Բժշկական գիտությունները Հայաստանում
Բժշկական գիտությունները Հայաստանում գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեն։ Ժամանակի ընթացքում ստեղծվել է դեղանյութերի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։ Հայաստանն անցյալում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։ Օգտագործվել են հանք, դեղանյութեր՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, կապարի առանձին միացություններ, որդան կարմիրը, որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ, կենդանական ծագման դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռական գեղձերից, ուղեղից, լյարդից, փայծաղից։
Բժշկության սկզբնավորումը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործնական բժշկության մակարդակի մասին վկայում են ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական գործիքներ և այլն)։ Հայաստանում մասնավոր հիվանդանոցներ եղել են դեռևս 3-րդ դարում։ Միջնադարյան հայ մատենագրության մեջ 4 տարրերի (հող, ջուր, կրակ, օդ) և դրանց համապատասխանող 4 հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին ու սև մաղձ) անտիկ տեսությունն առաջին անգամ հիշատակել է Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» (5-րդ դար) երկում։ Հիվանդությունների առաջացումը նա կապել է հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ։ Հիպոկրատի նման՝ Եզնիկ Կողբացին հոգեկան հիվանդությունները համարել է գլխուղեղի հյուծման հետևանք։
Հիշատակություններ հայկական հնագույն բժշկության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Անհաղթի (5-րդ դարի վերջ - 6-րդ դարի սկիզբ) մի քանի երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկական բարոյագիտության հարցեր։ Ըստ նրա «Վերլուծութիւն «Ներածութեանն Պորփիւրի»» աշխատության՝ Հայաստանում դեռևս 5-6-րդ դարերում կատարվել են դիահերձումներ։
Անանիա Շիրակացին 667 թվականին կազմած իր «Քննիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտությանը։ Նա զբաղվել է մասնավորապես բուսաբուժության հարցերով, նկարագրել է համասփյուռ-լատ.Melandrium կոչվող բույսի բուժիչ հատկությունները, որի պաշտամունքը եղել է Հայաստանի որոշ շրջաններում։ 10-11-րդ դարերում՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ, Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնվել են բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրել են նաև բժշկություն։
Գրիգոր Մագիստրոսի աշխատություններում ուշագրավ տեղեկություններ կան հիվանդությունների մահճաբուժության, դեղագիտության և հատկապես բուսաբուժության վերաբերյալ։ Ստեղծվել են նաև ախտաբանությանը, թերապիային և դեղագործությանը վերաբերող բժշկարաններ։ Գագիկ Ա թագավորի (989-1020) օրոք գրված «Բժշկարանը» (հեղինակն անհայտ է) հետագայում խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում՝ առաջին անգամ Ներսես Լամբրոնացու եղբոր՝ Հեթումի մասնակցությամբ՝ 13-րդ դարի վերջին, հարստացվել է 2 բաժնով, խմբագիրը կցել է Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» աշխատության 30 գլուխ և կիլիկիացի անհայտ հեղինակի՝ մահճաբուժությանը նվիրված աշխատությունը, երկրորդ անգամ՝ Հեթում պատմիչի հրամանով. այստեղից էլ՝ «Գագիկ-Հեթումյան բժշկարան» անվանումը։ Վերջինս մեծ ազդեցություն է գործել Հայաստանի միջնադարյան բժշկության հետագա զարգացման վրա։ Բժշկագիտության, հատկապես մարդակազմության առաջընթացին նպաստել է դիահերձումների և կենդանահատումների ազատությունը, որի մասին վկայում են գրավոր աղբյուրները։
Մխիթար Հերացին և հայ բժշկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան հայկական բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին գրել է մարդակազմությանը, կենսաբանությանը, ախտաբանությանը, դեղագիտությանը վերաբերող աշխատություններ, որոնցից միայն առանձին հատվածներ են պահպանվել հետագա ժամանակների բժիշկների երկերում և մասամբ տեղ գտել «Գագիկ-Հեթումյան բժշկարանում»։ 12-րդ դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» գրքում (հրատարակվել է՝ 1832) շարադրված ջերմերի հարուցիչ-գործոնների վերաբերյալ տեսակետը մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատի տե սակետին։ Հայ բժշկապետը մեծ նշանակություն է տվել ինչպես արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններին, այնպես էլ ներքին ազդակներին (հոգեկան ապրումներ, անքնություն, ընդհանուր հյուծում)։ Հերացու կարծիքով՝ արյան և մարմնի մյուս հեղուկների մեջ գոյություն ունեցող «բորբոսն» է առաջ բերում «բորբոսային» տենդը։
Միօրյա, բորբոսային և հալևմաշ տենդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տենդը «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» խմբերի բաժանելիս նա առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով։ «Միօրյա» տենդերի ախտածնությունը բացատրել է հին հեղինակների պնևմատիկ տեսությամբ։ «Միօրյա» տենդերի խմբում նկարագրել է նաև ալերգիկ հիվանդությունների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, նյարդահոգեկան)։ «Բորբոսային տենդեր» բաժնում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, բորբոսային տենդի, հատկապես տիֆի վարակիչ լինելը։ «Հալևմաշ» տենդերը, որոնք համապատասխանում են պալարախտի (տու բերկուլով) տարբեր կլինիկական ձևերին (թոքախտ, ոսկրախտ և այլն), ըստ Մխիթար Հերացու, առաջանում են հոգեկան ծանր ապրումների, գերհոգնածության, վատ սննդի, կլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տալիս։ Տենդային հիվանդությունների՝ Մխիթար Հերացու դասակարգումը հենվում է ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման (հարցուփորձ կամ վերհուշություն, զննում, շոշափում, ունկնդրում և այլն) վրա։
Հիվանդության շրջաններն ըստ Հերացու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհի բժիշկների նման՝ Հերացին նույնպես հիվանդության ընթացքը բաժանել է 4 շրջանի՝ նախնական, սաստկացման, նվազման և ավարտման։ Հերացին փորձնական ճանապարհով մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության, սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա։ Հավատարիմ անտիկ աշխարհի բժշկության սկզբունքներին՝ հայ բժշկապետն առաջարկել է բուժել «հակառակը հակառակով»։
Բուժման ամենաարդյունավետ մեթոդներն ըստ Հերացու
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղը հատկացրել է բուսաբուժությանը։ Բույսերից բացի՝ նրա դեղատոմսերում հանդիպում են կենդանական ծագման դեղանյութեր (եզան լեղի, լյարդ), ինչպես նաև հանքային պատրաստուկներ (հայկավ, ծծումբ, ցինկ, բորակ և այլն)։ Տենդային հիվանդություններով տառապող հիվանդների համար Մխիթար Հերացին առաջարկում էր հատուկ դյուրամարս սնունդ՝ առաջնություն տալով կանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու հատապտուղներին։
-
Խնձոր
-
Ծիրան
-
Կարմիր հաղարջ
-
Վարունգ
Բուժման ֆիզիկական մեթոդների շարքում մեծ տեղ է հատկացրել ջրաբուժմանը. ինչպես նաև մերսումներին ու մարմնամարզական վարժություններին։ Նա լուրջ ուշադրություն է դարձրել հոգեբուժմանը, օրինակ՝ ներշնչմանը, այդ նպատակով օգտագործել է նաև երաժշտությունը։ 1908 թվականին «Ջերմանց մխիթարութիւն»-ը հանգամանորեն ուսումնասիրվել և թարգմանվել է գերմաներեն (Էռնեստ Զեյդել)։ Մխիթար Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև բժշկական հայերեն տերմինների ստեղծման ուղղությամբ։
Բժշկությունը Կիլիկյան Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ պատմիչների վկայությամբ՝ Կիլիկիայում Ռուբինյանների օրոք (1080-1219) բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ, հատկապես մեծ ներդրում ունեն Լևոն Բ թագավորը (1198- 1219), նրա դուստրը՝ Ձապել թագուհին (1222-1252), և Լևոն Գ թագավորը (1269-1289)։ Հայտնի բժշկապետների գլխավորությամբ ստեղծվել են բժշկանոցներ։
Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցատց» երկը (Մատենադարան, ձեռագիր № 415) վկայում է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման որոշակի մակարդակի մասին։ Գիրքը գրված է միջին հայերենով, որտեղ շարունակվում են Մխիթար Հերացու ավանդույթները՝ հատկապես տենդային և ներքին օրգանների հիվանդությունների վերաբերյալ։ Ջերմերի պատճառագիտության հարցում նույնպես Գրիգորիսը եղել է Հերացու հետևորդը։ Նա ուսումնասիրել է նաև տենդային հիվանդությունների հպավարակայնության հարցը հատկապես թոքախտի և բորոտության ժամանակ։ Միջնադարյան հայ բժշկության մեջ Գրիգորիսը եղել է ախտաբանական անատոմիայի նախակարապետը։ «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցատց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարագրությունները վկայում են, որ նա որոշ դեպքերում օգտվել է դիահերձումների տվյալներից, օրինակ՝ թոքախտի կլինիկական պատկերը նկարագրելիս նա հիշատակել է թոքերում առաջացած «խուլերի», «խոցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավեռնաները և կրակալման օջախները)։ Ուշագրավ են նաև թոքաբորբի, թարախակույտի, թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգորիսի ախտաբանաանատոմիական տվյալները։
Տաթևի բարձրագույն դպրոցի հետ են կապված խոշորագույն մտածողներ Հովհան Որոտնեցու (1315- 1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) գործունեությունները. նրանց երկերում արծարծվում են նաև բժշկագիտության հարցեր։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» ծավալուն աշխատության (1389, հրատարակվել է 1729 թվականին) մեջ մարդակազմությանը, կենսաբանությանը, հոգեբանությանը և սաղմնաբանությանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու ոգով։
Ամիրդովլաթ Ամասիացին և հայ բժշկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, նրա արտահայտությամբ, «զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը..., որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»։ Ամիրդովլաթ Ամասիացին «Ուսումն բժշկութեան» (1459) աշխատության մեջ քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցեր։ Նա «Օգուտ բժշկութեան» (1469, հրատարակվել է 1940 թվականին) աշխատությունը գրել է իր ժամանակի լավագույն բժշկական երկերի մակարդակով, այն ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների աշխատանքները՝ բժշկության տեսական և գործնական հարցերի վերաբերյալ։ Երկի մահճաբուժության բաժնում համակարգված տրված են ներքին օրգանների 200-ից ավելի, մաշկային հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի ու չարորակ ուռուցքների, թունավորումների նկարագրությունները, դեղաբուժման և սննդաբուժման եղանակները։
Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղագիտական ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրատարակումը՝ 1926)։ Վերջինս միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրված են 5 լեզվով՝ հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն, պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքանյութերի անվանումներն ու նրանց հոմանիշները։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակ-ալերգիական գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհին բնորոշ բույսեր՝ կոծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը,ուրցը, խնկեղեգը և այլն։ Բժշկապետը պարզել է նաև մարգացնծուի, երնջնակի, կուսածաղկի, արևադարձի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, կիրառել է հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) բույսեր, վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսումնական, կենդանական և անօրգանական ծագման խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակնամոմ և այլն)։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիոն։ Նա ստեղծել է հայ բուսաբույժ-բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար, և որի ազդեցության հետքերը նկատվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (16-17-րդ դարեր) երկերում, նրանց գործունեությամբ ավարտվում է հայկական միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը։
Հայ բժշկությունը 18-19-րդ դարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի 2-րդ կեսից հանդես են գալիս Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում կրթություն ստացած հայ բժիշկներ (Պետրոս Քալանթարյան, Ստեփանոս Շեհրիմանյան, Հովակիմ Օղուլլուխյան, Միքայել Ռեստեն), որոնք հաճախ եվրոպական գիտության ձեռքբերումները համադրել են հայ բժշկության հարուստ փորձի հետ։ Ուշագրավ է Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառօտ» (հրատարակումը՝ 1793, Նոր Նախիջևան) աշխատությունը, որը վերաբերում է վարակիչ, ալերգիկ, մաշկային, հոգեկան, նյարդային և մի շարք այլ հիվանդությունների բուժման հարցերին։ Ստեփանոս Շեհրիմանյանի (1766-1840) «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» (1818) աշխատության մեջ նկարագրված են Հայաստանի դեղաբույսերը։ Շեհրիմանյանը գրել է նաև «Անդեղեայ ժանտախտի» (1796, հրատարակումը՝ 1812) աշխատությունը։ Նրա առաջարկած դեղանյութերի շարքում նշված է նաև հայ կավը։ Շեհրիմանյանի գործերը վկայում են, որ նա ծանոթ էր եվրոպական նորագույն բժշկության նվաճումներին։ Բժիշկ Միքայել Ռեստենի (18-19-րդ դարեր) «Բժշկաբանութիւն» (2 հրատարակությյուն հատոր 1-2, Վենետիկ, 1832) և «Կրթութիւն բժշկական արուեստի» (հատոր 1-6, Կ. Պոլիս, 1833-1841) աշխատությունները նույնպես հայկական բժշկագիտության զարգացման նմուշներ են։
Բժշկագիտության վերելքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկագիտությունը Հայաստանում նոր վերելք է ապրել 1828 թվականից, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին։ 1833 թվականին Հայաստան է եկել մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ բժիշկը՝ Ս. Լոռու-Մելիքյանը։ Աշխատել են նաև բժիշկներ Գ. Տեր-Կարապետյանը (Կարապետով), Հ. Հովհաննիսյանը, Ա. Տեր-Ավետիքյանը և ուրիշներ։
19-րդ դարի 2-րդ կեսի անվանի բժիշկներ Դ. Ռոստոմյանը, Ա. Բաբայանը, Ա. Բուդադյանը, Մ. Առուստամյանը, Վ. Արծրունին և ուրիշներ իրենց աշխատությունները գրել են ռուս առաջադեմ բժշկագիտության սկզբունքներով։ Հայկական բժշկագիտությունը մեծ նվաճումներ է ձեռք բերել խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1922 թվականին հիմնադրվել է ԵՊՀ բժշկագիտական ֆակուլտետը (1930 թվականից՝ Երևանի Բժշկական ինստիտուտը, 1995 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարան), որը բժշկական կադրեր պատրաստելու հետ մեկտեղ դարձել է բժշկագիտության գիտահետազոտական կենտրոն։ Ներկայումս Երևանում գործում է նաև 12 ԳՀհ, որտեղ մշակվում են կանխարգելիչ, տեսական և կիրառական (կլինիկական) բժշկագիտության բազմաթիվ խնդիրներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |