Աստրախանի հայկական թատրոն
Աստրախանի հայկական թատրոն Астраханский армянский театр | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Հիմնադիրներ | Թովմաս Ֆասուլաճյան |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հիմնադրման ամսաթիվ | 1868 թվական |
Աստրախանի հայկական թատրոն (ռուս.՝ Астраханский армянский театр), հիմնադրվել է Թովմաս Ֆասուլաճյանը 1868 թվականին, Պայծառ Ֆասուլաճյանի, Վ․ Յարալյանի, Գ․ Ամիրաղյանի և տեղի թատերասերների մասնակցությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրախանի հայկական թատրոնի սկզբնավորումը կապվում է Աստրախանում հայկական թատերախումբ կազմակերպելու նպատակով 1868 թվականին այնտեղ ժամանած հայտնի հայ դերասան Թովմաս Ֆասուլաճյանի անվան հետ[1]։ Թ․ Ֆասուլաճյանի դերասանական գործունեությունը հիմնականում ընթացել է Կոստանդնուպոլսում, բայց 1860-ական թվականների երկրորդ կեսին նա մեկնեց Ռուսաստան և մեծ դեր խաղաց հայաբնակ քաղաքներում թատրոնի կազմակերպման գործում։
Երբ 1908 թվականին Աստրախանում նշվում էր տեղի հայկական թատրոնի 40-ամյակը, իրադարձությունը ստույգ թվագրվեց 1868 թվականի հունվարի 28-ով[2], Ֆասուլյաճյանի գալուց առաջ։ 1868 թվականի մայիսին Թովմաս Ֆասուլյաճյանի ղեկավարությամբ տրված առաջին ներկայացումները պատրաստվել էին միայն 1868-1869 թվականներին ձմեռային թատերաշրջանի համար։ Այսպիսով. Թովմաս Ֆասուլաճյանի, հավանաբար, Աստրախան է եկել արդեն իմանալով այնտեղ թատերախմբի գոյության և նրա առաջին ելույթների մասին, որը Աստրախանում հայկական թատերական կյանքը կարգավորելու գործում նրան մեծ վստահության էր ներշնչել։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրվել են Կարենյանի «Շուշանիկ», Մոլիերի «Ակամա բժիշկ» և այլն։ Թատերախումբը երկար ժամանակ ղեկավարել է դերասան և ռեժիսոր Հ․ Ալաբյանը։ Նշանակալից են եղել Պետրոս Ադամյանի (1884), ինչպես և Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Գ․ Պետրոսյանի թատերախմբերի ելույթները։
Աստրախանում թատերական գործի կազմակերպմանը մեծապես նպաստել են Ի․ Քարտաշյանը, Ա․ Սահրադյանը, Անահիտ Մկրտումյանը, Գ․ Աբղալյանը, Ա․ Ապրեսյանը և ուրիշներ։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո հայ թատերական կյանքը Աստրախանում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատը։ 1918-1920 թվականներին գեղարվեստա-թատերական ստուդիա է ղեկավարել Վ․ Վարդանյանը։
1925-1926 թվականների Աստրախանի հայկական թատրոնը կոչվել է Դրամայի և երաժշտության թատրոն։ Բեմադրություններ են իրականացրել Ա․ Տեր-Կարապետյանը, Գ․ Յակովլևը և ուրիշներ։ 1926 թվականին հյուրախաղերով հանդես են եկել Թիֆլիսի հայկական թատրոնի մի խումբ դերասաններ՝ Օլգա Մայսուրյանի ղեկավարությամբ, 1930 թվականին՝ Հ․ Աբելյանը։
1930-1932 թվականներին Աստրախանի հայկական թատրոնը գործել է Ազգային փոքրամասնությունների դրամխմբակ անունով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տարազ, 1898, № 39, էջ 470։
- ↑ Волга (Астрахань), 23. II. 1908։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան. Երևան: Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 768. ISBN 5-89700-003-4.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատրյան, Վ. Ա. (1991) Հայկական թատրոնն Աստրախանում (XIX դ. վերջին—XX դ. սկզբին). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 4 . pp. 87–98. ISSN 0320-8117