Jump to content

Գնդակով հոկեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդակով հոկեյ
Տեսակհոկեյ, չմշկասահք, գնդակով խաղ և ֆուտբոլ
Ծագման երկիր Անգլիա
Տարբերվում էմականախաղ, տափօղակով հոկեյ, գնդակով հոկեյ և ice polo?
ՊորտալPortal:Bandy?
 Bandy Վիքիպահեստում

Գնդակով հոկեյ (օգտագործվում են նաև բենդի[1][2], անգլ.՝ bandy, և ռուսական հոկեյ անվանումները), ձմեռային մարզական թիմային խաղ, որն անցկացվում է սառցե դաշտում երկու թիմերի մասնակցությամբ (խաղադաշտում 10 խաղացող և դարպասապահ յուրաքանչյուր թիմում)։ Սառույցի վրա տեղաշարժվելու համար բոլոր խաղացողներն օգտագործում են չմուշկներ։ Խաղադաշտի խաղացողները, օգտագործելով մականներ, ձգտում են դրանցով գնդակը խփել մյուս թիմի դարպասը։ Դարպասը պահպանում են մականներ չօգտագործող դարպասապահները։ Խաղի տևողությունը 2 խաղակես է՝ յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ, անբարենպաստ պայմանների դեպքում, դատավորի որոշմամբ, 3 խաղակես՝ յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ (եթե մրցամարտն անց է կացվում բաց երկնքի տակ)։ Հաղթող է դառնում այն թիմը, որը խաղի ընթացքում կարողացել է ավելի շատ գնդակ գցել (գոլ խփել) մրցակցի դարպասը։

«Գնդակով հոկեյ» տերմինը համարվում է պաշտոնական Ռուսաստանում։ Միջազգային պրակտիկայում ընդունված է «բենդի» անվանումը։ Սկզբում գնդակով հոկեյը Ռուսաստանում կոչվում էր «ռուսական հոկեյ»։ Այն երկրներում, որտեղ գնդակով հոկեյի խաղերը կրում են կազմակերպված և կանոնավոր բնույթ, ձևավորվում են համապատասխան ֆեդերացիաներ կամ ասոցիացիաներ, որոնք մտնում են Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի մեջ (Federation of International Bandy):

Գնդակով հոկեյը պաշտոնապես ընդունված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես ձմեռային սպորտաձև[3], չնայած մինչև այժմ Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրի մեջ դեռ չի մտնում։ Որպես ցուցադրական կանոնակարգ՝ գնդակով հոկեյը ներկայացվել էր 1952 թվականի Օսլոյի 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում։ 2011 թվականի Ասիական ձմեռային խաղերում գնդակով հոկեյն ընդգրկվել էր պաշտոնական ծրագրում։ 2012 թվականի դեկտեմբերին Ալմա-Աթայում առաջին անգամ տեղի ունեցավ Ասիայի առաջնությունը։ Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի և Բենդիի միջազգային ֆեդերացիայի նախագահ Բորիս Սկրիննիկը 2011 թվականին հայտարարեց, որ գնդակով հոկեյը հնարավոր է ընդգրկվի 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում[4], այնուամենայնիվ Միջազգային օլիմպիական կոմիտեի 2015 թվականի գործադիր կոմիտեի նիստի արդյունքներով դա տեղի չունեցավ։

Գնդակով հոկեյի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդակով հոկեյ

Սպորտային խաղերը, որտեղ գնդակով խաղում էին փայտերով, ծագել են դեռևս հին ժամանակներում։ Եգիպտոսի Բենի-Հասան բնակավայրում գտնվող բուրգում, որի կառուցումը թվագրված է մ.թ.ա. 10-րդ դարում, պատկերված է երկու մարդ մականներով, որոնք նրանք հատել են կլոր առարկայի վրա (գնդակի կամ օղակի)[5][6]։ Խաղերը, որտեղ ոչ մեծ գնդակի ետևից էին վազում փայտերով, հայտնի էին Ճապոնիայում («կաչի», «դակիու»), Ացտեկների կայսրությունում («չեուկա»), Հին Հունաստանում[5][6]։

Սառած ջրամբարների սառույցի վրայի խաղերի մասին, որտեղ մականների օգնությամբ պետք էր որոշակի նպատակ հետապնդել, առաջին հիշատակությունները վերաբերում են միջին դարերի ժամանակաշրջանին։ 10-11-րդ դարերում հանդիպում են Հին Ռուսիայում սառույցի վրա մականներով խաղի մասին առաջին հիշատակությունները։ Ռուսական տարեգրություններում պատմվում է սառույցի զվարճանքների մասին, որտեղ մի քանի մարդ փայտերով հետապնդում են ինչ-որ կլոր առարկա, որպես կանոն բանջարեղեն[7]։ Տարբեր տեղերում խաղը տարբեր կերպ են անվանել՝ մականախաղ, մականներ սառույցի վրա, հետապնդում, հոլ, գնդակախաղ, կաթսա և այլն[7][8][9]։ Գնդակով հոկեյի երկրպագու էր Պետրոս Առաջինը, որի օրոք խաղացողների կողմից սկսեցին օգտագործվել կայսրի կողմից Հոլանդիայից բերված երկաթե չմուշկներ[9]։ 9-րդ դարից սկսած իսլանդական տարեգրություններում հանդիպում է հիշատակություն «կնատտլեյկերի» մասին[10]։ Բրիտանական կղզիներում ի հայտ է եկել մականով և գնդակով մրցումների մի ամբողջ շարք, բենդի՝ անգլիացիների մոտ, բենդո՝ ուելսացիների մոտ, շինտի՝ շոտլանդացիների մոտ և հյոռլինգ՝ իռլանդացիների մոտ, ամռանը խաղերն անցկացվում էին խոտի վրա, ձմռանը՝ սառույցի վրա[6][10]։ Մականներով սառույցի խաղերը հանրաճանաչ էին նաև Նիդերլանդներում[10]։

Սպորտային կանոնակարգի ժամանակակից հասկացությամբ գնդակով հոկեյը սկսել է ձևավորվել Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի առաջին կեսին[11]։ 1850-1870 թվականներին որոշ անգլիական ֆուտբոլային ակումբներ («Շեֆֆիլդ Յունայթեդ», «Նոտինգեմ Ֆորեսթ» և այլն) ֆուտբոլի հետ զարգացնում էին նաև բենդին։ Աստիճանաբար ի հայտ են գալիս նաև բենդի-ակումբներ։ 1891 թվականին Մեծ Բրիտանիայում ստեղծվում է Բենդիի ազգային ասոցիացիան (աշխարհում նման առաջին միավորումը), որը մշակում էր խաղի պաշտոնական կանոնները[11]։ Անգլիացիները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին նպաստեցին գնդակով հոկեյի զարգացմանը եվրոպական երկրներում՝ Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։ Ռուսաստանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող անգլիացի մասնագետները կազմակերպում էին ֆւտբոլ-հոկեյի խմբակներ, որոնք էական ազդեցություն ունեցան Ռուսաստանում գնդակով հոկեյի՝ որպես մարզաձևի առաջացման վրա[7][11][12]։ 1888 թվականին պետերբուրգյան ուսանող Պյոտր Մոսկվինը հիմնեց «Սիրողական սպորտի Սանկտ-Պետերբուրգի խմբակը» , 1897 թվականին նա մշակեց գնդակով հոկեյի խաղի համար Ռուսաստանում առաջին կանոնները[12]։ 1898 թվականի մարտի 8-ը (նոր օրացույցով մարտի 20-ը) Սանկտ Պետերբուրգում Հյուսիսային կոչվող սառցադաշտում Կամենոոստրովսկի պողոտայում անցկացվեց գնդակով հոկեյի առաջին մրցամարտը հաստատված կանոններով, այդ օրը համարում են ռուսական հոկեյի պաշտոնական ծննդյան օր։

Դարերի սահմանագծին հոկեյի զարգացման գագաթնակետը դարձավ 1913 թվականին շվեցարական Դավոսում անցկացված գնդակով հոկեյի Եվրոպայի առաջնությունը։ Այնուամենայնիվ սկսված Առաջին համաշխարհային պատերազմը երկար ժամանակ դադարեցրեց այս մարզաձևի զարգացումը։

Հնգամյա հարկադիր ընդմիջումը, փոխադարձ ատելությունը, ամբողջ շարք պետությունների փլուզումը՝ այս ամենը հանգեցրեց նրան, որ պատերազմից հետո Եվրոպայում հայտնի «անգլիական» բենդին գործնականում դադարեց գոյություն ունենալ։ 20-ական թվականների սկզբին մնացած ազգային ֆեդերացիաները կամ լուծարվեցին, կամ ընդունեցին «կանադական հոկեյի» կանոնները (ինչպես 1922 թվականին Հունգարիայում)։ Միայն ավստրիացիներն են կանոնավոր շարունակել խաղալ բենդի, բայց այն էլ մինչև 20-ական թվականների վերջը։ Այս տենդենցին հակառակ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում բենդին ծաղկում ապրեց Մերձբալթիկայում, երբ Էստոնիայում և Լատվիայում մինչև 30-ական թվականների սկիզբը անց էին կացվում կանոնավոր մրցաշարեր։ Միայն Սկանդինավիայում (Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և ԽՍՀՄ-ում) բենդին չընդհատեց իր պատմությունը։ 20-րդ դարի կեսերին այս չորս երկրները մնացին միակ երկրները, որտեղ այս մարզաձևը զարգացավ և հանրաճանաչ դարձավ։ Այնուամենայնիվ, կանոնները, որոնք կիրառվում էին մի կողմից Սկանդինավիայում, մյուս կողմից ԽՍՀՄ-ում, որոշակի չափով տարբերվում էին (հիմնական տարբերություններն էին դարպասների չափսերը, կողերի առկայությունը և օդային փոխանցումների թույլտվությունը)։ Այս տարբերությունները կանգնեցնում էին բենդիի հանրաճանաչությունն այլ երկրներում, չնայած չորս երկրների ջանքերին. Նորվեգիան, օրինակ, 1952 թվականին պնդեց, որպեսզի Օսլոյի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում բենդին ընդգրկվի որպես ցուցադրական մարզաձև։ 1955 թվականին այս չորս երկրների ջանքերով բենդիի կանոնները ընդհանրացվեցին, որից հետո նույն թվականին տեղի ունեցավ նոր կանոններով առաջին միջազգային հանդիպումը ԽՍՀՄ-ի և Շվեդիայի հավաքականի միջև։ Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ստեղծումից հետո 1957 թվականիц կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի առաջնություններ։ Չորս երկրների համաձայնեցված աշխատանքը, ուղղված բենդիի միջազգային խաղերի կայունության և կանոնավորության ապահովմանը, տվեցին իրենց արդյունքները։ 1963 թվականին բենդին վերածնվեց Նիդերլանդներում, 1988 թվականին՝ Հունգարիայում։ Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի մեծ նվաճումը դարձավ բենդիի ներթափանցումը «կանադական հոկեյի» ճամբար. 1981 թվականից կանոնավոր խաղեր են անց կացվում ԱՄՆ-ում, իսկ 1986 թվականից՝ Կանադայում։ ԽՍՀՄ-ի փլուզման հետ բենդիի միջազգային ուղեծիր մտան Ղազախստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան և Կիրգիզիան։ Ասիա ներթափանցումը չսպառվեց միայն Ղազախստանով և Կիրգիզիայով, 2006 թվականից սկսած մրցաշարերին մասնակցություն են ունենում Մոնղոլիայի, այնուհետև Ճապոնիայի և Չինաստանի հավաքականները։

2004 թվականից անց են կացվում կանանց գնդակով հոկեյի մրցաշարեր։ 2011 թվականին գնդակով հոկեյը ներկայացվեց Ղազախստանում անցկացվող Ասիական ձմեռային խաղերում։

Անց են կացվում նաև երիտասարդ թիմերի գնդակով հոկեյի մրցաշարեր։ 2013 թվականին հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը։

2012 թվականի մարտին շվեդական Ուփսալա քաղաքում գնդակով հոկեյի պատմության մեջ առաջին անգամ բացվեց Շվեդական բենդիի փառքի սրահ[13][14]։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մական և գնդակ գնդակով հոկեյի համար
Գնդակներ

Որպես մարզական կանոնակարգ՝ ի հայտ է եկել Մեծ Բրիտանիայում[11], մի երկրում, որը հայտնի է որպես ֆուտբոլի նախահայր։ Երևում է, հենց այս պատճառով 1891 թվականին Բենդիի բրիտանական ազգային ասոցիացիայի կողմից հրատարակված կանոնների արդեն առաջին ամփոփումը ֆուտբոլի կողմից մեծ ազդեցություն ուներ[11]։ Իր հերթին, մեծ մասամբ գնդակով հոկեյի շնորհիվ առաջացած տափօղակով հոկեյը նրանից շատ գծեր է ժառանգել։

Գնդակով հոկեյի այն տեսանկյուններն են առավել հետաքրքիր, որոնցում մի տարրերը նման են ֆուտբոլին, իսկ մյուսները՝ տափօղակով հոկեյին։ Օրինակ, գնդակով հոկեյի դաշտի չափսը ֆուտբոլի դաշտի չափսին է, սակայն ծածկված սառույցով, խաղացողներն օգտագործում են մականներ և այս մականներով հետապնդում են փոքրիկ գնդակին, որպես խաղացողների պատիժ օգտագործվում է նրանց հեռացումը որոշակի ժամանակով, բայց պատժաչափն արտացոլվում է խաղացողին համապատասխան գույնի քարտի ցուցադրմամբ (սպիտակով՝ 5 րոպե, իսկ կարմիրով՝ 10 րոպե), յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտ է դուրս գալիս 11 խաղացող, ներառյալ դարպասապահը, բայց այս խաղացողները կարող են փոխարինվել գործնականում ցանկացած րոպե և անսահմանափակ անգամ։ Կանոնների վերջին փոփոխությունները վերաբերում էին ընթացքում թայմ-աութ վերցնելու հնարավորությանը և անկյունային հարվածի նշանակման ժամանակ խաղացողների փոխարինման անհնարինությանը։

Այնուամենայնիվ, գնդակով հոկեյում ավելի շատ են հենց ֆուտբոլի հետ նմանությունները։ Դա, մասնավորապես, մրցամարտի ստանդարտ տևողությունն է (երկու խաղակես 45 րոպեով), իսկ երբ լրացուցիչ ժամանակ է պահանջվում, ապա 2 խաղակես 15 րոպեով, բայց խաղը գնում է ինչպես տափօղակով հոկեյի ժամանակ մինչև առաջին գոլ խփելը, ստանդարտ դիրքերի զարգացած համակարգը (անկյունայիններ, տուգանայիններ և ազատ հարվածներ), «խաղից դուրս» վիճակ, խաղադաշտի բոլոր խաղացողների համար ձեռքով խաղալու արգելք և տուգանային հրապարակից դուրս դարպասապահի ձեռքով խաղալու արգելք։

Գնդակով հոկեյի խաղադաշտի գծանշումը

Գնդակով հոկեյը ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին անցկացվեց առաջին մրցամարտը։ 1927 թվականին կազմավորվեց ՌԽՖՍՀ առաջին հավաքականը։ 1928 թվականին անցկացվեց գնդակով հոկեյի ԽՍՀՄ առաջին մրցաշարը, որին մասնակցել են միութենական հանրապետությունների, Մոսկվայի և Լենինգրադի հավաքականները։ 1936 թվականին անցկացվեց գնդակով հոկեյի ԽՍՀՄ առաջին մրցաշարը ակումբային թիմերի միջև։ 1937 թվականից անցկացվեցին ԽՍՀՄ գավաթի խաղերը։

Ռուսաստանի դաշնությունում ժամանակակից գնդակով հոկեյի զարգացումն իրականացվում է Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիայի ղեկավարությամբ։ Ֆեդերացիայի կազմի մեջ մտնում են գնդակով հոկեյի 47 հանրապետական, երկրամասային և մարզային ֆեդերացիաներ և բաժանմունքներ[15]։ Ֆեդերացիայի կողմից անց են կացվում Ռուսաստանի գնդակով հոկեյի մրցաշարեր բարձրագույն և առաջին լիգայում, Ռուսաստանի գավաթի խաղարկությունը, ինչպես նաև կանանց, վետերանների, պատանիների և դեռահասների մրցամարտեր, մանկական մրցումներ «Плетёный мяч» (հյուսած գնդակ) ակումբի մրցանակների համար, մինի-հոկեյի (ռինկ-բենդի) մրցումներ և մի ամբողջ շարք այլ մրցումներ[16]։

Ռուսաստանի գնդակով հոկեյի մրցաշարերի բարձրագույն և առաջին լիգայում խաղում էին 6 դաշնային օկրուգներ ներկայացնող ֆեդերացիայի 26 սուբյեկտների 63 թիմեր[17] և մեկ արտասահմանյան թիմ` «Ակժայըկ» ղազախստանյան Ուրալսկից։

2017 թվականին Ռուսաստանի գնդակով հոկեյում ճգնաժամ ծագեց` 10 տարվա ընթացքում Ռուսաստանի մրցաշարի թիմերի քանակը կրճատվեց 22-ից 12, մրցամարտերին հաճախելիությունն ընկավ 3 անգամ, Ռուսաստանի մրցաշարի մի շարք ակումբներ լուրջ տարաձայնությունների մեջ են Գնդակով հոկեյի ֆեդերացիայի ղեկավարության հետ։

Ժամանակակից գնդակով հոկեյ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի մասնակից պետությունները

Աշխարհում գնդակով հոկեյի ժողովրդականության ցուցանիշ կարելի է հաշվել այն, որ վերջին ժամանակներս անցկացվող աշխարհի առաջնություններում, որի կազմակերպիչը Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիան է, մի քանի տարի մասնակցում են 17-18 թիմ Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և Ասիայից։ Այս մրցումների ամենահին մասնակիցներն են Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը), Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք մասնակցել են բոլոր մրցաշարերին սկսած 1957 թվականից։ Երկրորդ մրցաշարից մասնակցում է նաև Նորվեգիայի հավաքականը։ 1985 թվականից աշխարհի առաջնություն իրենց հավաքականն են ուղարկում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ 1991 թվականից մրցաշարերին մասնակցում են Նիդերլանդների, Կանադայի և Հունգարիայի, 1995 թվականից` Ղազախստանի, 2001 թվականից` Բելառուսի, 2003 թվականից` Էստոնիայի, 2006 թվականից` Մոնղոլիայի, 2007 թվականից` Լատվիայի, 2012 թվականից` Ղրղզստանի և Ճապոնիայի, 2013 թվականից` Ուկրաինայի, 2014 թվականից` Գերմանիայի և Սոմալիի, 2015 թվականից` Չինաստանի, 2016 թվականից` Չեխիայի, 2018 թվականից` Սլովակիայի հավաքականները։

Աշխարհի վերջին առաջնությունների արդյունքները թույլ են տալիս խոսել այն մասին, որ համաշխարհային գնդակով հոկեյում կազմավորվել է յուրօրինակ «տաբել ռանգերի մասին»։ Ուժեղագույն հավաքականներ են հանդիսանում Ռուսաստանի և Շվեդիայի հավաքականները։ Որոշակի հանգամանքներում նրանց համար մրցակցություն կարող է կազմել իր ակտիվում արդեն աշխարհի չեմպիոն տիտղոս ունեցող Ֆինլանդիայի թիմը։ Այս հավաքականները, ինչպես նաև հնգակի բրոնզե մեդալակակիր Ղազախստանի և Նորվեգիայի հավաքականները ձևավորում են աշխարհի ուժեղագույն թիմերի «մեծ հնգյակը»։ Վեց հավաքականից բաղկացած աշխարհի առաջնության հեղինակավոր Ա խմբում խաղալու իրավունքը վերջին մի քանի տարի վիճարկում են Բելառուսի և ԱՄՆ-ի հավաքականները։ Մնացած հավաքականներից ուժեղագույնն է համարվում Կանադայի հավաքականը, բայց երբ 2007 թվականին այս թիմը ֆինանսական պատճառներով չկարողացավ գալ աշխարհի առաջնությանը, նրա տեղը առաջնությունում և «ռանգերի տաբելում» զբաղեցրեց երտասարդ և պատվախնդիր Լատվիայի թիմը։ Հոլանդիայի, Հունգարիայի, Էստոնիայի և Մոնղոլիայի հավաքականները դեռևս չեն կարողանում այլ թիմերի լուրջ դիմադրություն ցույց տալ, բայց նրանց մասնակցությամբ իրար դեմ անցկացրած մրցամարտերը բավական սկզբունքային և հետաքրքիր են։

Բացի այն երկրներից, որոնց հավաքականները մասնակցում են աշխարհի առաջնությանը, Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիային ներկայացվել են նաև Հնդկաստանը, Ավստրալիան, Իռլանդիան, Սերբիան և Շվեյցարիան։ 2008 թվականին ֆեդերացիայի անդամներ դարձան Լիտվան, Հայաստանը և Արգենտինան, իսկ 2010 թվականին` Անգլիան և Չինաստանը, 2012 թվականին` Աֆղանստանը, 2013 թվականին` Գերմանիան, 2014 թվականին` Դանիան, 2017 թվականին` Կոլումբիան։

Ազգային հավաքականների մրցամարտերից բացի, գնդակով հոկեյում անց են կացվում միջազգային մրցամարտեր ակումբային թիմերի միջև։ Դրանցից ամենահեղինակավորը հանդիսանում է ամեն տարի Շվեդիայում անցկացվող Գնդակով հոկեյի աշխարհի գավաթը։ Կարևոր նշանակություն ունի նաև Եվրոպական չեմպիոնների գավաթը։ Անցկացվում են նաև մի շարք կոմերցիոն մրցամարտեր, որոնցից ամենահայտնին Չեմպիոնների գավաթն է (Champions Cup):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бенди // Большой Энциклопедический словарь. —М, 2000.
  2. Бенди // Т. Ф. Ефремова Современный толковый словарь русского языка под редакцией Т. Ф. Ефремовой. —М., 2000.
  3. Bandy was fully accepted to IOC Արխիվացված 2009-10-03 Wayback Machine(անգլ.)
  4. Борис Скрынник: «В олимпийскую программу постараемся пробиться к 2018 году»
  5. 5,0 5,1 «История возникновения хоккея на траве». Сайт Федерации хоккея на траве России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 Per G. Olsson. «The Game of Bandy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 Евгений Денисов (27 марта 2006 года). «По прозвищу бенди». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Хоккей с мячом». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  9. 9,0 9,1 Михаил Харламов. «Разгром шведов в «Олимпийском»». Российская газета. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Хоккей с мячом». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Хоккей с мячом». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  12. 12,0 12,1 «История хоккея с мячом в России». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  13. «Hall of Fame: Elva profiler presenteras på Bandygalan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  14. «В зал славы шведского бенди внесены первые имена». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  15. «Федерация хоккея с мячом России: О Федерации». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  16. «Федерация хоккея с мячом России: План проведения всероссийских соревнований». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  17. «Федерация хоккея с мячом России: Положение о первенстве России по хоккею с мячом среди команд первой лиги». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդակով հոկեյ» հոդվածին։