Jump to content

Թափոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թափոն

Թափոններ, մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։ Թափոնները մթնոլորտային օդի, ընդերքի, ջրերի և հողերի աղտոտման աղբյուր են։

Թափոնների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պինդ թափոններ

Տարբերում են

  • կենցաղային,
  • արդյունաբերական
  • վտանգավոր թափոններ։

Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնների սպառման ու արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին (խոտան) կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Արդյունաբերական թափոններ են նաև օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները։

Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար, ուստի և պահանջում են իրենց հետ վարվելու հատուկ եղանակներ ու միջոցներ։ Վտանգավոր թափոններ են նաև այն արտադրանքը, հումքը և նյութերը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և, էկոլոգիական ու սանիտարահիգիենային պահանջներից ելնելով, պիտանի չեն օգտագործման։

Ըստ ագրեգատային վիճակի՝ թափոնները լինում են

  • պինդ,
  • հեղուկ
  • գազային։

Պինդ թափոններ են մետաղների, պլաստմասսաների, ապակու, թղթի մնացորդները, աղբը (սննդի մնացորդները), մաշված մեքենաները, սարքավորումները, գործիքները և այլն։

Հեղուկ թափոններ են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը։

Գազային թափոններ են ձեռնարկությունների և տրանսպորտի արտանետումները։

Թափոնների գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թափոնների հավաքում

Թափոնների գործածությունը գործողությունների համախումբ է, որն ուղղված է դրանց գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը։

Թափոնների հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների հավաքումը կապված է դրանց հեռացման և հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում տեղադրման հետ (ներառյալ նաև տեսակավորումը)։

Թափոնների պահում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահումը թափոնների ժամանակավոր տեղադրումն է հատուկ հատկացված տեղերում՝ հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով։

Թափոնների օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործումը թափոնների կիրառումն է ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով։

Թափոնների մշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակումը կամ վերամշակումը տեխնոլոգիական շարժընթացների իրականացումն է, որոնցով փոխվում են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունները (օրինակ՝ արտադրական թափոնից ստացվել է բարձրարժեք էթինոլային լաք

Թափոնների օգտահանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրական թափոններ

Օգտահանումը թափոնների օգտագործումն է որպես երկրորդային նյութ (օրինակ՝ տուֆային թափոնները, որպես ջրախառնիչ հավելույթներ, մեծացնում են արտադրանքի ամրությունը, «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրական թափոններն օգտագործվում են որպես անասնակեր) կամ էներգետիկ պաշար։

Թափոնների հեռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների հեռացումը գործողությունների համախումբ է, որն օգտահանման նպատակ չունի։

Թափոնների վնասազերծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասազերծումը թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցումը կամ վերացումն է՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մշակմամբ։

Թափոնների տեղադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրումը թափոնների մեկուսացումն է, հետագա օգտագործման բացառումը և ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածման կանխմանը։

Թափոնների թաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղումը թափոնների վերջնական տեղադրումն է հատուկ առանձնացված տեղերում, որով բացառվում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։

Թափոնների փոխադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխադրումը թափոնների տեղափոխումն է դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր։

Թափոնների վերամշակումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թափոնների վերամշակում

Արդյունաբերական թափոնների կրճատման նպատակով Հայաստանում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը)։

Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը։

Թափոնների գործածության ընթացքում մշակվում են սանիտարական և հակահամաճարակային կանոններ, հիգիենային չափորոշիչներ՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով։

Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ՝ շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների չափորոշիչներին համապատասխան։

Թափոնների հաշվառումը և անձնագրավորումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների պետական հաշվառումը և անձնագրավորումը (նույնականացում) իրականացվում են Հայաստանի կառավարության սահմանած կարգով։ Թափոնների պետական կադաստրը ներառում է թափոնների դասակարգիչը (թափոնների ծածկագրերի և անվանումների համակարգված ցանկ), թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման և հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաև թափոնների ու դրանց օգտագործման և վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների բանկը։

Թափոնների ներգործությունը շրջակա միջավայրի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու ու կանխարգելելու նպատակով արտադրողները և տնօրինողները իրականացնում են պարբերական մոնիտորինգ։

Կենցաղային և արդյունաբերական թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով (2004

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։