Խոսրով Ա Պարթև
Խոսրով Ա Պարթև | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Ծննդյան օր | 1-ին դար |
Վախճանի օր | 129 |
Դինաստիա | Պարթև Արշակունիներ |
Քաղաքացիություն | Elymais և Պարթևստան |
Հայր | Վոնոն Բ Պարթև |
Զավակներ | Parthamaspates of Parthia? |
Խոսրով Առաջին, նաև՝ Օսրոս I կամ Խոսրոս I (պարթ.` Husrōw, 1-ին դար - 129), Պարթևստանի արքա, ով ղեկավարել է Պարթևական կայսրության արևմտյան հատվածը 109-129 թվականներին՝ մեկ տարվա ընդմիջումով։ Իր կառավարման ողջ ընթացքում նա պայքարել է իր մրցակից թագավորի՝ Վաղարշ Բ Պարթևի (110-147) հետ, ով հիմնված էր կայսրության արևելյան հատվածում։ 116 թվականին Տիզբոնում Խոսրով Ա-ն կարճ ժամանակով հեռացվեց գահից՝ հռոմեական կայսր Տրայանոսի ներխուժման ժամանակ, որը գահին նշանակեց Խոսրովի որդուն՝ Պարթամասպատեսին (116-117)։ 117 թվականին, Տրայանոսի մահից հետո, Խոսրով Ա-ի իշխանությունը վերականգնվեց Պարթևական ազնվականության կողմից։ 129 թվականին նա հեռացվել է իշխանությունից Վաղարշ Բ-ի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]109 թվականին Խոսրով Ա-ն ապստամբում է իր եղբոր՝ Պարթևստանի արքա Բակուր Բ-ի դեմ, որպեսզի պահանջի գահն իր համար[1]։ Բակուր Բ-ի որդի Վաղարշ Բ-ի (110-147) օրոք Խոսրով Ա-ին հաջողվում է գրավել կայսրության արևմտյան հատվածը, ներառյալ՝ Միջագետքը, մինչդեռ Վաղարշ Բ-ն իշխում էր արևելքում[2][3]։
110 թվականին, Սանատրուկի մահից հետո, Մեծ Հայքում գահ է բարձրանում պարթևաց Բակուր Բ-ի որդի Աշխադարը՝ Պարթև Արշակունիների առաջարկությամբ և Հռոմեական կայսրության համաձայնությամբ։ 113 թվականին Խոսրով Ա-ն, խախտելով հռոմեացիների հետ կնքված Հռանդեայի պայմանագիրը, իր պետության շահերի տեսակետից անհամապատասխան համարելով Աշխադարին, նրան հեռացնում է գահից և նրա փոխարեն Մեծ Հայքի թագավոր է նշանակում Բակուր Բ-ի մյուս որդուն՝ Պարթամասիրին (117-144)՝ առանց Հռոմեական կայսրության համաձայնության[2][4]։ Դա պատճառ է հանդիսանում, որպեսզի հռոմեական կայսր Տրայանոսը խոշոր արշավանք կատարի դեպի Արևելք՝ օգտվելով Վաղարշ Բ-ի և Խոսրով Ա-ի միջև տեղի ունեցող քաղաքացիական պատերազմից[2][3]։ Այս արշավանքի անմիջական շարժառիթը թեև Մեծ Հայքում կատարված փոփոխությունն էր, սակայն իրականում այս արշավանքով Տրայանոսը ձգտում էր Արևելքում վերականգնել Հռոմի խախտված դիրքերը[5]։
114 թվականի գարնանը Տրայանոսը իր զորքերով մտնում է Մեծ Հայք և, Ծոփքի մայրաքաղաք Արշամաշատը գրավելուց հետո, գալիս բանակ է դնում Եկեղյաց գավառում։ Այստեղ Տրայանոսին է ներկայանում Հայոց թագավոր Պարթամասիրը և իր թագը դնում է նրա ոտքերի մոտ, այն հույսով, որ այդ թագը կրկին հետ կստանա կայսեր ձեռքից։ Սակայն Տրայանոսը մերժում է հայկական գահը վերադարձնել Պարթամասիրին և հայտարարում է, որ ինքը որոշել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական պրովինցիա[5]։
Տրայանոսը Պարթամասիրին և նրան ուղեկցող պարթևներին թույլ է տալիս հեծյալ մի պահակախմբի հսկողությամբ հեռանալ հռոմեական բանակից։ Սակայն ճանապարհին ուղեկցող պարթևների և հռոմեական պահակախմբի միջև տեղի է ունենում ընդհարում, որտեղ և սպանվում է Պարթամասիրը։
Շուտով Տրայանոսը նվաճում է Մեծ Հայքը և այն վերածում հռոմեական պրովինցիայի[4]։ Տրայանոս կայսրը իր հետագա արշավանքի ընթացքում՝ 114-116 թվականներին, գրավում է նաև Մծբինը, Եդեսիան, պարթևների մայրաքաղաք Տիզբոնը, Սելևկիան և հասնում մինչև Պարսից ծոց[6][7]։ Վախենալով պարթևների ապստամբությունից՝ Տրայանոսը Տիզբոնում գահին է նշանակում Խոսրով Ա-ի որդուն՝ Պարթամասպատեսին (116-117)[6][8]։ Իր արշավանքի ընթացքում Տրայանոսը գերեվարում է Խոսրով Ա-ի դստերը, որը հռոմեացիներին գերի է մնում մինչև 129 թվականը՝ երկու գերտերությունների միջև հաշտության պայմանագրի կնքումը[9]։
Տրայանոսի ձեռքբերումները կարճ տևեցին։ 116 թվականին Հայաստանում, Միջագետքում և Ադիաբենեում ապստամբություններ են սկսվում հռոմեացիների դեմ։ Այս ապստամբությունները ոգևորում են նաև պարթև Արշակունիներին, որոնք, մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները, ամբողջ ուժերը համախմբում են արտաքին թշնամու դեմ։ Ապստամբներն ու պարթևական զորքերը շատ տեղերում ջարդում և դուրս են մղում հռոմեական զորքերին[10]։ Տրայանոսը, իր թիկունքը վտանգված տեսնելով, շտապ վերադառնում է Միջագետք և դաժան կերպով ճնշում այնտեղ առաջացող ապստամբությունները։ Սակայն դրանից հետո Տրայանոս կայսրը երկար չի ապրում։ Նա մահանում է 117 թվականին՝ Կիլիկիայում[5]։
Տրայանոսի մահից հետո պարթևները գահընկեց են անում Պարթամասպատեսին և նորից գահին վերականգնում Խոսրով Ա-ին[6]։ Միևնույն ժամանակ Ասորիքում գտնվող հռոմեական զորքերը կայսր են հռչակում նրա ազգական Ադրիանոսին (117-138)։ Նա հրաժարվում է Տրայանոսի բոլոր նվաճումներից և նոր նվաճված երկրամասերը վերադարձնում է պարթևական թագավորությանը։ Ադրիանոսը ճանաչում է նաև Հռանդեայի հաշտության պայմանագիրը։
117 թվականին կրկին վերականգնվում է Մեծ Հայքի ներքին ինքնուրույնությունն ու թագավորությունը, և պարթևաց Խոսրով Ա-ի աջակցությամբ գահ է բարձրանում Սանատրուկ թագավորի որդին՝ Վաղարշ Ա-ն (117-140)[5]։ Պարթևական կայսրության արևմտյան մասի թուլացած վիճակը հնարավորություն է տալիս պարթևաց Վաղարշ Բ-ին, ում արևելյան տիրույթները անփոփոխ էին, հետ բերել կորցրած տարածքները, որոնք գրավվել էին Խոսրով Ա-ի կողմից[3]։ 129 թվականին Վաղարշ Բ-ին վերջապես հաջողվում է իշխանությունից հեռացնել Խոսրով Ա-ին[1][11]։
Դրամահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր արծաթե մետաղադրամի դիմերեսին Խոսրով Ա-ն պատկերված է խիտ մազափնջով և գլխազարդով[13]։ Սակայն բրոնզե մետաղադրամներին նա պատկերված է կեռիկներով տիարայով, որի կողքին եղջյուր կա[13]։ Խոսրով Ա-ի մետաղադրամները շատ նման են Էլիմայսի նույնանուն արքա Խոսրովի մետաղադրամներին, ինչը վկայում է այն մասին, որ նրանք կարող են նույն մարդը լինել[14][15]։ Մեկ այլ վարկած կա, ըստ որի՝ Էլիմայսի արքա Խոսրովը կրկնօրինակել է Պարթևստանի Խոսրով Ա-ի մետաղադրամները[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dąbrowa, 2012, էջեր 176, 391
- ↑ 2,0 2,1 2,2 Dąbrowa, 2012, էջ 176
- ↑ 3,0 3,1 3,2 Gregoratti, 2017, էջ 133
- ↑ 4,0 4,1 Chaumont, 1986, էջեր 418–438
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Հ. Գ. Ժամկոչյան, Հայ Ժողովրդի Պատմություն, Երևան-1975, էջեր 182-184
- ↑ 6,0 6,1 6,2 Kettenhofen, 2004
- ↑ Hansman, 1998, էջեր 363–365
- ↑ Bivar, 1983, էջ 91
- ↑ Madreiter, Hartmann, էջ 9
- ↑ Gregoratti 2017, էջ. 133 ; Chaumont 1986, էջեր. 418–438 ; Dąbrowa 2012, էջ. 176
- ↑ Kia, 2016, էջ 203
- ↑ «Encyclopaedia Iranica, Vol. VIII, Fasc. 4». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link), 1998, էջեր 373–376 - ↑ 13,0 13,1 Olbrycht, 1997, էջ 33
- ↑ 14,0 14,1 Hansman, 1998, էջ 373-376
- ↑ 15,0 15,1 Rezakhani, 2013, էջ 775
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» Խմբագրական կոլեգիա՝ Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971, էջեր 768, 769 - 777
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով Ա Պարթև» հոդվածին։ |
|