Գայանե Փայտյան
Գայանե Փայտյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1974 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2022[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավարուհի և դասախոս |
Գայանե Ալբերտի Փայտյան (հունիսի 30, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 2022[1], Երևան, Հայաստան[2]), լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Ալբերտի Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին, Երևանում։ Մայրը մասնագիտությամբ մանկավարժ է, հայրը՝ ինժեներ-ավտոմեխանիկ։
1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին և սկսել է թղթակցել «Ավանգարդ» թերթին։ Ուսմանը զուգահեռ՝ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-1994 թվականներին` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը[3]։
1993 թվականին սրտի կաթվածից մահացել է հայրը, ով նրա կյանքում առանձնահատուկ դեր է ունեցել։
1994 թվականին մասնակցել է Ֆրանսիայի Պոր դը Բուկ քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվել մասնակիցների լավագույն հնգյակում։
1996 թվականին Գայանե Փայտյանն ավարտել է համալսարանը, աշխատանքի անցել «Նորք» հեռուստաընկերությունում (հետագայում՝ հայկական երկրորդ պետական հեռուստաընկերություն), 1998-1999 թվականներին եղել «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը[3]։
Որպես լրատվական մեկնաբան՝ 1995-1999 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015 թվականներին՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008 թվականներին եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004 թվականից եղել է միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ։ 2006 թվականին Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017 թվականից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։
2006 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում, մասնակցել է միջազգային դասընթացների եվրոպական մի շարք երկրներում։
Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանում ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում[4]։ 2008 թվականին հիմնադրել և ղեկավարել է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։
Բազմաթիվ դոկումենտալ ֆիլմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն», և այլն։
Գայանե Փայտյանը մահացել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ծանր հիվանդությունից հետո։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի համար 2018 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով[5][6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Գայանե Փայտյանն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թվականին ունեցել են երկվորյակ դստրեր՝ Էվա և Էլլա[7][8]։
Կրտսեր քույրը՝ Մարիաննա Փայտյանը, լրագրող է, վավերագրական հեռուստաֆիլմերի սցենարիստ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է լրագրող-հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը
- ↑ «Մահացել է լրագրող-հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը».
- ↑ 3,0 3,1 Երևանի մամուլի ակումբ, Գայանե Փայտյան
- ↑ Գայանե Փայտյանի - Zark Foundation
- ↑ «Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանին, Տաթևիկ Բաղդասարյանին, Քրիստինե Մելքոնյանին և Էռնա Էլիզբարյանին» — Երևանի քաղաքապետարան
- ↑ «Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանին, Տաթևիկ Բաղդասարյանին, Քրիստինե Մելքոնյանին և Էռնա Էլիզբարյանին» — Slaq.am
- ↑ Գայանե Փայտյան.«2017-ը կյանքիս լավագույն տարին էր»
- ↑ «Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը» — iravaban.net
- ↑ Մարիաննա Փայտյան, Mediamax.am
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գայանե Փայտյանի մասին zarkfoundation.com կայքում
- Գայանե Փայտյան, "Ճակատագրեր" ֆիլմաշար
- Գայանե Փայտյան, "Կեսգիշերնանց" հեռուստաշարք
- Երևանի մամուլի ակումբ, Գայանե Փայտյան
- Գայանե Փայտյան, Մեր մեջ ասած հաղորդաշար