդարձակ և զինված էին, քան Մաժինոյի գիծը, Բելգիայի սահմանային ամրությունները, Զիգֆրիդի գիծը կամ Չեխոսլովակիայի սահմանային ամրությունները։ Մինչ Մաժինոյի ամրությունները, որպես կանոն, զինված էին կարճփող 75 մմ տրամաչափի ամրոցային հաուբիցներով կամ 120 մմ ականանետային հաուբիցներով, շվեյցարական ամրությունները զինված էին 75 մմ և 120 մմ գնդացիրներով, որոնք արդիականացվել են 1950-ական թվականներին մինչև 105 մմ և 150 մմ տրամաչափի։ Շվեյցարական գնդացիրները, որպես կանոն, երկար գնդացիրներ էին, որոնք ամրակցված էին կազամատին կամ ամրոցին, այլ ոչ թե հաուբիցներ, և ավելի շատ նման էին ծովային գնդացիրների, քան ամրոցի գնդացիրների։
Քանի որ դրանք սովորաբար տեղադրված էին անմատչելի ժայռերի կամ սարահարթերի վրա, ցանկացած հակառակորդ ուժերի նկատմամբ անֆիլադայի առավելություն ունենալով, նրանք ենթակա չէին հետևակի հարձակման կամ ուղիղ հրետակոծության և կարող էին իրենց թույլ տալ բաց փողով հրանոթներ։ Ֆրանսիական դիրքերը, որոնք կարող էին թիրախ դառնալ հակատանկային զենքի կամ հետևակի կողմից, խուսափում էին երևացող հրազենային փողերից[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 J, Graham (2010 թ․ մարտի 18). «Operation Tannenbaum: Hitler's Invasion of Switzerland». Automatic Ballpoint (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Nullis, Clare (2002 թ․ հոկտեմբերի 20). «Swiss Army Adapts to Changing Times». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Commune de Vernayaz - Tourisme - Projets». web.archive.org. 2011 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Kaufmann & Jurga (2002), էջ. 152
- ↑ Mary, Jean-Yves; Hohnadel, Alain; Sicard, Jacques Hommes et Ouvrages de la Ligne Maginot, Tome 2. — Histoire & Collections, 2003. — С. 98. — ISBN 2-908182-97-1
- ↑ Kaufmann & Jurga (2002), էջ. 153
- ↑ Kaufmann & Jurga (2002), էջ. 154
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Switzerland - World War II and the Cold War». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Halbrook, Stephen. Swiss and the Nazis: How the Alpine Republic Survived in the Shadow of the Third Reich. Casemate, 2006, (անգլերեն) ISBN 9781612000299 Adicionado em 06/11/2018.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 "General Guisan – Did he save Switzerland in the war?" (PDF) . The Swiss Review. 3: 8. August 2010.
- ↑ McPhee, John (1983 թ․ նոյեմբերի 7). «La Place de la Concorde Suisse-II». The New Yorker. էջ 55. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Jürg Stüssi-Lauterburg, Hans Luginbühl. «Freier Fels in brauner Brandung. Die Schweiz in den schwersten Jahren des Bundesstaates 1940 bis 1942» [Ազատ լեռները շագանակագույն ալեկոծությունում. Շվեյցարիան դաշնային պետության ամենադժվար տարիներին՝ 1940-1942 թթ]. www.exlibris.ch (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Andrey, Dominique. «Le " Réduit national "». Évolution de la valeur opérative du secteur alpin suisse (ֆրանսերեն). Revue Historique des Armees. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «BALKAN CAMPAIGN». web.archive.org. 2005 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Kaufmann & Jurga (2002), էջ. 159
- ↑ National Defense Speeded by Swiss by C.L. Sulzberger in The New York Times, July 24, 1938. page 16.
- ↑ Andrey, Dominique (2006 թ․ հունիսի 15). «Évolution de la valeur opérative du secteur alpin suisse. Le « Réduit national » (30)». Revue historique des armées (ֆրանսերեն) (243): 41–50. ISSN 0035-3299.
- ↑ 18,0 18,1 Urner, Klaus; Haig, Ge n Alexander M. (2001 թ․ սեպտեմբերի 5). Let's Swallow Switzerland: Hitler's Plans against the Swiss Confederation (English). Translated by Eichhorn, Lotti N. (First Edition ed.). Lanham: Lexington Books. ISBN 978-0-7391-0255-8.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Walter Lüem; Max Rudolf (2003). «Abwehr in Nahaufnahme. Probleme der Limmatverteidigung 1939/40 im Abschnitt Spreitenbach-Killwangen». www.abebooks.com (գերմաներեն). Herrliberg / Birmenstorf, Selbstvlg. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Switzerland during the Cold War (1945-1989)». www.eda.admin.ch - Federal Department of Foreign Affairs FDFA. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Mary, Jean-Yves; Hohnadel, Alain; Sicard, Jacques (2003). Hommes et Ouvrages de la Ligne Maginot, Tome 2 (ֆրանսերեն). Histoire & Collections. էջ 98. ISBN 2-908182-97-1.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kaufmann, J. E.; Jurga, Robert M. (2002 թ․ նոյեմբերի 7), Fortress Europe: European Fortifications Of World War II (English) (0 edition ed.), Da Capo Press, ISBN 978-0-306-81174-6
{{citation}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Hans-Rudolf Maurer: Geheime Kommandoposten der Armeeführung im Zweiten Weltkrieg: Projekte, Bauten und der Mobile Kommandoposten. Verlag Merker im Effingerhof, Lenzburg 2001, 3-85648-120-6
- Willi Gautschi: General Henri Guisan: Die schweizerische Armeeführung im Zweiten Weltkrieg. 4. Auflage. Verlag NZZ, Zürich 2001, 3-85823-516-4
- Roberto Bernhard: Das Reduit. Mythen und Fakten: militärischer Notbehelf, Rettungsanker der Nation, Mythos, Gegenmythos. Institut Libertas, Biel/Bienne 2007, 3-9521464-4-7
- Hand Rudolf Fuhrer, Walter Lüem, Jean-Jacques Rapin, Hans Rapold, Hans Senn: Die Geschichte der schweizerischen Landesbefestigung. Zürich: Orell Füssli, 1992. 978-3-280-01844-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.fort.ch
- Festung-Oberland.ch (գերմաներեն)
- Հղումներ Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
- Fortress Saint-Maurice
- Association Saint-Maurice d'Études Militaires (fr)
- Schweizer-Festungen
- Fort Champillon
|