Բաբան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբան (այլ կիրառումներ)
Բաբան (<սեմական bab – դարպաս, դուռ), ռազմական հնագույն պաշարողական մարտական գործիք՝ բերդ–ամրոցների և քաղաքների պարիսպներ, դարպասներ ու աշտարակներ քանդելու, խորտակելու և ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար[1]։ Եղել է քառանիվ կամ վեցանիվ սայլ՝ քթամասի սուր ելուստով և առաջամասի փոքրիկ աշտարակով։ Վերջինիս շղթաներով ամրացվել է վիթխարի, ճոճվող գերան՝ առջևի մասում խոյաձև, մետաղապատ գլխով (երբեմն գերանին փոխարինել է բարակ ու երկար, նիզականման գործիք)։ Սպասարկող ռազմիկների պաշտպանության համար բաբան ծածկվել է թրջած թաղիքով կամ եզան կաշվով, երբեմն՝ նաև կավի շերտով։ Բաբան մոտեցնելով պարսպին (կամ դարպասին)՝ ռազմիկները շղթաներից ձգելով՝ ետ են քաշել գերանը ու բաց թողել, որը հսկայական ուժով հարվածել է ու անցք առաջացրել, որով ներխուժել է հետևակը։ Բաբանի դեմ պայքարել են կրակով՝ հրդեհելով ծածկը և նետահարելով նրա տակ թաքնված զինվորներին։ Ծանրաշարժ լինելու պատճառով բաբանը հիմնականում պատրաստվել է տեղում և ունեցել մեծ անձնակազմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ. Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |