Բրոնզի դար
Բրոնզի դար, մարդկության պատմության ժամանակաշրջան, երբ որպես արտադրության հիմնական գործիքների և զենքերի ու զարդերի պատրաստման նյութ գլխավորապես օգտագործվել է բրոնզը, որը պայմանավորված էր պղնձի և անագի մշակման եղանակների կատարելագործմամբ։ Մարդկային հասարակության պատմության այդ փուլի սկզբում երկու մետաղների՝ պղնձի և անագի միաձուլումից ստեղծվում է նոր համաձուլվածքային մետաղ՝ բրոնզը։
Բրոնզի դարը հաջորդում է Քարի դարին և նախորդում Երկաթի դարին։ Բրոնզի դարը տևել է մ.թ.ա. XXXV / XXXIII-ից մինչև մ.թ.ա. XIII / XI դարերը, սակայն տարբեր քաղաքակրթություններում այն տարբեր է։
Իրականում Քարի դարի և Բրոնզի դարի միջև եղել է Պղնձիքարիդարը, այսպես կոչված՝ էնեոլիթի ժամանակաշրջանը, որը Հայկական լեռնաշխարհում և նրա հարևան Հարավային Կովկասում սկսվել է մոտավորապես մ.թ.ա. V հազարամյակում և ավարտվել մ.թ.ա. IV հազարամյակում, տեղի տալով վաղ բրոնզի դարին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզի դարը մշակութային–պատմական ժամանակաշրջան էր, որը բնորոշվում էր բրոնզե իրերի՝ աշխատանքի գործիքների, զենքերի, զարդերի և այլ առարկաների արտադրությամբ։ Այս ժամանակաշրջանը թվագրվում է մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջից մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը։ Պատմական անհամաչափ զարգացման և տեղական առանձնահատկությունների հետևանքով երկրագնդի տարբեր վայրերում բրոնզի դարն սկսվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Արտահայտվում է զարգացման երեք փուլերով[2]՝
Այդ փուլերից յուրաքանչյուրը պայմանավորվում է տնտեսության գլխավոր ճյուղերի վերելքով և հասարակության նշանակալից առաջընթացով[2]։
Մ․ թ․ ա․ IV հազարամյակի մշակութային կենտրոններ են եղել Հարավային Իրանում, Միջագետքում, Եգիպտոսում ևն։ Հնդկաստանում Բ․ դ․ սկսվում է III հազարամյակի վերջից, Չինաստանում և Եվրոպայում՝ II հազարամյակից, Ամերիկայում ավելի ուշ՝ մ․ թ․ ա․ I հազարամյակից և տևել մինչև եվրոպացիների մուտքը Ամերիկա։ Աֆրիկայի որոշ բրոնզի դարի հուշարձաններ վերագրվում են մ․ թ․ I հազարամյակին, իսկ Գվինեական ծովափի երկրներում բրոնզի դարն իր ծաղկումն ապրեց XV–XVI դդ․։ Եվրոպայի մի շարք երկրներում բրոնզի դարը համընկնում է դասակարգային հասարակության առաջացմանը (մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակներ)։ Բրոնզի դարի բազմաթիվ հուշարձաններ կան Հայկական լեռնաշխարհի, նրա հարևևան հարավկովկասյան երկրների տարածքներում, Միջին Ասիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Հարավային Աիբիրում, Անդրբայկալում և այլն։ Բրոնզի դարի մշակույթն առավել զարգացած է եղել Հայքում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Հայքն ու Հարավային Կովկասը մշակութային սերտ կապեր են ունեցև Առաջավոր Ասիայի և Փոքր Ասիայի զարգացած երկրների հետ[2]։
Բրոնզի դարը Մերձավոր Արևելքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձավոր Արևելքում բրոնզի դարի երեք փուլերը համապատասխանու են հետևյալ թվագրմանը (տարեթվերը շատ մոտավոր են).
- ՎԲԴ — վաղ բրոնզի դար (մ.թ.ա 3500—2000 թթ.)
- ՄԲԴ — միջին բրոնզի դար (մ.թ.ա. 2000—1600 թթ.)
- ՈՒԲԴ — ուշ բրոնզի դար (մ.թ.ա. 1600—1200 թթ.)
Ընդ որում, յուրաքանչյուր գլխավոր փուլը կարող է տրոհվել առավել կարճ ենթափուլերի, ինչպես, օրինակ՝ ՎԲԴ I, ՎԲԴ II, ՄԲԴ IIա և այլն։
Բրոնզի դարը Մերձավոր Արևելքում սկսվել է Հայկական լեռնաշխարհից և նրա արևմտյան հարևան Փոքր Ասիայից (դրանց մեծ մասը, ներկայումս գտնվում են Թուրքիա պետության կազմում)։ Հայկական և Փոքրասիական բարձրավանդակների լեռները հարուստ են պղնձի և անագի հանքանյութերով։ Պղինձն արդյունահանվում էր նաև Կիպրոսում, Հին Եգիպտոսում, Իսրայելում։ Սակայն պղնձով առավել հարուստ էր Հայկական լեռնաշխարհը[6]։ Արդյունահանվում էր նաև Իրանում[7] և Պարսից ծոցի շուրջն ընկած երկրամասերում։ Պղինձը սովորաբար խառնվում էր մկնդեղի հետ, և այնուամենայնիվ, տարածաշրջանի աճող պահանջմունքը անագի նկատմամբ հանգեցրեց նրան, որ առևտրական երթուղիներ ստեղծվեցին դեպի Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Նույն այդ երկրներից ծովային երթուղիներով հանքանյութերը տեղափոխվում էին նաև Եգիպտոս և Միջագետք։
ՎԲԴ-ն բնութագրվում էր ուրբանիզացիայով՝ քաղաքային բնակչության ավելացմամբ և քաղաք-պետությունների առաջացմամբ, ինչպես նաև գրի առաջացմամբ (օրինակ՝ Ուրուկում, մ.թ.ա. IV հազարամյակում)։ ՄԲԴ-ում տեղի ունեցավ ուժերի էական վերադասավորում տարածաշրջանում՝ (Հայկական լեռնաշխարհի շուրջ տեղաշարժեր իրականացրեցին ամորեացիները, խեթերը, հուրիները, հիքսոսները և, հավանական է՝ իսրայելացիները)։
ՈՒԲԴ-ն բնութագրվում է տարածաշրջանի հզոր պետությունների և նրանց վասալների մրցակցությամբ (Հին Եգիպտոս, Ասորեստան, Բաբելոն, Հայասա, Հայասա-Ազզի, Նաիրիի դաշնություն, խեթեր, միտանիներ, հայեր)։ Լայնարձակ կապեր հաստատվեցին Էգեյան մշակույթի հետ (աքայացիներ), որտեղ պղինձը զգալի դեր էր խաղում։ Բրոնզի դարը Մերձավոր Արևելքում ավարտվեց մի պատմական երևույթով, որը մասնագետներն անվանում են բրոնզիդարյան փլուզում։ Այդ երևույթը արտահայտվեց թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ ներազդեց ամբողջ Արևելյան Միջերկրածովքի վրա։
Երկաթը Հայկական լեռնաշխարհում, իսկ ապա՝ նաև Փոքր Ասիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում հայտնվեց արդեն ՈՒԲԴ-ում։ Երկաթի դարի ուժի մեջ մտնելն առավել բնութագրվում էր քաղաքական դրդապատճառներով, քան թե մետաղաձուլման բնագավառում նվաճումներով։
Բրոնզի դարը Հայքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայքը բրոնզի դարի քաղաքակրթության առաջավոր երկրներից է եղել։ Հայաստանում բրոնզի դարն ընդգրկել է մ․ թ․ ա․ IV հազարամյակից մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը։ Հնագույն ժամանակներից սկսած Հայկական լեռնաշխարհը հայտնի էր բնական հարստություններով։ Այն եղել է մետաղագործության հնագույն կենտրոն։ Մետաղագործությունը այդտեղ սկիզբ է առել մ․ թ․ ա․ VII–VI հազարամյակներում։ Նրա առաջընթացը հավաստում են մ․ թ․ ա․ VI–V հազարամյակների էնեոլիթյան, վաղ երկրագործական բնակատեղիներից (Արարատյան դաշտում՝ Շենգավիթ, Թեղուտ, Նախիջևանի գավառում՝ Քյուլթափա, Վանա լճի արևելյան ափին՝ Շամիրամ–Ալթի են) հայտնաբերված բազմաթիվ մետաղյա իրերը (հերուններ, ասեղներ, շեղբեր, կարթեր, նետասլաքներ են)։ Վաղ բրոնզի դարի Հայկական լեռնաշխարհում սկսվել է մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջից և ամբողջովին ընդգրկել մ․ թ․ ա․ III հազարամյակը[2][8]։
Վաղ բրոնզի դարը Հայքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ բրոնզի դարի հուշարձաններ են հայտնաբերվել Արարատյան դաշտում, Կոտայքի, Հրազդանի շրջաններում, Սևանի ավազանում, Տաշիր–Ձորագետում, Շիրակում, Վանանդում, Բագրևանդում (Ալաշկերտ), Չալդրանի հովտում, Կարնո, Վանի, Խարբերդի, Մալաթիայի շրջաններում, Բաբերդի, Մանազկերտի, Հարքի (Բուլանըխ), Տարոնի դաշտավայրերում։ Այսպիսով, վաղ բրոնզի դարի մշակույթը հարավում ընդգրկել է Վանա լճի շրջակայքը և հասել մինչև Ատրպատական, հյուսիս–արևմուտքում՝ էրզրումից մինչե Սեբաստիա (Սվազ) և Մալաթիա։ Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի ամրոց–բնակատեղիները հիմնադրվել են գերազանցապես գետերի ու գետակների ափերին և կառուցվել որոշակի պլանով։ Բնորոշ են կենտրոնական կլոր կացարանների և տնտեսական շինությունների համալիրները, որոնցից յուրաքանչյուրում բնակվել է մի գերդաստան։ Զգալի տեղաշարժեր են կատարվել տնտեսության տարբեր բնագավառներում։ Վերելք են ապրել երկրագործությունն ու անասնապահությունը, սկիզբ է դրվել այգեգործությանը, լայնորեն կիրառվել մկնդեղային բրոնզը, աճել մետաղյա իրերի քանակը, նրանց ձևերը դարձել են բազմազան, երևան են եկել ձուլման փակ կաղապարներ են։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի հնավայրերում հայտնաբերվել են աշխատանքի բրոնզե գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ։ Տեղական ծագում ունեն կոթառով սեպաձև կացինները (Կումայրի-Ալեքսանդրապոլ, Բրգաձոր, Մալաքլուի «կավե քաղաք»), նրանց ձուլման կաղապարները (Շենգավիթ, Գառնի, Նախիջևանի Քյուլ–թափա), կտցավոր կացինները (Կումայրի-Ալեքսանդրապոլ, Ալավերդի, Երևան) և նեղաշեղբ կախակոթառ կացինները (Էջմիածին, Արծն)։ Վաղ բրոնզի դարի վերջին փուլում երևան են եկել խողովակակոթառ մարտական կացինները (Կումայրի-Ալեքսանդրապոլ, Սևան, Սուրմարի), փետրաձև նիզակների գեղարդները (Վանաձոր, Գավառ), տեգի ծայրերը (Էլար, Զրահովիտ, Մրգավետ, Արծն), դաշույնների լայնաշեղբ (Կումայրի-Ալեքսանդրապոլ) և նեղաշեղբ (էլար, Արծն) տիպերը, պարուրաձև ապարանջանները, վերնազգեստին ամրացնելու քորոցները (Շենգավիթ, Նախիջևանի Քյուլ–թափա), ուլունքները ևն։ Վաղ բրոնզի դարի մետաղյա իրերի զուգահեռներն ապացուցում են փոխանակային սերտ կապերի գոյությունը Հին Արևելքի և Կովկասի հետ։ Հյուսիսային Կովկասի մ․թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսի և II հազարամյակի սկզբի մետաղյա մի շարք իրերի քիմիական հետազոտումներն ապացուցում են, որ նրանց համար հումքի աղբյուր են ծառայել Հայկական լեռնաշխարհի հանքավայրերը։ Վաղ բրոնզի դարում զարգացել են արհեստների նաև մի շարք այլ ճյուղեր (մանածագործություն, կաշեգործություն, փայտամշակում, քարակոփություն, բնակարանաշինություն ևն)։ Զարգացել է հատկապես տեղային հատկանիշներով ինքնատիպ խեցեգործությունը, որը, չնայած տարածման մեծ շառավղին, բնորոշվում է ձևերի հաճախակի կրկնությամբ, կատարման եղանակի նույնությամբ։ Նրա տեղական տարբերակներում նկատվում են զարդանախշերի ոճային և սյուժետային կապեր։ Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի մշակույթն աչքի է ընկնում նաև արվեստի գողտրիկ նմուշներով ու հավատալիքները ներկայացնող նյութական բազմապիսի հուշարձաններով[2][9]։
Միջին բրոնզի դարը Հայքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին բրոնզի դարը Հայքում ընդգրկում է տարածման միևնույն սահմանները։ Հայկական լեռնաշխարհի և հարևան Հարավային Կովկասի միջին բրոնզի դարի մշակույթը թվագրվում է մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին կեսով։ Միջին բրոնզի դարում հասարակական կյանքում նոր տեղաշարժեր են եղել։ Իրենց պետականությունն են ստեղծել Հայկական լեռնաշխարհի հարևան խեթերը, խուրրիները, միտանիները։ Հայկական լեռնաշխարհի հյուսիս–արևմուտքում և հարավային շրջաններում սոցիալական ներհակությունները ավելի են խորացել։ Վաղ դինաստիական իշխանության ժամանակաշրջան է սկսվել նաև Հայասա–Ազզի երկրում։ Գույքային անհավասարության հետևանքով ստեղծվել է կայուն վերնախավ, քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր են հաստատվել Հին Արևելքի երկրների հետ։ Զգալիորեն աշխուժացել են երկրագործությունն ու անասնապահությունը։ Շնորհիվ ոռոգման աշխատանքների, մշակելի հողատարածությունների աճի և երկրագործական աշխատանքներում խոշոր եղջերավոր անասունների ավելի լայն օգտագործման, Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում համեմատաբար բարձր մակարդակի է հասել հացահատիկային, բանջարաբոստանային և այգեգործական մշակաբույսերի՝ կուլտուրաների մշակումը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում Հին Արևելքում պղնձի պաշարներով, հանքերի մշակմամբ և արտահանմամբ հատկապես աչքի է ընկել Հայքի հարավային մասում գտնվող Ջուլամերկը (պատմական Մուսասիր), անագի պաշարներով ամենահարուստը եղել են Սասունի լեռները, կապարի, պղնձի, երկաթի հանքերով՝ Ռշտունյաց լեռները։ Արղանայի հանքավայրերը, որտեղ հայտնաբերվել են հանքանյութի մշակման բազմաթիվ հետքեր և խարամի մնացորդներ, մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին խեթական պետության համար եղել են պղնձի միակ աղբյուրը։ Պղնձա–մկնդեղային բրոնզի կողքին դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջում երևան են եկել պղնձա–անագային համաձուլվածքները։ Միջին բրոնզի դարում նիզակի, կարճասայր խողովակակոթառ գեղարդների (Լճաշեն, Կարմիր վանք) և կոթառով դաշույնաշեղբերի կողքին լայն տարածում են գտել մարտական սակրերի տարատեսակները, որոնք ընդհանուր աղերսներ ունեն Միջագետքի, Անատոլիայի, Պարսկական Թալիշի հուշարձաններից հայտնաբերվածների հետ։ Հայքում գտնված բրոնզե սուսերների (Լեռնավան, Ձորագյուղ) նմանները հանդիպում են Կրետե–Միկենյան մշակութային կենտրոններում։ Զարգացել են նաև ոսկերչությունն ու արծաթագործությունը։ Երևան են եկել դրվագված և հատիկավոր ու ցանցկեն զարդանախշերով պատված թանկարժեք իրեր։ Հատկապես ուշագրավ են Վանաձորի հարուստ դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե առյուծազարդ և արծաթե թասերը, ոսկե և արծաթե երեսպատման թիթեղիկները, ոսկե ուլունքները, Օձունում հայտնաբերված ոսկե շրջանաձև մեդալիոնը, Խաչենագետի (Արցախ) դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե զարդանկարված խողովակիկները։ Զարգացման նոր փուլ է ապրել նաև խեցեգործությունը։ Փոխանցվող բազմաթիվ զարդամոտիվների կողքին երևան են եկել նաև խեցեղենի նոր ձևեր և կատարման տարատեսակ եղանակներով հարուստ զարդանախշեր[2][10]։
Ուշ բրոնզի դարը Հայքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ բրոնզի դարն սկսվել է մ․ թ․ ա․ XIV դ․ վերջից և հարատևել մինչև I հազարամյակի սկիզբը։ Հայքը թևակոխել է ռազմական դեմոկրատիայի վերջին փուլը։ Աննախընթաց վերելք են ապրել երկրագործությունը, անասնապահությունն ու արհեստները։ Ուշ բրոնզի դարում կատարելագործվել են իրերի պատրաստման եղանակները, բարձրացել է համաձուլվածքների որակը, արտադրվել է երկաթ, որը նպաստել է երկրագործական և արհեստագործական աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Բարձր զարգացման է հասել զինագործությունը։ Մարտական սակրերը, ծանր թրերը, դաշույնները, լայնալիճ աղեղները, զրահները, վահանները, լանջապանակները և այլ զենքեր դարձել են արտահանման առարկաներ։ Լայն թափ է ստացել նաև կրոնապաշտամունքային և կենցաղային մետաղե իրերի արտադրությունը։ Գտնվել են բրոնզից, արծաթից ու ոսկուց մ․ թ․ ա․ II հազարամյակի երկրորդ կեսին պատրաստված արվեստի լավագույն նմուշներ։ Հատկապես մեծ արվեստով են պատրաստված Լճաշենի և Արթիկի դամբարանաբլուրներում հայտնաբերված բրոնզե մարտակառքերի մոդելները, ցանցկեն հենակների վրա կանգնած ջրային թռչունների, եղնիկների, ցուլի և քարայծերի քանդակախումբը, Լճաշենի, Տոլորսի, Վանաձորի դամբարաններում հայտնաբերված արժեքավոր քարերով զարդարված ոսկյա մանյակները, բազմաձև ոսկյա ուլունքները, կոճակները, երկկոնիկ կախիկները, արծաթյա պայտաձև զարդերն ու ապարանջանները։ Բրոնզի դարի արվեստի լավագույն նմուշների շարքը կարելի է դասել լայնաշեղբ դաշույնների ծակոտկեն պատյանները՝ զարդարված օձերի և այլ կենդանիների բարձրաքանդակ պատկերներով ու երկրաչափական նախշերով։ Ասուրական աղբյուրներում, սկսած մ․ թ․ ա․ XIII դարից, հավաստի տվյալներ են պահպանվել Հայկական լեռնաշխարհից մետաղի արտահանման մասին։ Հայկական լեռնաշխարհը, լինելով մետաղամշակման խոշոր կենտրոններից մեկը և սերտ մշակութային կապեր ունենալով Կովկասի ու Առաջավոր Ասիայի երկրների հետ՝ կարևոր դեր է խաղացել հին քաղաքակրթության տարածման գործում[2][5]։ Ավելին, ըստ հնագիտական նյութերի և պատմագիտական-հնագիտական հետազոտությունների՝ Հայքն ընթացել է բրոնզիդարյան քաղաքակրթությունների ամենաառաջին շարքում[11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971
- Բայբուրդյան Ե․, Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի», 1937, գիրք 1։
- Բայբուրդյան Ե․,, Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 2։
- Խանզադյան է․ Վ․, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․ թ․ ա․ III հազարամյակում, Ե․, 1967։
- Խանզադյան է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։
- Байбурдян Е․, По поводу древней керамики из Шреш-Блура, «Советская археология», 1937, Nօ 3.
- Куфтин Б․ А․, Урартский «колумбарий» у подошвы Арарата и Кур-араксский энелоит, «Вестник Гос․ музея Грузии», 1943, в․ 13.
- Пиотровский Б․ Б․, Археология Закавказья, Л․, 1949.
- Иессен А․, Кавказ и Древний Восток в IV и III тысячилетиях до нашей эры, «Краткие сообщения Института археологии АН СССР», 1963, в․ 93.
- Хачатрян Т․ С․, Материальная культура древнего Артика, Е․, 1963.
- Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964.
- Кушнарева К․, Чубинишвили Т․Н․, Древние культуры Южного Кавказа, Л․, 1970.
- Lamb W․, The Culture of North-East Anatolia and its Neighbours, «Anatolian Studiens», 1954, [v․ 1․].
- Burney C․, Eastern Anatolia in the Chalcolitic and Early Bronze Age, «Anatolian Studies», 1958, v․ 8.
- Коsay N․, Turfan K․, Erzurum–Karaz Kazisi raporu, «Turk Tarich Kurumu Bel- leten», 1959, v․ 23.
- Mellink M․ J․, Archaeology in Asia Minor, «American Journal of Archaeology», 1965, v․ 69, № 2․
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, «Բրոնզի դար» հոդված, հեղինակ՝ Է. Վ. Խանզադյան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 110-125։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 575-576։
- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 126-156։
- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 157-174։
- ↑ 5,0 5,1 Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 205-246։
- ↑ Տե՛ս Лчашен հոդվածը Ռուսաստանյան Մեծ Հանրագիտարանի հատոր 18-ում// БРЭ. Т.18. М., 2011.
- ↑ Луристанские бронзы // БРЭ. Т.18. М.,2011.
- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 126-234։
- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 126-154։
- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 146-202։
- ↑ Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 134-246։
- ↑ Բայբուրդյան Ե․, Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի», 1937, գիրք 1։
- ↑ Բայբուրդյան Ե․,, Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 2։
- ↑ Խանզադյան է․ Վ․, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․ թ․ ա․ III հազարամյակում, Ե․, 1967։
- ↑ Խանզադյան է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։
- ↑ Байбурдян Е․, По поводу древней керамики из Шреш-Блура, «Советская археология», 1937, Nօ 3.
- ↑ Куфтин Б․ А․, Урартский «колумбарий» у подошвы Арарата и Кур-араксский энелоит, «Вестник Гос․ музея Грузии», 1943, в․ 13.
- ↑ Пиотровский Б․ Б․, Археология Закавказья, Л․, 1949.
- ↑ Иессен А․, Кавказ и Древний Восток в IV и III тысячилетиях до нашей эры, «Краткие сообщения Института археологии АН СССР», 1963, в․ 93.
- ↑ Хачатрян Т․ С․, Материальная культура древнего Артика, Е․, 1963.
- ↑ Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964.
- ↑ Кушнарева К․, Чубинишвили Т․Н․, Древние культуры Южного Кавказа, Л․, 1970.
- ↑ Lamb W․, The Culture of North-East Anatolia and its Neighbours, «Anatolian Studiens», 1954, [v․ 1․].
- ↑ Burney C․, Eastern Anatolia in the Chalcolitic and Early Bronze Age, «Anatolian Studies», 1958, v․ 8.
- ↑ Коsay N․, Turfan K․, Erzurum–Karaz Kazisi raporu, «Turk Tarich Kurumu Belleten», 1959, v․ 23.
- ↑ Mellink M․ J․, Archaeology in Asia Minor, «American Journal of Archaeology», 1965, v․ 69, № 2․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 575)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրոնզե դար կատեգորիայում։ |