Արամ Վրույր
Արամ Վրույր | |
---|---|
Ծնվել է | 1863 մարտի 13 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | մարտի 5, 1924 | (տարիքը 60)
Մահվան վայր | Թիֆլիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ընտրանի | «Պեպո» «Պաղտասար աղբար» «Մեծապատիվ մուրացկաններ» |
Երեխա(ներ) | Արա Վրույր և Արտաշես Վրույր |
Արամ Վրույր (Արամ Մաքաշչյան, մարտի 13, 1863, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 5, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Խոջիվանքի պանթեոնում), հայ դերասան, բեմադրիչ։
Արա և Արտաշես Վրույրների հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Վրույրը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Բեմական գործունեությունն սկսել է 1882 թվականին, Թիֆլիսում։ Աշխատել է Թիֆլիսի, Բաքվի թատերախմբերում, հանդես եկել նաև Ռուսաստանի, Անդրկովկասի հայաշատ վայրերում։ Լինելով կատակերգակ դերասան, անձնավորել է նաև դրամատիկական և բնութագրական կերպարներ։ 1890 թվականին Կ. Պոլսում տեղի ռամկական բարբառի է փոխադրել և բեմադրել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն՝ անձնավորելով գլխավոր դերը։ 1895 թվականին Թիֆլիսում առաջին անգամ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը, «Մեծապատիվ մուրացկաններ»-ը՝ անձնավորելով գլխավոր հերոսներին։ Արևելահայ թատրոնում նրա թարգմանությամբ բեմադրվել են Մոլիերի «Տարտյուֆ», «Ագահը», «Ժորժ Դանդեն», «Դոն Ժուան» պիեսները։ Խաղացել է մոլիերյան մի շարք դերեր՝ Օրգոն՝ «Տարտյուֆ», Հարպագոն՝ «Ագահը», Սգանարել՝ «Դոն Ժուան», Արգան՝ «Երևակայական հիվանդը» և այլն։
Հեղինակել է մի շարք այլ բեմականացումներ, թարգմանություններ, պիեսներ՝ «Մտերմական ծեծ», «Վարժապետը», «Տերտերը շկափում» և այլն։ 1891 թվականին Թիֆլիսում հրատարակվել են Պետրոս Ադամյանին և Դ. Թրյանցին նվիրված նրա ուսումնասիրությունները, 1916 թվականին՝ Ու. Հաջիբեկովի «Արշին մալ-ալան»։ 1891-1900 թվականներին աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, եղել «Կայծեր» թերթի (1910-1911), «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթաթերթի (1921) պատասխանատու քարտուղարը։ 1907-1913 թվականներին խմբագրել և հրատարակել է «Հուշարար» հանդեսը։ 1912 թվականին ընտրվել է Հայ գրողների կովկասյան ընկերության անդամ։ Բեմական ու գրական գործունեությանը զուգընթաց, շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ[1][2][3][4]։
1904-1917 թվականներին մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին (Անի, Գառնի, Վան և այլն)։ Ունի մի շարք հնագիտական ուսումնասիրություններ («Ջուղա», «ՊԲՀ», 1967 թվական)։ Նրա անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել են Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարի (Գագկաշեն) ավերակները (1905)[5]։
Մահացել է Թիֆլիս քաղաքում, մարմինն ամփոփվել է Խոջիվանքի գերեզմանատանը։ 1938 թվականին գերեզմանը Խոջիվանքի գերեզմանատան հետ միասին ոչնչացվել է Խորհրդային Վրաստանի իշխանությունների հրահանգով[6]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուլեյման՝ Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Քավոր Պետրոս՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»
- Դոն Գրիգորիո՝ Դոլդոնիի «Դոն Գրիգորիո»
- Միլլեր՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Լյապկին-Տյապկին՝ Գոգոլի «Ռևիզոր»
- Բեն Ակիբա՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա»
- Զաքարիա՝ Լևոն Շանթի «Հին ասավածներ»
- Պաղտասար աղբար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Աբիսողոմ աղա՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Գրիգոր աղա՝ Վահրամ Փափազյանի «Ժայռ», բեմադրությունը՝ Գ. Բուրջալովի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «You have made too many requests per second». arvestagir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Արտաշես Վրույրի արխիվը» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ www.virtualani.org. «Armenian Architecture - VirtualANI - The Stereo Photographs of Ani». www.virtualani.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Արամ Վրույրի «Ջուղա» հմագիտական անտիպ ակնարկը» (PDF).
- ↑ «Արամ Վրույրի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արամ Վրույր կատեգորիայում։ |