Էպանոմի (հուն․՝ Επανομή, մինչ 1940 թվականը՝ Επανωμή[1]), քաղաք հյուսիսային Հունաստանում՝ Սալոնիկի արվարձանն է։ Թերմաիկոս համայնքի պատմական կենտրոնն է՝ Կենտրոնական Մակեդոնիայում՝ Սալոնիկի ծայրամասային շրջանում[2]։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մետր բարձրության վրա՝ Թերմաիկոս ծոցի հարավ-արևելյան ափին, Պերեա քաղաքից 9 կմ հարավ, Սալոնիկ կենտրոնից 27 կմ հարավ և Մակեդոնիայի միջազգային օդանավակայանից 15 կմ հարավ-արևմուտք։ Տարածքը 78,716 քառակուսի կմ է։ Բնակչությունը 8979 մարդ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի։
Հունաստանի երկրորդ հանրապետության ժամանակաշրջանում Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը Էպանոմիում կազմակերպել էր գյուղացիական կոնֆերանս, որին ներկա էին գյուղական ժողովների և հանրահավաքների ժամանակ ընտրված տասնյակ պատվիրակներ։ Էպանոմիում ստեղծվել էր գյուղացիական միություն, որը կազակերպում էր Ագրարային կուսակցության կողմնակիցների ձեռքում գտնվող տեղական վարչության կողմից սահմանված մեղավորության և տուգանքների դեմ ցույցեր և հանրահավաքներ։ Դրանց մասնակցում էր ավելի քան 500 գյուղացի։