Խորան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորան (այլ կիրառումներ)
Խորան (հին հունարեն՝ σκηνή, լատին․՝ tentorium, tabernaculum, scena, եբրայերեն՝ מִשְׁכָּן, միշկան, «կացավայր», եբրայերեն՝ אהל מועד, օհել մոեդ, «ժողովքի, հանդիպման վրան»), հատուկ վրան (տաղավար)՝ պատրաստված կտավից կամ մորթուց։ Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց Մովսեսը՝ որպես հրեից պաշտամունքի ժամանակավոր տաճար։
Այս խորանը հաճախ կոչվում էր «խորան վկայության» կամ «խորան ժողովքի»։
Խորան է անվանվում նաև քրիստոնեական տաճարի այն մասը, ուր տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը։ Խորանի կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը պայմանավորված էր վաղ քրիստոնեական եկեղեցուն հարմարեցված շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրի առկայությամբ։ Հայոց վաղքրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։
Խորան են նաև կոչվում Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։
Խորան է աշխարհիկ կառույցներում, մասնավորապես պալատներում, հատուկ ձևով շինված սենյակ-դահլիճ արքունի խորհրդի կամ այլ նպատակի համար։ Ըստ Հովսեփ Օրբելու, այս խորանները հավանաբար գմբեթածածկ են եղել։
Հայերենում վաղ ժամանակներից խորան բառը օգտագործվել է նաև փոխաբերական բազմաթիվ իմաստներով՝ խորան երկնից (երկնքի խորանաձև կամարը), յոթնաստեղյան խորան (յոթ մոլորակների գոտին), խորան՝ որպես եկեղեցի, տաճար, խորան՝ որպես տուն, սենյակ, խորան հոգվո (մարդու մարմինը)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորան - Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության պատմության եզրերի պատկերազարդ բառարան
- Խորան - կրոնադարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 85)։ |