Բագարան, բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ ՀայքիԱյրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև ամրոց, ավան, բերդ, քաղաք։
Ըստ Մովսես Խորենացու,Բագարանը կառուցել է Երվանդ չորրորդ Վերջին թագավորը մթա II դ սկզբին,իր նոր մայրաքաղաք Երվանդաշատի հետ միաժամանակ։ Ըստ Մովսես Խորենացու, թագավորը Երվանդաշատից մոտ քառասուն ասպարեզ հեռու, Ախուրյան գետի վրա, շինեց փոքր քաղաք՝ նման իր քաղաքին և կոչեց Բագարն, այսինքն թե բագիներն այնտեղ են տեղափոխված և այնտեղ փոխադրեց Արմավիրում եղած կուռքերը։ Շինեց նաև մեհյաններ և իր Երվազ եղբորը քրմապետ նշանակեց։ Երվանդը տնկել է տվել մի մեծ անտառ, որը պարսպապատելով և բազմաթիվ արագավազ այծյամներ, եղնիկներ, եղջերուներ ու վարազներ արգելափակելով, վերածել արքունի ոստանի և այն կոչել ծննդոց անտառ։ Բայց շուտով Արտաշես Ա-ն հաղթում է Երվանդին, ապա Բագարանի մոտ նրա եղբորը՝ Երվազի վզից երկնաքար կապելով՝ գետի հորձանուտումխռղդել է տալիս, բազում գանձեր վերձնում մեհյաններից, գերում Երվազի 500 ծառաներին, իսկ հետագայում կուռքերը տեղափոխում է Արտաշատ։ Մինչ այժմ էլ պահպանվել են Երվանդի կառուցած մեհյանների և այլ շինությունների հետքերը, իսկ դարասկզբին Բագարանի գյուղացիները Միջին գյուղ կոչվող բլրի վրա նոր տների հիմքեր փորելիս հաճախ էին գտնում հեթանոսական շրջանի գերեզմաններ, քարե փոքրիկ կուռքերի արձաններ և այլն։
Բագարանում կյանքը կանգ չի առնում, այն մինչև 8-րդ դարը Արշարունիքի քիչ թե շատ մեծ բնակավայրերից էր և Կամսարական նախարարության տան սեփականությունը։ 780-ական թվականներին այն անցնում է Աշոտ մսակեր Բագրատունուն, որն իր նստավայրը Դարույնքից տեղափոխում է այստեղ։ Բագարանը ուներ հաստ պարիսպներով միջնաբերդ, որի շուրջը տարածվում էր ոչ մեծ քաղաքը։ Այստեղ էին ոչ միայն Բագրատունիների ապարանքը, այլ տոհմական դամբարանը։ ԿԱյին մի քանի եկեղեցիներ՝ ս. Թեոդորս, ս.Գևորգ, ս.Շուշանիկ և այլն, որոնցից հատկապես նշանավոր է ս. Թեոդորս եկեղեցին։ Այն 624 թվականին հիմնադրել է իշխան Բուտ Առավեղյանը, որի մահից հետո շինարարությունը ավարտել է նրա կինը՝ իշխանուհի Աննան։ Բագարնի տաճարը հայ ճարտարապետության գանձերից է և ըստ հեղինակավոր ուսումնասիրողների՝ նախատիպն է 9-10-րդ դարերի բյուզանդական, ֆրանսիական և իտալական մի շարք նշանավոր կոթողների՝ Օռլեանի Ժերմինի դե Պրեի, Միլանի ս.Սատիրոյի, Կ.Պոլսի կայսերական պալատի Նեայի, Հունաստանի Աթոս լեռան Մեծ մայրավանքի և ութ եկեղեցիների և այլն։
Բագարանը կարճ ժամանակ միայն մայրաքաղաք եղավ։ Բագրատունյաց թագավորությունը իր գոյության շուրջ 160-ամյա պատմության ընթացքում չորս մայրաքաղաք փոխեց, և Բագարանին հաջորդեցին Շիրակավանը, Կարսը և Անին։
Քաղաքը ծաղկում թր Բագրատունյաց թագավորության օրոք, սակայն նրա անկումից ընդամենը 3 տարի անց 1048 թվականին այն զավթեցին, ավերեցին և նրա բնակիչներին կոտորեցին սելջուկները:12-րդ դարում Բագարնը անցավ Շահ Արմենների ձեռքը:1211 թվականին այն ազատագրեցին հայ-վրացական զորքերը։ Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքների համար, այնպես էլ Բագարնի համար ճակատագրական եղավ Լենկթեմուրի հրոսակներ հարձակումը, որոնք 1394 թվականին ավերեցին և կողոպտեցին քաղաքը։ Այդպես էլ այլևս չվերականգնվեց նրա փառքը և մեր դարերի սկզբին սովորական գյուղ էր։
Ախուրյանի ձորի ափերին փռված Բագարնի համայնապատկերը տեսնելով` ակամա մտածում ես թե որքան զորավոր է եղել թշնամու երկյուղը, որ մարդիկ այդ ապառաժների մեջ քաղաք են հիմնել։
Բագարանի միջնաբերդը գտնվել է բերդի պարսպի հարավարևմտյան կողմում՝ երեք քառաժայռերից ամենաբարձրի գլխին։ Կոփածո քարերով շարված միջնաբերդը ունեցել է բուրգեր՝ պաճուճված բազում բարձրաքանդակներով։ Հյուսիսային ծայրին է գտնվել ս. Գևորգ եկեղեցին, որը քանիցս ավերվել ու վերաշինվել է դարձել ուխտատեղի։ Այն ունեցել է մանվածահյուս քանդակազարդ խաչքարեր։
Միջնաբերդում են Բագրատունինների արքայական ապարանքերի մնացորդները։ Մյուս երկու բլուրներն էլ պարսպապատ էին։ Նրանցում ևս պահվել են հոյակապ ապարանքների կամարակապ սենյակների մնացորդներ։ Բերդի հարավային կողմում եղել է մի եկեղեցի, որի զարդաքանդակները թույլ են տալիս վերագրել 10-11-րդ դարերին։ Ախուրյան գետի ձախ ափին, բարձունքի վրա կառուցված ս. Շուշանիկ եկեղեցին։ Ձորում և հանդիպակաց բլուրների վրա պահպանված բազմաթիվ շինությունների փլատակները, ինչպես և հինգ եկեղեցիներին գոյությունը, վկայում են, որ քաղաքը ոչ միայն կառուցապատված էր, այլև մազմամարդ։
Բագարանի շրջակայքի ձորերի ու կիրճերի բնական ու արհեստական մեծաթիվ քարայրներն ունեցել են նաև ռազմական նշանակություն։
Բագարանցիները եղել են արտակարգ աշխատասեր, ժայռերի ու կիրճերի մեջ սեղմված ապառաժոտ քարքարուտները մաքրելով պարտեզներ ու այգիներ են հիմնել։ Անիի մայրաքաղաք դառնալուց հետո Բագարանը միրգ էր մատակարարում նրա բազմամարդ բնակչությանը։ Մեր դարերի սկզբին Բագարանը ուներ 800 բնակիչ։ Այն վերջնականապես լքվեց ու ավերվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ նրա հրաշքով փրկված բնակիչները գաղթեցին և բնակություն հաստատեցին Արաքսի ձախ ափին, ներկայիս Բաղրամյանի շրջանի Բագարն գյուղում։
1913 թվականի տվյալներով անշուք գյուղ էր և ուներ 796 հայ բնակիչ։
Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավեղյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 197)։